Ձոն խենթերին / Ալֆրեդ ԿՈԽ

ԱլֆրեդՈրքան ավելի երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ տեսնում մարդկանց բաժանումը որոշակի խմբերի: Եվ որքան ավելի կարևոր ու պատասխանատու է նրանց կատարած աշխատանքը, այնքան ավելի ակնառու է այդ բաժանումը: Եթե ելնեմ սեփական փորձիցս, ապա առավել պարզորոշ այդ բաժանումը տեսնում էի, երբ աշխատում էի կառավարությունում: Այնտեղ աշխատող տղամարդիկ բաժանվում էին երկու խմբի` լուրջ այրերի ու խենթերի: Որպեսզի հասկանալի լինի, թե ովքեր են խենթերը, հարկավոր է նախ նկարագրել լուրջ այրերին:
Լուրջ այր ասածը շա՜տ լուրջ բան է: Օրինակ, գեներալների մեջ խենթերի գրեթե չես հանդիպի, բացառապես լուրջ այրեր են: Բոլորն անորոշ տարիքի են, խոշոր ու ահավոր մշտազբաղ: Անվերջ խորհրդակցությունների մեջ են, անվերջ շտապում են, շփվելու ժամանակ երբեք չեն ունենում: Իսկ վերացական թեմաներով զրույցներ` ասենք, բարու և չարի, մեղսագործության, քավության մասին, նրանք առհասարակ չեն վարում ու թերևս այդ ամենի մասին չեն էլ մտածում:
Լուրջ այրերն իրենց համար սկզբունք են հորինել` ամենակարևորը «գործն» է: Նույնիսկ ոչ թե «գործը», այլ «Գործը»: Եվ անգամ՝ «ԳՈՐԾԸ»: Միայն այսպես: Նրանք ամեն բան չափում են միմիայն այդ «գործի» տեսանկյունից ու դեն են նետում այն ամենը, ինչը դրան խանգարում է: Միմյանց առջև գլուխ են գովում, հպարտանում են իրենց գործնական հաջողություններով: Օրինակ, կարևորագույն գործ է համարվում մարդկանց սպանելը: Եթե դու կյանքիդ ընթացքում սպանել ես մարդկանց կամ մարդկանց սպանելու հրամաններ ես տվել, շատ բարձր համարում ունես լուրջ այրերի շրջապատում: Նմանապես, լուրջ այրերը գտնում են, որ եթե զբաղված են խիստ կարևոր գործով, ապա իրավունք ունեն գողանալ: Նրանք գողանում են շատ` այսօր արդեն միլիարդավոր դոլարներով, այդուհանդերձ նրանց խիղճը մաքուր է, որովհետև խիղճ ընդհանրապես չունեն: Լուրջ այրի համար խիղճը չափազանց ծանր ու անիմաստ բեռ է և խանգարում է «գործին»: Այդ նույն պատճառով աղբանոցում են հայտնվել կարեկցանքը, գթասրտությունը, խղճահարությունը, ողորմածությունը, ամոթը, ապաշավանքը և բազմաթիվ այլ, ինչպես իրենք են ասում, «կնիկական» զգացումները: Այդ ամենը «սենտիմենտներ» են` լուրջ այրին ոչ հարիր:
Հատկանշանական է, որ լուրջ այրերը համոզված են, թե օգուտ են բերում հասարակությանը: Ավելին, նրանց շրջապատում իշխում է մի գաղափար, իսկ իրենց համոզմամբ` արդեն ապացուցված փաստ, որ ժողովուրդն առանց իրենց կկործանվի: Որ իրենք` լուրջ այրերն են կրում ամբողջ ծանրությունը, ուստի՝ ժողովուրդը «ոտով-գլխով պարտական է» իրենց:
Լուրջ այրերի հետ շփումների անձնական փորձս ցույց տվեց, որ նրանք ծայրաստիճան անարդյունավետ են: Այսինքն՝ նրանց տված օգուտը (եթե այդպիսին առհասարակ կա) համեմատելի չէ նրանց պատճառած վնասի հետ: Իրենք, սակայն, այդ վնասը չեն նկատում, որովհետև վնասը գնահատվում է «կնիկական» չափանիշներով: Քայքայված ընտանիքները, բարձիթողի զավակները, խարխլված առողջությունը, ընկերներին կորցնելը, դավաճանությունը, չքաված մեղքերը և, վերջապես, գողացած փողերը. այս ամենը, նրանց կարծիքով, որպես «կատարած գործի» փոխհատուցում վճարվող ցածր գինն է:
Լուրջ այրերին դեռ երկար կարելի է նկարագրել, բայց, կարծում եմ, այսքանն էլ բավական է՝ նրանց մասին կենդանի պատկերացում կազմելու համար: Համոզված եմ, սիրելիդ իմ ընթերցող, որ դու էլ կյանքում հանդիպել ես լուրջ այրերի ու գերազանց հասկանում ես, թե ինչի մասին է խոսքս:
Ժամանակին շատ էի ուզում դառնալ այդպիսի լուրջ այր: Հարգում էի նրանց, որովհետև զորեղ էին, ուժեղ, մեծ հնարավորությունների տեր: Նրանց հետ օղի էի խմում, զրուցում «լուրջ» թեմաների շուրջ, ծաղրում էի «կնիկական» թուլությունները: Ինքս էլ փորձում էի ակնածանքով մոտենալ «գործիս»: Ես էլ անտեսում էի զգացմունքները և համարում, որ նպատակին հասնելու համար ընդունելի են եթե ոչ բոլոր միջոցները, ապա առնվազն դրանց ճնշող մեծամասնությունը: Ի վերջո, մեզ` լուրջ այրերիս համար ամեն բան գնահատվում է «գործն արեցի» չափանիշով: Արեցիր` կեցցես, ու կարևոր չէ, թե ինչպես հասար դրան, իսկ չարեցիր` արդարացումներն անտեղի են: Միևնույն է, դու «թույլիկ» ես` չկարողացար կենտրոնանալ, չկարողացար ենթականերիցդ քամել առավելագույնը:
Այնուամենայնիվ, լուրջ այր չդարձա: Իմ մշտական ջրիկությունն ու ինքնահեգնանքը թույլ չտվեցին, որ այդքան լրջանամ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ «գործի» մասին բոլոր խոսակցությունները դատարկ հաչոց է: Դա քո առջև ծառացած իրական խնդիրներից քողարկվելու փորձ է: Դրանք շատ չեն, բայց կարևորագույններն են` կյանքը, մահը, սերը, աստղազարդ երկինքը և բարոյական օրենքը: Իրականում բոլոր լուրջ այրերը վախկոտ տհասներ են, որոնք սարսռում են սարսափելի ու սիրուն ճշմարտությունից, որից թաքնվում են իրենց գարշելի «գործի» փակ վանքերում, իրենց նման խաբեբաների ու մարդասպանների հետ միասին:
Սկզբում շատ տխրեցի, երբ հասկացա, որ ինձնից լուրջ այր չի ստացվի, որովհետև այդպիսին դառնալու համար ջանք չէի խնայել: Բայց բնությանը չես կարող հաղթել: Երևի ճակատիս այդպես է գրված` ամբողջ կյանքում մնալ ինքնակեր խենթ, անդադար կասկածել, մեղավորություն զգալ, ծիծաղել ինքս ինձ վրա և պարզորոշ տեսնել այնպիսի կարևոր «գործերի» լիակատար հիմարությունն ու իմաստազրկությունը, ինչպիսիք են՝ բանակը, պատերազմը, պետական անվտանգությունը և (մեղա-մեղա) տնտեսական բարեփոխումը:
Հետո, սակայն, հայտնաբերեցի, որ հիանալի շրջապատ ունեմ: Խենթերի մեծ ու զորեղ բանակին են պատկանում Հիսուս Քրիստոսն ու Բուդդան, Լև Տոլստոյն ու Մոցարտը, Վենյա Յարոֆեևը և Միք Ջագերը:
Խնդրեմ, ինքներդ դատեք: Լուրջ այրերի տեսակետից Հիսուս Քրիստոսը մաքուր, բյուրեղյա խենթ է:
Մեղա, Աստված:
Ցանկացած լուրջ այր դա ձեզ շատ հեշտ կբացատրի մեկ-երկու նախադասությամբ: Տեսեք. Քրիստոսն ասո՞ւմ էր, թե ուզում է, որ մարդիկ երջանիկ լինեն: Բայց մարդկության երջանկության համար նա անգամ սպանություն չի կատարել: Պատերազմ չի սկսել: Ոչ մեկի չի բանտարկել և ոչինչ չի գողացել: Մի՞թե այդպես են պայքարում հանուն մարդկանց երջանկության: «Գործն» այդպես չե՛ն անում: Դա միանգամայն ակնհայտ է: Իսկ ձեր Քրիստոսը միայն լեզվին էր տալիս, ու վերջ: Խորացեք, թե ինչ էր ասում. որ պետք է ամեն ինչ բաժանել չքավորներին ու հետևել իրեն, որ պետք է սիրել թշնամիներին ու աղոթել նրանց համար, որ եթե երախտագիտություն ես ակնկալում այս աշխարհում, այլևս չփնտրես այն աշխարհում: Խենթ չէ՞: Իհարկե, խենթ է:
Իսկ Բուդդա՞ն: Միայն խենթերն են, որ, լինելով արքայազն, ամեն ինչ թողնում ու չքավորության մեջ թափառում են: Եվ այլն, և այլն…
Ես, անշուշտ, խենթերի այդ մեծ շարժման առաջնորդը չեմ: Վերջերում ինչ-որ տեղ եմ: Բայց ինձ մխիթարում է այն միտքը, որ թերևս այնքան խենթ եմ, որ անգամ խենթերի առաջին շարքերին չեմ կարողանում հասնել: Թող այդպես լինի: Փոխարենը հարազատ շրջապատում եմ:
Փա՜ռք խենթերին: Երկրագունդը նրանք են պտտում: Լուրջ այրերը կսատկեն` իրենց հետ տանելով միայն մարդկանց նզովքը, ու նրանց կուտեն որդերը: Նրանց «գործի» հետքն իսկ չի մնա: Իսկ անհեթեթ, հիմար, ծիծաղելի խենթերը կապրեն հավերժ: Ու մարդիկ ուրախությամբ կհիշեն նրանց: Ու հիացմունքով կասեն. «Ի՜նչ խենթ էր: Խենթերի խենթը»:
Ռուսերենից թարգմանեց Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։