ԵՒՐՈՊԱՑԻՆ ԵՒ ԱՍԻԱՑԻՆ

Ներկայացվող գրությունը տպագրվել է 105 տարի առաջ, Թիֆլիսի «Ընկեր» թերթում (1911, մարտի 27): Հեղինակն է թիֆլիսահայ մամուլի աշխատակից Իսրայել Մարկոսյանը:

Ի. Մ.
Գայլի անունն է դուրս եկել.
Աղուէսը աշխարհ քանդեց:

ԵՒՐՈՊԱՑԻՆ ԵՒ ԱՍԻԱՑԻՆ
(Կատարւած դէպք)

Ընկերս գերմանացի էր: Մենք ճանապարհորդում էինք գործով Գանձակի նահանգում:
Աշուն էր, եղանակը անձրևային: Երկար պտտեցինք քաղաքից քաղաք, գիւղից գիւղ և հանդիսացանք գերմանացոց Գեորգստալ գիւղի առաջ: Գիշերը մօտենում էր: Ռուս կառապանը ոտքից մինչև գլուխ կրակ էր կտրել. կառքի անիւներից մէկը կոտրուել էր, ձիանքը չէին գնում, և նա հայհոյանքի տոպրակը բացած աջ ու ձախ հայհոյում էր թէ՛ իրան, թէ՛ ձիերին և թէ՛ ձիերի նախկին տիրոջը: Մթնում էր, ընկերս տխուր էր:
Ո՞րտեղ պիտի գիշերենք,-հարցրի ես նրան, երբ մօտեցանք գիւղին:
Մենք գերմանացոց գիւղն ենք գնում,-պատասխանեց ընկերս հպարտութեամբ:
Մտանք գիւղը. առաջին ընդդիմացողները եղան շները, որոնք խմբովին մեծ աղմուկով արշաւանք գործեցին մեր դէմ: Անցանք փողոցից փողոց, տնից տուն, ամենքի դուռն էլ ծեծեցինք և խնդրեցինք գիշերելու տեղ տալ մեզ: Եւ սակայն մէկի հայրը չէր տանը, միւսի մայրը, երրորդի եղբայրը. մէկը հիւանդ էր, միւսը ազատ սենեակ չունէր, պատճառներ՝ ո՜րքան ուզէք: Ընկերս կաշուից դուրս էր գալիս, բայց ամեն տեղ մերժում էր ստանում: Ես համ զայրացած էի, համ էլ մտքումս ծիծաղում էի ընկերոջս վրա, որը քիչ առաջ մեծ պարծանքով էր խօսում գերմանացոց մասին և կատարելապէս վստահ էր, որ իր ազգակիցները իրան տեղ կտան գիշերելու: Ճարահատեալ գնացինք վերջապէս գիւղի հարստագոյն ներկայացուցչի տունը և խնդրեցինք, որ մեզ գիշերելու տեղ տայ: Այդ պարոնը դժուարութեամբ ընդունելով մեր առաջարկութիւնը՝ ցոյց տուեց մեզ մի սենեակ՝ խոնաւ, մերկ, ցուրտ, որ աւելի ախոռի էր նման, քան թէ բնակարանի:
Այդ բանը իսպառ զայրացրեց ինձ, մանաւանդ երբ ես նկատեցի, որ տանտէրը ինչ-որ ծռմռում էր վիզը. ուզում էր բան ասել: Ես համբերութիւնից դուրս եկայ:
Ի՞նչ տեսակ մարդիկ էք դուք,-ասացի ես զայրացած,-մի ամբողջ օր է մենք անձրևի տակ, յոգնած, վաստակած, սոված եկել ենք Ձեր դուռը և Դուք մեզ ուղարկում էք այդ անիծեալ ախոռը. տուէք մեզ մի տաք սենեակ, ինչ ուզում էք՝ կտանք Ձեզ. վիր բէցահլէն. կը վճարենք:
«Մենք կը վճարենք» խօսքը ես շեշտեցի. տանտիրոջ դէմքը փայլեց, լոյս բացուեց նրա համար: Նա սկսեց զոյգ-զոյգ խօսալ:
Խնդրե՜մ, խնդրե՜մ, համեցէ՛ք, համեցէ՛ք…
Կէս ժամ չանցած մենք գտնւում էինք մի փառաւոր սենեակում. հեշտաեռը քչփչում էր, սեղանի վրայ ինչ ուզէիք կը գտնէինք՝ հաց, կարագ, մեղր, միս և գինի: Տանտէրը ոչինչ չէր խնայում մեզ հաճոյանալու համար. ինքը գնում էր՝ կինն էր գալիս, կինը գնում էր՝ որդին էր գալիս, բոլորն էլ սկսել էին զոյգ-զոյգ խօսալ:
«Անիրա՜ւ մամոնայ,-մտածում էի ես,-ի՜նչ ուժեղ բան ես դու, ի՜նչ լաւ բանալի ես. դու բացեցիր թէ՛ սենեակի և թէ՛ պահեստի դռները, մթերքները սեղանի վրայ շարեցիր, ի՜նչ մարդասէր ես դու»:
Լուսացաւ. մենք հաշիւ պահանջեցինք, տանտէրը ներկայացրեց հաշիւը. բացի լուացուելու ջրից ամեն բան նշանակուած էր: Մենք վճարեցինք 6 ռուբ. 75 կոպ. և գիւղից հեռացանք:
Շարունակեցինք մեր ճանապարհը: Կառապանը կարգի էր բերել կառքը, և ինքն էլ էր կարգի ընկել: Ամբողջ օրը առաջ գնացինք: Օրը կրկին սկսեց մթնել, երբ մենք Ջիվանշիր գաւառի լեռների գագաթներին էինք գտնւում: Մենք մօտենում էինք հայոց փոքրիկ Մինաքէնդ գիւղին, որը մեր տեսած գերմանական փարթամ ու հարուստ գիւղի հետ երբէք չէր կարող ոտք ձգել: Դարձեալ «գիշերելու հարցը» պտտում էր մեր գլխում, և ընկերս սարսափելի տխուր էր և յուսահատ:
Մի՛ վախիր,-ասացի ես նրան,-այժմ մենք գնում ենք հայերի, աղքատ, տանջուած և անարգուած հայերի գիւղը:
Նա հասկացաւ իմ ակնարկը, բայց արհամարհանքով ժպտաց: Ցուրտ էր, թանձր մառախուղը ծածկել էր մեր աչքերից ամեն բան. յանկարծ լսեցինք մենք մի երգի ձայն, և մեր առաջ կանգնեց մի ալեզարդ ծերունի, որ վար էր անում:
Բարև ձեզ, եղբայրնե՛ր, ո՞ւր էք գնում, որտե՞ղ պիտի գիշերէք:
Մենք տեղ չունենք գիշերելու,-պատասխանեցի ես:
Խնդրեմ գնաք գյուղը և ասեք իմ որդուն, որ ձեզ ուղարկողը ես եմ, գյուղի տերտերը: Ես էլ մի ժամից յետոյ կը գամ:
Մտանք գիւղը, գտանք քահանայի տունը և յայտնեցինք նրա որդուն հօր ասածը: Նա իսկոյն հրամայեց, որ մեր ձիերին տեղ տան, «դահլիճը» պատրաստեն, հեշտաեռը բերեն: Մի րոպէում ամեն բան կարգադրուեց, դաշտից վերադարձաւ տէրտէրը և անմիջապէս հրամայեց գինու կարաս բացել, վառեկներ տապակել, սեղան պատրաստել: Ընթրիքը սկսեցինք. կէս գիշեր դառաւ, ի՜նչ մաղթանքներ, ի՜նչ կենացներ, ի՜նչ երգեր… Երգողը ինքը՝ քահանան էր: Ամեն բան անպաճոյճ էր, հասարակ, նահապետական: Մենք մտանք անկողին: Առաւօտ մեզ զարթեցրին, և քահանան ինքն ուզում էր մեր ձեռներին ջուր ածել լուացուելու ժամանակ, որ, իհարկէ, մենք մերժեցինք:
Ընկերս մնացել էր ապշած: Ժամանակ էր բաժանուելու. նա հանեց քսակը և ուզում էր վճարել: Այդ բանը վիրաւորեց քահանային:
Իմ տունը հիւրանոց չէ,-ասաց նա վրդովուած:
Եւ վրդովմունքը զսպելով՝ աւելացրեց.
Հիւրը Աստուծոյ մարդն է՝ նրա ուղարկածն է: Իմ տունը միշտ բաց է ձեր առաջ, խնդրեմ երբ էս կողմերումը լինէք, անպատճառ մեզ մօտ իջնէք:
Մենք շնորհակալութեամբ սեղմեցինք քահանայի և նրա որդոյ ձեռքը և գիւղից հեռացանք:
Երբ գիւղի ծայրից դուրս գնացինք, ես ասացի ընկերոջս.
Երեկ մենք լուսաւորուած Եւրոպայում գիշերեցինք, իսկ այսօր՝ խաւար Ասիայում, այնպէս չէ՞…
Ընկերս կամենում էր ինչ-որ պատասխանել, բայց չէր կարողանում իր միտքը ձևակերպել:
Նա շշմել էր…
Հրապարակումը՝
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։