ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԵՏԻ ՆՈՐՈՎԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Արմավ» հրատարակչությունը տպագրել է բանաստեղծ, հայագետ-միջնադարագետ Պարույր Սևակի «Անտիպ ուսումնասիրություններ»` գիտական երկու ուսումնասիրություն բովանդակող գիրքը, որը տպագրության է պատրաստել, ծանոթագրել և խմբագրել Պարույր Սևակի թոռը` բան. գիտ. թեկնածու Սևակ Ղազարյանը:
Գրախոսվող գրքի մասին առայժմ որևէ գիտական արձագանք չի եղել, սակայն, կարծում եմ, այն աննկատ չի մնա հայագետների կողմից: Մեր նպատակն է՝ վերլուծական մեթոդով արժևորել այդ գիտական ուսումնասիրությունը, ցույց տալով նրա արդիականությունը:
Հայագիտության համար սպասված այս գիրքը, ցավոք, շատ երկար ժամանակ մնացել է անտիպ: Գրականության ինստիտուտում Պ. Սևակի հետ աշխատած գիտաշխատողներն առիթ են ունեցել լսելու նրա հաշվետվությունները, խոհերն ու մտորումները հատկապես «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» կիսատ մնացած ուսումնասիրության մասին: Սակայն պատմական ժամանակն ու հանգամանքները, ավա՜ղ, հօգուտ Պարույր Սևակ միջնադարագետի չեն ընթացել:
Բարեբախտաբար, գիտական ասպարեզ է եկել Պարույր Սևակի արժանի և պատվախնդիր ժառանգորդը, որ նախ ուսումնասիրեց պապի անտիպ գեղարվեստական ու գիտական ժառանգությունը, ապա այն դարձրեց հանրության սեփականությունը, ինչի համար շնորհակալության խոսք պիտի ասել երիտասարդ գիտնականին: Վերջինս նաև գրել է գրախոսվող գրքի նախաբանը և վերջաբանը, Պարույր Սևակի ձեռագրերից տպագրության է պատրաստել տեքստերը, ծանոթագրել ու խմբագրել, թեև խմբագրի աշխատանքը կարելի էր նաև վստահել արդի հայագետներից որևէ մեկին, և այդ դեպքում հաստատապես գիրքը կունենար նաև գիտական աշխատանքի համար պարտադիր համարվող օգտագործված գրականության ցանկ և այլն, որոնց մասին կխոսենք ստորև:
Պարույր Սևակ գրականագետ-միջնադարագետը մասամբ հայտնի է հայագիտությանը, սակայն այս նոր գիտական ուսումնասիրությունները նորովի են բացահայտում գիտնականի նրա կերպարը, վերլուծական միտքը, փաստերը համադրելու և եզրահանգումներ անելու նրա շնորհը, ինչից զուրկ չէ նաև նրա երիտասարդ թոռը, որ իրավամբ արժևորել է պապի աշխատությունը. ««Սայաթ-Նովա» աշխատությունը առանձնանում էր ոչ միայն ուշագրավ բանասիրական բացահայտումներով և գրականագիտական խոր վերլուծություններով, այլ նաև մատուցվող նյութի մատչելիությամբ, հասանելիությամբ: Այդ պատճառով է, որ «Սայաթ-Նովա»-ն ընթերցվում է հեշտությամբ, կարծես ոչ թե գիտական լուրջ ու ծանրակշիռ ուսումնասիրություն ես կարդում, այլ՝ մի հետաքրքրաշարժ վեպ:
Նույնը կարելի է ասել և այս գրքում ներկայացված անտիպ երկերի մասին, թեև «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» աշխատությունը Սևակը գրել է երիտասարդ հասակում (ասպիրանտական տարիներին), իսկ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը»` կյանքի վերջին ամիսներին» (Պ. Սևակ, Անտիպ ուսումնասիրություններ, Ե., 2016, էջ 5: Այսուհետ այս գրքից հղում անելիս կնշենք միայն էջերը): Կարծեցյալ Շապուհի և վաղ վերածննդի մասին ուսումնասիրությունը գրվել է Սևակի ասպիրանտական տարիներին` 1945-48 թթ., սակայն «ստալինյան ռեժիմի պարտադրանքով նա գործը կիսատ է թողնում» (էջ 6):
Ինչպես արդեն իսկ նկատել է Սևակ Ղազարյանը, «հարկ է ուշադրություն դարձնել աշխատության վերնագրին` «Կարծեցյալ Շապուհը և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» (էջ 389), որից տրամաբանորեն բխում է, որ աշխատությունը ոչ միայն Շապուհին վերաբերող բանասիրական խնդիրներ է արծարծելու, այլ նաև հայկական վաղ վերածնությանն առնչվող գրականագիտական հարցեր: Ուշադրություն դարձնելով Պ. Սևակի աշխատության պլան-ծրագրին` Սևակ Ղազարյանը բանասերի հայացքով դիտել է, որ այս աշխատությունը կիսատ է մնացել, «Այնինչ Պ. Սևակը մտադիր էր Կարծեցյալ Շապուհի «Պատմությունը» դիտել հայկական վերածննդի լույսի ներքո և այդ տեսանկյունից որոշել նրա «Պատմության» տեղն ու դերը հայ մատենագրության մեջ» (էջ 391):
Պ. Սևակի թեկնածուական աշխատանքը կիսատ է մնացել, որի բացատրությունը տվել է հենց ինքը. «…Դիսերտացիայի պաշտպանությունը, սակայն, նույնպես անհնարին դարձավ, որովհետև ամբողջ երկրով մեկ տարածվել էր հերթական кампания-ն` այս անգամ էլ ընդդեմ պատմական թեմատիկայի» (էջ 391-392): Գրականության ինստիտուտի տնօրեն Մ. Մկրյանը Պ. Սևակին առաջարկել է գրել սովետահայ գրականության «նշանավոր ներկայացուցիչների», օրինակ` Սարմենի մասին, սակայն Սևակը հրաժարվել է և մեկնել Մոսկվա` ուսանելու Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում:
Ի դեպ, գաղափարական այդ պարտադրանքի հետևանքն է նաև այն, որ թեև մեզանում 19-րդ դարում ընդունված էր, որ Մաշտոցից առաջ եղել է գրականություն, սակայն 1920-30-ական թթ. կարծրացավ այն թյուր պատկերացումը, թե հայոց գրականությունը սկսվում է 5-րդ դարից, և ավանդույթի զորավոր ուժով դեռ համառորեն շարունակվում է ոչ գիտական այդ տեսակետը: Բավական է նշել մի փաստ. Ղեբուբնա Եդեսացու Պատմությունը գրվել է Ք. հ. 1-2-րդ դարերում, և այդ Պատմությունից 4-րդ դարում իր «Եկեղեցական պատմության» մեջ հատվածներ է օգտագործել Եվսեբիոս Կեսարացին, որի մասին նշել ենք Ղեբուբնայի Պատմության առաջաբանում (տե՛ս Ղեբուբնա Եդեսացի, Աբգար Հայոց թագավորի թուղթը` ուղղված Քրիստոսին, և սուրբ Թադեոս առաքյալի քարոզները, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Վանո Եղիազարյանի, Ե., 2014), և «Հայ հին գրականության պատմություն» աշխատության մեջ (տե՛ս Վ. Եղիազարյան, Հայ հին գրականության պատմություն, Ե., 2014, էջ 65-67): Վերջին գրքում անդրադարձել ենք նաև Շապուհ Բագրատունուն, որտեղ, հետևելով Մ. Աբեղյանին, պաշտպանել ենք Շապուհի` Աշոտ Ա Բագրատունու որդին և Շապուհ սպարապետը լինելու վարկածը, որի մասին Պ. Սևակը գրում է. «Բայց, ըստ ամենայնի, ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատությունը մեզ հետաքրքրող հարցում չի կարող բավարար համարվել, Կարծեցյալ Շապուհը արժանի է շա՛տ ավելի լուրջ և ծավալուն ուսումնասիրության» (էջ 17): Պ. Սևակի այս աշխատությունը ուսումնասիրելուց հետո, բնականաբար, սրբագրելու ենք մեր տեսակետը` հօգուտ Շապուհ Բագրատունու Աշոտ անթիպատրիկի որդին լինելու վարկածի, որը Ղևոնդ երեցի Պատմության պատվիրատու Շապուհ Բագրատունու թոռն է. այս տեսակետի կողմնակիցն են Մ. Չամչյանը, Մ. Մսերյանը, Գ. Զարբհանալյանը, Յ. Մարկվարտը, Ն. Ակինյանը, Մեսրոպ եպիսկոպոսը, Կ. Քիպարյանը, նաև Պ. Սևակը: Եթե վերոհիշյալ հայագետները մեծ մասամբ բավարարվել են սոսկ իրենց վարկածը պնդելով, ապա Պ. Սևակը հանգամանորեն քննարկել է խնդրահարույց բոլոր հարցերը և պատմահամեմատական մեթոդաբանությամբ բացահայտել մի շարք պատմական անախրոնիզմներ, որոնք նոր լույս են սփռում խնդրո առարկայի վրա:
Ընդունելի են Պ. Սևակի այն դիտարկումները, որ Շապուհ Բագրատունու Պատմությունը «հիմնականում ընդգրկել է 780-887 թթ. ընկած մեկդարյա ժամանակաշրջանը» (էջ 28), որը հիմնվում է Սամվել Անեցու «Այս ի պատմութենէ Շապհոյ Բագրատունւոյ է, որդւոյ Աշոտի ապուհիպատ պատրիկի, յանուն Դաւթի Բագրատունւոյ որդւոյ Աշոտի իշխանաց իշխանի» արտահայտության վրա, որից էլ մակաբերվում է, որ Շապուհի Պատմությունը գրվել է մինչև Աշոտի թագակապությունը, ուստի Շապուհի մահն էլ ենթադրվում է 885 թ. առաջ:
Քանի որ Շապուհն իր Պատմությունը գրել է Հովհաննես Դրասխանակերտցուց առաջ, իսկ վերջինս օգտվել է Շապուհ Բագրատունու Պատմությունից և համառոտ ներկայացրել նրա բովանդակությունից որոշ հատվածներ, ապա Գ. Տեր-Մկրտչյանի և Մեսրոպ եպիսկոպոսի կողմից 1921 թ. հրատարակված «Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ» երկի հեղինակին Պ. Սևակը համարում է կարծեցյալ Շապուհ, քանի որ իրական Շապուհ Բագրատունու Պատմության բովանդակությունը և ժամանակը տարբեր են այս Պատմությունից, որն ավելի ուշ` 1971 թ.` Պ. Սևակի մահվան թվականին, գրաբար և ռուսերեն հանդիպադիր թարգմանությամբ տպագրել է Մ. Դարբինյան-Մելիքյանը` «Պատմութիւն Անանուն զրուցագրի. Կարծեցյալ Շապուհ Բագրատունի» վերնագրով: Այստեղ հարկ է շեշտել, որ Պ. Սևակը այդ Պատմության հեղինակին անվանում էր Կարծեցյալ Շապուհ, ոչ թե Կարծեցյալ Շապուհ Բագրատունի, քանի որ Պ. Սևակը Անանուն զրուցագրի` Կարծեցյալ Շապուհի Պատմությունը ոչ թե Բագրատունիների, այլ Արծրունիների Պատմություն է համարում: Ի դեպ, Սևակ Ղազարյանը գրքի վերջաբանում իբրև վերնագիր հիշատակում է «Կարծեցյալ Շապուհը և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» (տե՛ս էջ 389), սակայն ուսումնասիրության վերնագիրը տպագրել է «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» (տե՛ս էջ 11), որը հաստատապես չի բխում Պ. Սևակի տեսությունից: Կարծում ենք, ճիշտ տարբերակը վերջաբանում բերված վերնագիրն է:
Պ. Սևակն ուսումնասիրության «Ճշմարիտ և կարծեցյալ Շապուհների հարաբերության հարցը» գլխում իրավամբ նկատել է, որ Շապուհի անունով տպագրված Պատմության հեղինակը «Աշոտ Ա Բագրատունու ժամանակվա անցքերին անիրազեկ և այդ շրջանից բավականին հեռու կանգնած անձ է, մինչդեռ Շապուհ Բագրատունին, որ ժամանակակիցն ու տոհմակիցն էր Բագրատունյաց դինաստիայի հիմնադրի, ոչ մի կերպ չէր կարող այդպես անիրազեկ գտնվել և շփոթել իր ժամանակին ու տոհմին վերաբերող այնքան նշանավոր դեպքեր ու հայտնի անուններ» (էջ 64):
Ապա քննելով Շապուհի անվամբ տպագրված գրքից պատմական մի շարք հանգամանքներ` Պ. Սևակը եզրակացնում է. «…մեր ձեռքի տակ եղած գիրքը ոչ թե պատմություն է Բագրատունիների, որպիսին էր Շապուհի պատմությունը, այլ` Արծրունիների» (էջ 74): Քանի որ Գ. Տեր-Մկրտչյանը և Մեսրոպ եպիսկոպոսը քննարկվող Պատմությունը տպագրել են Շապուհ Բագրատունու անունով, ուստի Պ. Սևակն այն անվանում է Կարծեցյալ Շապուհ` գրելով, թե «վերջինս Կարծեցյալ Շապուհ է և ճշմարիտ Շապուհի հետ նույնանալու ոչ մի հնար չի հայտնաբերում» (էջ 74), ապա «Կարծեցյալ Շապուհի ժամանակը» հաջորդ գլխում եզրակացնում է, որ
1. Կարծեցյալ Շապուհը չի կարող ժամանակակից լինել Գրիգոր Դերենիկ իշխանին,
2. Կարծեցյալ Շապուհը ձեռքի տակ չի ունեցել գրավոր աղբյուրներ,
3. Կարծեցյալ Շապուհը գրել է բանավոր ձևով, բերանացի պատմվող զրույցներ Գրիգոր Դերենիկ իշխանի մասին:
Իսկ Կարծեցյալ Շապուհի մոտավոր ժամանակը, ինչպես Պ. Սևակն է գրել, կարելի է «նույնիսկ XI դարի II կեսերը ենթադրել» (էջ 147):
Պարզ է, որ բազմաթիվ փաստեր քննելուց հետո էլ Պ. Սևակին չի հաջողվել հստակեցնել Կարծեցյալ Շապուհի ժամանակը, որը թերևս կապվում է ուսումնասիրությունն անավարտ մնալու հետ: Ուստի Կարծեցյալ Շապուհի Պատմության Վարագ Առաքելյանի կողմից կատարված աշխարհաբար թարգմանության 2011 թ. տպագրությունից հետո, Պ. Սևակի գրախոսվող ուսումնասիրության առկայությամբ Կարծեցյալ Շապուհի Պատմությունը նոր քննության և գնահատության կարիք ունի, ինչին հարկադրաբար կանդրադառնանք, նաև մեր նախորդ` Մ. Աբեղյանի հետևողությամբ արված տեսակետը սրբագրելու առիթով:
Գրախոսվող ուսումնասիրությունը պարզորոշ հետապնդել է նաև մի նպատակ, այն է` գրականագիտական տեսանկյունից քննել Կարծեցյալ Շապուհի Պատմությունը և բացահայտել հայկական վաղ վերածննդի հարցերը, որը սակայն, ցավոք, մնացել է անավարտ. «Քննարկվող երկի դիտումը կոնկրետ պատմա-հասարակական ֆոնի վրա և նրա գնահատումը իբրև գերազանցապես գրական հուշարձանի` արևելյան վաղ ռենեսանսի շղթայի մեջ,- ահա մեր գլխավոր նպատակը» (էջ 17):
Եթե Կարծեցյալ Շապուհին նվիրված ուսումնասիրությունն ունի բանասիրական բնույթ, ապա «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» աշխատությունն առավելապես գրականագիտական վերլուծություն է: Պ. Սևակն այն գրել է 1970 թ. հոկտեմբերի 30-ից մինչև 1971 թ. ապրիլի 2-ը: Աշխատությունը կազմված է մուտքից, «Սերը և իր առաջնությունը» վերնագրով առաջին գլխից, «Հոգու և մարմնի ներհակությունը» երկրորդ գլխից և «Սերը և իր արտահայտությունը» 2 էջանոց գլխից, ուր և այն, ցավոք, մնացել է անավարտ:
Պահպանվել է Պ. Սևակի` Գրականության ինստիտուտին ուղղված ձեռագիր հաշվետվությունը, որտեղ խոսվում է աշխատության բովանդակության մասին, ուր նա գրել է, թե առանձին գլուխներով պետք է հետազոտի հետևյալ հարցերը` «բազմալեզվությունը հայ միջնադարում, բանաստեղծության ձևերի և չափերի զարգացման ուղին` մինչև աշուղական ձևերի և չափերի կանոնականությունը, հանգավորման զարգացումն ու կանոնականացումը աշուղների Խաղերում, բանաստեղծության մեջ հեղինակային անվան նշման ընթացքը և դրա կանոնականացումը աշուղների Խաղերում»: Հատուկ գլուխներ էին նվիրվելու «Սայաթ-Նովան և ադրբեջանցիք», «Սայաթ-Նովան և պարսից բանաստեղծությունը» թեմաներին, որտեղ քննարկվելու էին նաև «վրացական և արաբական բանաստեղծությունների և Սայաթ-Նովայի առնչակցության հարցերը» (էջ 393-394):
Մուտքի մեջ համառոտ անդրադարձ կա թեմայի մշակվածությանը, որի եզրահանգումն այն է, որ սայաթնովագիտությունը ընթացել է «առավել բանասիրական բավիղներով, քան գրականագիտական ուղիներով» (էջ 152):
Դեռ մուտքում նկատելի է գրականագետ-միջնադարագետի բանաստեղծական ոճը, որն առաջին հայացքից թվում է` խանգարում է, սակայն խորքում այն գրականագիտական է: Մուտքը որքան էլ համառոտ, համակարգում է թեմայի արդիականությունը, գիտական նորույթը, խնդրո առարկան, ուսումնասիրման մեթոդն ու նպատակը: Մուտքի մեջ Պ. Սևակը հստակ սահմանել է նաև իր ուսումնասիրության գրականագիտական մեթոդը. «Առաջինը անկյունն է զուգահեռության» (էջ 152): Ինչպես գիտականորեն սահմանվել է, այդպես էլ ողջ ուսումնասիրությունը կատարվել է համեմատական մեթոդով. «Առերևույթ, օրինակի համար, արտառոց և անհեթեթ կարող է թվալ Սայաթ-Նովայի կապը Նարեկացու հետ, բայց այդ կապը ոչ միայն առկա է, այլև՝ արենակցական, ոչ թե արտաքին է (զուգահեռական), այլ՝ ներքին (զուգադրական), ոչ թե երևութական է (ժամանակը, պաշտոնը), այլ՝ էական (ոգին, պաշտամունքը)» (էջ 153):
«Սերը և իր առաջնությունը» գլխում ըստ էության անդրադարձ է արվել սիրո աստվածաշնչյան ընկալումներին, Նարեկացու, Ֆրիկի հոգևոր սիրո մասին տաղերին, ապա քննվել են Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու աշխարհիկ սիրո երգերը, և վերջում արվել է Սևակյան ինքնատիպ ընդհանրացումը. «Այսպես է ահա, որ 1000-ամյա մի դադարից հետո, մարդը վերադառնում է ինքն իրեն, իր տարրական իրավունքին, որ սիրելը չէ (ամենադաժան գաղափարախոսությունն էլ անզոր է արգելելու դա), այլ՝ սիրերգելը:
Չնվաճվեր սիրերգության այդ իրավունքը` չէր կարող լինել նաև մեր մեծագույն սիրերգուն, որ Սայաթ-Նովա է կոչվում…» (էջ 190):
Զարմանալիորեն Պ. Սևակի աչքից վրիպել է միջնադարյան սիրո երգի առինքնող գործերից մեկը` Հովհաննեսի և Աշայի, հայ քրիստոնյա սիրահար տղայի և մուսուլման աղջկա սիրո մասին հյուսված վիպական տաղը, որի մասին ոչ մի խոսք չկա: Կարելի է կարծել, թե դրան Սևակը պիտի անդրադառնար աշխատության կիսատ մնացած մասում, քանի որ այդ վիպական տաղը Ա. Սրապյանը 1958 թ. տպագրել էր որպես Հովհաննես Պլուզ Երզնկացու ստեղծագործություն, թեև, ինչպես հետագայում ցույց ենք տվել, այն Հովհաննես Թլկուրանցու վիպական տաղերից մեկն է (Վ. Եղիազարյան, Հովհաննես Թլկուրանցու կյանքը և ստեղծագործությունը, Ե., 2001, էջ 29-38):
Ինչպես վերևում նշել ենք, արժեր` արդի հայագետ-միջնադարագետներից որևէ մեկի կողմից խմբագրվեր գիրքը: Այդ դեպքում գրքի ծանոթագրություններում կնշվեին նաև հետագայում հայագիտության մեջ կատարված այն փոփոխությունները, որոնք, բնականաբար, Պ. Սևակն իմանալ չէր կարող: Օրինակ` հենց վերոհիշյալ վիպական տաղի հնագույն թիվ 10208 ձեռագիրը Մատենադարան է բերվել Ա. Սրապյանի տպագրությունից հետո, որը Հովհաննես և Աշայի մեզ հասած հինգ ձեռագրերից հնագույնն է:
«Հոգու և մարմնի ներհակությունը» գլխում ամենայն մանրամասնությամբ քննված է հոգու և մարմնի երկվության թեման 7-18-րդ դարերի հայ քնարերգության մեջ: Հարկ է, որ ծանոթագրողը փաստեր, որ այս թեմայով 1987 թ. Աելիտա Դոլուխանյանը տպագրել է «Հոգու և մարմնի պրոբլեմը միջնադարի հայ քնարերգության մեջ», միաժամանակ նաև նշվեր այս երկու ուսումնասիրությունների ընդհանրությունն ու տարբերությունը, կամ ասենք հղվեր Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովա, կյանքը և գործը» 1988 թ. տպագրված մենագրությունը և այլն:
Մյուս կողմից` Պ. Սևակը, շրջանցելով Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Հովհան Մանդակունու հոգևոր երգերը, գրում է. «Ահավասիկ այսպես, սկսած 7-րդ դարից և մինչև 18-րդ դարի վերջերը, ավելի քան ամբողջ մեկ հազարամյակ, հայ բանաստեղծության միջով անցնում է մարդկային երկվության ողբերգական թեման` կարմիր թելի պես» (էջ 222):
Այսօրինակ հարցերն են, որոնց մասին գիտական ծանոթագրություններ անելը կամ առաջաբան-ուսումնասիրություն գրելը միայն օգուտ կբերեր Պ. Սևակ գիտնական-միջնադարագետի գիտական վաստակն ըստ արժանվույն ներկայացնելու և գնահատելու գործին:
Մի խոսքով՝ 1971 թ. հետո հայագիտության մեջ կատարված գիտական ուսումնասիրությունների լույսի ներքո ծանոթագրելու պակասն զգալի է գրախոսվող գիտական ուսումնասիրության պարագայում, որը, թերևս, երիտասարդ Սևակ Ղազարյանի կողմից ողջ աշխատանքը միայնակ ստանձնելու հետևանքն է:
Հիշյալ թերություններով հանդերձ` Պարույր Սևակի անտիպ երկու ուսումնասիրությունները, շնորհիվ իր պատվարժան թոռան, դարձել են ազգի և հայագիտության սեփականությունը: Պ. Սևակի անտիպ անվանված, բայց արդեն տպագիր դարձած գիտական այս աշխատություններն իրենց անավարտության մեջ էլ բերում են գիտական նորույթ և շատ ավելի բարձր են, քան այլոց ամբողջական «գրականագիտական» կոչված, սակայն ոչ մի գիտական նորույթ չբերող շարադրանքները, որոնցով արդեն, ցավոք, բերնեբերան լցվել է արդի գրականագիտությունը:
Ամփոփելով նշենք, որ Պ. Սևակի այս գիրքն ունի ինչպես բանասիրական, այնպես էլ գրականագիտական արժեք և նոր լույս կսփռի միջնադարագետ-հայագետների հետագա ճանապարհին, մասնավորապես` մերօրյա գիտության մեջ վիճահարույց դարձած հայկական վերածննդի, առհասարակ միջնադարյան քնարերգության, նաև Շապուհ Բագրատունու և Կարծեցյալ Շապուհի ուսումնասիրության ասպարեզում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։