Այսպես է խորագրել իր նոր աշխատությունը բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը: Այո՛, գիտական բազում ուսումնասիրություններ, վեպեր ու վիպակներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ են գրվել, երգեր հորինվել, նկարներ ու քանդակներ արարվել՝ նվիրված Հայոց գրին ու նրա հանճարեղ Արարչին՝ Մեսրոպ Մաշտոցին: Եվ դրանց հեղինակներից շատերը եղել են օտարազգիներ, ովքեր ճակատագրի բերումով առնչվելով Մեծ հայի Արարչագործությանը, չեն կարողացել հիացմունքի խոսքեր չասել նրա մասին: Իսկ մեզ համար Մաշտոցը ուրի՜շ է, բացառիկ ու անհամեմատելի: Նա ամենուր է. մեր մանուկների շուրթերին, մեր սրտերում և, իհարկե, Օշականի Սուրբ դամբարանում, որի առաջ սերունդներ են խոնարհվել և խոնարհվելու են՝ որպես մեր գոյության և առաջընթացի Լուսարար Փարոսի: Հիրավի ճոխ ու հարուստ է հայոց լեզուն և նրա հարստացմանը ուժ ու զորություն են հաղորդել այն սքանչելի ու անզուգական նշանագրերը, որոնք Մաշտոցի զավակներն են: Մաշտոցի կատարած «հոգևոր հրաշքի» անբացատրելի իմաստն ու խորհուրդը օրեցօր ու դարեդար ավելի հստակ ու նորովի հասկացան եկող սերունդները՝ փառաբանության ներբողներ ձոնելով նրան…
Այո՛, Մաշտոցի ստեղծած Գիրը մեր մեջ պետք է ապրի կենսատու Արյան նման, ամեն վայրկյան, լուսեղեն ուժ դառնա մեր սրտերում: Աշխարհ եկող ամեն հայ մանուկ պետք է իր ծնողներից առած շնչին հյուսի նաև Մաշտոցյան գրի ոգին ու շունչը: Դա մեր ազգային Միասնության ամենազոր զենքն է, մեր հավերժության առհավատչյան: Այդ միտքը խորիմաստ ձևակերպում է ստացել Պարույր Սևակի հետևյալ տողերում.
Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց,
Որ գա ու դառնա ինչ¬որ նոր Սկիզբ:
…Այո՛, մենք կայինք նրանից առաջ,
Հզոր, թե տկար՝
Մարմին էինք մենք:
Սակայն նա եկավ, որ Հոգի դառնա,
Շոշափվող հոգի,
Եվ անմեռ հոգի:
Մաշտոցի Գործի անչափելիությունը, ինչպես նշեցինք վերևում, գիտակցել են բոլորը՝ թե՛ մերոնք, թե՛ օտարները: Այդ բանը խորապես հասկացել է նաև այս գրքի հեղինակը, ով իր «Խոսք ընթերցողին» առաջաբանում գրում է, որ «առաջին անգամ է փորձ արվում համակարգելու և ներկայացնելու մայրենի լեզվին, Մաշտոցի արարչագործությանը, Հայոց գրին նվիրված հայ (նաև օտար) գրողների չափածո, արձակ, հրապարակագրական, մասնակիորեն նաև արվեստի տարբեր ոլորտների՝ այդ թեմայով անդրադարձները»: Այո՛, Մաշտոցի և Հայոց գրի մասին նյութերը համակարգելու և ներկայացնելու մասին է խոսում Լյուդվիգ Կարապետյանը, բայց դյուրի՞ն է եղել արդյոք այդ աշխատանքը: Միանգամից ասենք՝ ամենևին էլ՝ ո՛չ: Նախքան այս գրքի շարադրմանն անցնելը հեղինակը երկարատև ու քրտնաջան աշխատանք է կատարել: Լուրջ և ուշադիր ընթերցել, ուսումնասիրել է պատմագրական, գեղարվեստական, հրապարակախոսական, հայագիտական բազմաթիվ աշխատություններ, արևելահայ և արևմտահայ, սփյուռքահայ գրողների բազմաթիվ հատորներ, արվեստին վերաբերող գրքեր ու դպրոցական դասագրքեր, բազմատեսակ մամուլի հավաքածուներ և այլն և այլն: Ներկայացնելով հայ գրողների Մաշտոցապատումը, նրանց գործերից ծաղկաքաղ արել՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ բոլոր հայ գրողները, գրեթե առանց բացառության, երբեմն նաև օտարները, իրենց երախտագիտության խոսքն են ուղղել մեր ժողովրդի Ամենամեծին, ում շնորհիվ հիմք դրվեց հայոց գրավոր խոսքի, բազմաշերտ մշակույթի հետագա զարգացմանը:
Ընթերցողներին հանրագիտարանային գիտելիքներ տվող այս Մատենագիրքը սկսվում է Հայոց գրի ակունքներում կանգնած Մաշտոցի աշակերտների վկայություններով: Այդ վկայությունների հեղինակները մեզ բոլորիս քաջածանոթ Կորյունն ու Մովսես Խորենացին են, ապա Ղազար Փարպեցին ու Հովհ. Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը և ուրիշներ:
Գիրքը բաժանելով մի շարք գլուխների՝ «Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով», «Հայաստանի բանալին հայոց լեզուն է», «Այս արևի տակ դու հավերժացար, Մեր հայոց անմահ գիրն արարելով», «Օշականեն մեզի հսկող մտքի Աստված», «Հայոց լեզուն տունն է հայոց» և այլն, հայոց գրի ու լեզվի մասին տարբեր Մեծերի մտորումների ու դատողությունների հիման վրա հաստատում ու վերահաստատում է այն անժխտելի փաստը, որ ազգերին Ազգ պահողը Գիրն ու Լեզուն են: Ահա Մաշտոցի Գործին տրված մի քանի գնահատականներ. «Վճռականորեն կարելի է ասել, որ հայ գրերի գյուտը ամենաարտասովորն է սեփական այբուբենների շարքում» (Յոհան Մարկվարտ, գերմանացի գիտնական, հայագետ), «Մաշտոցի ստեղծած տառերը կատարյալ են, ընդունակ արտահայտելու բոլոր լեզուների հնչյունագրությունները… Փառք ձեր Մաշտոցին: Ուրեմն ես ճիշտ եմ արել, որ դարձել եմ հայագետ» (Անտուան Մեյե, ֆրանսիացի հայագետ):
Բազմաթիվ ու բազմախորհուրդ են հայ և օտարազգի Մեծերի կարծիքները Մաշտոցի ստեղծած գրերի և հայոց լեզվի ճոխության մասին, որոնց ընթերցումը սիրով ու հպարտությամբ է լցնում հայ մարդու հոգին ու սիրտը, հայրենասիրական վեհ զգացումներով: Առանձին գլուխներում հեղինակը ցույց է տվել, թե հայոց գիրը ինչպիսի անսպառ նյութ ու թեմա է հանդիսացել նաև քանդակագործության ու գեղանկարչության, թատերարվեստի ու երգ-երաժշտության, կինոֆիլմերի և արվեստի այլ ճյուղերի համար: Հիրավի անընդգրկելի են այն շրջանակները, որտեղ իր արտացոլումն է գտել Մաշտոցի «Արարչագործության հրաշքը»:
Բարի երթ եմ մաղթում այս հրաշալի գրքին, որից ընթերցողները մեծ հաճույք ու բազմակողմանի գիտելիքներ են ստանալու…