Նաիրա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ / «Ընդ եղեգան փող…»…

«Մեր դարում, մասնավորապես մեր օրերում, ոչինչ այնքան չի՛ տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին, որքան ա՛յն աղետալի մոլորանքը, թե իրենց ճակատագիրը բարվոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր: Ավելի՛ պարզ:
Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»£
Գարեգին ՆԺԴԵՀ

2015 թ. ապրիլի 24-ը տարբերվում էր իրեն նախորդած բազմաթիվ այլ ապրիլներից: 100-երորդ անգամ հայ ժողովուրդը բարձրաձայնեց իր չնվազող ցավի մասին՝ դառնությամբ ականատես լինելով ոճրագործների անտարբերությանը:
Այս հիշարժան տարեթիվն անմահացնելու և ցեղասպանված զոհերի հիշատակին իր համեստ լուման բերելու նախաձեռնությամբ հանդես եկավ Հայ-ռուսական համալսարանը՝ «Ընդ եղեգան փող…» խորագրով երկլեզվյա բարձրարժեք ժողովածուով: Այս հիշարժան հատորյակում ներառված են հայոց Մեծ եղեռնին ու նրա զոհերին նվիրված հայ քնարերգության երախտավորների լավագույն ստեղծագործությունները և դրանց ռուսերեն թարգմանությունները: Ժողովածուն ընդգրկել է իր մեջ թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ դասական ու ժամանակակից հեղինակների այն գործերը, որոնցում արծարծվում է Մեծ եղեռնի թեման: Մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու նպատակը հետապնդող այդ քերթվածներում միաժամանակ ընդգծվում է ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու անկոտրում հավատը վաղվա «նոր ու հզոր» հայրենիքի հանդեպ:
«Ընդ եղեգան փող…» խորագրով ժողովածուն տպագրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպարանում Եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին: Կազմողները նույն համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակիցներն են՝ բ. գ. թեկնածուներ, դոցենտներ Ռ. Ավետիսյանը և Վ. Գաբրիելյանը: Գիրքը խմբագրել են նույն ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Ա. Եղիազարյանը և Ռ. Ավետիսյանը: Գրքի բովանդակությունը, ձևավորումը, տպագրության բարձր որակը գրքին լավ ընդունելություն են ապահովել: Ընդգրկված են ոչ միայն դասականների, այլև ժամանակակիցների (Ռ. Դավոյան, Հ. Գրիգորյան, Դ. Հովհաննես, Է. Միլիտոնյան, Սոնա Վան և ուրիշներ) բանաստեղծությունները: Խստապահանջորեն են ընտրված թարգմանությունները: Թարգմանիչների թվում են Մ. Պետրովիխը, Վ. Զվյագինցևան, Ա. Նալբանդյանը, Գ. Կուբատյանը, Ա. Թադևոսյանը, Ռ. Պապայանը: Գիրքն արագ սպառվել է երևանյան գրախանութներում և մոսկովյան հայ և ռուս մտավորականության կողմից:
Ժողովածուի «Ցեղասպանության դասերը» վերնագրով նախաբանում ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հետաքրքիր մտորումներն է ներկայացրել մեր համազգային վշտի և պատմական անցյալից քաղած դասերի մասին. «Կան ժողովուրդներ, որոնք Պատմություն են կերտում: Սովորաբար նրանք Հաղթողներ են: Հաղթողները, որպես կանոն, պետք է լինեն կերտողներ՝ ուժեղ, ինքնաբավ, այլ կերպ ասած՝ «դոնորներ»: Նրանք չեն կարող լինել կործանողներ, ստրկացնողներ, ճիվաղներ: Նրանք պետք է ձգեն դեպի իրենց և ոչ թե վանեն իրենցից»: Տպագրված են նաև խմբագրի «Երկու խոսքը» և կազմողների առաջաբանը:
Ժողովածուն կազմողները ծանոթագրական կարճ տեղեկություններով ընթերցողին են ներկայացրել ժողովածուում ընդգրկված բանաստեղծների կենսագրական կարևոր տվյալները, ապա այն ստեղծագործությունները, որոնցում առավել խորությամբ են արտացոլված արհավիրքը ու դրան դիմակայած ժողովրդական ընդվզումը:
Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Սիամանթո, Հովհաննես Շիրազ, Շառլ Ազնավուր, Ալիսիա Կիրակոսյան և այլք, անուններ, որ թանկ են յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծագում էլ որ նա գտնվի: Թանկ են առաջին հերթին իրենց արարչագործությամբ, աղետի մահակործան ուժի առաջ ընդվզելու և վերածնվելու վառ հույսի սերմանումով: Ու զարմանում ես երբեմն՝ որտեղի՞ց ստեղծագործելու այդքան ուժ, այդքան կամք:
Ժողովածուի նպատակներից մեկն էլ հայրենիքից հեռու ծնված և օտար միջավայրում հասակ առած մեր երիտասարդ սերնդի հիշողության մեջ հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելուն, ինչպես նաև ռուսերեն թարգմանությունների միջոցով համազգային ցավի մասնակիցը դարձնելուն է միտված նաև ռուս, ռուսալեզու ընթերցողներին:

О, Данте! О, божественно-чудесный!
Коль ты еще и странствуешь в аду,
Обозревая смерти лик, иль если
Тебя все по чистилищу ведут…
Ах, где б ты ни витал, молю-сегодня,
Как дух отца, спустись на миг ко мне-
Я уведу в такую преисподню,
Что ни в поэме, ни в кошмарном сне.
Забудешь ты своей поэмы строки,
И будешь смерть вымаливать у Бога
Узнав, что ранам исцеленьев ней.
(Հ. Շիրազ)

Սուգը հավերժ է, եթե չկա ընդվզում, չկա պայքար:
Հենց այդ գիտակցումը և ոգին էր, որ պայմանավորեց հայերի և՛ 1965 թ.-ի պոռթկումը, և՛ Արցախյան հուժկու շարժումը, ապա նաև տևական պատերազմն ու փայլուն հաղթանակները, ու այնքան պայծառորեն երևաց ժողովրդի համախումբ կամքն ու սեփական ուժերին ապավինելու հավատը: Քսաներորդ դարի վերջում մեր ժողովուրդը կարծես պատասխանում էր իր 100-ամյա, 1000-ամյա հարկադիր ստրկացումներին, ստորացումներին և դարավոր կուտակված վրեժի մոլուցքն էր, որ առաջնորդում էր նրան իր հայրենիքի հարազատ մի պատառը ազատագրելիս:
Այնքա՛ն տարբեր են բանաստեղծական ոճերը, սակայն մղումներն են նույնը, բոլորին միավորում է սերը առ հայրենիք, ցասումը անարդար ու կույր մոլեռանդության, գազանաբարո պահվածքի հանդեպ…
Հույսը մշտապես կենսունակ է պահել ազգային կեցության ուղին, վրեժ-խնդրությունը՝ ազգի մարտունակության ոգին: Եվ սևակյան հարատև կոչն է թռչում բերանից.
Ողբամ մեռելո՛ց…
Բեկանեմ շանթե՛ր…
Կոչեմ ապրողա՛ց…
Ապրիլը հայոց համար այսուհետ այլևս կարող է լինել և պետք է լինի ոչ թե սոսկ սուգ «խորհրդանշող» ամիս, այլ՝ սեփական սուգը գործով հաղթահարող, իրեն պարտադրված մերժելի իրականությանը ո՛չ ասող, իր ուժերին ապավինող, իր փրկությունը օտարներից չաղերսող, իր տեսակը հավերժացնելու զորութենականություն ունեցող հայի վերազարթոնքը խորհրդանշող ամիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։