Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը վերջերս ֆրանսիական Franc 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև 1915թ. դեպքերին: Առընչը կրկին պնդել է, որ հարցը կարող է լուծվել բացառությամբ պատմաբանների ջանքերով, և դարձյալ հայտարարել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցն այն է, որ եթե, համաձայն թուրքական ժխտողական քաղաքականության, ցեղասպանություն չի եղել, ապա ի՞նչն են ճանաչել այն երկրները, որոնք դատապարտել են անցյալ դարասկզբի՝ թուրքերի կողմից հայերի դեմ վայրագությունները: Եվ ինչո՞ւ Թուրքիան, եթե այդքան վստահ է իր անմեղությանը, երբ այլ դեպքերում, թեկուզ աննշան առիթով, պահանջում է իրենից ներողություն խնդրել, այս դեպքում բավարարվում է ընդամենը դիվանագիտական անփամփուշտ կրակոցներով: Ինչո՞ւ այդ երկրներից չի պահանջում ներողություն խնդրել, չէ՞ որ, եթե ցեղասպանություն չի եղել, նշանակում է՝ զրպարտում են, մի բան, որը ինքնասիրահարվածի հավակնություններով հիվանդ Թուրքիան այլ պարագայում հազիվ մարսեր: Ավելին, ամեն տարի միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանության ճանաչման երկարող շղթան կարճելու, գործընթացը հնարավոր և անհնարին միջոցներով ձախողելու համար: Ինչո՞ւ, եթե ըստ իրենց, մեղադրանքը հավելյալ ապացույցների կարիքն ունի: Այս խնդրով Թուրքիայի ողջ քաղաքականությունը հանցագործի կողմից հանցագործությունը թաքցնելու գործողություն է հիշեցնում, այն էլ ջայլամի պես գլուխն ավազների մեջ թաղելով, երբ ակներև են հանցագործության հետքերը:
Վերջին շրջանում թուրքերը, ժողովրդավարության ջրերն ընկած, ավելի դրսի համար, փորձում են մի քանի երևացող գույներ ավելացնել իրենց ժխտողական քաղաքականությանը, սակայն դրանց ամենաթանձր շերտերի տակ անգամ անկարող են քողարկել այլատյացության իրական երանգը: Եվ դեռ հավակնում են տարածաշրջանում խաղաղության հաստատման դերակատարությունն ստանձնել: Ինչպե՞ս, երբ ամբողջովին թաղված են սիրիական թնջուկի մեջ և, ըստ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր իր նախկին ընկերը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սիրիայի թեմայով «ոչ մի ճիշտ խոսք չի ասել»: Թուրքիան հավակնություններ ունի ներգրավվելու նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ բնավ չխորշելով իր ակնհայտ հակահայկական դիրքորոշումից: Եվ ցավալի է, որ այս հարցում նրա աջակիցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է՝ հայամետ նախկին սենատորը, ով ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի խնդրով առաջ է քաշել Թուրքիայի դերի մեծացման հարցը, չկողմնորոշվելով կամ չուզենալով կողմնորոշվել, որ Թուրքիան, որքան էլ փորձի արատներն սքողել ժողովրդավարություն կոչված շպարով, դեռևս անցյալ դարասկզբի մատույցներում է և չի հաջողել հաղթահարել այդ մատույցները, ինչը թույլ չի տալիս նրան գնահատել համամարդկային արժեքները և առաջնորդվել այդ արժեքներով: Ուշադիր լինելու դեպքում դժվար չէ նկատել, որ տարբեր ժողովուրդների արյունը շարունակում է ընդվզել ու թափանցել նրանց մաշկի տակից, որովհետև արյուն հեղելով ու այդ փաստը ժխտելով հնարավոր չէ նրանից մաքրվել: Անմեղ զոհերի արյունը վրեժխնդիր է, և այդ վրեժխնդրությունը վաղեմության ժամկետ չունի:
Խնդիրը չի կայանար միայն այն արեան զոր կը հոսի թուրքի երակներու մէջ, խնդիրը կը կայանայ նաեւ այն արեան մէջ զոր կը հոսի հայու արեան մէջ որ թոյլ չի տար մեզ յառաջդիմել որպէս երկիր… մեր երկիրը կը պարպուի ու մեր սփիւռքը կը տկարանայ: