ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Սերգեյ ՎԱՐՈՍՅԱՆ

Լույս է տեսել Անդրանիկ Կարապետյանի «Այստեղ` երկրից հեռու» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որը տարբեր տարիներին լույս տեսած գրքերի լավագույն բանաստեղծությունների ընտրանի է: Երկրից հեռու, ասել է թե՝ վերերկրային, տիեզերական տարածության միջօրեականներում է նրա բանաստեղծական ներշնչանքի աղբյուրը, ինչն իր տարբեր դրսևորումներն է գտել գրքում: Հենց առաջին բանաստեղծությունից Անդրանիկ Կարապետյանը խոստանում է ազնիվ ու բաց լինել ընթերցողների առջև, ինչը նրան հաջողվում է: Սակայն ազնիվ ու բաց զգացողությունները քիչ բան կարող են արտահայտել, եթե չեն ներկայացվում գեղարվեստական ինքնատիպ արտահայտչամիջոցներով և պատկերային վառ համակարգի մեջ: Ի պատիվ հեղինակի, այս ամենն առկա է գրքի էջերում, ինչն էլ առանձնահատուկ երանգ ու գրավչություն է հաղորդում նրա բանաստեղծություններին: Օրինակները շատ են.
Կամ քաղաքային բաղնիքի մեջ
Ձեռքից-ձեռք անցնող կնոջ նման,
Քսմսվում է, տես, սրան-նրան,
Քսմսվում է, օ՜, այն էլ ինչպես,
Ու նիհարում է գրամ-գրամ: («Օճառ»)
Գիրքը բաղկացած է չորս բաժիններից` «Այստեղ` երկրից հեռու», «Երրորդ նժար», «Եվ տիրաբար, և հանցավոր», «Ջրերից հեռու», որոնցից երեքը հեղինակի նախկին գրքերի վերնագրերն են: Ճիշտ է` երկուհարյուրից ավելի բանաստեղծությունները հավասարազոր չեն (ոչ մի հեղինակի մոտ էլ չեն կարող հավասարազոր լինել), սակայն գերակշիռ մասն առանձնանում է հաճելի ինքնատիպությամբ ու մետաֆորների ինքնատիպությամբ: Անդրանիկ Կարապետյանը կարողանում է ամենասովորական իրերից ու երևույթներից առանձնացնել բանաստեղծականն ու մատուցել բարձր վարպետությամբ: Նույն «Օճառը» բանաստեղծության մեջ անբանաստեղծական օճառից հիանալի բանաստեղծություն է ստացվել, որովհետև հեղինակը գտել է այն բանալին, որով կարելի է գեղարվեստական շունչ ու կենդանություն տալ անշունչ առարկային:
Ինքնատիպ փոխակերպումների և պատկերների հրավառության բազմաթիվ օրինակներ կան գրքում, որոնցից չնչին մասը կարելի է հիշատակել. «Գիշերվա ամնապայծառ աչքը քո պատուհանն է», «Թափուր հոգի- այնպես դատարկված, որ հնարավոր չէ այնտեղ անգամ մեկ բանաստեղծություն տեղավորել», «Սառն է օդը, ու լրբի պես երկինքը պատառոտում է ինքն իրեն», «Մայրս թևերն է քշտել, հիշողության խմորն է շաղախում, ու թափված ալյուրն ասես Հարդագողի ճանապարհ լինի մորս գոգնոցին», «Աշխարհ տեսած այս քամին պոկում-տանում է երևակայությանս ծառի վերջին տերևները»:
Բանաստեղծության կառուցվածքը ամենակարևոր խնդիրն է յուրաքանչյուր բանաստեղծի համար: Որքան էլ ինքնատիպ, բայց եթե ճիշտ չկառուցվի «բանաստեղծության շենքը», ապա այն կփլվի: Կարելի է փաստել, որ Անդրանիկ Կարապետյանի բանաստեղծական կարկասը ամուր է ու ճիշտ: Յուրաքանչյուր տող նախորդ տողի զգացողության կրողն է և նրան ուժ հաղորդողը: Բացակայում են չպատճառաբանված շեղումներն ու ավելորդ տեղեկատվությունը.
Աչքերդ փափուկ են գրկի պես,
Ու գիրկդ շփոթված հևում է,
Կանգնել ենք դեմ դիմաց ու այսպես
Իրար մեջ վախվորած թևում ենք: («Աչքերդ փափուկ են»)
Բանաստեղծի պատկերները ծառայում են հեղինակի զգացողությունները խտացնելու և ընթերցողին փոխանցելու համար, այնպես, որպեսզի ընթերցողը նույնպես զգա հեղինակի ապրումը.
Մայր իմ, առավոտն այս
Քո ալրոտված գոգնոցի պես ճերմակ է,
Դու թափահարում ես քո առավոտը շարունակ
Իմ հոգնած մազերի վրա:
Եվ կամ.
Օդը հազիվհազ շարժվում է
Եկեղեցի գնացող ծերունու պես:
Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը` Անդրանիկ Կարապետյանը, հաջողված բանաստեղծական ժողովածու է հրատարակել: Ուզում եմ ավարտել «Թռչունն ինձ ասաց» կատարյալ բանաստեղծության երեք տողով.
Թռչունն ինձ ասաց.
– Բախտավոր եղիր,
Ուրախությունդ տանում եմ ինձ հետ:
Իսկապես, գրքից ստացված ուրախությունը ցանկացած ընթերցող կարող է տանել իր հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։