«DռjՈ Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ»

Սիրելի Ֆելիքս,
Կարդացի «DռjՈ Vu. Հալեպ` սիրո և մահվան հովիտ» գիրքդ: Կարդացի յուրաքանչյուր տող, բառ` կուլ տալով, ըմպելով թաքնված միտքդ ու ասելիքդ: Քիչ է ասել, թե հուզվեցի, փշաքաղվեցի, արտասվեցի անգամ այս իրականի մեջ երևակայական և երևակայության մեջ իրական պատմությունից:
Ասեմ, որ, ցավոք, քիչ եմ ծանոթ եղել քո գրական գործերին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մեկը չի կարող որևէ եզր ունենալ մեկ այլ ստեղծագործության հետ:
Գրականագետ չեմ, որ գնահատեմ ու վերլուծեմ գործդ, այլ ասեմ միայն, որ անզուգական, անմեկնելի պատմություն լինելուց զատ շատ հետաքրքիր ու գեղեցիկ զուգորդումներով ես ներկայացնում Էրգրի պատմությունն ու մարդկանց, բարքերի ու ավանդույթների շարանը` ասեղնագործության և ուլունքի պես շարում-փռում ես խոսքերիդ նախշերը:
Այլ կեպ այն մեր գիտցածի կրկնությունը կլիներ սոսկ…
Որտեղից մի տղամարդու մեջ այդքան խստություն ու բարություն, իրատեսություն և ռոմանտիկա, ուժ ու գորով, վերջապես քնքշություն` բառիս ամենագեղեցիկ իմաստով:
Հուսով եմ` ինձ ճանաչելով գիտես, որ չեմ սիրում ճռճռան և ամպագոռգոռ խոսքեր գործածել և գրածս կընդունես որպես ընթերցողի սրտի անկեղծ խոսք, իսկ ավելի ճիշտ` զգացողությունների արտահայտում:
Մինչ այդ դիտել էի քո սցենարով նկարահանած «Մի գիշեր Բարոն հյուրանոցում» ֆիլմը, որից ազդվել էի այնպես, որ որոշել էի հնարավորության դեպքում ինքս էլ գիշերել մեկ օր և մասնակիցը դառնալ այդ յուրահատուկ հանդիպման:
Ու հետո այս գիրքը…
Շատ աղքատ են թվում մտքերս ու բառերս հիմա…
Շատ սահմանափակ պետք է լինել երևի, որ մտածես, թե այն լոկ հորինվածք է, գեղեցիկ պատմություն, երազ-խաբկանք կամ էլ այլ մի բան: Հայոց ցեղասպանության մասին իմ կարդացած գրքերի շարքում սա մի պատմություն է, որն ընթերցելիս այն թափանցում էր մաշկիս մեջ, ցավեցնում, հետո հիացնում, թև տալիս ու նաև ողնաշարս կոտրում:
Դեր-Զորը գիտեմ նաև տատիս ու մորս պատմածներից© մայրս ծնվել է այնտեղ, վրանի տակ© նա` ծնողների միակ փրկված զավակը, հետո տեսել է Հալեպն ու Դամասկոսը:
Ու եթե մինչ հիմա ինձ համար Դեր-Զորը մեծ օրհասի մի վայր էր ու մորս ծննդավայրը, հիմա, գիրքդ ընթերցելիս, այն դարձավ ինձ հետապնդող` կանչող-ձգող-պահանջող մի անուն: Հիմա ավելի դժվար դարձավ այն միայն ուղեղիս մի ծայրում քնած-արթուն պահելը: Ես հիմա ի՞նչ անեմ: Ներսում պահել փոթորիկն այս` անհնար է, դեռևս այլ ելք էլ չեմ տեսնում: Հիշելիս շնչելն անգամ դժվարանում է: Ու թող երիցս անիծյալ լինեն պատերազմերը, որոնք մարդուն զրկում են փոքրիկ հույսից ու երազանքից անգամ: Սակայն ինչ էլ լինի, գիտեմ, բոլորս կապված ենք քո պատկերած Երկնքից-երկիր Հայաստանի եթերային հավերժության հետ, որն Աստված ստեղծել է բոլոր սահմաններից դուրս: Դա փոքր-ինչ մեղմում է նաև իմ տարագիր հարազատների հանդեպ ունեցած մեղքիս զգացումը:
Հիմա տեսար, թե ինչ արեց քո գիրքը: Ասեմ նաև, որ այն մեկ շնչով չեմ կարդացել, այլ անընդհատ ձգձգել եմ ավարտը, այդպիսով փորձելով մնալ քո պատմության տիրույթների մեջ: Կարծում եմ, այս նյութից հրաշալի ֆիլմ կստեղծվեր:
Չգիտեմ, կարողացա՞ արդյոք զգացածս արտահայտել, դա միայն դու կարող ես ասել` իմ լավ ընկեր, բարեկամ ու եղբայր, հարուստ հոգու տեր մարդ:
Համբուրում եմ ճակատդ:
Երբ երեկ ավարտեցի գրքիդ ընթերցումը, թեև մենակ էի, բայց բարձրաձայն ասացի© «Ապրես»…

Սիրով և անկեղծորեն`
Մադլեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատմության և ժամանակակից կյանքի փառահեղ փոխներթափանցում
Ֆելիքս Բախչինյանի «DռjՈ Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ» (Երևան, «Տիգրան Մեծ», 2015 թ.) խորագիրը կրող խոհագրությունների ժողովածուն հայ ժողովրդի ոչ հեռավոր անցյալի ու մեր օրերի հերոսապատման գեղարվեստագոյաբանական մի ինքնատիպ կերտվածք է: Էսսեիստիկայի բազում ձեռքբերումներ գրանցած մարդկային հիշողությունն ու ժամանակը երբեք էլ չեն տրտնջացել խոհագրական ժանրի արժեքների սակավությունից: Իրադարձությունների, եղելությունների ու հիշողության վավերացման, ճամփորդական նոթերի գրառման փորձարարությունը քարանձավային տարածքներից մինչ արքայական պալատներ ու տիեզերական քառուղիներ է ձգվում, սակայն այս դեպքում Ֆելիքս Բախչինյանի անժամանակայնության և տարժամանակյա զուգահեռականների միավորման գեղարվեստական ձևաչափն արձանագրել է անչափ լուրջ ու դիտարկման արժանի գրական-գեղարվեստական մի ձեռքբերում:
Պատմության և ժամանակակից կյանքի փառահեղ փոխներթափանցում, երբ ընթերցողը դառնում է ոչ միայն մասնակիցն ու հերոսը հարյուրամյա տարեգրության ու իրապատումի, այլև վկայաբանն ու արձանագրողը, հակընդդեմն ու զոհապարտը, վարդապետյալն ու քննադատը: Մերձավոր Արևելքում ու Հայրենիքում ապրող ժողովրդի քրիստոնեական ու դպրապետական, մշակութային ու ազգագրական, գիտական ու հասարակական, քաղաքական-ժողովրդագրական ֆենոմենոլոգիայի առեղծվածային լուսաբանումը Ֆելիքս Բախչինյանն իրականացնում է քրիստոնյային բնորոշ արդարաբաշխ մի կշռաչափով, երբ պատմական ու իրական ճակատագրերի զուգորդումներով մեզ է ցուցանում արարման ու աշխատանքի աստվածություններին խոնարհված հայ մարդու ներաշխարհը՝ Ուռհայից՝ Հալեպ, Կարինից՝ Փարիզ, Փարիզից՝ Երևան, Երևանից՝ Դեր Զոր:
Անկումի գեղեցկությունը կամ ավերակի հմայիչ զրնգոցը արթմնության կոչնակ են գրողի տրամախոսության առաջնահերթություններում:
Ցեղասպանությունը ոչ թե քայքայումն է մի ժողովրդի, օտարումն ու անտեսումը, այլ վերընձյուղումն է հազարամյա այն քաղաքակրթության ու էթնոսի, ում դեմ իրականացված ցեղասպանության սայրն ուղղված է հենց ցեղասպանողի ժառանգների դեմ: Ճակատագրերի ու ժողովուրդների համաժամանակյա շրջապտույտը դիտարկողի ճանապարհի կեսն են դեռ, քանզի կախարդական շրջանը չունի սկիզբ ու ավարտ: Ախտորոշումը՝ հավերժական կյանք ու արարում նրան, ով ի սկզբանե շեմն է եղել արարչության, և՝ խարան ու անթվականության տմույն մի տարփողում նրան, ով սպանողն ու հոշոտողն է մարդկային ու վերերկրային հրաշակերտման:
Ինչպես որ «Աստեղային խոստովանանք», «Արարատից մինչև Ֆուձիյամա», «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» և տասնյակ այլ ժողովածուներ, ճանաչված ու սիրված արձակագիր Ֆելիքս Բախչինյանի «DռjՈ Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ» գիրքը ընթերցվում է մի շնչով, հմայաբար: Գրողի լեզուն մաքրամաքուր հայերենն է, շարադասումն՝ անպղտոր ու տրամաբանված, տարածական մոնտաժի սկզբունքին հավատարիմ կառուցվածքը՝ փաստագրական ինքնօրինակ մի շարժանկարին հարիր:

Հովիկ ՀՈՎԵՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։