Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ / ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏ

Ապրիլյան ազատամարտի նահատակներին

Տասնհինգ թվի վերջերին-
Արթնացա… զորքերի շարքում:
Ե. Չարենց

Լսեք,
Վարուժան,
Անդրանիկ,
Չարենց,
Նժդեհ,
Սիամանթո,
Մոնթե,
բոլորդ,
բոլորդ
լսեք:

Ես եմ՝ արցախցի
մի պոետ,
մի նոր
Առան,
ձեր խոսքի
տեր ու ծառան:

Ուղիղ դար հետո
վերստին
ելավ ազերին՝
քոչվոր թուրքիո
քոչվոր պոչը,
շալակին՝
մութ մեղքերի,
ոճիրների
ծանր… քոչը:

Ելավ՝ նորից
եղեռնելու
մեր ազգին,
բայց այլևս
չդիմացավ,
չդիմացավ
ենիչերը
մեր տղորանց
հզոր բազկին:
……………………..
Որպես զինվոր՝
Ես հիմա
պատմեմ ձեզ՝
կռվի այս կարճ
դադարին,
կրկին՝ աշխարհի
կետից
ամենաթեժ,
ուշքս՝ ձեր
տառ ու բառին:

Թող խոսքս հասնե
և
երկու միլիոն
զոհերին
մեր սուրբ,
լուսե:

Թող և անականջ
աշխարհը
լսե…

2016 թիվ:

Լսեք:
Լսեք:
Լսեք:

Հայոց ապրիլի
1-ը
դարձյալ սկսվեց
ապրիլի
24-ով:

Թեև չէր գնացել,
սակայն,
նորից եկավ՝
նեռ ոհմակով,
աշխարհի
սև անեծքը,
մուրն ու թուքը,
նա-ինքը՝
թուրքը:

Եկավ ռսի տանկով
(բա՞, Ֆեոդոր
Միխայլովիչ1),
«բեզպիլոտնիկներով»
Իսրայելի
(դավը հասցեն
չի փոխել էլի),
եկավ
թուր ու թվանքով,
նռնակով,
Բաքվի
նավթային
բանկով,
15 թվի հանգով,
եկավ՝ ավերով,
ավարով,
արյան ծովերով,
մեծ թուրանի
հովերով:

Եկավ,
դիպավ լույսին՝
լույսը հանգավ,
դիպավ լուսնին՝
լուսինն ընկավ…

Եկավ, եկավ
ասկյարներին
վագրազոլեր
հագցրած,
մութ ու սմքած
ճակատներին,
քամակներին
ռեմբոյական
նախշ ու նշան
թքած-կպցրած,
կապկահորանց
պոչիկները
խիստ խնամքով
թաքցրած,
կռվի ահից՝
շալվարները
թաց:

Եկավ՝ հայի
գարունն էլի
պղտորելու,
կեղտակոլոլ
սապոգի տակ
տրորելու, եկավ՝ հայի
գարունն էլի
հարամելու:

Եկավ ծպտված՝
մեկ լեռներով,
մեկ դաշտերով,
անտառներով,
իսլամիստական,
մուջահեդական
օձ – կարիճների
բյուր
վտառներով:

Այնպես եկավ,
իբրև իր հետ
վերջն էր բերում
աշխարհի
գծուծ,
կծուծ,
շեյթանազորք
համշարին:

Գայլի գորշ
գարշանքով,
նեխանքով,
գիշերաբոզի
աճապարանքով
եկավ,
զենքը՝
դողացող ձեռքին,
«անգյուման»
խելքի,
եկավ որպես
որդնած
ճահիճներից
փչող բուքը,
նա՝ ինքը-
թուրքը…

Կեռ լուսինը՝
կռնատակին,
ածուխն՝ երեսին,
եկավ թաքուն
ու դավադիր,
դրդումով… թարսի,
հորդորով
Էրդողանի
և էլի
ինչ-որ… խանի:

Հայոց զանգերը
հնչեցին կրկին
գիշերվա կեսին…

– Ելեք, Արցախ,
Հայաստան,
Սփյուռք,
զենքով ելեք:

Զենքով:
Զենքով:
Զենքով:

Քնեք զենքով,
ելեք զենքով,
հայեր,
հայեր
ջահել ու ծեր,
կին ու այրեր,
քար ու ոստան,
ծառ ու սարեր…

Սահմանի վրա
արյուն է, հեղեղ…

Թալիշ…
Մատաղիս…

Որտեղ եղել են
ազերիները,
ավեր է այնտեղ,
տուն լինի
թե հանդ,
ճանապարհ
թե արտ,
ուր որ մտել են,
մարդկանց
գլխատել.
մարդկանց
հոշոտել
ու
խոշտանգել են:

Սահմանի վրա
կռիվ է ու մահ:

Իսկ այնտեղ՝
Բաքվում,
«իմաստուն,
գյոզալ»
մտքերի,
հոխորտուն,
«օզան»
կրքերի
«սալյուտ» է
ու
«շաբաշ»…
Որպես դեռ դար
չբոլորած
Ազերբայդջանի
բազմադարյա
«գարդաշ»,
չունեցած բեղերը
սուլթանավարի
ոլորած
Ռոգոզինը,
ահա,
այսպես է կրակել՝
պարպելով
խավիարակուշտ
իր բերանի
թրքափամփուշտ
«մագազինը».
– Կրակում է ձեռքը,
ոչ թե
զենքը…
-Աֆարում,
ինշալլահ…
Դու ճիշտ ես,
մուստաֆա
Դմիտրի,
ի սեր մեր Աստծո,
ի սեր քո Ալլահի,
դու ճիշտ ես,
հավատում ենք,
փորդ իզուր
մի՛
պատռի,-
ասացի ես,-
բառերդ նուրբ,
ճկուն են,
գրողը տանի,
ձգվում են՝
ինչպես գեյշի
մերկ
իրանը գրկած
ռեզին,
տաք,
բռնկուն են՝
հանց
էժանացված
նավթ
կամ
բենզին..
Իհարկե,
կրակում է
ոչ թե
զենքը,
այլ
զենք… տվող
ձեռքը…

Արցախը սակայն
Արցախ է մնում՝
իր ուժը
միայն
տեսնելով իր մեջ:
Արցախի համար
մնացածը՝
«պընգըլ» է՝
հեչ:

Տղերքը ելան…

Ելան տղերքը
դեռ
նորամորուս,
տասնութ-քսան
տարեկան,
ելան տղերքը,
զարկեցին-զարկվան
սահմանի վրա,
ելան տղերքը…

Ու նրանց մեջ
դուք էիք,
Վարուժան,
Անդրանիկ,
Չարենց,
Նժդեհ,
Սիամանթո,
Մոնթե,
ձեր ոգին էր
անհաղթ
ու
մեծ…

Եվ գիտեն տղերքը,
գիտեն,
անշուշտ՝
որպես
հայոց
բեղուն հողի
ոսկեղեն
հունդ:-

Թե թշնամիդ թուրք է,
զգուշացիր
ոչ թե
պատերազմից,
այլ
խաղաղությունից:

Թե թշնամիդ թուրք է,
զգուշացիր
ոչ թե
պատերազմից,
այլ
հրադադարից:

Թե թշնամիդ թուրք է,
զգուշացիր
ոչ թե
պատերազմից,
այլ
բարեկամությունից:

Թե թշնամիդ թուրք է,
հաշվիր թե՝
պատերազմը
երկնային
տուրք է,
ուր ամեն-ամեն ինչ
պարզ է ու հստակ,
ինչպես
ռազմադաշտում՝
հրթիռների
լույսի տակ,
իսկ
տեսանելիությունը՝
վստահելի,
անխաբ,
անվտանգ:

Ինքն իր վաղվան
զինվորյալն է
հայոց
աշխարհը:
Եվ ամեն զինվոր,
որ կյանքով,
արյամբ
երկիրն է փրկում,
իր մեջ կրում է
ազգի
հանճարը:

Ելան տղերքը՝
պինդ
ու
անվհատ,
ուս ուսի տված,
խրոխտ
ու
հաստատ…

Դարձան տղերքը
կենդանի… պատ:

Ազերին բախվեց
պատին՝
ընկավ,
ազերին բախվեց
պատին՝
հանգավ,
ազերին՝
թուրքի թվանքով,
ռուսիո տանկով,
նավթաբանկով…

Եվ խավարի մեջ
ծառս եղավ
հանկարծ
Չարենցի
ձին:-
Ոտքերի տակ
ձիու
լսվում է ձայն մի՝
նման լացի.
-Աման, ալլահ,
հաղթել չի լինի,
ճիշտ որ՝
իգիթ է
ամեն էրմանի…

Ու «հաշտարար»
պահը եկավ,
կողքից կախ`
մուրացողի
մաղախ ու մաղ,
մաղի տակ՝
ծպտված
և-ը,
ինքը՝
Ալիևը,
«բեզպիլոտնիկի»
պիլոտնիկը…

Գլխին քաշած
տաճկական
«կազիրոկով»
ռուսական
կեպի,
նա պատրաստ էր
հայոց արյամբ
խրախճանքի,
քեֆի…
Պատրաստ էր
«մախմուր»
թեյի,
լափի՝
բարձունքում
Շուշու:
«Իշտահին»՝
քացախ…
Սա երկիրն է
Արցախ,
այլ խորհուրդ է
Քիրսը
հուշում…
Մի ճապկե մահակ է
շեշտակի
իջնում
ինքն իր մեզից
հոտ առած
քթին
իշու:
…………………….

Փառք ձեզ,
հայոց
աննկուն տղերք՝
տասնութ-քսան
տարեկան,
աստվածազարմ
քաջեր,
դավթակորով,
դյուցազնական:

Փառք ձեզ:
Փառք ձեզ:
Փառք ձեզ:

Արցախը ձեզնով
հաղթեց… ու կա,
միշտ,
հավերժական:

2016 թ., ապրիլ

1. Դիմելով Դոստոևսկուն՝ հեղինակն ակնարկում է թուրքի հրեշավոր բնույթը ներկայաց-նող նրա տողերի մասին («Կարամազով եղբայրներ»):

One thought on “Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ / ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏ

  1. Երբ ոչ մի բան իր տեղում չէ՝ բանաստեղծությունն ինչպե՞ս կարող է իր տեղում լինել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։