…բառերն արդեն հեռանում են
իրենց իմաստներից
և կարող են հոգնել, ուժասպառ լինել,
խռովել ու անհետանալ ընդմիշտ
և չայցելել, երբ շատ անհրաժեշտ լինեն…1
Եվ որպեսզի «բառերը չհեռանան իրենց իմաստներից, չհոգնեն, ուժասպառ չլինեն, չխռովեն ու ընդմիշտ չանհետանան»՝ բառի հետ գործ ունեցող ամեն ոք, հատկապես ստեղծագործողները, պետք է, որ «բառերի լվացարար լինեն»:
Եվ ահա, իր իսկ «զգուշացմանը» ականջալուր, բանաստեղծ Մանվել Միկոյանը փորձում է իր բաժինն անել, որ «իրենց իմաստներից հեռացող բառերը չխռովեն ու ընդմիշտ չանհետանան», իսկ «խռոված» ու «անհետացող» բառերին գոնե գեղարվեստական խոսքում փոխարինելու գան նորակազմ բառեր:
Մենք ուսումնասիրության ենք վերցրել Մ. Միկոյանի հրատարակած չորս գրքերը՝ «Շարունակվող մղձավանջ» (Ե., «Նաիրի», 1991), «Անդրադարձներ» («Վան Արյան», Ե., 2001), «Անդունդի եզրով քայլողը» (Ե., Տիր հրատարակչություն, 2014. «Որտե՞ղ են երաժիշտները» գիրքը, բացառությամբ երկու բանաստեղծության և «Տրիոլետներ» շարքի, զետեղված է այս վերջին հատընտիրում):
Միկոյանի նորաբանությունների մեծագույն մասը ածականներ են՝ դրանով իսկ ավելի շատ գեղարվեստական խոսքն սպասարկելու՝ պատկերավորելու համար են (թեև մեր հաշված 150-ից ավելի (գրական մամուլում տպագրված գործերը չհաշված) նորաբանություններից կան նաև կայուն գործածական բառաշերտ մուտք գործելու հնարավորություն ունեցող բառեր): Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա հաջողությամբ է օգտագործում առանձին արմատներ՝ նույն արմատով կազմելով մի քանի նոր բառ:
Բայց լեռներից, առվակների փոխարեն,//ձյունաշղարշ քամիներ են տարածվում (էջ 5)
կամ՝
և զմուրսի ու կնդրուկի//բույրերի մեջ նրբաշղարշ (էջ 26)2
Շղարշ գոյականը մի դեպքում նոր բառ է կազմել ձյուն գոյականի հետ՝ ձյունաշղարշ, մյուս դեպքում նուրբ ածականի հետ՝ նրբաշղարշ՝ երկու դեպքում էլ կազմված նոր բառը ածական է:
Մի քանի նորաբանության մեջ Միկոյանը օգտագործում է ծավալ գոյականը՝ դարձյալ զուգորդելով մի դեպքում գոյականի՝ աթոռ, ըմբոստ, մյուս դեպքում ածականի՝ շքեղ, հետ.
Եվ ոսկեթեփուկ վտառներ բազում//աթոռածավալ գեր- փաղանգների// Ըմբոստածավալ ճիգեր հույզերի (31)//Պատառոտվել են շքեղածավալ շորերը Կույսի (32)3
Մեկ այլ դեպքում սարսուռ գոյականը նոր բառ է կազմել պաղ, գաղտնի ածականների և դավ գոյականի հետ՝ պաղասարսուռ, գաղտնասարսուռ, դավասարսուռ:
….մենության պաղասարսուռ ճիրաններում4 (129)
կիսամերկ է նա՝ իր գաղտնասարսուռ հրայրքներով ջինջ (32)
Դավասարսուռ խրախճանքում ցնծամույն (101)5
Մեղք գոյականի զուգորդությամբ Միկոյանը կազմել է հետևյալ նորաբանությունները՝ մեղսահաճ, մեղսազերծ, մեղսապաշտ, մեղսաթույր, մեղսապատիր՝ կիրառելով ու կրկնակիրառելով դրանք հեռևյալ բանատողերում:
գեթ մեղսահաճ մղումներն են մնում արթուն (29)6
մեղսազերծ ու փխրուն և անկշիռ այնքա՜ն: 7
Գաղտնաշղարշ ու մեղսահաճ պատկեր ծանոթ (103)
մեղսապաշտ ու տխեղծ մարդուկների հոտից (17)
մեղսազերծ, «անզոր» և հույժ թափանցիկ (69)
ու մեղսաթույր քո մարմինն է//մնում հեռվում…(71)
Ու կխլանան հար մեղսապատիր//այս մոլորակի աղմուկները բյուր (88)8
Ինքն անձնական դերանունի զուգորդությամբ ևս հեղինակը կազմել է բազմաթիվ նորաբանություններ: Ինքնաորոնում, ինքնատրոհում, ինքնահրճվանք, ինքնազմայլ, ինքնազմայլվել, ինքնալիքվել, ինքնարժևորում: Այս բառերը մեծավ մասամբ գոյականներ են, երբեմն բայեր:
Ահավասիկ՝
թվում է վաղուց ուզում է մեկը//ինքնաորոնման տենչերդ կիսել:9//հավատալով ինքնատրոհման//սին առեղծվածին: (62)
ինքնաորոնման ապարդյուն մի փորձ: (64) 10
Առավել վտանգավոր է , երբ արտաթորանքը քողարկված է//շպարներով ու օծանելիքով//երեսպաշտության ու ինքնահրճվանքի: (105)
Իրենց ինքնազմայլ ու կոկիկ հագնված տերերին (177)
սակայն այնքան են մոլորված ու ինքնազմայլված (178)
աչքերիդ մեջ կարոտի ինքնալիքվող հանդարտությունը (192)
«…մղելով ինքնարժևորման ավելի իրատեսական մեթոդների կիրառման…» (225) 11
Հոգի գոյականի զուգորդությամբ ևս Միկոյանը կազմել է բազմաթիվ նոր բառեր՝ հոգեբաղձ, հոգեբաղձություն, հոգեձայն, հոգեկանչ, հոգեճախրանք, նախահոգի, հոգեխեղում:
Եվ հոգեբաղձ երանգներով հարաճուն:12//Երկնավորների հոգեբաղձության//շառավիղները երանահրաշ (63-64)
կաթկթում են հոգեձայնիդ//կրակները չմոխրացած…(65)
Հոգեձայների փոխակերպության//վիհերից անդին (69, 70)
իբրև միևնույն հոգեկանչերից//բոլորված սաղմոս (134)
Զաքարյանների տոհմը լուսաձիր//հոգեճախրանքի առկայծումներով//մտքի և բազկի բազում սխրանքներ//թողեց էջերին հայոց պատմության: (137)
ու դառնում է կրկնապատկեր նախաձայնիդ, նախահոգուդ, նախա… նախա…//մարդեղության: (65) 13
Մի դեպքում հոգի և բաղձանք գոյականներն են միանալով կազմում հոգեբաղձ ածական նորակազմությունը, մյուս դեպքում՝ դրանց ավելանում է -ություն, ինքնուրույն իմաստակիր վերջածանցը: Մեկ այլ դեպքում հոգի գոյականը նոր բառ է կազմել ձայն գոյականի հետ՝ հոգեձայն, մյուս դեպքում՝ կանչ գոյականի հետ՝ հոգեկանչ: Հոգի և ճախրանք գոյականներով էլ կազմվել է հոգեճախրանք նորաբանությունը: Հոգի գոյականը զուգարդել է նաև խեղել դիմավոր բայի հետ՝ կազմելով հոգեխեղել բայը, ինչպես նաև նախ շաղկապի հետ՝ կազմելով նախահոգի նոր բառը (նախ շաղկապի զուգորդությամբ հեղինակը կիրառել է նաև նախաձայն նորակազմությունը):
Ես հազար պատճառ ու պատրվակ հորինեցի՝//էքստրեմալ հոգեխեղման//բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով14
Զեղ արմատով նույնպես Միկոյանը մի քանի նորաբանություն է կազմել: Հայացքներից նրանց//դավազեղուն թույնի բաղեղները կաճեն (17)
բայց չի դալկանում դիմապատկերդ՝//զգայազեղուն ու բոլորածիր (30)15
իսկ մարմինս չի այլափոխվում//հոգուս ցավազեղ ու անպատասխան ճիչերից:16
Ամենա- նախածանցով Միկոյանը կազմել է հետևյալ նորաբանությունները՝ ամենատանելի (9), ամենաանգո (73)17:
Միտել անորոշ բայի զուգորդությամբ հեղինակը կազմել է հետևյալ նորաբանությունները՝ մողոքամետ18, տիեզերամետ (63), երկնամետ (27):
Կես արմատով կազմվել են հետևյալ նորաբանությունները՝ կիսասնամեջ (56), կիսահուսախաբ (61), կիսաճախրանք (63)19, կիսաշարքային (93), կիսակատարյալ (220)20:
Կյանք արմատով կազմվել են հետևյալ նորաբանությունները՝ կենսալիցք (116)21 կենսագույներ (64), կենսազերծում (78), կենսածիր (119), կենսաբույլ (127, 139)22,
Զերծ արմատով կազմվել են հետևյալ նորաբանությունները՝ մեղսազերծ (69), ունայնազերծում (73), կենսազերծում (78, 102)23
Միկոյանի թվարկված գրքերում նորաբանություններն ամբողջական ուսումնասիրելու և դրանց համար պատշաճ տեսակային դասակարգում անելու համար նոր բառերն առանձնացնենք ըստ խոսքամասային պատկանելության: Եվ այսպես, «Շարունակվող մղձավանջ»-ում մեր կողմից նկատված նորաբանություններից գոյական է հինգը՝ հրախուրձ (4), հայցատենչ (5), հուշապատկեր (20), տեսլաժամերi, ինքնաորոնում (31):
Ածականներ են 23-ը՝ վհուկատեսիլ, տրտմալուր, ստվարաշիթ(4), ձյունաշղարշ, հոգեբաղձ, օտարադավ, անգոցելի, անհամրելի, դաշնանվագ (5), համադաշնակ (8), նենգահոժար (10), սևադրոշմ (11), մողոքամետ, թյուրախորհուրդ (12), համրադեմ (13), օտարահոդ (14), սրտաչափ (18), նրբաշղարշ (26), եթերաբաղձ, հեշտաթույր, տրտմահառաչ, մեղսահաճ (29), հանգուցածավալ (30):
Այս գրքում բայ խոսքամասով կազմվել են հետևյալ նորաբանությունները՝ շրջաբերվել (7, անորոշ դերբայ), նվագարկող (25, ենթակայական դերբայ):
«Անդրադարձներ»-ում գոյականներ են՝ շրջապատկեր (6), լրագրացավ (21), ընդերքալույս, սրբադավություն (31), ընծայացավ (30), ներբողացավ (32), հավերժապատկեր (27), լապտերալույս (46), ինքնատրոհում (62), ձանձրույթաթոն (տես նաև էջ 103), կիսաճախրանք, մարմնահայելի, հոգեբաղձություն (63), կենսագույներ (64), նախաձայն, նախահոգի, հոգեձայն (65, տես նաև էջ 69,70), արգելաթաղանթ (66), ամորֆանյութ, մշտածանակ (67), դիվասարսափ, նախերանգ (68), ափյոնաթույն (72), ունայնազերծում (73), կենսազերծում (78,102), տիրաձոն (107), բոցակույտ (112), կենսածիր (119), կենսաբույլ (127, 139), մեղսաքավություն, հուշաթել, անզանգակատուն (128), անձնամոռություն (130), հոգեկանչ (134), սիրահեզություն (136), հոգեճախրանք (137):
«Անդրադարձներ»-ում ածականներ են՝ անմակարդ, բյուրեղաձայն, երկնածավալ (3, 102), ամենատանելի (9), նրբադող (14), դավազեղուն, մեղսապաշտ (17), սաղրածիր (21), տաղտկախավար (22), տարանցողիկ (24, 25), սառցադեմ, ուղեղաձույլ (27), զգայազեղուն (30), աթոռածավալ, ըմբոստածավալ (31), շքեղածավալ, գաղտնասարսուռ, հմայատեսիլ, պաղաշունչ (32), հոգսախեղդ, ցնորահույս (34), կիսասնամեջ (56), ճեպանշույլ, դյուրաձանձիր (59), հարաշշուկ (60), կիսահուսախաբ (61), հորդորաձայն, խեղաբովանդակ (63), տիեզերամետ, ծանրատաղտուկ (67), տարադրվագ (68), մեղսազերծ (69), մեղսաթույր (71), ամենաանգո (73), խայտադեմ (76), եթերամարմին (81), մեղսապատիր (88), ցնորահույս (94), արարչատեսիլ (96), թախծամշուշ, մշտապատիր (97), գերիրական (98), թռչնաչափ (99), դավասարսուռ (101), նշույլահոլով (102), գգվանքամաղ, գաղտնաշղարշ, մշտաբաբախ* (103), տիրամերձ (117), ճահճաբույր, Տիրահեծ (122), ցավազերծ, հավերժարև (124), երկնամետ, նրբասահ (127,139), տագնապահալած (131), ազգաբովանդակ (135), արժանաշհորհ (138):
«Անդրադարձներ»-ում բալ խոսքամասով կազմվել է բալասանվող (20) նորաբանությունը:
«Անդունդի եզրով քայլողը» ժողովածուում նորակազմություններից գոյականներ են՝ ագռավազգի (90), ինքնահրճվանք (105), կենսալիցք (116), փոխհոշոտում (134), հոգեխեղում (169), ներբողախտ, անչափանիշ (177), անհանդերձ (200), հրճվասարսափ, վերջնապահ, նյութեղենություն (221), ինքնարժևորում (225):
Ածականներ են՝ գրպանաչափ (91), ճապաղադեմք, կիսաշարքային (93), ամենաանտեսված (95), հայափրկիչ (103), պաղասարսուռ (129), հևավարգ, արցունքանման (136), եթերասահ (144), ցավազեղ (146), տագնապախեղդ, մոխրե (148), անհեծան (151), համրակեզ (152), մոլակիր (157), հրճվանքախառն (219), թմբիրահամ, կիսակատարյալ, հեշտատրոփ (220), տևախեղդ, նորանշմար (224):
Բայեր են՝ ինքնազմայլվել (178), ինքնալիքվել (192), ինքնահորինվել (215):
Անառարկելի է, որ նորաբանությունը բառապաշարի կայուն մաս կազմելու համար պետք է իր կրկնվող գործածությունն ունենա՝ նախ և առաջ այլոց կողմից: Մշտաբաբախ և տիրամերձ բառերի՝ Իվան Գոգչյանի կողմից կիրառված լինելու մասին արդեն խոսել ենք: Միկոյանն իր նորաբանություններից մի քանիսը կրկնակիրառել, որոշներն էլ եռակիրառել է՝ յուրովի հաստատելով դրանց կիրառության հարկավորությունն ու հնարավորությունը հատկապես գեղարվեստական խոսքում:
«Շարունակվող մղձավանջ»-ի նորաբանություններից կրկնակիրառված են՝ տրտմալուր (էջ 4,տե՛ս նաև «Անդունդի եզրով քայլողը», էջ 97), անհամրելի (էջ 5, տե՛ս նաև «Անդրադարձներ», էջ 127), թյուրախորհուրդ (էջ 12, տե՛ս նաև «Անդրադարձներ», էջ 67):
«Անդրադարձներ»-ի նորաբանություններից կրկնակիրառված են՝ անմակարդ (3), տարանցողիկ (24, 25), պաղաշունչ (էջ 32, տե՛ս նաև «Անդունդի եզրով քայլողը», էջ 224), ձանձրույթաթոն (63,103), մեղսազերծ (էջ 69, տե՛ս նաև «Անդունդի եզրով քայլողը», էջ 125), կենսազերծում (78,102), նրբասահ, կենսաբույլ (127,139), մշտաբաբախ* (103):
Միկոյանի հեղինակային նորաբանությունների եռակիրառություններ են մեղսահաճ (տե՛ս «Շարունակվող մղձավանջ», էջ 29 և «Անդրադարձներ», էջ 39,103), ընդերքալույս (տե՛ս «Անդրադարձներ», էջ 30,63,134), հոգեձայն (տե՛ս «Անդրադարձներ», էջ 65,69,70), ներբողախտ («Անդունդի եզրով քայլողը», էջ 177):
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միկոյանի նորաբանությունների գերակշիռ մասը ածականներ են. սա, թերևս, կարելի է բացատրել առաջին հերթին խոսքը պատկերավորելու հարկավորությամբ, ապա նաև՝ տվյալ պատկերը հատկանշավորող բառի փնտրտուքով:
Հասուն ստեղծագործական տարիքում գտնվող պոետի համար 4 գիրքը (մեկը՝ հատընտիր) այդքան էլ մեծ ստեղծագործական ժառանգության մասին չի խոսում, սակայն հեղինակի համար ինքնատիպ ստեղծագործողի ձեռագիր փաստարկելիս հարկ է չմոռանալ նրա նորաբանությունների տպավորիչ քանակը: Դրանք, ինչպես սկզբում նշեցինք, առավելապես սպասարկում են գեղարվեստական խոսքը՝ դրանով իսկ խոսում գեղարվեստական ինքնուրույն ճաշակ ունեցող գրողի մասին, ով գեղարվեստական խոսք կառուցելիս բավական հաճախ է դիմում ինքնաստեղծ բառերի օգնությանը:
————————-
1 Մանվել Միկոյան, «Անդունդի եզրով քայլողը», Երևան, Տիր հրատարակչություն, 2014, էջ 166: Այսուհետ հղման էջերը կնշվի տեքստի մեջ` փակագծում:
2 Մանվել Միկոյան, «Շարունակվող մղձավանջ», Երևան, «Նաիրի», 1991, նշվ. էջեր:
3 Մանվել Միկոյան, «Անդրադարձներ», Երևան, «Վան Արյան» 2001, նշվ. էջեր:
4 «Անդունդի եզրով քայլողը», նշվ. էջ:
5 «Անդրադարձներ», նշվ. էջեր:
6 «Շարունակվող մղձավանջ», նշվ. էջ:
7 «Անդունդի եզրով քայլողը», էջ 125:
8 «Անդրադարձներ», նշվ. էջեր:
9 «Շարունակվող մղձավանջ», էջ 30:
10 «Անդրադարձներ», նշվ. էջեր:
11 «Անդունդի եզրով քայլողը», նշվ. էջեր:
12 «Շարունակվող մղձավանջ», էջ 5:
13 «Անդրադարձներ», էջ 137:
14 «Անդունդի եզրով քայլողը», էջ 169:
15 «Անդրադարձներ», նշվ. էջեր:
16 «Անդունդի եզրով քայլողը», էջ146:
17 Տե՛ս «Անդրադարձներ», նշվ. էջեր:
18 Տե՛ս «Շարունակվող մղձավանջ», էջ 12:
19 Տե՛ս «Անդրադարձներ», նշվ. էջեր:
20 Տե՛ս «Անդունդի եզրով քայլողը», նշվ. էջեր:
21 Տե՛ս նույն տեղում:
22 Տե՛ս «Անդրադարձներ», նշվ. էջեր:
23 Տե՛ս նույն տեղում:
*Մշտաբաբախ բառը կիրառել է նաև Իվան Գոգչյանը (տե՛ս Ի. Գոգչյան, «Չավարտվող դասաժամ», էջ 79): Միկոյանի տիրամերձ բառն էլ մեծատառ գրությամբ կիրառված ենք տեսնում Ի. Գոգչյանի կողմից (տե՛ս Ի. Գոգչյան, «Գիրք լինելության», էջ 33):
i Բառը տեսիլաժամ գրությամբ կիրառել է Հակոբ Հարությունը. տե՛ս «Գրական թերթ», թիվ 23 (3300), 8 հուլիսի, 2016 թ.: