***
Որտե՞ղ է հիմա,
Ի՞նչ է անում նա,
Ում մոռացել եմ:
Աբբաս Քիառոստամի
***
Մենք մտածում ենք լոկ միմյանց մասին.
Դու՝ վայելելով սուրճը Փարիզի,
Ես՝ դուրս նայելով Թեհրանի իմ տան բաց պատուհանից,
Եվ մեզ միացնող մի կամուրջ անգամ
Չկա մեր միջև,
Բացի մեր սիրուց,
Որ ծերանում է
Տարի առ տարի:
***
Մենակությունն այն է,
Երբ տղամարդն ամեն գիշեր քնում է
Մի կնոջ գրկում,
Որն այլևս չկա:
Ռեզա Քազեմի
***
Աշխարհում մի տեղ
Ես
Անչափ երջանիկ եմ՝
Այն նկարի շրջանակում, որտեղ
միասին ենք:
Նաստարան Վոսուղի
***
Երկնքում
Ինձ երկու բան է հմայում՝
Անեզր կապույտը
Եվ Աստված:
Մեկը տեսնում եմ,
Բայց գիտեմ, որ չկա,
Մյուսին չեմ տեսնում,
Բայց գիտեմ, որ կա…
Վահե Արմեն
***
Աստված
Արարեց աղջկան:
Աղջիկը
Գեղեցկացրեց աշխարհը
Աստծո՛ւ համար:
***
Իմ մեջ ապրում է
Արևին սիրահարված
Ինչ-որ մի ձնեմարդ…
Եվ սա է բոլոր սիրավեպերի
Համառոտ ամփոփումը:
Էքսան Փարսա
***
Լեռն սկիզբ է առնում առաջին քարից,
Մարդը՝
Առաջին ցավից,
Ես սկիզբ առա քո առաջին հայացքից:
***
Ես քեզ ասացի.
«Իմ փոքրիկ ճնճղո՛ւկը դարձիր»,
Որ ես էլ քո գարնանը
Ծաղկառատ մի ծառ դառնամ:
***
Հեքիաթ չեմ ես,
Որ ինձ պատմես,
Երգ չեմ, որ ինձ երգես…
Ձայն չեմ, որ ինձ լսես,
Կամ այլ մի բան, որ տեսնես,
Կամ այլ մի բան, որ իմանաս…
Ես համատեղ ցավն եմ:
Գոչի՛ր ինձ:
Ահմադ Շամլու
***
Անգամ ամպամած օրը,
Երբ ծովափին ես,
Արեգակը
Քեզնով հմայված է
Ծագում:
Հոսեյն Թաբաթաբայի
***
Դու չես հիշում
Քո ոտնաձայները,
Քանզի քեզ հետ են նրանք ամեն ժամ.
Բայց ես հիշում եմ,
Քանզի ինձ հետ չես,
Եվ իմ սրտում են մնացել
Քո ոտնաձայները:
Բիժան Ջալալի
***
Ես և դու
Քանի՜-քանի անգամ
Սրճարաններում և փողոցներում
Մոռացանք ժամանակի մասին:
Եվ այսօր ժամանակը
Վրեժխնդիր եղավ մեզնից:
Գարուս Աբդոլմալեքյան
Պարսկերենից թարգմանեց
Արտակ
ՎԱՐԴԱՆՅԱՆԸ