ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԵՌՈՒՍՏԱՊՈԵՄՆԵՐ…» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ / Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆ

Ես հաճույքով եմ գրում Արտեմ Հարությունյանի մասին: Նա հայ կարևորագույն բանաստեղծներից է, և մի շարք քննադատներ նրան համարում են Պարույր Սևակից հետո ամենաուժեղ և ինքնատիպ բանաստեղծը: Նրա բանաստեղծությունները գեղեցիկ են, վայրի և հզոր: Նա համաշխարհային բանաստեղծ է, որի գործերը միավորում են հայկական պոետական ավանդույթն ու ամերիկյան պոեզիայի ազատ շունչը: Այդ բանաստեղծությունները մեր վտանգված կյանքի և մշակույթի մասին են. տեսիլքներ, որ հետապնդում են մեր երևակայությունը: Դրանք գլոբալ են, և մենք պարտավոր ենք դրանք կարդալ:
Հարությունյանի բանաստեղծական ժողովածուների մեծ մասը տպագրվել է հայերեն, բայց նրա «Նամակ Նոյին» ժողովածուն հրատարակվել է անգլերեն, 1994 թ., ես բախտ եմ ունեցել թարգմանելու այդ ժողովածուից որոշ գործեր (այդ ժողովածուի սկզբնական տարբերակը՝ «Հրդեհը հինավուրց հողի», նույնպես տպագրվել է ԱՄՆ-ում, Նյու Յորքում, 1993 թ.): Ժողովածուն ինձ ապշեցրեց տեսիլային ու լեզվական գյուտերով ու հայտնությամբ: Նրա բանաստեղծությունները մարմնավորում են Հայաստանի բարդ վիճակները թե՛ անցած դարում, թե՛ վերջին տասնամյակում:
Հարությունյանը վկայում է Հայոց ցեղասպանության ազդեցությունն իր մշակույթի վրա, նաև գրաֆիկ հուժկու տեսիլքով պատկերում ու վերստեղծում Հայաստանի վերջին տասնամյակների ծանր կացությունը: Այս առումով նա հայ մշակույթի Ուիթմենն է, և նրա երկար տողն ու հզոր, ամեն տեսակի կապանքներից ու պայմանականություններից ազատագրված էքսպանսիվ ձայնը կամրջում են ուիթմենյան բանաստեղծական ավանդույթները հայկականին: Նա մեր դարի բացառիկ և եզակի բանաստեղծներից է, նման օժտվածության տեր շատ քիչ բանաստեղծների եմ հանդիպել կյանքիս ընթացքում:
Արտեմ Հարությունյանի բանաստեղծություններին ծանոթանալուց հետո (անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն, որ հրատարակվեց ԱՄՆ-ում 1994 թ., Նյու Յորք), և հատկապես վերջերս լույս տեսած «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքի հայտնությամբ (Երևան, 2010 թ., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 654 էջ), ես վստահորեն կարող եմ ասել. Արտեմ Հարությունյանը բացառիկ ձայն է հայ գրականության մեջ (և ոչ միայն հայ) և իր տաղանդը՝ կլանելու և պատկերելու իրար բախվող, իրարամերժ ռեալություններ, աննախադեպ և բացառիկ երևույթ է բոլոր առումներով: Նա կարող է վերցնել Հայաստանի անցյալը, Ղարաբաղի ներկան և գերիրական (սյուրռեալ) տեսիլքների ուժի շնորհիվ միաձուլել այն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքային շնչի հետ:
Սկսած անցյալ դարի 80-90-ական թվականներից՝ բանաստեղծ Արտեմ Հարությունյանն իր ժողովածուներով ընդլայնում է հայ պոեզիայի շունչը: Բանաստեղծը ցույց տվեց, որ չկա հայ կյանքում մի երևույթ՝ լինի այն անձնական, սոցիալական, քաղաքական բնույթի, որն անհնար լիներ մարմնավորել պոետական խոսքի շնորհիվ: Նրա հզոր միաձուլումները՝ Չարենցի, Սևակի, Ուիթմենի, Վ.Կ.Ուիլյամսի և մյուս մեծերի պոեզիային, որին նա ավելացրեց իր սեփական պոեզիայի ուժեղ, շարժուն, գրոտեսկային հումորն ու տեսիլքները, նրան ապահովեցին արժանավայել տեղ ժամանակակից պոեզիայում:
Արտեմ Հարությունյանի նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուն ասես կլանում է իր տեսիլքներով ժամանակակից կյանքի աղետներն ու չարիքը և դրանք տարրալուծում ու վերադարձնում մեզ՝ արագացնող ռիթմի ու պատկերի շնորհիվ: Ցավ ու տագնապ ծնող նրա պոեմը («Այց Շուշի») պատկերում է հոր ծննդավայրը՝ Շուշին, և ինքնածին պատկերների շնորհիվ վերստեղծում ժամանակակից ավերմունքի համայնապատկերը: Զգայուն մանկությունը փշրված է Ցեղասպանության և Արցախյան պատերազմի սոսկալի իրողություններով, որոնցից, ավաղ, մենք հեռացել ենք ընդամենը մի քանի քայլ (Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը դրա ապացույցն են):
Արտեմ Հարությունյանն իրեն բնորոշ յուրօրինակությամբ գտնում է արձագանքող և վերսկսվող լեյտմոտիվը իր գրքի. ադրբեջանցի-թուրքերի հրկիզած (1920 թ.) Շուշի քաղաքի թեման է դա, և իր էպիկական «Այց Շուշի» պոեմին տալիս հզոր պատմական խորք, որի նմանը վերջին շրջանի թե՛ հայկական, թե՛ ամերիկյան պոեզիայում ինձ չի հանդիպել: Եվ այն, ինչը Հարությունյանին հաջողվում է ձեռք բերել այս պոեմում՝ պատմական, փիլիսոփայական, քաղաքական և հոգեբանական թեմաների հրաշալի միաձուլումն է:
Այո՛, գիրքը լարված և խոր պոեզիայի հայտնագործությունն է: Գրքի առաջին մասում պատկերվում է Հայոց եղեռնի սոսկալի իրողությունը, որը քայլ առ քայլ, Արցախյան եղեռնի պատկերմամբ (հատկապես՝ Շուշիի հրկիզումը) բանաստեղծը մոտեցնում է իր ընտանիքի (հայրը՝ Շուշիից, մայրը՝ Բիթլիսից) պատմությանը, իր մանկությանը Արցախի կենտրոնում՝ Ստեփանակերտում: Հարությունյանը տաղանդավոր պոետ է և գիտի ինչպես արթնացնել անցյալի ցավը և այն տեղադրել ներկայի տեղանքում:
Կրքոտ և միաժամանակ համարձակ անձնական ու քաղաքական թեմաներով հագեցած այս ժողովածուն բացառիկ ուժով պատկերում է XX դարի վայրագությունները: Սեփական ձայնի որոնումների ընթացքում բանաստեղծը գտնում է իր թեման, իր տարածք-ռեալությունը՝ Հայաստանի սոցիալական կյանքը և Հայոց ցեղասպանության չմարող ցավը: Երբ բանաստեղծական լեզուն ու տեսիլքը պոեզիայում միանում են, դառնում ամբողջություն, ծնվում է նոր վերաբերմունք կյանքի երևույթների հանդեպ:
Երբ նոր իրականություն է ծնվում և գործադրում ու ճնշում իր ուժերը բանաստեղծների վրա, ապա նրանց լեզվի դիմադրող ու դրան հակազդող ճնշում ու երևակայությունը ծնում են իրենց հերթին նոր պոետական արվեստ:
Հարությունյանն ավելի շուտ բաց կանի իր պոեզիայի դռները ամեն ինչի առաջ, քան դուրս կթողնի իր պոեմներից պատմության կամ ակտիվ ինտելեկտի որևէ մաս, և դա իր նոր ժողովածուի՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքի հատնաբերված պոետիկայի արդյունքն է ու նվաճումը:
Արտեմ Հարությունյանի երևակայությունը նման է բետոնախառնիչ հզոր մեքենայի, որ ներառում և կլանում է ցեղասպան անցյալի ու ներկայի ճնշումներն ու ծանր, դժվար կացությունները:
Վստահորեն կարելի է ասել, որ Արտեմ Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» բանաստեղծությունների նոր գիրքը նրա առայսօր գրված ժողովածուներից լավագույնն է և ամենալարվածն ու հավակնողը…
Արտեմ Հարությունյանի պոեզիան համամարդկային ընդգրկման (բայց իր Հայաստանի և Արցախի թեմաների հիման վրա) և լայն դիապազոնի երևույթ է: Հարությունյանը նման է նավապետի, որը Հայաստանի լեռների վրայով տանում է իր վիթխարի նավը, որի անունը պոեզիա է, և զարհուրելի իրողությունների միջով անցած իր ժողովրդին տալիս «Հեռուստապոեմների» բարձրարժեք տեսիլքներն ու պատմական դրվագները, պատկերում իր մեծ տաղանդի ուժով, թե ինչպես է անցնում զարհուրած, խոշտանգված ժամանակն ու արտաքին աշխարհը ստեղծագործ մտքի ու երևակայության միջով:
Արտեմ Հարությունյանն իր կոփածո տողերով մարմնավորում է Հայոց հողի մաքառումն ու անպարտելիությունը: Ի՞նչ ուժեր են ղեկավարում նրա բանաստեղծական տեսիլքները, ի՞նչ գաղտնարանի միջով է անցնում աշխարհը տեսնելու և պատկերելու նրա դաժան և կոշտ, բայց նաև այն բարիացնող ստեղծագործ ֆանտազիան, որ քայլ առ քայլ, տեսիլք առ տեսիլք վերածվում է Շուշիի՝ համայն հայության Բարձունքից լսվող ուղերձի. Հայաստանը՝ հոգու և մարմնի բիբլիական այդ սուրբ բարձրավանդակը, անխորտակելի նավ է և հանգրվան, և նրա նավարկությունը շարունակվելու է, չնայած կորուստների ու դաժան մաքառումների հեղեղին: Հարությունյանի պոեզիան չի ժխտում այս աշխարհը, նա ենթադրում է մի ավելի լավը, որին հասնելու համար դեռ պետք է ուղի անցնենք:
Արտեմ Հարությունյանն այս նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքով լուսավորում և իրական է դարձնում այդ ուղին:
Զարմանալի է, որ նախկին Սովետի գաղափարական տասնամյակներն անզոր եղան կործանել-հանգցնելու Արտեմ Հարությունյանի ազատամտությունը, բանաստեղծական տեսիլքի բացառիկ յուրօրինակությունն ու սոցիալական-քաղաքական իրողությունների զգացողությունը, նաև «վտանգավոր» ու առաջին հայացքից ոչ պոետական թվացող նյութի մեջ ներթափանցելու նրա կարողությունը: Եվ վստահորեն կարող եմ ասել. նրա ներաշխարհում տեղի է ունեցել ինտելեկտուալ ահռելի դիմադրություն՝ Հայոց ցեղասպանությանն ու սոցիալական անարդարություններին, նաև տեսիլային ուժերի ամրապնդում ու կուտակում՝ հանուն (սպասվող) լիբերալ ու դեմոկրատական տարիների: Դրա վկայությունն է գրքի լավագույն պոեմներից մեկը «L’ ecriture automatique» (ինքնածին գիր) (կամ ինչպես դիմացանք սոցռեալիզմի շերեփի զարկին, որ հետո վերածվեց Ժդանովի օտարամոլության մասին կոնդակի (այսինքն՝ կոնցլագերի…)», էջ 228: Այդպիսի հզոր պոեմ գրելու համար պարզապես պետք է լինել Արտեմ Հարությունյան:
Հայտնի է, որ բանաստեղծները կանխազգում են մոտեցող քաղաքական և գաղափարական «ձնհալը»: Եվ այդտեղ է, որ հնչում է Արտեմ Հարությունյանի աստեղային ժամը: Նախկինում բնաշխարհ պատկերող նրա պոեզիայից ծնվում է բոլորովին նոր իրականություն: Իմ կարծիքով, 2010 թ., Հարությունյանի «Հեռուստապոեմների…» հայտնությամբ դառնում է հայ պոեզիայի համար բացառիկ տարի՝ annus mirobilis (լատ.՝ զարմանքի արժանի տարր):
Եվ հիմա, տարիների ընթացքում ծանոթանալով նրա պոեզիային և թարգմանելով այն, հասկացա, որ գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի հայտնությունն է: Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային հիմքերի վրա բարձրացնում է բոլորովին նոր և աննախադեպ գեղարվեստական մի կառույց:
Նրա ֆանտաստիկ, իրական և միաժամանակ սյուրռեալ, պայթուցիկ տեսիլքներով հեղեղված պոեզիայի յուրաքանչյուր դրսևորում՝ լինի անձնական, ներաշխարհի ապրումի, քաղաքացիական-հասարակական, միևնույն է՝ միաձուլված է ներքին մի տեսիլային շաղախով, որի անունն է ներկայության պոեզիա:
Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային գրական հիմքերի վրա բարձրացնում է բոլորովին նոր և աննախադեպ մի կառույց:
Նա դուրս է բերում հայ պոեզիան ազգային նեղ սահմաններից դեպի համաշխարհային ընթերցողը:

Հ.Գ.- Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի ձայնը պետք է լսելի դարձնել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ես ամենաբարձր չափանիշներով եմ երաշխավորում բանաստեղծի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։