Պատերազմի մասին՝ ըմբռնումի ճիգով. Վերընթերցելով Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լևոն ԽեչոյանԱպրիլյան քառօրյա պատերազմը և դրան հաջորդած օրերի տագնապալի մթնոլորտը բոլորիս համար դարձան փորձաքար, որին բախվելիս յուրաքանչյուրիս ցնցումներն ու հետցնցումներն առանձին ձև ու բովանդակություն ստացան: Ինձ համար, ոչ անսպասելի, ևս մեկ անգամ անհրաժեշտություն թվաց ձեռքս առնել 90-ականների արցախյան հերոսապատումը ներկայացնող գրական երկերը, թերթել դրանք կրկին՝ նորովի վերարժևորելու մտադրությամբ: Վերընթերցված բազմաթիվ գործերի մեջ իր հնչեղությամբ առանձնացավ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: Եվ չկարողացա չգրել այն, ինչ գրեցի ու ներկայացնում եմ այս հրապարակման մեջ:
Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպն այն եզակիներից էր, որ լույս տեսավ արցախյան ազատամարտի հարաբերական ավարտից կարճ ժամանակ անց՝ 1999 թվականին՝ դառնալով այդ ազատամարտի յուրատեսակ բանբերը:
Լևոն Խեչոյանն իր պատումաշարը հրամցնում է խաղաղ, հավասարակշիռ, սթափ վերլուծաբանի մոտեցմամբ, փորձում է ինքն իր և ընթերցողի համար ըմբռնելի դարձնել պատերազմ կոչվող արհավիրքի դիմագիրը: Գեղարվեստական խոսքի հմայքն այս վեպում ասես պատսպարված է խոհի, տագնապի, նաև ցինիզմի, ինքնախարազանումի, դաժանության հասնող սառնասրտության ստվերում: Բայց և ամենամռայլ դրվագներում առկա է գեղարվեստը:
Այսպես, վեպն սկսվում է Բասիոյի ու Դանթեի՝ դժոխքի նախանվագ հիշեցնող բնաբան-խոսքերով: Մինչև կտրվենք սյուժետային ընթացքին, հեղինակային հղումից տեղեկանում ենք, որ վեպը նվիրվում է մահվան դեմ չընկրկած, բայց և Աստծուն չծաղրած ազատամարտիկներին:
Այսքանն արդեն բավական է՝ հասկանալու համար, որ մեր առջև իր սիրտը բացողը ո՛չ ընդամենը գրող է, որ օրհասական պահին իր հայրենի հողի կանչով մեկնել է ռազմաճակատ, ո՛չ էլ զինվոր, որ ժամանակավորապես գրասեղանը փոխարինել է մարտական խրամատով: «Սև գիրք, ծանր բզեզ»-ի էջերից հառնում է արվեստագետի հայացքը՝ շատ նման Լևոն Խեչոյան մարդու խորաթափանց, անորոշության մեջ թերևս միայն իրեն հայտնի որոշակիությանն ուղղված հայացքին:
Հոր՝ Օնանի մահվան լուրին ընդառաջ գնացող հերոսի կերպարը երկրորդված է բնության, նրան շրջապատող միջավայրի նկարագրության տիրույթում. այսպես է սկսվում վեպի շարադրանքը, որ պիտի զարգանա զուգահեռաբար ընթացող, իրար հետ առերևույթ բովանդակային որևէ ընդհանրություն չունեցող, բայց օրգանապես սերտորեն կապված երկու պատումաշարով, սյուժետային երկու գծով:
Մեկում Խեչոյանը խոհափիլիսոփայական հայացքով դիտարկում է իր բնօրրան-միջավայրի իրականությունը, իր արյունակից ու ոչ արյունակից մերձավորներին, նրանց պարզ, առօրեական հոգսերն ու ողբերգությունները, իր սիրած ու չսիրած կանանց, իր ընտանիքը, իր համար այդ ընտանիքի նման կենսական երկիր-հայրենիքի պատերազմական ու ոչ պատերազմական անցքերն ու դրանց համաշխարհային արձագանքները: Այս համատեքստում հայացք է նետում նաև իր ստեղծագործական դավանանքը դարձած թեմաներին՝ 350-368 թվականներին գահակալած հայոց Արշակ Բ արքայի, հայ ազգային էպոսի դյուցազուն Փոքր Մհերի պատմությունների՝ իր վեպերում ¥խոսքը «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» և «Մհերի դռան գիրքը» վեպերի մասին է¤ բյուրեղացած դիպվածաշարին:
Երկրորդ գիծը, որ, հնարավոր է, առաջինն ու կարևորն է վեպում, պատերազմի սարսափները իր մաշկի վրա զգացող ու իր զգացողությունները կաթիլ առ կաթիլ ընթերցողի գիտակցության մեջ ներարկող վավերագրողի օրագրությունն է՝ «Հատվածներ օրագրից» ենթավերնագրի ներքո:
Այստեղ քաղցի, հիվանդությունների, կրակահերթերի, արկերի պայթյունների, փոխանակումից առաջ սպանված գերիների, բռնաբարվող տասներկուամյա աղջկա, յուրայինների կողմից արհամարհված ու մերժված քսանմեկամյա ադրբեջանցի գերուհու, վերջինիս հանդեպ ծնված «անախորժ» կարեկցանքի, հողի տակից դուրս բերված քառասուն օրվա դիակի՝ փսխուք առաջացնող գարշահոտության, մեկը մյուսից հետո ազատագրվող հայկական շեների, պանծացումի, հաղթանակի արբեցնող զգացողությունները չապրելու մասին պատմությունների հերթագայությունն է: Օրագրության դաժան պատկերներն ընդմիջվում են «Օնանը ժպտում է» կամ «Օնանը քահ-քահ ծիծաղում է» տողերով՝ գուժելով պատմողի խելագարության ընթացքը: Իսկ որպես սթափեցնող ազդակ՝ ամենաանսպասելի պահին հառնում է գրքի վերնագիր դարձած բառազույգը. «Մի ծանր բզեզ անցավ»:
Իսկ ո՞ւր է վերնագրի՝ «սև գիրք» հատվածը: Դա հենց ինքը՝ ամբողջ գիրքն է, որ սևակնած է պատերազմի ծխով ¥«Վառվածի հոտ կա, օդն է խանձվել…»¤, մինչև պատերազմն ու պատերազմին զուգահեռ ընթացող կյանքի մթին գալարներով: Դա նաև հետպատերազմյան դժնի իրականությունն է, որտեղ ամեն բան որոշում են դիվանագիտական կեղծավոր բանաձևումներն ու նավթադոլարների շուրջ անխուսափելիորեն փթթող գայթակղությունները:
Հեղինակն ինքն էլ հասկանում է, որ դժվարամարս նյութ է մատուցել իր ընթերցողին, որ այն, ինչ ինքն իր աչքերով է տեսել, այն, ինչ ինքն իր սեփական մաշկի վրա է զգացել, այն, ինչ իրեն հասցրել է խելագարության, հազիվ թե լիարժեքորեն հասու դառնա մեկ ուրիշին: Ու այս անհանգստությունը կամ, գուցե, օրինաչափ իրողությունը փորձում է ձևակերպել վեպն ամփոփող «Նամակ» հատվածով: Այստեղ Լևոն Խեչոյանը օտարվում է ինքն իրենից ու իր վեպից: Ասացողի առաքելությունն ստանձնում է որդուն հոր մասին պատմող մայրը, որ ավարտում է վիպական պատումը՝ շարունակականության թելը հստակ ուրվագծող վերջաբանով: Ըստ նրա դիտարկման՝ ճշմարտությունից անդին է այն, ինչը մենք որոնում ենք, այն, ինչի մասին ինքն այդ պահին չի ուզում մտածել: Իսկ երբևէ գալո՞ւ է այդ պահը, շոշափվելո՞ւ է ճշմարտությունից անդին գոյություն ունեցող անհայտը: Այս հարցերը Խեչոյանի չասելիքի տիրույթում են, որոնց պատասխաններին հասու դառնալու համար յուրաքանչյուրս պիտի ունենա իր բանալին:
Արցախի սահմաններին վերսկսված ապրիլյան քառօրյա պատերազմի արյունոտ հետագիծը ոչ մի կերպ չի ջնջվում մեր գիտակցության ու հոգեբանության շերտերից, ոչ մի փխրուն հրադադար մեզ չի կարող մոռացնել այն պայծառ հայացքները, որոնք հառնում են մեր հերոս նահատակների լուսանկարներից՝ հնչեցնելով իրենց արյան վրեժը լուծելու ու ոսոխին չարախնդալու պատճառ չտալու հրամայականը: Այս զգացումներով էր թելադրված Լևոն Խեչոյանի արցախյան պատերազմապատումին կրկին անդրադառնալու իմ մղումը, որովհետև վերընթերցելով «Սև գիրք, ծանր բզեզը»՝ անվերապահորեն հավատում ես, որ հայրենիքի մերօրյա և 1990-ականների պահապանների զարկերակները բաբախում են միևնույն ռիթմով, ու իրավունք չունենք ականջ չդնելու այդ բաբախումի ձայնին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։