Ղրիմը Ռուսաստանին միանալու երկամյակին նվիրված տոնակատարությունները Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն անվանել է «ցինիզմ ու կեղծիք ռուսաստանյան հրապարակներում ու հեռուստատեսությամբ»: Իր հերթին, Եվրամիությունը հորդորել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: «Եվրամիությունը կրկին փաստում է,- ասված է հայտարարության մեջ,- որ չի ճանաչում և դատապարտում է միջազգային իրավունքի ամեն խախտում: Դա ուղղակի մարտահրավեր է միջազգային անվտանգությանը՝ միջազգային իրավակարգի համար լուրջ հետևանքներով»: Փաստաթուղթը միաժամանակ կոչ է բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին՝ զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են որպես ճանաչում ընկալվել: Սակայն անգամ միջազգային հանրության այսօրինակ ճնշմանը ռուսները հազիվ թե իրենց համար ռազմավարական կարևորության այդ տարածքը զիջեն: Հասարակության կարծիքն ուսումնասիրող համառուսական կենտրոնի հարցախույզով Ղրիմի միանալը Ռուսաստանին դրական են համարել ռուսաստանցիների 95 տոկոսը, ասել է թե՝ ողջ Ռուսաստանը, ինչը չափազանց մեծ աջակցություն է Կրեմլի քաղաքականությանը: Թեև քանիցս հնչած կարծիքների, որ Ղրիմի խնդիրն այլևս օրակարգային չէ, և Կիևը ստիպված է համակերպվել առկա իրողությանը, այդուհանդերձ, ուկրաինացիները շարունակում են թերակղզին հետ բերելու ուղիներ փնտրել: Նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ սկսել է Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու գործընթացը, սակայն նրա ռազմավարությունն առայժմ հեռու է գործնական քայլերից: Ուկրաինացիները պատրաստվում են միջազգային դատարաններում պատասխանատվության կանչել Ռուսաստանին, բայց ընդամենը պատրաստվում են: Ռուսական բանակի հարձակմանը դիմակայելու համար Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է սևծովյան ափերին ուժեղացնել Ուկրաինայի ռազմական ներկայությունը, և կրկին անորոշ է՝ երբ ու ինչ միջոցներով: Թեական այս մոտեցումը հատկանշական է ուկրաինական ներկայիս իրականության բոլոր ոլորտներին: Մայդանով ձևավորված կառավարությանն այդպես էլ չհաջողվեց համակարգային բարեփոխումներ իրականացնել և, ամենակարևորը, միասնականության գաղափարի շուրջ համախմբել ժողովրդին: Փետրվարին՝ իշխող կոալիցիայի քայքայվելուց հետո, քաղաքական ճգնաժամի խորացման հետ նույնիսկ Ուկրաինայի առանցքային դաշնակիցներ Արժույթի միջազգային հիմնադրամն ու ԱՄՆ-ն ստիպված էին վերանայել իրենց հարաբերությունները, խոստացված օգնությունը հետաձգելով մինչև լավագույն ժամանակներ, չմոռանալով հայտարարել, որ «Այդպես կլինի, քանի դեռ վստահ չեն, թե բանակցելիս ով է նստելու իրենց դիմաց»: Բրիտանական «Financial Times» պարբերականը գրում է. «Թեև երկրում երկու ազգային հեղափոխություն է տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել են հարյուրից ավելի ցուցարարներ, Ուկրաինան շարունակում է մնալ ավազակապետերի և օլիգարխների ձեռքում, ովքեր հանդես են գալիս համակարգում ցանկացած փոփոխության դեմ և հարստանում են ոչ թափանցիկ գործարքների ու պետական տենդերների միջոցով»: Նման իրավիճակում բնական է իշխանությունների և ուկրաինացիների՝ օրեցօր խորացող անջրպետը: Կառավարության հանդեպ ուկրաինացիների անվստահությունը բացասական նոր ցուցանիշներ է գրանցում, ինչի հետևանքները դժվար է կանխագուշակել: Համաուկրաինական սոցիոլոգիական հարցման արդյունքներով դեկտեմբերին կառավարության նկատմամբ վստահությունը -18%-ից հասել է -67%- ի: Նույն հարցումների համաձայն՝ Գերագույն Ռադայի նկատմամբ վստահությունը՝ -26%-ից մինչև -74%: Ցածր է բնակչության վստահությունը նաև կուսակցությունների նկատմամբ: Հարցվածների 40%-ը կողմնորոշված չէ, թե ընտրություններին որ կուսակցությանն է ձայն տալու: Այս պարագայում առնվազն անհեռատեսական են Ղրիմը վերադարձնելու նկրտումները: Նման արկածախնդրությունն ավելի հիշեցնում է ազերիների մարտավարությունը: Ընդհանրապես, ըստ ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, «Ռուսաստան-Ղրիմ» և «Հայաստան-Ղարաբաղ» իրավիճակները շատ նման են ու, կարելի է ասել, միանման են»: Սակայն միանման չէ ռուսների վերաբերմունքը, ովքեր ուկրաինացիների պահանջը համարելով չպատճառաբանված, ամեն կերպ փորձում են ձայնակցել ազերիների նույնաբովանդակ ցանկությանը: Կիևի իշխանություններն իրենց անհաջողություններն ու կառավարական ճգնաժամը պայմանավորում են ռուսական ագրեսիայով, ազերիները նույնպես իրենց ներքաղաքական ճգնաժամը ռուսական «կողմնակալ» քաղաքականությանն են վերագրում, չգիտակցելով, որ արտաքին թշնամու չարչրկված տեսլականը չի կարող ընթացիկ ողջ բացասականն իր մեջ պարփակել: Անժխտելին այն է, որ խաղի կանոնները չեն փոխվել, իսկ ամենազգայուն հիմնախնդիրը` կոռուպցիան, երկու երկրում էլ շարունակում է իր ավերածությունները: Ու թեև շատերը համեմատության եզրեր են փնտրում Ղրիմի ու Ղարաբաղի կարգավիճակի միջև, իրականությունն այն է, որ Ղրիմը նշում է իր ինքնորոշման 2-րդ տարին, իսկ Ղարաբաղը շարունակում է պատերազմել, և հայտնի չէ, պատերազմն ինչքան է շարունակվելու:
Կարդալ նաեւ․․․
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Բոլորս հիշում ենք, թե ռուս օդաչու Օլեգ Պեշկովի` թուրքերի ձեռքով…
ԱՅՈ՛ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ
ԱՅՈ՛ Նորայր ԱԴԱԼՅԱՆ Հետևելով մեր երկրի ներկայիս հասարակական…
Սամվել ԿՈՍՅԱՆ / ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ Է ԹԱՓ ՀԱՎԱՔԵԼ
Ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի ընթացքը…