Իմ հիասքանչ երկիր, իմ ճախրո՜ղ հող… Դու՝ աշխարհի մեծ խաչմերուկ, տաք ու սառի մեծ հանդիպավայր: Դու՝ աշխարհի պորտ, աշխարհի աչք, իսկ մեզ համար՝ պարզապես հոգի, մեզ համար՝ դու լույս ու օդ:
Քո ոսկե արահետները բռնած, իմ լուսե՛ երկիր, ես ահա որոնումի եմ ելել կապուտկող սարերդ ի վեր և քարացել Նեմրութիդ գեղեցկության առաջ: Թիկունքիս Տավրոսի լեռնաշղթան է՝ եթերային մովի մեջ կորած, իսկ դիմացս՝ ընդամենը հինգ ոտք հեռու՝ ինքը՝ սպիտակ Նեմրութը: Այս ահռելի բարձրության վրա՝ կոնաձև գագաթի ոտնակում, քո աստվածների ու Երվանդունի արքայիդ 9 մետրանոց քարե գահերն են, լեռան երկու կողմում՝ յոթական: Այո, և՛ արևելյան, և՛ արևմտյան կողմում դրանք նույն ձևով կրկնում են իրար, իսկ գահերից քիչ ներքև երկրաշարժից տապալված հպարտ գլուխներն են՝ նույնպես յոթական ու միանգամայն իրար նման: Երիտասարդ Անտիոքոս Երվանդունին /մ.թ.ա. 72-38 թթ./ տիգրանյան խույրով է, իսկ նրա գեղեցկադեմ կինը՝ մազերի ողկուզանման հարդարանքով: Խույրով են նաև Արամազդը, Տիրն ու Վահագնը, իսկ առյուծն ու արծիվը նույն այն հայացքն ունեն, ինչ այսօրվա մեր զինանշանի իրենց երկվորյակները:
Տե՛ր Աստված, և ի՞նչ է այս ամենի անունը, ինչպե՞ս պետք է կոչել հայոց այս հարստությունը, որ ներկայացված է հունական անուններով՝ Զևս, Արտագնես, Ապոլոն: Ըստ Թուրքիայի պաշտոնական գովազդի՝ սա Հին աշխարհի 8-րդ հրաշալիքն է, որ հիմա «թուրքական» է և զարդարում է իրենց բոլոր գրքերը, օրացույցներն ու բացիկները… Սա Թուրքիայի այն բացառիկ գանձն է, որի համար գիշերային քունը կորցրել են մշակույթի շատ թուրք նախարարներ՝ մտածելով, թե ձմռան քամիներից ինչպես փրկեն հողմնահարվող արձանները: Սա այն կռվախնձորն է, որի համար բախվում են հարևան երկու գավառները՝ Դերսիմն ու Մալաթիան, քանի որ չեն ուզում կիսել զբոսաշրջությունից ստացվող ահռելի եկամուտները: Եվ վերջապես, սա այն ոսկե թագն է, որ սրբի լուսապսակ է դնում Անտիոքոսից 1500 տարի հետո այստեղ հայտնված և դրանից հետո էլ մշակույթ չստեղծած բարբարոսի ճակատին:
Բայց կա՛նգ առ, կլանո՛ղ Թուրքիա, և աշխարհին ասա, թե որտե՛ղ են ճշմարիտ ցուցանակներդ: Կա՛նգ առ և ասա՝ այդ ո՛ւմ հրաշալիքն ես դնում գրքերիդ փայլուն շապիկներին և ո՛ւմ մշակույթով ես լցնում գրպանդ ու գանձարանդ… Սակայն մի՞թե դու կարող ես կանգ առնել, մի՞թե կարող ես բաց թողնել ստի պոչը…
Ա՜խ, իմ փայլո՛ւն Հայաստան, Արևելք-Արևմուտքի օղը կապող դու մեծ Արմենիա, անապատի խորշակը մեղմող հող, որ ընկել ես օտարի կրնկի տակ… Ո՞ւր է քո սրինգը, երկի՛ր իմ, որ նվագում էր աստվածներիդ ականջին, ո՞ւր են ծնծղաներդ, որ հնչում էին արքաներիդ համար, ովքեր հիմա ննջում են Նեմրութի կոնաձև գագաթի ներսում՝ հենց լեռան մեջ՝ Երվանդունիների դամբարանում:
Ասում են՝ ոչ ոք դեռ չի գտել դամբարանի մուտքը, և փառք Աստծո, որ չեն գտնում: Հայոց հին վարպետներիդ հաշվարկով՝ գագաթից իջնող խիճը չի խնայի ոչ ոքի, և ներս սողոսկող ամեն չարագործ կթաղվի խճի մեջ: Փա՜ռք գյուտի հեղինակներին. մի դամբարան գոնե անաղարտ է մնացել:
Այսպիսով, Երվանդունիների կրտսեր ճյուղը, որին Տիգրան Մեծը կարգեց Կամախի տեր և իր թիկունքի պաշտպան, բացառիկ հետք թողեց համաշխարհային մշակույթի մեջ: Կպատկերացնե՞ր արդյոք իր թողածի գինը գեղեցիկ Անտիոքոսն այն օրերին, երբ Փոքր Նեմրութի 2150 մ բարձրության վրա և՛ արևելքից և՛ արևմուտքից կրկնակի գահերով կառուցում էր իր ու հոր՝ Միհրդատ Կալլինիկոսի պաշտամունքային ծիսավայրը և ողջ շրջակայքը զարդարում նախնիների հարթաքանդակներով:
Ըստ հունարեն քարեղեն արձանագրության (որն ինքնին մի ճոխ հուշարձան է)՝ Նեմրութի զոհարաններն ու կոթողները ամենամսյա մեծ արարողությունների համար էին՝ հաստատված սուրբ օրենքով ու քրմերի պարտականությամբ: Այստեղ, փաստորեն, խնջույքների համար էլ մեծ փողեր են ծախսվել. չէ՞ որ արձաններին հատուկ խնամք ու զարդարանք էր հարկավոր, երբ փառաշուք հյուրընկալություններ էին կազմակերպում և հրավիրում բազմաթիվ երաժիշտների, երբ նշում էին հոր ու որդու ծննդյան տոները:
Հիմա, երկի՛ր իմ, Նեմրութիդ վրա երգում է քամին: Երգում է մեղմ ու հաճելի՝ որպես մութը լույսի հետ հաշտեցնող հարմոնիա: Մեծ ու սիրուն այդ հարմոնիայի մեջ ես հակվում եմ շորորացող փետրախոտերիդ ու սկսում մեկ առ մեկ շոյել նրանց փափլիկ ծպքերը, որ հպվում են ուխտի եկած բոբիկ ոտքերիս և հիշեցնում, որ աշնան արևի մեջ իրենք վերջին քաղցրությունն են քո կարմրաշեկ կավի վրա:
Ես փորձում եմ հիշել քամու երգն ու մտածում եմ, թե ինչպես շոյեմ քո բոլոր ծաղիկները, ինչպես համբուրեմ ամենուրեք սփռված քո կարմրաշեկ կավը, ինչպես հայացքիս մեջ պահեմ քո կապուտկող բոլոր լեռները, որ նույն գծապատկերով են, ինչ իմ Արագածը, Մայմեխն ու Մռավը: Վերջապես, ես նայում եմ վեր ու մտածում՝ ի՞նչ պատասխան տամ Արագածից ինձ հետապնդող, գլխավերևումս պտույտ տվող այս ծեր արծվին, որ Անիում էլ, Վանում էլ, հիմա էլ փետուր է նետում վար, թե տես՝ հետդ եմ, կողքիդ եմ, մազս վառես, կգամ ու քեզ թևերիս առած՝ կտանեմ լույս աշխարհի կողմը…
Լույս աշխարհի՞… հարցնում եմ քամու ձայնով:
Լույս աշխարհի՜… արծվի կռինչը բազմապատկում են լեռները:
Լույս աշխարհի՜… լալիս է հոգիս հարյուրամյա թախիծով….
Նեմրութի մասին սա առաջին հիացական տպավորությունն էր: Հետո արթնացավ խոր ցավը, որ մեր բացառիկ հարստությունը՝ աշխարհի 8-րդ հրաշալիքը, օտարի՝ մեր թշնամու ամենամեծ խաղաքարտն է: