ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀԳՄ-ի համատեղ կազմակերպած քննարկում «Հայոց լեզվի արդի խնդիրները» թեմայով:
Բացելով նիստը` ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել հայոց լեզվի տարբեր հիմնախնդիրների շուրջ քննարկումները, ինչը վկայում է, որ կան մտահոգող հարցեր, որոնք արդյունավետ լուծում են պահանջում: Դրանցից են, մասնավորապես, արևմտահայերենի պահպանումն ու զարգացումը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, դասական և նոր ուղղագրության հարաբերակցության հարցերը, լեզվի մաքրության ու անաղարտության պահպանումը և այլն: «Այսօրվա լիանիստը նվիրված է առավելապես արդի հայերենի մի քանի հիմնախնդիրների քննարկմանը, որտեղ կարևոր է պարզաբանել, թե ինչ պետք է անել, որպեսզի կարողանանք խոսակցական լեզուն տարբերակել գրականից, որ խոսակցականը չներխուժի գրական լեզվի մաքրության մեջ և չաղարտի այն»,- ասաց Պետրոս Դեմիրճյանը:
ՀՀ Սփյուռքի փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ այսօր մտահոգիչ է լեզվի վիճակը, և մենք ունենք խնդիր սերունդներին թողնելու մի այնպիսի հաղորդակցման միջոց, որը եղել է մեր պապերի հաղորդակցման միջոցը և մեր հայրենիքի, մեր ժողովրդի պահպանման ու շարունակության միջոցը: «Ծայրահեղ կարծիքները, որ հնչում են մամուլում, արևտահայերենի և արևելահայերենի ձուլման կամ միավորման մասին՝ դրանցից մեկ լեզու ստեղծելու ջանքերի իմաստով, նվազագույնը հողմաղացների դեմ ճակատամարտ են, որովհետև լեզուն ունի իր բնականոն զարգացման ընթացքը, լեզուն ինքը պետք է որոշի ուր է հասնում: Ես կարծում եմ պետք է ջանքեր ներդնել արևմտահայերենը անաղարտ պահելու, քան դա տանելու դեպի արևելահայերեն»,- ընդգծեց Ս. Սրապիոնյանը և հավելեց, որ դա երկու լեզուների առավելության կամ թերության խնդիր չէ և պետք չէ նախապատվություն տալ մեկին կամ մյուսին: Նրա հավաստմամբ` ակնհայտ է, որ այն կառույցը, որ այսօր պատասխանատու է հայոց լեզվի խնդիրների համար, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, չի կարող տեսանելի ազդեցություն գործել այս ընդհանուր զարգացման գործընթացի վրա: Խոսքը լեզվի պետական տեսչության մասին է. կամ կառուցվածքի, գործունեության, գործառույթների որոշման իմաստով է ոչ ճիշտ մտածված, կամ պարզապես մատնել են անգործության:
Ըստ ՀՀ լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանի, լեզվի վերաբերյալ մտահոգություններ միշտ էլ եղել են, անցյալ դարում էլ շատ մտահոգ են եղել օտարաբանությունների, փոխառությունների հարցերով: Լեզուն կենդանի երևույթ է և հասարակության տարբեր շերտեր տարբեր ընկալումներ ունեն, տարբեր կերպ են կիրառում, և միշտ կա այդ մտահոգությունը` ինչպես անել, որպեսզի լեզուն իր այդ գործառույթը լավ իրագործի և զարգանա: «Երբ խոսում ենք լեզվի մասին, պետք է ճշտենք` արդյոք խոսում ենք գրական հայերենի՞, գրական արևելահայերենի՞, թե՞ ընդհանրապես լեզվի մասին, քանի որ դրանք տարբեր հասկացություններ են: Երբ ասում ենք հայերեն, չպիտի հասկանանք միայն գրական արևելահայերենը, այլ գրական երկու տարբերակները, որոնք տարբեր լեզուներ չեն: Դրանք գրական հայերենի երկու տարբերակներն են, հայերեն է խոսակցական լեզուն, հայերեն են մեր բարբառները, այսինքն՝ այդ ամբողջն է լեզուն»,- մասնավորապես ասաց նա:– Պետք է ընդունել, որ չկան լավ և վատ լեզվավիճակներ, բոլորն էլ ունեն գոյության իրավունք, բոլորն էլ իրենց տեղում իրենց կիրառությունն ունեն: Պարզապես պետք է դիտարկել, թե այս լեզվավիճակներից յուրաքանչյուրը ինչ խնդիրներ ունի: Օրինակ` քերականական սխալները շատ են գրական արևելահայերենում, մամուլի, հեռուստատեսության լեզվում պետք է հնչի մաքուր, գեղեցիկ գրական հայերենը: Գրական արևմտահայերենը դրսում վտանգված է, իսկ ներսում բախվում է արևելահայերենի հետ: Պետք է մտածել, թե ինչպես ճիշտ համատեղել գրական արևելահայերենն ու գրական արևմտահայերենը: Երբեմն շատ խիստ ժխտողական վերաբերմունք կարելի է տեսնել խոսակցական հայերենի նկատմամբ: Բայց խոսակցական հայերենը նույնպես գոյության իրավունք ունի, իր գործառության ոլորտներն ունի: Փողոցում, շուկայում մարդը չպետք է ձգտի խոսել գրական հայերենով, երբ կարող է շփվել ազատ, խոսակցական հայերենով: Խոսակցական հայերենի խնդիրն էլ ժարգոնն է, որը պետք է բացառել խոսակցական հայերենի մեջ: Բարբառը նույնպես հայերեն է, այն գռեհիկ չէ, ունի իրավունքներ տվյալ տարածքում գործածության: «Հասարակության մեջ այն գիտակցությունը պետք է ներմուծվի, որ չի կարելի մերժողական վերաբերմունք ունենալ լեզվի դրսևորումների նկատմամբ: Մերժողական վերաբերմունք պետք է ունենալ միայն ժարգոնների նկատմամբ»,- շեշտեց Վ. Կատվալյանը:
Այնուհետև անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հայոց լեզվի իրավական խնդիրներին` Վ. Կատվալյանը նշեց, որ ՀՀ-ում օրենքով պետական լեզուն հայերենն է: Նրա համոզմամբ` այստեղ էլ հայերեն ասելով պետք է նկատի չունենալ միայն գրական արևելահայերենը: Ցանկացած բարբառ պետական լեզու է ՀՀ-ում: Պետական լեզուն ունի գրական երկու տարբերակներ` արևելահայերեն և արևմտահայերեն: Այսինքն՝ այն բոլոր իրավունքները, որ ունի գրական արևելահայերենը, ունի նաև գրական արևմտահայերենը: Եվ այստեղ խնդիր կա արևմտահայերենի իրավունքները պաշտպանելու: Արևմտահայերենով պետք է գրքեր, թերթեր հրատարակվեն, արևմտահայերենը պետք է հեռուստատեսություն մտնի, չպետք է լինի օտար, եկվորի կամ հյուրի կարգավիճակում: «Մեր խնդիրը պետք է լինի հայերենի հզորացումը: Իրավականորեն հարցը այսպես պետք է դրվի` միայն ու միայն հայոց լեզվի իրավունքների ընդլայնում, հայոց լեզվի իրավական փոփոխություններ դեպի լավը»,- առաջարկեց նա:
Խոսելով լեզվի անաղարտության մասին` բանախոսը կարծիք հայտնեց, որ այն միայն գրական հայերենին չի վերաբերում: Բոլոր լեզվավիճակներն էլ ունեն անաղարտության պահպանման խնդիր: Անաղարտ է այն լեզվավիճակը, որը քերականորեն ճիշտ է, անհարկի փոխառություններ չունի և զերծ է մնում գռեհկաբանություններից: Մյուս կողմից՝ այս լեզվավիճակները անհարկի չպետք է խառնվեն իրար: Այսինքն` եթե ստեղծագործությունը գրական արևելահայերենով է, գեղեցիկ չի լինի, եթե այնտեղ մտնեն անհարկի օտարաբանու- թյուններ: Գեղարվեստական պատկեր ստեղծելու համար հայոց լեզուն ունի բոլոր հնարավորությունները: Կարելի է նույնիսկ ցածր բաների մասին խոսել գեղեցիկ լեզվով: Պարտադիր չէ տգեղ երևույթները ներկայացվեն տգեղ լեզվով: Թեև ստեղծագործողն իրավունք ունի լայն ներկապնակ օգտագործել, սակայն պետք է պահպանել չափը: «Ստեղծագործողին չենք կարող ասել` քո հերոսին մի՛ խոսեցրու բարբառով կամ խոսակցական հայերենով»,- ասաց նա` հավելելով, որ նույնը վերաբերում է նաև հեռուստատեսությանը, սերիալներին, որոնք ներխուժում են մեր կյանք: Բարձր գեղարվեստը ստեղծվում է բարձր միջոցներով: Եթե բարբառով է գրված, դարձյալ պետք է զերծ լինի գռեհկաբանությունից, ժարգոնից: Վ. Կատվալյանը գրական լեզվում մերժելի երևույթ համարեց նաև որպես օժանդակ բայ «ա»-ի գործածումը, քանի որ այն իր հետ բերում է գրական հայերեն կառույցի փլուզում:
Ամփոփելով խոսքը` Վ. Կատվալյանն առաջարկեց կազմակերպել քննարկումներ, ընդունել որոշումներ, այդ որոշումներից բխեցնել առաջարկներ և դիմել կառավարությանը: «Ինքներս մի խորհուրդ ստեղծենք, մեր ազդեցությունը ունենանք հասարակության վրա: Սթափ գնահատենք իրավիճակը, որոշենք խնդիրները և լուծենք դրանք»,- ասաց նա:
Բանաստեղծ, արձակագիր Թորոս Թորանյանն իր ելույթում առաջարկեց դպրոցներում արևելահայ գրականությունը հավա- սարապես ներկայացնել նաև արևմտահայերենով, որպեսզի Հա- յաստանում ծնված երեխան, պատանին կարդալով արևմտահայ բանաստեղծությունը և արձակը, նույն- քան իմանա արևմտահայերենը, ինչպես արևմուտքում ծնվածը՝ արևելահայերենը: «Պետք է աշխատենք պահել մեր լեզուն, բարբառները ուսուցմամբ»,– ասաց նա:
Բանաստեղծ, նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը նշեց, որ հայոց լեզուն իր ողջ պատ- մության ընթացքում բաժան-բաժան է եղել, առաջացել են բարբառներ, և դա մեր ազգային հարստությունն է, և այդ ամենը պետք է անաղարտ պահել: Նա տեղեկացրեց, որ Մշակույթի հայկական ֆոնդի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է լեզվի հարցը, բայց զրկված են եղել հեռուստատեսությունում, կենդանի եթերում հանդես գալու իրավունքից: «Եթերը անհրա- ժեշտ է մաքրել գռեհկաբանությունից, հակաազգային, հակամշակութային երևույթներից: Լեզուն աղարտված է»,- իր մտա- հոգությունը հայտնեց Ա. Ավագյանը:
Պետրոս Դեմիրճյանը նույնպես ընդունեց, որ լեզվի անաղարտության խնդիրը միշտ էլ սուր է եղել, և պետք է քայլեր ձեռնարկել եթերը աղբից մաքրելու համար: «Բոլորը վախենում են գրաքննություն բառից, բայց այն անհրաժեշտ է՝ ոչ թե գաղափարական, բովանդակային, թեմատիկ, այլ հենց լեզվի մաքրության, բարոյական չափանիշների պահպանման առումով»,- ընդգծեց նա:
Սերժ Սրապիոնյանը նշեց, որ միայն Հ1 հեռուստաընկերությունն է պետական համարվում, այն էլ հանրային է: Մնացած հեռուստաընկերությունները մարդկանց անձնական սեփականությունն են: «Այդ հեռուստաընկերությունների տերերն են որոշում, ով ինչպես, ինչ ծրագրերով աշխատի իրենց մոտ, այդտեղ մենք մտնել չենք կարող, եթե չկա օրենք»,- ասաց նա և նույնպես առաջարկեց օրենսդրության մեջ մտցնել փոփոխություն և գրաքննություն լեզվի իմաստով. եթե որևէ հաղորդում իր մեջ պարունակում է հայոց լեզվի համար վիրավորական արտահայտություն, դա եթեր չպիտի գնա: Համակարգող խումբ պիտի լինի, որը նայի հաղորդումը և որոշի` դա եթեր պիտի գնա՞, թե ոչ: Հեռուստատեսությունը ստրատեգիական զենք է: Այն մտնում է մեր տուն, անգամ եթե չենք ուզում: Նրա համոզմամբ` լեզվի անաղարտությունը մեր երկրի համար այսօր թիվ մեկ խնդիր է, և բոլոր հեռուստաընկերությունները պետք է ենթարկվեն այդ օրենքին:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանի կարծիքով երկու գրական լեզու ունենալը մեր ազգային հարստությունն է:
Լեզվաբան Լավրենտի Հովհաննիսյանն առաջարկեց քննարկել գրական արևելահայերենում տեղ գտած աղաղակող թերությունները, գտնել դրանք ծնող պատճառները: «Լեզվի վիճակը չի կարող ահավոր լինել, ահավոր է այդ լեզվով խոսողների վիճակը»,– ասաց նա: Լեզուն միայն բանավոր խոսքը չէ, այն ունի քերականություն, կանոններ, պետք է դրանք իմանալ: Երկրորդ` գրական, գեղեցիկ լեզուն պետք է զուգահեռ գնա գեղարվեստական գրականության հետ: Անընդհատ փոխվում են դպրոցական ծրագրերը, դասագրքերը, ահավոր չարիք է տեստային համակարգը, դա պետք է բացառել: Պետք է գալ դպրոցից: Նա առաջարկեց նամակով դիմել հանրապետության նախագահին, որպեսզի վերականգնվի Լեզվի բարձրագույն խորհրդի գործունեությունը:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը նշեց, որ եթե ժամանակակից հայերենի մասին ենք խոսում, պիտի դիմենք ժամանակակից գրականությանը: Օրենքով ամրագրելը պիտի լինի այսօրվա նպատակը: Առանց օրենքի ոչինչ չի լուծվի: Գրողները լավ գիտեն իրենց ժամանակը, և գրողներն էլ արտացոլում են իրենց ժամանակը: Ա. Հովհաննիսյանին նաև մտահոգում էր մատուցման, գովազդի բացակայության խնդիրը, քանի որ, ըստ նրա, ունենք հրաշալի գրականություն` պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկական գրականություն, որը շատ բարձր մակարդակի վրա է և որով կարող ենք ներկայանալ աշխարհին:
Գրականագետ Ազատ Եղիազարյանի կարծիքով պետք է լրջորեն մոտենալ գեղարվեստական գրականության լեզվի խնդրին: Գրականությունն այնպիսի իրողություն է, որը սահմաններ չի ճանաչում: Հիմա գրականության մեջ ժարգոն է օգտագործվում: Իսկ այն գրողները, որ գրում են այսօրվա երիտասարդության մասին, չեն կարող այդ հերոսներին խոսեցնել մաքուր գրական լեզվով, այդ ժարգոնն այսպես թե այնպես մտնում է հերոսի խոսքի մեջ: Նա առաջարկեց հեռուստատեսությամբ վերականգնել լեզվի մասին հաղորդաշարը:
Բանաստեղծ Հուսիկ Արան նույնպես պաշտպանեց այն գաղափարը, որ գեղարվեստական խոսքը պետք է բարձր մակարդակի վրա դրվի:
Հեռուստալրագրող Կարինե Ավագյանը համոզված էր, որ լեզվի հարցը պետք է տանել իրավական հարթակ և այդ նպատակով գումարել հայոց լեզվի խնդիրներին նվիրված համահայկական համա- ժողով:
Քննարկման ավարտին որոշվեց շարունակել նշված հիմնախնդիրների քննարկումները՝ դրանց մասնակից դարձնելով հանրապետության մեջ հայտնի գրողներին, լեզվաբաններին, գրականագետներին, որոնք կուզենան այս լուծն իրենց վրա առնել: Որոշվեց նաև ներկա քննարկումը նախաձեռնողների՝ ՀՀ Սփյուռքի նախարարության, Լեզվի ինստիտուտի և Գրողների միության համատեղ ջանքերով ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ամփոփելու, խմբավորելու և պետական պատկան մարմիններին ու համապատասխան կազմա- կերպություններին առաքելու համար:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։