***
Բազմաձայնությունս տևո՜ղ- մեղեդային,
երբ պատարագվի իր հանգիստը – տրվի հողին,
հրաժեշտի համար ասես մարմինն առնեմ Բախի
ու ամփոփեմ թավջութակի մեջ կարգով թաղման:
Ու ստիպեմ
այդ առնել ուսին
գլխարկներդ բռնած երթի – նշա՜ն
խոնարհումի,
ու հրաժեշտ տվող ձեր թափորը…
մի քանի մարդ,
թաղողների թվից թող ամաչի:
Ցավակցումի հերթով, երբ քահանան լռի թա՜վ-ծխական,
թավջութակը իջնի փորվածք ըստ ննջելոց կարգի,
մարմինն ասես Բախի
առնի պատանք,
պատարագիս միջից նրա «Մեսսան»
պիտի մենախոսի.
– Մ՛ի՛ տրտմիր, զավա՛կ,
մեր արվեստը բազմաձայնող
նվազում է այնտեղ, ուր թափորն է մի
քանի մարդ
ու մի մահվան սոլո:
***
Աղեղը զրույց է համոզում- թավջութակի լարերը լսեն,
ու շփոթում են մեկմեկու – մեկ`
Քրիստոս են լարերն այդ,
երբ մեղմություն են հնչեցնում – մեկ`
սատանայից են ասես,
հնչում են որպես հիստերիա:
Ու փութկոտությունը սերտումիս երբ
աղեղին է համոզում`
վարք առնի սկսած զրույցից ու
խոսեցնի մարմնիս լարերը,
ճիշտ սատանայի փորձությամբ մեկ`
հնչեցնում է ինձ նեռը,
մեկ` Քրիստոս եմ աղերսում:
Հոսանքը որ ջղեր է կծկում ու իր պարպումով է ցնցում մեզ,
աղեղը դիպչելիս լարերին արվեստը դարձնում է քանց պրկում,
ու ինձ հիացմունք է պարգևում զրույցը նրանց բախվելիս,
մեկ` մեղմ են հորդորի հանգույն, երբ Քրիստոս դևին էր
համոզում – մեկ` ասես
սատանի հիստերիա,
ինչպես սոնատում Բրամսի*- արդ
հասկանում եք թե ինչո՞ւ
բացել եմ ես զրույց այսպես, որ ցույց
տամ թռիչքը արվեստի,
զգացում և՛ վեհ, և՛ ստոր – ու սրանո՛վ
է այն մարդկային:
*Բրամսի «Ջութակի և դաշնամուրի N 3 սոնատի» որոշ դրվագներ նկատի ունենք
***
Աստված մտահանգումների
պատերազմ է,
ուր փնտրում է սխրանք
սահմանումը,
բայց դրանով չէ,
որ շահում են մարտեր
հավատքի – այլ «պարտվածներով»,
որ հոգով աղքատ են ու մե՛րկ –
և հավատում են, քանզի… անհեթեթ է:
***
Ոնց արևը մի պայծառ մտքով ընկնի,
ու մոռանա իրեն ու չփայլի.
այն, ինչը շողաց իմ մեջ`
թաղվեց իր ցոլքի հետ,
ու մոխրացած լույս էր` ինչ տվեցի:
***
Հույսը կորցնելու տեղ չունենք քան մեր մարմին-կացարանում է,
կորցնել կարող ենք նրա բանալին` այն, որ հոգին է,
բայց ի՞նչ հարազատ եզերքներ
պետք է նետվի մեր հոգին,
որ Անհունը մեզ դառնա
կացարան, ու մենք չկորչենք:
***
Երանավե՜տ են թլվատները`
բանավոր անմեղությամբ,
նրանց քավությունն է, երբ եղծվում
ենք գիր-հանցանքով,
տենչանք մանկան պես լինել
ու բերանի վրա
պահենք խոսուն մատը:
Կանոններ են նրանք կարկամում-
թլվատնե՛րը
սուրբ գերության մեջ են Փիլոմելայի-
ծվատվո՜ւմ են ակունքներում
Ի սկզբանե Բանի –
ու բխում են սակայն բարբառումից`
շատ բան ունենալով`
չգտանք մեկը, որ ասենք*:
* «Պարականոններում» Քրիստոսի խոսքն է:
***
Ես կանգնեցի սրտիս
ափին ու լաց եղա –
հոգո՜ւս ընտրյալ,
դու որ թափվում էիր
սրտիս մեջ` ինչո՞ւ ցամաքեցիր:
***
Ձեր ճակատների գիրը ո՞ւր է –
ո՞վ պիտի
հասկանա ու մեկնի ձեր լեզուն –
անլսելին մեռյալների քրտինքն է,
որ ինձնից եմ քամում:
***
Տիրաննե՛ր – որ փարավոն են
մտրակում մեր մեջքին
և մումիա են կաղապարում
ժամանակի վրա,
պատմությանն են կպած
քան բուրգերի որմածք,
մեզ կարարեն ի վերջո իրենց
նմանությամբ:
Էլ ինչո՞ւ ատենք նրանց,- կասենք ստրկաբար,-
երբ ժամանակն ինքն է զգում
պահանջ`
որ փարավոն մտրակեն մեր մեջքին
ու մորմոքեն մումիա որպես
Եգիպտոսի տիրան:
***
Ծրարի մեջ դրված սերմը ուր էլ հղես`
ո՛ր աշխարհի ծերը,
նա չի ուռչի սոսկ նրանից
որ կտրում է ծովեր
անծայրածիր ու մեծ –
այլ պատիճ է պատռում
ծրարո՛ւմ հենց,
որ աճում է սրտիդ միջից`
ուր էլ հղես:
***
Մաշկս որ պոկեմ` պապիրուս է
գալարներում մամլած մարմնիս,
կոչ կանի բաժանել խոսքի մասեր
անհայտ մի լեզվի, որ հայերենն է:
***
Կլինի՞ մի օր պայծառ աչքով
նայես կյանքին`
անհայտ մեկի ողջույնի պես
լեցուն լույսով,
լուսավորի հանդեպ այնքա՜ն
անբավ լինես,
որ հուզմունքից դողաս-
մեկուսի մրջյունի պես
ամառը ուսիդ առած պայքարե՜ս
հատիկի համար
Աստըծո աչքի առաջ:
***
Ո՞ղջ ենք, թե՞ մեռած –
երկուսն էլ իրական են այնքան,
որ ճշմարիտ են երկուստեք –
իսկ գուցե՞ նա է ճիշտը`
ախոյանը Պլատոնի –
ո՛չ մեռած ենք, ո՛չ կանք,
քանզի ի՞նչ գիտենք` ինչ են
դրանք:
***
Ուղղվելով` կարծում է, թե պիտի
կանգնի բարձրում,
կեպին աչքերին քաշած լաքեյ` ամբիոնի եզրից
հնազանդ իրեն լսող ամբոխի
վրա է բղավում:
Մոռացել է սակայն տհասը` ուղղվելով չեն առնում
հասակ – չեն կանգնում
ամբիոն, որ ողջը
վերևից նայեն ու դատեն:
Ուղղվելով ինչ-որ ժամանակ
կապիկից մարդն է զատվել:
***
Ես տալիս եմ հարցեր ինչպես
բեմում խորո՛ս
սոփոկլեսյան խաղի –
բայց հարցերն են անհույզ- անբովանդակ-խո՛րը,
ետնաբեմում ասես հնչող լինեն.
մենք խոսում ենք սառը
սցենայից հետո,
երբ լռել է արդեն Էդիպուսը:
***
Հառած ողորմելի,
հառած և անհաղորդ,
հառած վրաս անխոհ հայացք
ամայական,
պետք է խոսեմ այսպես`
անցած դեգերումներ,
որ լռում են գուցե –
բայց խոսո՜ւն են դարձյալ,
որ հռչակեք դուք ինձ մի ձախողված-
անկար,
չհասկացվա՜ծ
Դեգա: