Մատենագիտական արժեքավոր հրատարակություն / Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ Բան. գիտ. թեկնածու

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ազգային գրադարանի նախկին և ներկայումս «ՍայաթՆովա» մշակութային միության Աշուղագիտության կենտրոնի աշխատակցուհի Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն» (1513-1921 թթ.) (Գրքի խմբագիր, առաջաբանի հեղինակ՝ ՀՀ ժող. արտիստ, բանահավաք, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյան, խորհրդատու՝ Ժիրայր Կանայանց-Հարությունյանց, կազմի ձևավորում՝ Արամ Ուռուտյան, Ե., «Նահապետ» հրատ., 652 էջ) աշխատանքը:
Առաջաբանում Թովմաս Պողոսյանը անդրադառնում է մեր բազմադարյան ու հարուստ մշակութային կարևոր հատվածներից մեկին՝ երգին, նշելով, որ «Հայ երգը ազգապահպան հզոր զենք է»: Նրանում ընդգծված է հատկապես 16-րդ դարի հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերից մեկը՝ «Տաղարան»-ը, որով սկիզբ է դրվում մեր «Տաղարանների», երգարանների հրատարակություններին: Մատենագիտության ուսումնասիրության նյութ են դարձել տարբեր ժամանակաշրջաններում տար-բեր վայրերում՝ Վենետիկում, Կ.Պոլսում, Թիֆլիսում, Երուսաղեմում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Վաղարշապատում և այլուր տպագրված տաղարանները:
Թ. Պողոսյանի հագեցած տեղեկություններ պարունակող առաջաբանին հետևում է կազմողի՝ Կ. Հարոյանի խոսքը, որով ամենայն մանրամասնությամբ ներկայացվում են մատենագիտության կառուցվածքային առանձնահատկություն- ներն ու սկզբունքները: Գրախոսվող աշխատանքի եզակիությունով պայմանավորված՝ կազմողը ամենայն բարեխղճու- թյամբ բացել և հանրությանը ավելի է մատչելի դարձրել մատենագիտական ցանկի բովանդակությունը, որի բաժին-ներն իրարից առանձնացվել են նյութերի բովանդակային նմանությամբ:
Նյութերը դասակարգված և նկարագրված են մատենացանկի հետևյալ բաժիններում.
Ա. Երգերի միայն խոսքեր պարու-նակող ժողովածուներ,
Բ. Երգերի միայն խոսքեր ձայնա-նիշեր պարունակող ժողովածուներ,
Գ. Երգերի միայն ձայնանիշեր պա-րունակող ժողովածուներ,
Դ. Ոչ միայն երգերի խոսքեր, այլև ոտանավորներ, արձակ էջեր, ուսումնասիրություններ, առածներ, հանելուկներ, հեղինակների հակիրճ կենսագրականներ պարունակող ժողովածուներ և այլն,
Ե. Երգարան և այլ նյութեր պարու-նակող ժողովածուներ,
Զ. Հրատարակման տարեթվերը չնշված կամ անստույգ տարեթվով ժողովածուներ,
Է. Թերի իրազեկանքով ժողովածու-ների վերնագրեր,
Ը. Երգարանների վերնագրեր, որոնց լույս տեսնելու մասին եղել են հայտա-րարություններ,
Թ. Երաժշտության դասագրքեր (եր-գերի թե՛ մեղեդին, թե՛ խոսքը պարունակող ժողովածուներ),
Ժ. Երաժշտական պարբերականներ (երգերի թե՛ մեղեդին, թե՛ խոսքը պարունակող ժողովածուներ):
Նշված բոլոր բաժիններն ունեն իրենց ենթաբաժինները:
Մատենագիտության մեջ առանձնանում է հավելվածը, որը ներառում է.
ա) Մեկական երգեր պարունակող հրատարակություններ (թե՛ ձայնանիշեր, թե՛ խոսքեր),
բ) Մեկական երգեր պարունակող հրատարակություններ (սոսկ ձայնանիշեր):
Գրքում մանրամասն կերպով է ներկայացված «Մատենագիտության կառուցվածքը»: Այնքան մանրամասն, որ լրացնում է մատենագիտական ցանկում կարծես շատ վճռորոշ դեր կատարող օժանդակ ցանկերին: Այս յուրահատուկ մոտեցումը, մեր կարծիքով, նմանատիպ բարձրակարգ մատենագիտության ցանկը ավելի է հարստացնում և քողարկում է նրա ակնառու բացը՝ օժանդակ ցանկերի բացակայությունը, որոնց առկայությունը հնարավորություն կտար ավելի մատչելի դարձնել որոնումը:
Աշխատանքի հավելվածը ևս խոսուն է, քանի որ նրանից օգտվողների համար տեղեկատվության աղբյուր է հանդիսանում:
Մատենագիտության «Պայմանական նշումներ, համառոտագրություններ» բաժնում ներկայացված է՝ «Գրքեր, նոտային հրատարակություններ, առանձնատիպ հոդվածներ» ենթամասը, որտեղ զետեղված է բավականին հարուստ և ընդգրկուն գրականության ցանկը: Այն գալիս է փաստելու հեղինակի պրպտուն, գիտական բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքը դեպի իր աշխատասիրած գործը: Գրականության ցանկում առկա են ոչ միայն հայերեն, այլև օտարալեզու գրքեր: Մատենագիտությունը կազմելիս Կ. Հարոյանը օգտվել է մեկ ձեռագրից, էլեկտրոնային հրատարակություններից, պարբերական հրատարա- կություններից, տարեգրքերից: Այստեղ տեսնում ենք նաև երգարաններում հիշատակված պարբերականների ցանկը՝ պարբերականի վերնագրի և հրատարակման վայրի ընդգծումով:
Մեծ է այն հաստատությունների ցանկը, որոնցից օգտվել է Կ. Հարոյանը աշխատանքը կազմելիս՝ ՀՀ կառավարու- թյանն առընթեր հին ձեռագրերի ինստիտուտ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Հայաստանի Ազգային գրադարան (ՀԱԳ), ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գիտական գրադարան, ԵՊՀ-ի Մարի և Սարգիս Իզմիրլյանների անվան գրադարան, Հայաստանի պատմության պետական թանգարանի գրադարան, Վաչե և Թամար Մանուկյան մատենադարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (Ենովք Արմենի, Կարո Գազազյանի, Երվանդ Թերզյանի, Լեոյի, Հակոբ Մանանդյանի, Ստեփան Սերբերակյանի, Գ. Սունդուկյանի, Գա-րեգին Լևոնյանի, Ստեփան Կանայանի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի և այլն):
Նշված են նաև վերոհիշյալ հաստատությունների կազմում գտնվող անձնական գրադարանների ցանկը:
Կազմողը գրառել է նաև նկարագրվող հրատարակությունների հեղինակների, խմբագիրների կամ հրատարակիչների ընծայագրերը, յուրաքանչյուրում նշելով տվյալ օրինակի հասցեն:
Մատենագիտության մեջ ներառված են նաև լուսանկարների, դիմանկարների, գեղանկարների ցանկերը, գրառված են նաև գրքերի հեղինակների կամ հրատարակիչների ձոնագրերը: Առկա են նաև բազմաթիվ ծանոթագրություններ, որոնք է՛լ ավելի են ընդգծում աշխատանքի գիտական արժեքը:
Մատենագիտական ցանկը ներկայացվում, ուղեկցվում է հարուստ ու բովանդակալից էջատակերով և ծանոթագրու թյուններով, որոնք նոր խոսք են մատե-նագիտության կազմման ասպարեզում:
Ներկա աշխատությունն՝ իր աներկբա եզակիությամբ, աղբյուրագիտական դրսևորումներով, մեծածավալ գիտական ուսումնասիրությունների, կազմողի՝ տաս- նամյակներ տևած տքնաջան աշխատանքի առհավատչյան է: Այն մենք պետք է վայելենք ամենայն սիրով և պատասխանատվությամբ: Հանդիսանալով իր տեսակի մեջ բարձր ու յուրատեսակ աշխատասիրություն, որը մեր մշակույթի պատմության փառավոր էջերի արտացոլումն է, ծնունդ է առել Ազգային գրադարանում, նոր ու կարևոր շնչառություն ստացել «Սայաթ Նովա» մշակութային միությունում և գիրք դարձել Թովմաս Պողոսյանի նպատակասլաց գործու-նեության արդյունքում: Կարինե Հարոյանի մատենագիտությունը ներկայացնում է հայ երգարվեստի և հայ գրքի պատմության մի կարևոր շրջափուլը, որի կիրառական նշանակությունը անվիճելիորեն մեծ է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։