ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ԼԻԼԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ծննդյան 50-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
ԻՆՔՆԱՍՊԱՆԻ
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես նրան սպանել եմ: Հա՛, սպանել եմ: Ու, գիտե՞ս, չեմ ափսոսում: Նրան ոչ միայն սպանել եմ, նրա աղիքները դուրս եմ թափել, ուզում էի տեսնել՝ ինչից է շինված: Գրազով գլուխս կկտրեի, էնքան որ համոզված էի՝ ներսում միայն թեփ ու որդերի կիսակրծած կմախք է: Չի՛ կարող, նորմալ մարդը՝ լյարդով, փայծաղով, պոչուկով ու սրտով մարդը չի՛ կարող անել, ինչ որ ինքն էր անում: Էդպես էի մտածում, երբ աղիքներն էի խրում դանակը: Փոքրուց եմ սովորել դանակի հետ վարվելը: Հարևանս, որ ինձնից ութ տարով մեծ էր, մոտն էր կանչում ու սովորեցնում էր դանակը խրել պատի մեջ: Էն օրերին մեր գյուղում ամեն մեկի տանը զենք կար՝ սառը կամ հրազենային. դե, նկատի ունեմ ամեն տեսակ հրացաններ, մաուզերներ, վալտերներ, մի խոսքով՝ ո՛ր պատերազմից ո՛ւմ մոտ ի՛նչ մնացել էր: Ամենը հո չէի՞ն տալու պետությանը, մի բան էլ թաքցնում էին: Իմ ասած հարևանը նույնիսկ ավտոմատ էր պահել, բայց էդ մասին ինձնից բացի մեկին էլ է՝ չէր ասել: Զարմանում էի, էդ ի՞նչ տեսակ վստահություն է ինձ պես մանրապճեղի հանդեպ: Հետո հասկացա, շատ ուշ հասկացա: Պարզվեց՝ սեր է եղել: Իմ հանդեպ: Էծի սեր: Կերակրում էր ինձ, թռփոշացնում՝ ես անհեր ու անմեր էի մեծանում, քեռուս տանն էի ապրում,- մի անգամ համոզեց իր տանը գիշերել: Իբր՝ մութ է, ինձ պես ճստոյի համար վտանգավոր է էդքան ուշ տնից դուրս գալը… Մնացի: Իսկ գիշերն արթնացա մահճակալի ճռճռոցից, տեսնեմ՝ աչքերը գազանի կարմիրով են փայլում ու վարի շրթունքը՝ թաց, կախվել ու չլմփացնում է ու չլմփացնում… Վախեցա, գոռացի, մտածեցի՝ դարձվոր է դարձել: Բարձի տակ շոշափեցի դանակը, էն նույնը, որ իր հետ պատի մեջ էինք խրում, ու… շշեցի ուղիղ կարմիր բիբի մեջ: Ինձ մեկ տարի պայմանական տվեցին, իսկ նրան դատեցին ու տասներկու տարով նստեցրին: Միայն իմ պատճառով չէ, հետաքննության ընթացքում պարզվել էր, որ երեք տարի առաջ բռնաբարել էր կրտսեր եղբորը, նա տնից փախել էր, մայրը վշտից գժվել էր: Բոլորս գիտեինք, որ դրա մերը խփնված է, նույնիսկ ձեռ էինք առնում՝ «գիժ Մարո»: Իսկ թե ինչից էր խելքը թռցրել՝ իմացանք միայն դատարանում…
Հետո քեռիս ինձ քաղաք տարավ, արհեստ սովորելու, իսկը՝ երկրորդ Գիքորը: Ծանոթներ չկային, նա էլ ինձ թողեց առաջին պատահած արհեստանոցում՝ կոշկակարի մոտ: Ու գնաց: Ատում էի էդ գործը: Հոտած կոշիկներից սիրտս խառնում էր, վաքսի ու ռետինի հոտերից քիթս բռնվում էր, իսկ վարպետիս կնճռոտ, ծերունական պտերով ձեռքերից հոգիս շուռ էր գալիս: Ինչ ասում էր, հակառակն էի անում, հույսով, որ ինձ կվռնդի: Իսկ նա իրեն խուլուհամրի տեղ էր դնում ու կոշիկի հերթական զույգը շպրտում վրաս: Մի օր մի պառավ եկավ՝ հողաթափերն էր բերել: Հազար անգամ կարկատած: Սկսեց աղաչել վարպետին, որ հակառակ երեսը դարձնի, իսկ նա՝ չէ ու չէ: Պառավը լալիս է, նա գռմռում է, պառավը ոտքերն է ընկել, իսկ էդ շունը վերցրեց հողաթափերն ու դուրս շպրտեց, իբր՝ ա՛ռը քեզ, փեշավոր Աբու Հասան… Էդ պահին առաջին անգամ լսեցի ձայնը, որն ինձ հուշեց, թե ինչ պիտի անեմ: Վերցրու, ասում է, մեխն ու խրիր դրա… Աննկատ վերցնում եմ մեծ, ճկույթի չափ մեխը, կողքանց մոտենում եմ վարպետին, իսկ նա արդեն «Դլե յամանն» է քթի տակ սուլում, մի ձեռքը դազգահով դարակին է, մյուսը՝ սեղանի վրա, մատների արանքում էլ՝ մխացող ծխախոտը… Մեխը մի զարկով խրում եմ էդ մատների միջնաթաղանթի մեջ, հենց ծխախոտի կողքին, ու մուրճն իջեցնում եմ… երեք անգամ… չորս… ութ… Չեմ հաշվում, միայն նայում եմ նրա այլակերպված դեմքին ու լսում,- ասես շատ հեռվից,- նրա վայնասունը… Չէի պատկերացնում, որ մատների մեջ էդքան արյուն է հավաքվում…
Մանկական գաղութում սովորեցի փայտի վրա խարագրել: Պատահական լսեցի բժշկի ու իմ դաստիարակի խոսակցությունն ու հասկացա, որ հատուկ են էդ գործին ինձ դրել: Իբր, ես սիրում եմ ցավ պատճառել, ու ավելի լավ է էդպիսի «կիրքս» մսխեմ անշունչ առարկաների վրա: Էդ որ լսեցի, հասկացա, թե ինչ պիտի անեմ: Տարեց բժշկուհին (իրեն տեսնելս ու ատելս մեկ եղավ) զգուշանում էր ինձնից: Ինչը նշանակում է, որ վախենում էր: Իսկ ես նրան իմ սարքած սիրուն նվերներն էի տալիս, կիսադեմն էի խարագրել փայտի վրա: Նույնիսկ բնորդ եղավ ինձ համար: Պարապմունքների ժամանակ ամեն մեկս իր պատմությունն էր պատմում, նա լալիս էր՝ հիշելով պատերազմում զոհված տղային ու ասում էր, որ ես նման եմ նրան: Իսկ ես ավելի ու ավելի էի ատում իրեն, որովհետև չգիտեր, որ ինքն էլ նման է… մորս: Միայն թե մայրս, երբ մեզ թողեց-գնաց, ավելի ջահել էր…
Չերկարացնեմ. մի օր կանչում է գաղութի պետն ու իրենից գոհ հայտարարում, որ Թամարա Գեորգիևնան, այսինքն՝ բժշկուհին, ուզում է ինձ որդեգրել ու թողնել-գնալ էստեղից: Ինձ հետ: Ինքը ծնունդով Ուկրաինայից է, էնտեղ եղբայրներն են ապրում: Վաղուց էի նման բանի սպասում, առանձնապես չզարմացա: Բայց ո՜նց չարացա: Բարեգործնե՛ր: Պետը դեռ մի հատ էլ գլխիս քարոզ կարդաց երախտագիտության ու փոխհատուցման թեմաներով: Քիչ մնաց՝ լաց լինեի: Սպասվող ճանապարհորդության կանխավայելումից:
Մի շաբաթ հետո (այդ ընթացքում ես ինձ շատ հեզ ու հնազանդ էի պահում) զոնայից դուրս եկանք: Ու միանգամից՝ կայարան: Էնտեղ խնդրեցի զուգարան գնալ, հետն էլ, ճանապարհի համար, կարկանդակ գնելու փող: Նա՝ երջանի՜կ, գումարը տվեց, իսկ ես… ուրիշ գնացք նստեցի: Եկա Կովկաս: Տասնվեց տարեկան էի: Կրթությունս՝ յոթ դասարան: Քֆուր տալուց ու դանակ խաղացնելուց զատ ոչինչ չգիտեի: Մի օր էլ նստած եմ կայարանում, շան վնգստոց ու սրտակեղեք ճիչեր եմ լսում: Դուրս թափվեցինք, տեսնենք՝ հսկա շունը գետնել է տղամարդուն ու արդեն կոկորդին է հասնում: Ամբոխը քֆուր է, որ գոռում է, բայց մոտիկ գնացող չկա: Առաջ եկա, կպա շան վզին ու ետ եմ քաշում: Շունը շրջվեց, հարձակվեց վրաս: Էստեղ իրենից շատ կատաղեցի, ձեռքս մտցրի երախն ու ավելի խորն եմ մտցնում: Զգում եմ, ոնց են ժանիքները խրվում դաստակս, ու գռմռոցը հետզհետե խռխռոց է դառնում: Երկու րոպե անց ամեն ինչ ավարտվեց: Պատուհասի եկածը, պարզվեց, բժիշկ է: Ինձ տարավ հիվանդանոց, կատաղության դեմ սրսկեց ու վիրակապեց: Իսկ հետո իր տուն տարավ: Իսկ տանը՝ կինը, երկվորյակ տղաները, ծեր տատն ու եղած-չեղած՝ երկու սենյակ: Իսկ նա կպել է թե՝ էստեղ կմնաս, ու վերջ: Ես, ասում է, քեզ գործի կդնեմ: Դիարանում: Դիահերձելուն կօգնես: Արյունից, ասում է, չես վախենում, իսկ էնտեղ հիմա աշխատողի պակաս կա:
Համաձայնեցի: Դիարանից առաջին տպավորությունս մնաց ամբողջ կյանքիս համար: Անվասայլակի վրա պառկած երեսունհինգին մոտ տղամարդ՝ գանգրահեր, մկանուտ ու… փորոտիքը մաքրված: Արդեն էնպես էին մաքրել, որ հիշեցնում էր լայնակի կտրտված ու լցոնման պատրաստ բադրիջան: Մի խոսքով, մնացի էնտեղ: Ոչ թե, որ դուր եկավ… Ես էլ չգիտեմ՝ ինչու:
Երեսուն տարվա մեջ ինչ ասես, որ չտեսա: Ամեն ինչին վարժվեցի: Բայց մանկական դիակներին չկարողացա վարժվել: Գիտե՞ս, ինչքան են. հայտարարվող վիճակագրությունից տասն անգամ ավելի: Ամենաահավորն է, երբ բերում են լրիվ… առողջ նորածինների: Նայում ես՝ թշիկները տեղը, ոտուձեռը՝ անվնաս, սրտիկը՝ դեղձի պես, պիտի ապրեր ու ապրեր… Բայց բժշկի հարցում բախտը չի բերել, ինչ-որ մի սրիկա, կամ ավելի վատ՝ հիմար: Իսկ ծնողները վրա են տալիս, թե իրենց առաջնեկը մահացել է սրտի արատից, բնածին անոմալիայից, կույր աղիքից: Ի՞նչ գրողի տարած կույր աղիք կարող է ունենալ նորածինը: Բայց արի ու տես, որ հավատում են: Ու շնորհակալ են լինում բժշկին, որ նա «արել է այն ամենը, ինչ կարողացել է»: Ու դեռ փող են տալիս: Ջանքերի համար: Իսկ գիտե՞ս, թե էդ ճստոներին ոնց են դիարան բերում: Շան ձագերի պես՝ ոտքերից բռնած, ամեն ձեռքում՝ երեքից չորս պստլիկ դիակ բերում-շպրտում են անկյունը, հերթի մեջ: Պատկերացնում եմ էդ երեխեքի ծնողների վիճակը, որոնց համար ամեն մեկը միակն է, որ տեսնում են էդ ամենը, ինչ կատարվում է դիարանում… գժվել կարելի է:
Չերկարացնեմ: Երկու տարի առաջ ինձ մոտ է գալիս մի ջահել հայրիկ: Աչքերից արցունքը թափվում է, հազիվ է իրեն զսպում: Հայրիկ, ասում է, միայն անկեղծ ասա, ի՞նչ է եղել տղայիս: Տասը րոպե չկար, որ «բացել» էի նրա նորածնին: Լրիվ առողջ երեխա: Արյան վարակում: Բժիշկների մեղքով: Մի հայտնի մանկաբույժ կար, դեմն աղոթում էին: Իսկ ես տարա-բերի ու ասացի էդ տղային՝ գնա ու սպանի նրան, ով սպանել է քո երեխային: Նա էլ գնաց: Հաջորդ օրն ինձ դուրս շպրտեցին աշխատանքից: Էլի շնորհակալություն, որ չնստեցրին: «Զրպարտության» համար:
Էդ դեպքից հետո կինս,- արդեն երկու աղջիկ ունեի,- թողեց, գնաց: Դրան սպասում էի: Ինքս էլ գլխի չէի, որ սպասում եմ, բայց, պարզվեց, ամբողջ կյանքս վախեցել եմ: Մորս էր նման, նրա պես սիրուն էր: Նրա պես՝ ցանկալի: Նրա պես… դրա համար էլ գնաց: Տուն եմ գալիս, իսկ նա չկա:
Քթիցս արյուն եկավ: Ճիշտ էնպես, ինչպես մորս գնալու օրը: Իսկ հերս ռազմաճակատում էր: Մերս փախավ սիրեկանի հետ, դուռն էլ վրաս կողպեց: Երևի ուզում էր, որ մեռնեմ: Ախր, գիտեր, որ քթիցս հոսող արյունը կանգնեցնել չեմ կարող: Ու գնաց: Կինս էլ գնաց: Ճիշտ է, երեխեքին հետը տարավ: Իսկ ես նրանց սիրում էի աշխարհից շատ: Էնպես էի սիրում, որ մի ամբողջ տարի հետները չհանդիպեցի: Իսկ երբ տեսա…
Նրանք դպրոցից դուրս եկան: Էնքան սիրուն՝ ոնց որ մերը: Մեքենա նստեցին: «09», բալագույն: Ղեկին՝ նոր հայրիկը: Այ, հենց էդ պահին էլ նորից լսեցի ձայնը, որ հուշում էր, թե ինչ պիտի անեմ: Մոտեցա մեքենային: Ոտքով խփեցի դռանն ու ժպտացի: Աղջիկներիս: Նրանք ուզեցին դուրս թռչել մեքենայից, ինձ մոտ, իսկ նա շրջվեց ու ինչ-որ բան ասաց: Իմ խեղճ, մոր պես սիրուն աչոնները խելոքացան: Փոխարենը ինձ հետ սարսափելի մի բան կատարվեց: Նրան դուրս քաշեցի ու սկսեցի գլուխը խփել իր «բալագույնին» մինչև արյունլվիկ լինելը…
Հինգ տարիներս նստեցի սկզբից մինչև վերջ: Առանց պակասորդի: Դուրս եկա, շուրջս նայեցի՝ ամենուր ազատություն է, ու մտածեցի էն դատապարտվածի մասին, ով առաջինը կընկնի ձեռքիս տակ:
Երևան գնացող ավտոբուս նստեցի: Ղեկին երեսունհինգ տարեկան տղամարդ էր, գանգրահեր, մկանուտ, դեմքի գույնով հիշեցնում էր հենց նոր ինքն իրեն բադրիջան գիտակցողի: Փողն է հավաքում: Մի ծերուկ հայտարարում է, որ անվճար երթևեկություն թույլատրող փաստաթուղթ ունի: Վարորդը լկտի նայում է ծերուկի աչքերի մեջ ու էնպիսի մի արհամարհական քմծիծաղով նրան բացատրում է, որ «սեփական ավտոբուսում էդպիսի բաներ չեն անցնում»: Ծերուկին օգնության է հասնում սպիտակամորուք տղամարդը՝ ծնկներին երեխա նստեցրած, բայց նրա վրա է հարձակվում քրտնած ավտոբուսը: Տղամարդու: Ոչ թե վարորդի: Զգում եմ, ինչպես է սկսվում ծանոթ դողը ձեռքերիս մեջ, ուզում եմ ինձ համոզել, որ վարորդը իմ բավարարության ամենաարժանավոր միջոցը չէ: Բայց ձայնը, ձայնը, որ հուշում է ինձ, թե ինչ պիտի անեմ…
Երբ վարորդը, արդեն կարմրատակած դեմքով հրում է ծծկեր երեխային գրկած կնոջը, ու նա ընկնում է դռան մոտի առջևի նստատեղին, ես բարձրանում եմ տեղիցս ու բռնում նրա օձիքից: Դուրս եմ քաշում դռնից ու… էլ ոչինչ չեմ հիշում: Ես նրան սպանեցի: Ոչ միայն: Աղիքները դուրս թափեցի: Ես դա կարող եմ:
Հիմա էլ չեմ ափսոսում: Որովհետև նա էն մեկն է, ով իրավունք ունի, նա էն մեկն է, ով ճակատագրեր է տնօրինում, նա էն մեկն է, ում կամքից կախված են շատերը, նա՝ էդ ես եմ… միայն թե չգիտեմ, որ կարող եմ անել նույնը: Ես պատժում եմ ինձ: Ես, ում դատապարտել են մահվան, չեմ ուզում, որ իմ ճակատագիրը տնօրինեն ուրիշները: Նրանք, ովքեր համարում են, որ նրանք են դատավորները: Ես պետք է մեռնե՞մ: Ես կմեռնե՛մ: Բայց առանց որևէ մեկի օգնության:
Ռուսերենից թարգմանեց
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ