Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ հայ նորագույն գրականության
ամբիոնի ավագ լաբորանտ
Մանկությունը լցվում է աչքերիցդ ներս
և սեղմում է սիրտդ… սեղմում է սիրտդ…
Հովհաննես Գրիգորյան
Հովհաննես Գրիգորյանը 1960-ականներին ասպարեզ իջած բանաստեղծական սերնդի նշանակալից ներկայացուցիչներից է, ով իր ուրույն տեղը գրավեց հայ պոեզիայում: Իրեն բաժին հասած դժվարին մանկությունն ու պատանեկությունը, անկասկած, իրենց կնիքը թողեցին Հովհաննես Գրիգորյան բանաստեղծի վրա՝ նրա պոեզիան դարձնելով առավել ինքնատիպ ու յուրօրինակ, անբռնազբոս և սրտառուչ: Նրա ստեղծագործությունը կարելի է համարել թախծի և հումորի յուրօրինակ շաղախ, որտեղ գույները մեկ մգանում են, մեկ՝ բացվում:
Տեսաբանները կարծում են, որ գրողի վարպետությունը նաև ստեղծագործության վերնագրի ընտրության մեջ է, և շատ հաճախ ստեղծագործության ճակատագիրը կախված է վերնագրի ընտրությունից1: Հովհ. Գրիգորյանը իր բանաստեղծությունների համար ընտրել է դիպուկ վերնագրեր, ինչը ևս խոսում է արվեստագետի ճաշակի և զգացողության մասին: Սրա շնորհիվ նրա բանաստեղծությունների վերնագրերն առանձնանում են հայ գրականության համապատկերում: Դրանք արտահայտված են բառով, բառակապակցությամբ, երբեմն՝ նախադասություններով, որոնք հիշեցնում են միջնադարյան բանաստեղծությունների վերնագրեր («Այս գիշեր և վաղը ցերեկը», «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ՝ անհրաժեշտ հետևություններով»): Այս դեպքում վերնագիրը դառնում է բանաստեղծության բովանդակության համառոտ արտահայտություն, անոտացիա: Գրիգորյանի երկերի վերնագրերի պոետիկայի մասին խոսելիս կարող ենք առանձնացնել հետևյալ տեսակները. վերնագրեր, որոնք արտահայտում են քնարական հերոսի կյանքի ճակատագրական պահերը, հոգեվիճակը («Երբեք չմեռնես», «Կցկտուր խոսքեր», «Վերջին խոսք»), մետաֆորիկ («Սովորական մի ծառ», «Նոր վերադարձ», «Նոր տողից»), սոցիալական դիրք մատնանշող («Երեք զուռնաչի»), հարցադրումով արտահայտված վերնագրեր («Եվ ի՞նչ է ողբերգությունն առանց անձրևի», «Quidnam futurum est?», «Ովքե՞ր են այս մարդիկ»):
Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունները՝ իրենց յուրատեսակ վերնագրային ընտրությամբ, մեր առջև բացում են մարդ-գրողի ներաշխարհը, բացահայտում այդ ներաշխարհի ամենանվիրական ու թաքուն անկյունները: Այս առումով գրականագետ Պ. Դեմիրճյանը գրում է. «Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություններում, ի տարբերություն նրա սերնդակիցներից շատերի, ավելի հստակ նկատելի է իր կենսագրությունը, կյանքի ճանապարհը, հոգեբանության զարգացման կորագիծը, որն, անկասկած, նպաստում է նրա կերպարի առավել ամբողջական ընկալմանը»2: Գեղարվեստաարտահայտչական ավանդական տարբեր ձևերի կիրառությունից բացի (համեմատություն, հակադրություն, նվազաբերություն, փոխաբերություն և այլն) նրա ստեղծագործության մեջ որպես գեղարվեստական հնարանք պետք է առանձնացնել հատկապես ժամանակի սյուրռեալիստական ընկալումը: Կան բանաստեղծություններ, որոնք գրված են վերհուշի ձևով, բայց ներկա, անցյալ, ապառնի ժամանակները միախառնված են: Եվ դա արված է այնքան վարպետորեն, որ ստեղծում է և՛ կոնկրետ ժամանակի, և՛ տևական ժամանակի պատկեր:
Իր հարցազրույցներից մեկում Հովհ. Գրիգորյանը խոսում է մի երկրորդ աշխարհի մասին, որը «անցյալի պրոդուկցիան է»3: Բանաստեղծի անցյալը կենդանանում, որոշակի է դառնում նրա հիշողությունների միջոցով՝ մեզ համար բացելով այդ տարիների ու նրա սերնդակիցների հուզաշխարհի պատկերը: Վ. Դավթյանի պոեզիայի մասին խոսելիս Էդ. Մեժելայտիսը հետևյալ մտքերն է արտահայտում. «Եվ չկա բանաստեղծ, որ ժամանակ առ ժամանակ չվերադառնա դեպի իր մանկության ոսկե մայրցամաքը: Եվ դա փախուստ չէ իրականությունից: Ոչ մի դեպքում փախուստ չէ: Դա մեր մեջ խորապես նստած ինչ-որ խորհրդավոր բնազդ է, որ կանչում է մեզ դեպի այն ակունքները, որոնցից, եթե մանկան աչքերով նայելու լինենք, ծագում է իսկական գեղեցկությունը ու հոգևոր մաքրությունը»4: Մեր կարծիքով, նույնը կարող ենք ասել Գրիգորյանի պոեզիայի մասին: Ու թեև «Վազք՝ պատվիրանների հաղթահարումով» բանաստեղծության մեջ Գրիգորյանը գրում է, թե «Հաճելի քիչ բան կա հիշողությունների մեջ», այնուամենայնիվ այդ հիշողությունները իրական կյանքում, ինչպես բանաստեղծն է բնորոշում, «թույնի և մաղձի այս օվկիանոսում» ապրելու համար մի կղզի են դառնում: Իսկ երբ հետադարձ հայացք է նետում այդ կղզուն, իրերն ու երևույթները այլ են թվում:
Հեռավոր կարոտի և սիրո աշխարհ է բանաստեղծի մանկությունը, որի պատկերը առավել տեսանելի է դառնում «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքի մի քանի բանաստեղծություններում: Դրանց զգալի մասը հեղինակը կառուցում է վերհուշի սկզբունքով` փոքր հատվածների մեջ մի ամբողջ կյանք պատկերելով:
Հովհ. Գրիգորյանի կենսագրությունից մեզ հայտնի է, որ նա ծնվել է 1945 թ.` սովի և աղքատության տարիներին: Նրա մայրը որդու հետ լույս աշխարհ է բերել նաև մի աղջիկ, ով մահացել է ծննդաբերությունից հետո: Կենսագրական այս փաստը հեղինակի գրչի տակ դարձել է բանաստեղծություն՝ ցույց տալով միաժամանակ զավակ ունեցած և զավակ կորցրած մոլորված ընտանիքի հոգեվիճակը, քրոջ և եղբոր միջև եղած անխզելի կապը, քրոջը կորցրած եղբոր ափսոսանքը.
Ծնվել եմ առավոտ շուտ,//լենինականյան մի աղքատիկ առավոտ:// Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,//Երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել//և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,// որը մեկ ժպտում էր և մեկ էլ լալիս էր սրտակեղեք5:
Բանաստեղծի կյանքի առաջին առավոտը, առաջին արևը, նոր կյանքի խորհուրդ ունենալով, իրենց հետ միաժամանակ բերել են և՛ ծնունդ, և՛ մահ: Գուցե սա է նաև պատճառը, որ «Այս գիշեր և վաղը ցերեկը…» բանաստեղծությամբ հեղինակը հաստատում է ուրախության և դժբախտության միախառնված լինելը՝ գրելով, որ երջանկությունից միշտ էլ դժբախտության հոտ է գալիս: Այսինքն՝ բանաստեղծի կյանքի սկիզբն արդեն իսկ ցավոտ է եղել. ցավը ծնվել է նրա հետ և ուղեկցել նրան ամբողջ կյանքի ընթացքում: Հետագայում՝ ողջ գիտակցական կյանքում, բանաստեղծը միշտ հիշել է քրոջը և իր կյանքի լավագույն շրջանը համարել մոր արգանդում նրա հետ միասին ապրած ինը ամիսները: Ընտանիքի մյուս անդամների կողմից վաղուց մոռացված քույրը հաճախ է ստիպել նրան արթնանալ սրտի ցավից՝ թաց աչքերով:
Կյանքի անցողիկության փիլիսոփայությունն իր յուրատիպ մեկնաբանությունն է գտել գրիգորյանական պոեզիայում: «Մարդու կյանքի շարժումը նա (Հովհ. Գրիգորյանը – Մ. Ղ.) ենթարկում է որոշակի պարբերացման՝ առավոտ, ցերեկ, իրիկուն և գիշեր (կամ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ), որը, բացի կոնկրետ օրվա կամ տարվա եղանակների մասնավոր պարբերացումից, ունի առավել լայն՝ մանկություն, հասունություն, ծերություն, փիլիսոփայական որոշակի բեռ կրող շերտը»6: Գեղարվեստական մի հնարանքով՝ կյանքի առավոտներից մեկի նկարագրությամբ, հեղինակը բացում է քնարական հերոսի, ինչպես նաև մարդ-էակի աննկատ անցնող և կարծես մի ակնթարթում ծերացնող տարիները, ողջ կյանքի պատկերը՝ ի ցույց դնելով այն օրորոցում պառկած «դեռ ոչ մի տարեկան» մանկան, հետո շրխկոցով փակվող ու բացվող դռների, քույրերի՝ դպրոց գնալու պատկերներով.
Եվ դեռ աչքերդ փակ սթափվում ես քիչ-քիչ,//քո լացի ձայնը, որն ականջիդ մեջ է…//քո լացի ձայնը… աղջիկդ է լալիս…օրորոցի մեջ//կնոջդ քայլերը… ինչ-որ դռներ են փակվում ու բացվում//խոհանոցից ներս… Եվ սթափվում ես վերջնականապես,//հետո ծերանում մի ակնթարթում… (էջ 124):
Հակիրճ ու դիպուկ նկարագրություններով, ինչը բանաստեղծի ոճի բնորոշ հատկանիշներից է, հեղինակը կարողանում է վերակենդանացնել իրենց աղքատ, բայց ուրախ Նոր տարիները՝ լիմոնադի և օղու փոխարեն ջրով լցված շշերով, թղթե շոկոլադներով, թղթե խնձորներով ու թղթե մանդարիններով: Նա ընթերցողին տեղափոխում է իր մանկության խաղերի և առաջին սիրո աշխարհը՝ դպրոցի պատերից ներս՝ դեպի ցուրտ դասարան, դասի առաջին ժամերը՝ «Թվաբ, Աշխարհ, Բուսաբ»: Բացվում է հեղինակի մանկության երկինքը՝ լի օդում թևածող ծիծեռնակներով, զանգերով, թվերով ու գնահատականներով սկսվող առավոտներով, պարերով ավարտվող ժողովներով, հեռավոր էքսկուրսիաներով: Ուրախ և անուրախ հուշերում ծնվում է «ֆակուլտատիվ առարկա» համարվող «սերը, որի ետևից ընկած, ինչպես ճանճի ետևից,/ ուսուցչական կոլեկտիվը քշում էր օրնիբուն,/ պայքարում քիմիական պրեպարատներով,/ թակարդներով զանազան…» («Թղթե Նոր տարի», «Դասամիջոց»):
Հայ գրականության մեջ շատ են տղամարդ բանաստեղծների՝ մորը նվիրած սիրառատ բանաստեղծությունները: Հոր մասին բանաստեղծությունները մեզանում այնքան էլ շատ չեն: Հավանաբար տղամարդու համար հորը բանաստեղծականացնելը ավելի դժվար է, և պատճառներից գլխավորը որդու՝ տարիներ հետո հորը նմանվելու կամ նրա կերպարի մեջ իր իդեալները մարմնավորելու ձգտումն է: Ինչ վերաբերում է Գրիգորյանի պոեզիային, հոր կերպարը նրա պոեզիայի կարևոր մոտիվներից է: Նրա ստեղծագործության կենտրոնում կանգնած է հայրը, իսկ մայրը դառնում է օժանդակ կերպար:
Հոր կերպարը անբաժան է ծննդավայրի և մանկության հուշերից և ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում: «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուի մի շարք բանաստեղծություններ հոր նկատմամբ անկեղծ և պաշտամունքի հասնող սիրո դրսևորումներ են, որոնցում բավականին կենդանի երևում է բանաստեղծի հայրը: Եվ ի տարբերություն Հովհ. Շիրազի, որի «Հուշարձան հայրիկիս» շարքը հայ գրականության մեջ հայրերգության լավագույն օրինակն է, Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություններում առավել է ընդգծվում հոր և որդու կապը: «Ընդհանրապես, հայր-որդի-թոռ ժառանգորդական կապը կարևոր նշանակություն է ձեռք բերում Հովհ. Գրիգորյանի պոեզիայում»7,- գրում է գրականագետ Պետրոս Դեմիրճյանը: Ահա այս ընդգծված կապն է մեզ թույլ տալիս ասելու, որ ի տարբերություն Շիրազի գործերի, որոնցում գծագրվում է առավելապես հողագործ հոր բարոյական նկարագիրը, Գրիգորյանի բանաստեղծություններում երևում է ոչ միայն հայրը, այլև հենց ինքը՝ բանաստեղծը:
Բանաստեղծի հայրը պատերազմի հերոս էր, նրա մեդալները՝ որդու հպարտության առարկան: Ահա հայրը՝ «Պատերազմի մասին ոչ մի կերպ հնարավոր չէ խոսել» համոզմունքով, ով փորձում էր հիշողությունները վառված սիգարետի հետ միասին ճմլել մոխրամանում և լռել: Բայց պատերազմի մասին պատմում են նրա սպիները, խոնավ հայացքը, դողդողացող մատները, անճարակ շարժումները: Հոգեբանական հետաքրքիր անցումներով հեղինակը ցույց է տալիս կնոջ ու երեխաների վերապրած վախը, ցավն ու ուրախությունը. կարծես հենց նոր էր ավարտվել պատերազմը, և հայրն էլ հենց նոր էր տուն մտել: Հեղինակը խոսքը կառուցում է այնպես, որ բանաստեղծությունը սկսվում է դրամատիկ շեշտով, բայց աստիճանաբար տողերի արանքից կարծես լսելի են լինում հաղթանակի բացականչություններ: Կարող ենք ասել, որ «Շարադրություն» բանաստեղծությունը դաժան պատերազմի սկզբի և հաղթանակած ավարտի բանաստեղծական մարմնավորումն է: Եվ եթե նրանում բացակայում են պատերազմական դեպքերի անմիջական նկարագրությունները, ապա «Ես նորից խոսում եմ պատերազմի մասին» բանաստեղծության մեջ պարզորոշ երևում են նրա թողած սարսափելի հետևանքները՝ միոտանի հենակավոր տղամարդիկ, թերսնված ու թուլակազմ, գունատ ու սմքած կանայք, հենակների ու պրոթեզների արանքում` կարկատած հագուստով երեխաներ: Հայրը նորից տնքում է տողերի արանքում՝ հիշողության մեջ ասֆալտին խփվող հենակների չոր թխկթխկոցը, մեդալների զնգզնգոցի տակ տնքացող գետինը: Պատկերն ամբողջացնում են կյանքն ու մահը խորհրդանշող գույները՝ կանաչն ու կարմիրը, որոնք օգնում են ընթերցողին՝ տեսնելու հենակներին հենված տղամարդկանց արցունքները՝ կանաչ-կարմիր, զգալու հաղթանակի հրավառությունը՝ կանաչ-կարմիր:
Մանկության տարիներն անցել էին աննկատ, միևնույն կարգով՝ կարծես ոչինչ չփոխելով կյանքում.
…Եվ մինչ ըսիկ-ընիկ ասելով՝ մեծանում էի//Լենինականի փողոցներում-անվերջ նույնն էին մնում//Սենյակային ծաղիկները, անվերջ նույնն էին մնում (էջ 131):
Հոր ներկայությունը նույնպես տևական մի բան էր թվացել: Հայրն անընդհատ քայլել է, որդին էլ անընդհատ չի հասել ետևից, թնկթնկացել, իսկ ծանրացած լսողության պատճառով հայրը չի լսել նրան: Բայց ահա կյանքի սովորական ընթացքի մեջ ներխուժած ողբերգականը բանաստեղծի հոգում առաջացնում է անդառնալիության, անզորության, կարոտի ու տառապանքի զգացումներ: Կորցնելով հորը՝ բանաստեղծը հոգեկան ծանրագույն դրամա է ապրում: Նրա համար խախտվում է հորով պայմանավորված աշխարհի հավասարակշռությունը: Հոր համար ծանր էր մեռնելը, երբ աշխարհը ողողված էր ցերեկվա պայծառ լույսերի մեջ, երբ կյանքը եռում էր իր բնականոն ընթացքով. ինչ-որ մի կին դիմացի պատշգամբից կախում է իր մաքրամաքուր լվացքը, ինչ-որ տեղ զնգում է սխալված հեռախոսը, և զրուցում են երկու հոգի, վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը, լսվում է երեխաների ճիչ ու ծիծաղը: Այս ամենը ավելի է ընդգծում երկնքի կապույտը, կարելի է ասել, ապրելու տենչը և միևնույն ժամանակ կորստի դառնությունը: Բայց որդին պիտի ապրեր, ինչը նրա համար ավելի ծանր էր, քան մեռնելը հոր համար: Պիտի ապրեր, որովհետև հայրը մահվան մահճում պատվիրել էր երբեք չմեռնել(«Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս», «Երբեք չմեռնես» ):
Բանաստեղծի հորը մենք տեսնում ենք երկու վիճակում՝ հայրը կենդանի և հոր կենդանի ներկայությունը մահից հետո: Ու երբ հայրն այլևս դադարում է ապրել այս աշխարհում, որդին փորձում է հոր ֆիզիկական բացակայությունը լցնել նրա հոգևոր ներկայությամբ: Տարիներ հետո, երբ հայրն այլևս չկար, բանաստեղծը մեծ պահանջ էր զգում այցելելու հորը, «խոսքը նրան հասցնելու», միգուցե շարունակելու այն տարիների կիսատ զրույցը: Բայց հայրն առաջվա պես չէր լսում, որդու համար էլ խոսելը դարձել էր անտանելի ու անհնարին: «Գյումրի, քաղաքային գերեզմանոց, հայրիկիս» բանաստեղծությունը տառապած որդու և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված մարդու հոգեվիճակի նկարագրությունն է: Այստեղ անձնական ցավը և ազգային ողբերգությունը արտահայտված են միաձույլ: Բանաստեղծին տանջում է ոչ միայն հոր բացակայությունը, այլև պատերազմական տագնապալի մթնոլորտը, իր ժողովրդի սոցիալական դրությունը. օրվա մի կեսը հացի հերթում և միտինգներում անցկացրած հայրենակիցներ, թաղման տխուր թափորներ, և որ ամենասարսափելին է, հարազատ ժողովրդի հոգևոր անկում: Այս իրողությունները բանաստեղծի հոգում լռեցնում են անձնական ցավը, բացահայտում մեծ մարդասերի և հայրենասերի նկարագիրը:
Հայ և համաշխարհային գրականության մեջ շատ գրողների է հուզել մահվան առեղծվածը: Մոտալուտ մահվան կանխազգացումները իրենց բանաստեղծություններում պատկերել են շատ բանաստեղծներ (Պ. Դուրյան, Մ. Մեծարենց, Վ. Տերյան, Եղ. Չարենց, Պ. Սևակ և այլք): Այս թեմային անդրադարձել է նաև Հովհ. Գրիգորյանը: «Մահը մի ամբողջ մոտիվ է գծում Գրիգորյանի պոեզիայում, մահը հոր կերպարով և նրա մահից հետո»8,- գրում է գրականագետ Ս. Սարինյանը: Մահը մեզ ներկայանում է նաև բանաստեղծի կերպարով, և Գրիգորյանի մահերգությունը այլ է: Հիշյալ բանաստեղծների երկերում նկատվում են բողոքի ալիք, սիրելու, ապրելու, չմոռացվելու մեծ ցանկություն: Իսկ Գրիգորյան բանաստեղծը, ով ըմբոստանում է հոր մահվան դեմ, զարմանալիորեն իր մահվան մասին խոսում է արդեն իսկ դրան հոգեբանորեն պատրաստ, ներքին հանդարտությամբ, առանց տագնապի՝ հասկանալով կյանքի անցողիկությունը, մահվան անխուսափելիությունը, կյանքի շարունակականությունը, որդու ապրելով հոր հարատևությունը: Ասվածի վկայությունը կարող է դառնալ բանաստեղծական հետևյալ պատկերը. հոր՝ գերեզման իջնելու հետ որդին դանդաղ-դանդաղ խրվում է հողի մեջ, դառնում արմատներով հողին ամուր կառչած մի ծառ՝ խորհրդանշելով հայր-որդի-թոռ ժառանգորդական ամուր կապը («Երբեք չմեռնես», «Սովորական մի ծառ»): Ինչպես շատերը, Գրիգորյանն էլ հանգում է այն մտքին, որ մարդու մահով սկսվում է մեկ այլ կյանք. ուրեմն աշխարհն անվերջ կրկնություն է: Բայց դժվար է հասկանալ՝ հոր մահվան փա՞ստն է նրան մղել գրելու անցողիկ կյանքի և մահվան փոխհարաբերության մասին, թե՞ դա ուղղակի միջոց է հավիտենական այդ փիլիսոփայությանն անդրադառնալու: Ինչևէ, Գրիգորյանի երկերը կյանքի և մահվան մասին հետաքրքիր խորհրդածություններ են, որոնց զուգահեռները հանդիպում են նաև «Գերեզմանիա» վիպակում: Պարզվում է, որ մահվան ու կյանքի մասին ունեցած հեղինակի դատողությունները պայմանավորված են նաև գյումրեցիների աշխարհընկալմամբ: Գրիգորյանը գրում է. «…Նրա (Գյումրու – Մ.Ղ.) բնակիչները քիչ է ասել, թե խոր հարգանք, մեծ պատկառանք ու երկյուղածություն ունեն մահվան աշխարհի նկատմամբ, ուր ամեն ինչ հաստատուն ու կայուն է, իսկ այս ցեխագունդը, ուր մենք իբր ապրում ենք իսկական կյանքով, փոշոտ ու խարխուլ կիսակայարան է»9: Այս հատվածներում մեր առջև գծագրվում է մեծ հավատացյալի նկարագիրը, ով համոզված է, որ մարդու իսկական ազատությունը սկսվում է հանդերձյալ կյանքում, որտեղ նա իսկական տանտեր է, իսկ պատերազմներով, անարդարություններով, թույնով ու ատելությամբ լցված մարդկանց աշխարհում՝ ժամանակավոր հյուր: Եվ մարդն իրեն սահմանված ժամանակը պիտի ապրի առանց հոգու վրա մեղք կուտակելու, չխախտելով Աստծու ստեղծած ներդաշնակությունը…1:
Յուրաքանչյուր արվեստագետի ձևավորման վրա վճռական ազդեցություն ունեն ծննդավայրը և հայրենի բնությունը: «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքում Հովհ. Գրիգորյանը բանաստեղծականացրել է Գյումրին: Ծննդավայրի մասին գրած նրա բանաստեղծությունները կարող ենք համարել Գյումրու մասին քաղաքերգություն, Հովհ. Գրիգորյանի Գյումրի-Նամեն, որը գյումրեցիների՝ իրենց քաղաքի նկատմամբ ունեցած մեծ սիրո ապացույցն է, քաղաքի գեղարվեստական պատկերը: Եվ ինչպես յուրաքանչյուր գյումրեցու, այնպես էլ բանաստեղծի համար քաղաքն ունի կենսական նշանակություն.
Ես մոտենում եմ քեզ, ինչպես քնատ երեխա, որը մութ սենյակում,//աչքերը փակ դեպի իր անկողինն է գնում//ձեռքերն առաջ պարզած… (էջ 125):
Բանաստեղծական տողերում զգում ենք գյումրեցիների հումորը, տեսնում քաղաքի սևտուֆ տների ուղիղ շարանը, փողոցներն ու մայթերը, մայթերին կանգնած երեք զուռնաչիների, լսում նրանց տխուր նվագը, տեսնում բաղնիք գնացող կարմրաթուշ պառավների հանդիսավոր խումբը: Հայտնվում ենք վարսավիրանոցի մոտ «գոլ տված» մարդկանց խմբում և հասկանում, թե ինչ խորհուրդ ունի կիրակին գյումրեցիների համար: Բանաստեղծի փոշոտ մանկության օրերի միջով անցնում են «ժեշտանչի Վաղոն»՝ միշտ անտրամադիր, դաժան՝ ճամփին պատահած շների նկատմամբ, մսագործ Ավոն՝ նախ շներին, ապա կնոջը, զոքանչին ու հարևաններին հայհոյող, վարսավիրների խումբը՝ խիստ գործնական, վարժ շարժումներով: Այս ամենը ստեղծում է հին Գյումրու ամբողջական պատկերը, նիստուկացը նրա բնակիչների, որոնք ապրում էին երջանկության ու դժբախտության մասին ունեցած իրենց պատկերացումներով, հայացքները միշտ ապագային հառած («Իսկ հայացքը միշտ նույնն է մնում», «Երեք զուռնաչի», «Հին գորգ», «Այս գիշեր և վաղը ցերեկը…»): Հավելենք, որ հին քաղաքը՝ կոլորիտային կերպարներով և կենցաղով, իր արտահայտությունն է գտել նաև «Գերեզմանիա» վիպակում:
1988 թ. ավերիչ երկրաշարժը իր արձագանքը գտավ Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում: Գրականագետ Ա. Նիկողոսյանը նկատում է, որ նախաերկրաշարժյան այն բանաստեղծությունները, որոնք ուրախ-երգիծական-պարոդիկ կերպընկալում ունեին, երկրաշարժից հետո ձեռք են բերում նոր որակ11: Գրիգորյանի բանաստեղծությունները դարձան երկրաշարժի և պատերազմի բերած սարսափները սեփական մաշկի վրա անմիջականորեն զգացող ցաված հոգու արտահայտություն, ցավ, որ ծնվել էր հայրենի քաղաքի և նրա բնակիչների հանդեպ ունեցած սիրուց: Նա գրեց մի շարք բանաստեղծություններ, որոնցում խոր ցավով պատկերեց հայրենի եզերքի անդառնալի կորուստը, համընդհանուր ցավի ու տառապանքի մթնոլորտում ապրող բնակիչների հոգեվիճակը: Հեղինակը պատմում է ցուրտ քաղաքում՝ վրանի տակ վխտացող առնետների հետ գիշերներ լուսացնող մոր, մեկ շիշ կաթի համար ժամերով հերթ կանգնած հոր, ամուսնուն և երեք զավակներին կորցրած ու վշտից արդեն իսկ խելագարության եզրին գտնվող ջահել կնոջ մասին: Ընդհանրացման մեծ ուժ ունի գեղարվեստական հետևյալ պատկերը.
…չէ, հանկարծ ասաց կինը,-//մի փոսն հերիք է, ճիշտը մեկն է, թող բոլորը//իրար հետ լինեն, երեխեքս փոքր են, թող հայրը//հետները լինի, ինչքան չլինի երեխա են, չվախենան հանկարծ… (էջ 175):
Գրիգորյանը մարդկային ապրումը պատկերում է բնության հետ սերտ կապի մեջ: Պատկերավոր համեմատությունների և հակադրությունների միջոցով բանաստեղծը ցույց է տալիս ջահել կնոջ վշտի խորությունը, որի մազերը, ըստ էության, ճերմակում են ոչ թե ձյան շերտից, այլ՝ վշտից:
Հովհ. Գրիգորյանը դիմում է հայ գրականության մեջ արդեն տարածված մի ձևին, երբ սիրած կինն ու հայրենիքը նույնանում են: Եվ հայրենիքի նկատմամբ ունեցած այդ մեծ սիրո և նվիրումի պատճառով էլ հեղինակը չի կարող ներել իր սիրո առարկային ծվատվելու, իր դեմքն ու դիմագիծն անճանաչելիության աստիճանի կորցնելու համար.
Բայց ես երբեք չեմ ների քեզ այս օրը,//երբ նայեցի դեմքիդ//և չճանաչեցի… (էջ 173):
Մի քանի հարցադրումներ բացահայտում են հեղինակի վշտի անչափելի խորությունը. ցավը սրտում, ողբն ու լացը ականջին, արցունքներն աչքերին՝ այսուհետ ինչպե՞ս պիտի ապրեր ինքը:
«Դեկտեմբերյան այն գիշեր…» բանաստեղծության մեջ քաղաքի և հոր կորստի ցավը նույնանում են: Քնարական հերոսը զրուցում է ինքն իր հետ՝ վերապրելով անցյալը, երբ դեկտեմբերյան մի գիշեր քաղաքի պարիսպների մոտ չէր թաքցրել արցունքները և լաց էր եղել, ինչպես տարիներ առաջ, երբ հայրը հրաժարվել էր այլևս ապրել այս աշխարհում: Տարիներ հետո, երբ փորձել է քաղաքի մասին բանաստեղծություններ գրել, հասկացել է, որ իր ամենակարևոր բառերն արտասվել է ավերված քաղաքի պարիսպների տակ:
Ուժգին հարվածից ցնցված բանաստեղծը երբեք չկարողացավ մոռանալ իր տեսածը՝ ավեր ու մահեր, թշնամու ատելությամբ նորածիններին խեղդող ծննդատներ, մարդասպան շենքեր: Քաղաքը դարձավ բանաստեղծի սրտում փորված վիթխարի գերեզմանոց, ինքը՝ ողբերգակ, իսկ նրա ողբը՝ գյումրեցիների և ողջ հայության ողբը: Լաց եղավ Հովհ. Գրիգորյանը, արցունքները դարձան հարազատ քաղաքի մասին պատմող բանաստեղծություններ, որոնցով նա անմահացրեց իր քաղաքը սերունդների հիշողություններում: Եվ ինչպես իր քաղաքն էր կյանք ու լիցքեր տալիս իրեն, նա էլ փորձեց իր երգերում կյանք տալ «անկյանք կյանքին»: Թեև նա երբեմն տրվում է հուսահատության, սակայն չի մոռանում երգել բացվող արշալույսների ուրախ երգը («Վերջին խոսք», «Նոր վերադարձ»): Ինչպես բանաստեղծի կյանքի առաջին ժամերին կյանքն ու մահը քայլեցին կողք կողքի, և «օգոստոսյան արևն էլ մեկ ժպտաց, մեկ աղեկտուր լաց եղավ», այնպես էլ նրա բանաստեղծությունները, որոնք նրա պարզ հոգու արտացոլանքն են, զարմանալիորեն մեկ կապույտ, մեկ կարմիր են, ինչպես երազն ու դաժան իրականությունը, ինչպես կյանքն ու մահը: «Այնուամենայնիվ, բանաստեղծի հոգու գույնը մռայլը չէ, այլ՝ կապույտը, այն զարմանալի կապույտ գույնը, որ խորհրդանշում է երազը, սպասումը, կարոտը, հավատն ու մանավանդ սերը»12, – գրում է Պետրոս Դեմիրճյանը: Իսկ ճաշակել այդքան ցավ ու դառնություն, բայց պահպանել հոգու ամրությունը, կարող է միայն բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդը:
«Հրեշտակներ մանկության երկնքից» շարքում տեսնում ենք Հովհաննես Գրիգորյան բանաստեղծ-մարդուն, ով ձգվեց դեպի իր մանկությունը, ապրեց իր մանկության երկնքի հրեշտակների հետ, նրանց կողքին: Նա ուզեց ամեն ինչ սկսել նոր տողից («Նոր տողից»), նորից բռնել ընդամենը մի վայրկյան բաց թողած մոր ձեռքը («Կարմիր արյունը որ մարմին չուներ»), ուզեց թնկթնկալով հասնել հոր ետևից, տոնել թղթե նոր տարի («Թղթե Նոր տարի»), երգել «Առաջին սիրո երգը», ուզեց՝ ինչ-որ մեկը բաց անի իր քաղաքի դարպասները («Անվերջ վերադարձ»): Իսկ երբ փորձեց խոսել այս ամենի մասին, հասկացավ, որ իր ամենակարևոր բառերը արտասվել է ավերված քաղաքի պարիսպների մոտ («Դեկտեմբերյան այն գիշեր»):
Իր բանաստեղծություններում Հովհ. Գրիգորյանը մնաց հասուն մի մանուկ, որն ապրել էր խենթություններով լի մանկության և պատանեկության տարիներ: Իրական կյանքից ծնված նրա բանաստեղծությունները դարձան նրա դեմքը, որը ուրախ պահերին հիշեցնում է մանկան դեմք, իսկ երբեմն էլ ակոսվում՝ ցույց տալով իր հոգու տառապանքը: Նա կառուցեց մի շենք, որը պիտի հայտնագործեն ապագա սերունդները, պիտի գտնեն նրան այդ շենքի փոքրիկ բնակարանում՝ սեղանի առջև նստած ծխելիս, իսկ ամենուր և ամեն տեղ՝ բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր, ասված ու չասված բառեր: Այս ամենը հուշում է, որ Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունը կյանք է ապրել, կյանք է տվել, սովորեցրել է սիրել: Նա, ինչպես հայրն էր պատվիրել, երբեք չմեռավ, անմահացավ իր բանաստեղծություններով, իր բանաստեղծություններում, իսկ նրա պոեզիան դարձավ «մի քանի կաթիլ արցունք՝ ժպտալու համար բացված աչքերի մեջ»:
—————————–
1 Տե՛ս Т.Т. Давыдова, В. А. Пронин, Поэтика заглавия, Теория литературы, Москва, 2003, стр. 204:
2 Պետրոս Դեմիրճյան, Բայց պիտի ապրես, «Սովետական գրականություն», 1987, թիվ 1, էջ 129:
3 Անավարտ զրույց կամ մենախոսություն, «Գրական թերթ», 2013 թ., թիվ 3, 15 փետրվարի:
4 Էդուարդաս Մեժելայտիս, Պոեզիա, որ մաքրում է արյունը, Վ. Դավթյան, Երկեր երկու հատորով, հ. 1, Եր., 1985, էջ 7:
5Հովհաննես Գրիգորյան, Հրեշտակներ մանկության երկնքից, Երևան, 1992, էջ 123: Այսուհետ նույն աղբյուրից արված մեջբերումների էջերը կնշվեն տեղում:
6 Պետրոս Դեմիրճյան, նշված հոդվածը, էջ 129:
7 Նույն տեղում, էջ 131:
8 Սերգեյ Սարինյան, Պայմանական աշխարհի բանաստեղծը, «Գրական թերթ», 2007, թիվ 2:
9 Հովհաննես Գրիգորյան, Գերեզմանիա, Երևան, 2013, էջ 89
10 Տե՛ս նույն տեղում, էջ 118:
11 Տե՛ս Արքմենիկ Նիկողոսյան, Գրառումներ ընթացքից, Երևան, 2007, էջ 47:
12 Պետրոս Դեմիրճյան, նշված հոդվածը, էջ 130: