ՈՐՔԱՆՈՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԸ ԼԻՆԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների «ամենաեզակի» նախագահն է: «Նա պարտավորություններ չունի որևէ խմբի հանդեպ, քանի որ հաղթանակի է հասել իր սեփական ռազմավարության հիման վրա»,- հայտարարել է Քիսինջերը: Այդուհանդերձ, Թրամփի հաղթանակը ընտրություններից մեկ ամիս անց էլ տարաձայնությունների տիրույթում է: Երբ 2015 թ. հունվարի 25-ին Թրամփը առաջին անգամ հայտարարեց նախագահական հավակնությունների մասին, նրա ասածները լուրջ չընդունեցին: Իսկ 2016 թվականին պաշտոնապես ներգրավվելով նախագահական ընտրարշավին՝ բարձրաձայնում էր, որ ինքը «Աստծո կողմից երբևիցե ստեղծված մեծագույն հախագահը կլինի», ինչը հիանալի նյութ էր ամերիկյան երգիծաբանների համար: Հանրապետականներն անզոր էին ընդդիմանալու նրա թեկնածությանը: Թրամպը մի քանի անգամ ավելի հանրաճանաչ էր յուրաքանչյուր այլ թեկնածուից և նրա մեկուսացումը կնշանակեր, որ կուսակցությունը մեխանիկորեն հրաժարվում է Սպիտակ տան համար պայքարից: Ինչպես նշում է Արքանզասի էքս նահանգապետ, հանրապետական Մայկ Խակաբին. «Հանրապետականները մահու չափ սարսափած էին ոչ թե նրանից, որ Թրամփը կարող է պարտվել, այլ որ կարող է հաղթել»: Ու թեև ընտրապայքարի սկզբից շատերն էին նրան պարտության դատապարտում, ի հեճուկս այդ շատերի՝ նա հաղթեց: Ոմանք նրա հաղթանակը սենսացիա որակեցին, առավել «նրբազգացները» պարզապես շոկի մեջ ընկան: Պարզվում է, Թրամփը վեցերորդ զգայարանով էր ընտրել հաղթական նշանակետը, որն ուրիշներին նկատելի չէր: Նրա օգտին քվեարկողները հիմնականում «սպիտակ» ամերիկացիներն էին, ովքեր հոգնել էին «Արաբական գարուններից», ամբողջ աշխարհում միասեռականների իրավունքների համար պայքարից, «Վլադիմիր Պուտինի խարդավանքների» շուրջ անվերջանալի քննարկումներից, նաև նրանից, որ Օբամայի փոխարեն ժողովրդին էին առաջարկում երրորդ Բուշին կամ երկրորդ Քլինթոնին: Բռնկուն, անկանխատեսելի Թրամփը հեռու էր այդ ամենից՝ իր ընտրողներին ներկայանալով առանց քաղաքական պիտակների: Գոհաբանության օրը նորընտիր նախագահը, քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, ամերիկացիներին միավորվելու կոչով հանդես եկավ, հավատացնելով, որ ինքը բոլոր ամերիկացիների նախագահն է: «Աղոթում եմ, որպեսզի այս Գոհաբանության օրը սկսենք հաղթահարելով մեր միջև եղած տարաձայնություններն ու առաջ շարժվենք որպես միասնական երկիր` ամրապնդված միասնական նպատակներով ու վճռականությամբ»,- հայտարարեց նա, հավելելով, որ ամերիկացիներին հնարավորություն է ընձեռվել «փոխել պատմության ընթացքը, էական փոփոխությունների հասնել Վաշինգտոնում, այնպես անել, որ ամերիկյան քաղաքներն իրապես դառնան անվտանգ, իսկ հասարակությունը՝ բարգավաճ»: Ետընտրական Թրամփը կերպարանափոխված էր, չհիշեցնելով նախընտրական Թրամփին: Սա հաշվի առնելով է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խորհուրդը` չշտապել նորընտիր նախագահի անձի շուրջ եզրակացությունների հարցում: «Կարծում եմ, կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում չշտապեն եզրակացությունների հարցում և ժամանակ տան ընտրված նախագահին իր թիմը հավաքելու, ընթացիկ հարցերին ծանոթանալու և իր հետագա քաղաքականության հարցում կողմնորոշվելու համար»: Եվրոպայում շատերն էին համոզված, որ Թրամփի գալով պատերազմն անխուսափելի է: Շվեդ հայտնի քաղաքագետ Կարլ Բիլդի կարծիքով, Թրամփի նախագահ դառնալուց հետո հարկ կլինի բունկերներում փրկվել: Սակայն արևմուտքը անհանգիստ էր ոչ այնքան պատերազմի, որքան ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման Թրամփի հայտարարություններից, ինչը կարող էր քաղաքական պայմանավորվածությունները զրկել ծրագրված նշանակությունից: Պատահական չէ ամեն գնով Ամերիկային Ռուսաստանից հեռու պահելու գործընթացի շտապողականությունը: Ըստ «Վաշինգտոն պոստ» պարբերականի, արդեն իսկ Սենատում և Ներկայացուցիչների պալատում օրենքի նախագիծ է մշակվում Թրամփի ռուսաստանյան քաղաքականության դեմ: Սենատորներ Մակեյնի և Գրեմի կարծիքով. «Ռուսաստանը համաշխարհային հարթակում իրեն վատ է պահում և անհրաժեշտ է զսպել նրան: Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ և զինված ուժերի գլխավոր հրամանատար, կարող է որոշել երկրի արտաքին և անվտանգության քաղաքականությունը, բայց Կոնգրեսը նույնպես կարող է իր խոսքն ասել և այդ գործում իր դերն ունենալ»: Այս սենատորները մտադիր են այցելել Ուկրաինա, Վրաստան և Էստոնիա, …իրենց եվրոպացի գործընկերներին վստահեցնելու, որ Վաշինգտոնն առաջվա պես պատրաստ է հակազդել ռուսական ագրեսիային»: Առայժմ վաղ է կանխատեսել ռուս-ամերիկյան հարաբերությունների և, ընդհանրապես, համաշխարհային իրողությունների զարգացումները: Սակայն անառարկելի է, որ Թրամփի նախագահ ընտրվելը փոփոխություններ է ենթադրում ինչպես Ամերիկայի, այնպես էլ աշխարհի համար: Ժամանակը ցույց կտա, թե այդ փոփոխությունները որքանով կօգնեն աշխարհին ավելի լավը լինել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։