ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ
ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ
ՄԵԾ ԽՈՐԵՆԱՑԻԱԳԵՏԸ
Բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի գիտական վաստակի մեջ տասնամյակներ շարունակ փայլուն կերպով ներդաշնակվում են բանասիրության և պատմագիտության ոլորտները՝ հայ պատմաբանասիրական միտքը հարստացնելով նորանոր արժեքներով:
Լայն է գիտնական-հայագետի պատմական հետազոտությունների շրջանակը՝ Մովսես Խորենացու Հայկյան ազգաբանությունը, Արամ անունը՝ հայ ժողովրդի երկրորդ անվանադիր-նախնիի անուն, Հայկազունների հարստության վերականգնումը Վանի՝ Արարատյան (Ուրարտու) թագավորությունում, Տիգրան Երվանդյանի և Տիգրան Մեծի կերպարները` ազգային համախմբման խորհրդանիշ, Մեսրոպ Մաշտոցը և նախամաշտոցյան հայ գիրը, V դարի հայ մատենագրության ժամանակագրական նոր դասակարգումը, Գրիգոր Լուսավորչի անվան և պաշտամունքի խորհրդապաշտական արգելքը 430-ական թթ. ասորի կաթողիկոսների օրոք, «Ագաթանգեղոսի պատմության» ստեղծման հանգամանքները, Վարդանանց Պատմության հեղինակ Եղիշեն և նրա անձնավորության նոր բացահայտումը և այսպես շարունակ:
Հայոց հին և վաղմիջնադարյան պատմության հարցերին անդրադառնալը պատմագիտության բնագավառում Ալբերտ Մուշեղյանի գիտական գործունեության սկզբնական շրջանում ընթացել է ակադեմիկոս Սուրեն Երեմյանի հետ մասնագիտական հարցերի շուրջ խորհրդակցելու միջոցով: Դրանով իսկ, նրա հետազոտություններում իրենց ուրույն տեղն ունի Հայաստանի պատմական քարտեզագրության հետ առնչվող խնդիրների ուսումնասիրությունը:
Ալբերտ Մուշեղյանը` հավատարիմ է դասական հայագիտության ավանդույթներին, որպես հմուտ խորենացիագետ՝ նաև նոր լուծումներ է տալիս վաղուց արդեն հասունացած խնդիրներին: Դրա վառ վկայությունն է նրա «Մովսես Խորենացու դարը» կոթողային մենագրությունը (Երևան, 2007 թ.), որի յուրաքանչյուր բաժին ունի խորիմաստ բովանդակություն: Նա մասնագիտական մեծ պատասխանատվությամբ վերլուծում է «Պատմութիւն Հայոց» երկում Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները, որոնցից շատերը դեռևս XIX դարի երկրորդ կեսից գերքննադատների թիրախն են դարձել: Առավել զավեշտական է, որ խորենացիագիտության նվաճումները անտեսելով, առանձին հեղինակներ իրենց «քննադատությունը» անհիմն ձևով «հիմնավորելու» նպատակով Պատմահոր հասցեին հնչեցնում են անհարգալից արտահայտություններ: Ինչպես նշել է Ա.Մուշեղյանը, Մովսես Խորենացու ծայրահեղ քննադատության գագաթը պետք է համարել 1978 թ. պրոֆ. Ռոբերտ Վ. Թոմսոնի հրատարակած Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի անգլերեն թարգմանության ներածությունը, «որի մեջ Մովսեսը ներկայացված է իբրև VIII դ. երկրորդ կեսին ապրած մի վանական, որն իր հերյուրած Պատմության հանդեպ ընթերցողներին հավատ և վստահություն ներշնչելու համար ծպտվել է V դարից հայտնի Մովսես փիլիսոփայի ու թարգմանչի դիմակով և ներկայանում է Սահակի ու Մեսրոպի աշակերտ…» (էջ 13):
Ալբերտ Մուշեղյանը չի բավարարվում գերքննադատության ներկայացուցիչների հերյուրանքները վեր հանելով և քննադատելով, այլ առարկայորեն քննարկում է Պատմահոր՝ բանահյուսական և պատմագիտական խորը իմացության մասին վկայող բոլոր այն հաղորդումները, որոնք նրա երկում կազմում են մինչ իր ժամանակները հասնող Հայոց ամբողջական պատմության հիմքը: Մովսես Խորենացու կենսագրական բնույթի տեղեկությունները հետազոտողը դիտում է նրա ապրած՝ V դարի իրողությունների լույսի ներքո, դրանով մերկացնելով գերքննադատների՝ Պատմահորը իր դարաշրջանից հետագա դարեր տեղափոխելու և այդ կարգով նրա երկը արժեզրկելու ապարդյուն ճիգերը:
Ալբերտ Մուշեղյանը փայլուն տիրապետում է հին և միջին դարերի պատմական փաստերի շարունակականության մեջ դիտարկելու և խնդրահարույց կնճիռներին լուծումներ տալու մեթոդաբանությանը: Այս կարգով նա դիտարկել է մի կողմից՝ Հայկազն նահապետ Արամի գործունեությանը նվիրված Մովսես Խորենացու և Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությունները, իսկ մյուս կողմից՝ Հայկազն Արամին վերագրված Հուստինիանոսյան Հայքերի հարցը:
Ինչպես նշել է Ա.Մուշեղյանը, 1883 թ. Ալֆրեդ Գուտշմիդը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ «մատնացույց էր անում այն պատմական «կեղծիքը», որ պարսիկներն առաջին անգամ Բյութանիա են հասել ոչ թե 363 թ.Շապուհ II թագավորի ժամանակ, այլ 608 թ. և, հետևաբար, այս փաստին տեղյակ հեղինակը չէր կարող ապրած լիներ V դարում…» (էջ 177): Ալբերտ Մուշեղյանը մանրակրկիտ հետազոտությամբ հերքեց այս զրպարտությունը: Նա ցույց տվեց, որ Ամմիանոս Մարկելինոսը լատիներենով գրված «Հռոմեական պատմություն»-ում հայտնում է, որ ոչ թե Հուլիանոսը, այլ Կոստանդիանոսն էր, որ գրգռեց պարթևների (իմա՝ պարսիկների) զայրույթը և նրա պատճառով հռոմեական զորքերը պարտվեցին, իսկ պարսիկները «գրավեցին բոլոր (պրովինցիաները) մինչև Բյութանիա և Պրոպոնտիայի ափերը»: Խնդրո առարկա հարցի հետազոտությունը կատարելով, Ալբերտ Մուշեղյանը իրավացիորեն եզրակացրել է. «Պարսիկների առաջին արշավանքը մինչև Բյութանիա և Բոսփորի ծովափը տեղի է ունեցել ոչ թե 608 թվականին, ինչպես պնդում են եվրոպացի պատմաբանները Ա.Գուտշմիդից մինչև Ռ. Թոմսոն, այլ՝ 330-ական թվականների վերջին: Այս փաստը նորություն է ոչ միայն պատմագիտության մեջ առհասարակ, այլև Իրանի պատմության համար մասնավորապես» (էջ 188, տես նաև՝ էջ 200-211):
Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ում Վասպուրական նահանգի հիշատակմանը նվիրված խնդրի համակողմանի քննության հետ մեկտեղ, Ալբերտ Մուշեղյանը ուշադրություն է դարձրել Մեծ Հայքի մարդպետություն գործակալության հարցի վրա, մասնավորապես լուծելով «մարդպետ» տերմինի խնդիրը:
Ըստ Ա.Մուշեղյանի, «մարդպետ աղավաղված է մարզպետ բառից, ուղիղ ձևը վկայված է Եղիշեի մոտ… Հետագա որոշ մատենագիրների մոտ ևս պահպանվել է գրության նախնական ճիշտ ձևը… Մարզպետունիք… մարզպետական, մարզպանական…»: (էջ 233-234): Միևնույն ժամանակ, անդրադառնալով վասպուր և վասպուրական տերմինների քննությանը պատմագրության մեջ, հետազոտողը նշել է.«Վասպուրական նախարարներ հասկացությամբ, փաստորեն, առաջին անգամ իմ կողմից գիտական շրջանառության մեջ է դրվում պատմագրությանը մինչև վերջերս անծանոթ պատմական նոր կատեգորիա՝ թագավորող տան արքայազուններից առաջ եկած, ապա նաև արքայական ծագում ունեցող նախարարների դասը» (էջ 299):
Ալբերտ Մուշեղյանը չի հանդուրժում կեղծարարության որևէ դրսևորում թե՛ Մովսես Խորենացու ապրած ժամանակի և թե՛ ընդհանրապես Հայոց պատմության մյուս բոլոր ժամանակաշրջանների նկատմամբ: Այսպես, գերմաներենի իր փայլուն իմացությամբ նա ջախջախիչ քննադատության ենթարկեց Հայոց ցեղասպանության մասին վկայող Արմին Թ. Վեգների լուսավոր հիշատակը անարգող պրոֆ. Մարտին Թամկեի բանսարկությունները: Ա.Մուշեղյանը գերմանացի սպաների և դիվանագետների 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանության մասին վկայությունների հրապարակմամբ մերկացրեց թուրքերի կեղծարարությունները: Տարիներ շարունակ՝ Արցախյան շարժումից սկսած մինչև այսօր, Ալբերտ Մուշեղյանը իր հրապարակախոսական գործունեությամբ տեղեկատվական պատերազմում պայքար է մղում ընդդեմ թուրք-ադրբեջանական կեղծարարների: Մեծ հայագետի և հայրենասերի ազգային անվտանգության գաղափարական կարևորագույն գործին նվիրվածությունը բարձր է գնահատվել «Արցախյան ազատագրական պատերազմը 1988-1994 թթ.» հանրագիտարանում:
Ալբերտ Մուշեղյանը ծանրակշիռ ներդրում ունենալով հայ բանասիրության և պատմագիտության բնագավառներում, շարունակում է նույն եռանդով իր ազգանվեր գործունեությունը ի փառս Հայրենիքի և Հայ Ազգի:
Էդուարդ Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր
ԱԼԲԵՐՏ
ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԼՈՒՅՍԸ
Ընդամենը վեց տարում ի՜նչ զարմանալի հանգամանալիությամբ պետք է տեսած լինես աշխարհը, որ ճակատագրի չար խաղը հետագայում նույն ճակատագրի հանդեպ հաղթանակի վերածես: Ու մտքի, գիտակցության, հայրենասիրության ի՜նչ պաշար պիտի ամբարես ընդամենը վեց տարում, որ հետագայում զրկանքը սխրանքի վերածես: Ու անանձնականության ի՜նչ ծավալումներ պիտի ծուփ տված լինեն հոգուդ մեջ, որ հետագայում կյանքի՝ քեզնից խլած լույսը հենց կյանքին վերադարձնելը նպատակ դարձնես…
Ալբերտ Մուշեղյանի կյանքը, հիրավի, հաղթանակների ու սխրանքների հերթագայություն է, և արդեն 79 տարի շարունակվող այդ հաղթարշավը հանուն լույսի, այսօր՝ նրա 85-ամյակի առիթով, պետք է փաստել, այլևս դասական օրինակ է ճակատագրի չնչին տարուբերումներից արագ հուսահատվող մարդկանց համար: Իսկ գիտության, մասնավորապես՝ հայագիտության՝ Մուշեղյանի պատկառելի նվաճումները, որ հաճախ շշմեցնող են մանրամասների ու ճշգրտումների վերհանման առումով, ուղղակի դաս են բոլոր նրանց համար, ովքեր 120 էջանոց «թխած» դիսերտացիաներով կոչում են պոկում ու հետո կոկորդ պատռում՝ իրենց գիտական նվաճումների մասին:
Ալբերտ Մուշեղյանը այնպիսի մի ներկայություն է մեր գիտական կյանքում, որ պետք է դրդի առնվազն մեկ րոպե մտածել մեծ-մեծ խոսելուց առաջ, որ պետք է դրդի գիտության մեջ ներդրած ջանքերդ տառապանք չհամարել, որ պետք է մղի ոչ թե անցնել տեքստերի տողերի վրայով, այլ անպայման խորանալու, ըմբռնելու, հայտնաբերումի կիրք դրսևորել, որովհետև ինքը՝ Ալբերտ Մուշեղյանը, այդ զարմանալի ու շքեղ գոյությունը մեր աղքատ ու գետնամած ժամանակներում, գերմաներեն գիտի, հունարենի, լատիներենի է տիրապետում, գրաբարի փայլուն գիտակ է, աշխարհի ամենահայտնի հայագետների հետ սեղան է նստում ու նրանց որոշ բարբաջանքներ հիմնավոր հերքում, հազար տարվա թվում է անհերքելի ճշմարտություններ է կասկածի տակ դնում, պեղում է, գտնում է, լուսավորում է՝ տառապելով՝ երբեք չխոսելով տառապելու մասին, հայտնաբերելով՝ միշտ գնահատելով դա իբրև սովորականություն…
Ու Ալբերտ Մուշեղյանի՝ չտեսնող այդ տեսանողի մեզ նվիրած լույսը առանձնահատուկ պիտի փայփայենք, ու շատերս, որ տեսնող չտեսանողներ ենք, նրա հետ նույն ժամանակում ապրելու, նրա աշխատություններն առաջինը կարդալու մեզ տրված բացառիկ այդ պատեհությունը՝ պիտի կարողանանք գնահատել, որովհետև գիտնականի, բանասերի նրա տեսակը այնքան հազվագյուտ է դարձել, որ, վախենամ, ապագայում այդ տեսակի հետ հարաբերվելու առիթ այլևս չունենանք…
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
One thought on “ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ”