«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԱՅՐ ԵՐԱԿՆ Է ԲՈԼՈՐԻՍ»* / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔ. այս «երկիրը» աշխարհի ոչ մի քարտեզի վրա չես գտնի, բայց աշխարհում թերևս չես էլ գտնի մի երկիր, որի հետ այս նվիրական անունն առնչություն չունեննա: ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. եղեռնված ժողովրդի մազապուրծ զավակները բեկոր առ բեկոր ապաստան գտան աշխարհի հեռու ու մոտիկ զուգահեռականներում, հայապահպանության և ուծացման ահագնացող վտանգներին դիմագրավելու համար ապավինելով ոգեղեն հիմնասյուներին՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ, ԴՊՐՈՑ, ԵԿԵՂԵՑԻ, ՄՇԱԿՈՒՅԹ: Եվ մայրենի լեզվով արարվող ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ պիտի կրեր Սփյուռքահայ անունը՝ ազգանվեր առաքելությամբ:
Հայրենիք-Սփյուռք, հայրենի գրականություն-սփյուռքահայ գրականություն՝ իրար անխզելիորեն միահյուսված նվիրական խորհրդանիշներ, ցավի, սիրո, կարոտի, հուսո ու հավատի զգացումներով բոցավառվող թեժ կանթեղներ: Այդ զգացումների ծնունդ է Սփյուռքի ողջ գրականությունը՝ անբաժան մայր հայրենիքում ստեղծված գրականության տարեգրությունից: Ու նաև նրանց «փոքր զավակը»՝ Սփյուռքի մանկապատանեկան գրականությունը, որի առաքելությունը օտար ափերում ապրող հայ մանկանց սերունդների հայապահպանության գործում նույնպես դժվար է գերագնահատել: Ու եթե սփյուռքահայ ընդհանուր՝ «մեծական» գրականությունն իր ծննդյան արմատներով, զարգացման փուլերով, այդ գրականության մեջ իրենց ստեղծագործական ավանդը ներդրած գրողների վաստակի գնահատումներով մեր գրականագիտությունում մշտական ուշադրության կենտրոնում է եղել, ապա սփյուռքահայ մանկական գրականությունը «խորթ զավակի» կարգավիճակում է առ այսօր:
Սփյուռքահայ գրականության երևելի ներկայացուցիչներն ահա թե ինչ զգացողական տարերքով են բնորոշում մանկական գրականության առաքելությունը. «Սփյուռքի մանուկին օտար երկինքներու տակ հայ պահելուն համար, ընդհանուր գրականությունից զատ, պետք է հենց անոր մտքին ու հոգուն հարազատ սնունդ տալ՝ հատուկ անոր ուղղված գրականություն, պարզ, շիտակ, մատչելի, հայրենիքի սիրով ու ցավերով շնչող գրականություն… Ինքս կջանամ մեկ-երկու բան անոր համար ընել, նաև որպես ուսուցիչ այդ հոգուս պարտքը կհամարիմ…». Մուշեղ Իշխանի՝ սփյուռքահայ ականավոր գրողի, «Հայ լեզուն տունն է հայուն», «Հայաստան», «Նամակ Կաղանդ պապային», «Մեր տունը» և՛ հայրենախոս այլ ստեղծագործությունների հեղինակի խոստովանությունն է: «Բացայայտ է, թէ մանկական գրականութիւնը նորածին հոգիները կազմաւորող հոգեբանական հզոր ազդակ մըն է: Անիկա ոչ միայն կը մշակէ մանկանց միտքն ու սիրտը, այլ նաեւ անոնց բնական ընդունակութեանց առջև կը բանայ դուռը, որ առատ արեւ և սնունդ առնեն, հողէն վեր բարձրանան, ծլին, ուղեղներ արձակեն եւ յետոյ ծաղկին եւ պտուղ տան…». մանկական գրականության անփոխարինելի դերը երեխաների կյանքում այսպես է իմաստավորել Վահե Հայկը:
Այդ իմաստով՝ մեր կողմից կատարվող փորձը միայն ուրվագծային շեշտադրումներ ունի, քանզի խնդիրը պարտադրում է հիմնարար ուսումնասիրություն: Մյուս կողմից՝ դա դժվար և աշխատատար գործընթաց է: Չէ՞ որ սփյուռքահայ մանկական գրականության նմուշներն ի սկզբանե ընթերցողներին ներկայացվել են ամսագրերի, հանդեսների (այդ թվում՝ Սփյուռքի հայոց վարժարաններում լույս տեսնող մանկապատանեկան պարբերականների), թերթերի էջերում, հազվադեպ՝ առանձին գրքերով ու ժողովածուներով:
Սփյուռքահայ մանկագրության հիմնաքարերը նույնպես, ըստ էության, դրել են սփյուռքահայ ընդհանուր գրականության «հայրերը»՝ Արշակ Չոպանյանը, Հակոբ Օշականը, Վահան Թեքեյանը: Դեռևս 1923-ին Արշակ Չոպանյանը Փարիզում հրատարակել էր տարբեր տարիներին գրած մանկական պատմվածքների «Տղու հոգիներ» ժողովածուն, որում ներառված են արևմտահայ դառնաղետ իրականության մեջ ապրող՝ իր խոսքերով «հեք մանկիկների կյանքի հոգեցունց պատկերները» ներկայացնող այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Աստված պապան», «Բարի սամարացին», «Նամակը», «Որբուկը», «Հեռավոր քույրիկը» և այլն: Հիշենք Հակոբ Օշականի «Կաղանդի հեքիաթ», «Ծաղիկը», «Ժպիտը» հեքիաթապատումները դժվար մանկության տխուր վերհուշերի, արևմտահայ գյուղաշխարհի խեղճ ու թշվառ մարդկանց, հոգեկան ցավագին փլուզումների, նրանց կյանքի ողբերգական դիպվածների, հեքիաթների տեսիլքներով «գետնի հյուղակի» տխուր առօրյան գունազարդող երեխաների ապրումների մասին ու այս ամենին իբրև հակադրություն՝ բնության գեղեցկությունների տպավորիչ պատկերներ:
Միայն «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությունը բավական է, որպեսզի ականավոր բանաստեղծ, հրապարակախոս, մանկավարժ, ազգային ու մշակութային նշանավոր գործիչ Վահան Թեքեյանին նույնպես «գրանցենք» սփյուռքահայ մանկապատանեկան գրականության տարեգրամատյանում: Այս ձոներգը մայրենիին նվիրված ամենագեղեցիկ, պատկերահյուս եզակի ստեղծագործություններից է, որ վաղուց ի վեր ղողանջում է հայ մանկանց ու պատանի սերունդների շուրթերին:
Եթե Չոպանյանի, Օշականի և Թեքեյանի գրական-ստեղծագործական կյանքի շուրջ կես դարը «երկփեղկված է» և՛ արևմտահայ, և՛ սփյուռքահայ հատվածների, ապա Մուշեղ Իշխանը «զուտ» սփյուռքահայ գրող է, և նրա շատ բանաստեղծություններ («Հայ լեզուն տունն է հայուն», «Նամակ Կաղանդ պապային», «Քու լեզուդ», «Երգը պանդուխտ մանուկին», «Ձեռք-ձեռքի» և այլն) սփյուռքահայ մանկագրության «ոսկե ֆոնդն» են կազմում: Ե՛վ հայրենիքում, և՛ Սփյուռքում «Հայ լեզուն տունն է հայուն» բանաստեղծությունը հնչում է իբրև մայրենիի փառաբանության անկրկնելի հիմներգ…
Ավերակված կորուսյալ հայրենի տան, եղեռնի «նահատակ անթիվ մեռելներու» հիշատակներին հավատարիմ մնալու, «անոնց վրեժը լուծելու»՝ որդուն ուղղված կոչնակներ են հնչում Իշխանի «Մեր տունը», «Օրոր», «Կտակ» և այլ բանաստեղծություններում:
Սփյուռքահայ ընդհանուր գրականությանը բնորոշ խորհրդանշական «կորուսյալ Էրգրի» կարոտի, վերհուշի, ավերակված հայրենի տան վերածննդի տեսլականի, ի վերջո, մայր հայրենիքին ապավինելու պատկերները, անվանի այլ գրողների «մեծական» ստեղծագործությունների «միջնատարածքում» երևակվել են նաև բուն մանկական երկերով: Այսպե՛ս, Համաստեղը «Գյուղը», «Անձրևը» ժողովածուներում տեղ գտած պատմվածքների, «Սպիտակ ձիավորը» երկհատորյա վեպի և այլ «մեծական» գործերի մի քանի հետաքրքիր պատմվածքներ էլ «նվիրել» է… երեխաներին: Վկա՝ «Նապաստակի մը օրագիրը», «Չալոն», «Միջոն» պատմվածքները՝ հարազատ բնաշխարհի գեղեցկությունների և տիրող դաժան իրականության հակադրապատկերներով: Բնության, կենդանական աշխարհի ու մարդու ներդաշնակ կեցության երազանքն է թրթռում Հակոբ Մնձուրու պատումներում: Նրա «Մեր կարմիր եզը» հուզիչ պատմվածքը Սփյուռքի մանկապատանեկան գրականության մնայուն էջերից է: Իսկ ահա Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» վեպը, Հակոբ Ասատուրյանի «Հովակիմի թոռները», «Հովակիմի թոռնորդիները», «Տո՛ լաճ տնավեր» ինքնակենսագրական եռագրությունը Սփյուռքի պատմության, տարագիր հայոցության՝ օտար հորիզոններում գոյապայքարի, ուծացմանը դիմագրավելու ճշմարիտ արտապատկերներ են:
Մանկապատանեկան ընթերցանության շրջանակներում ներառված ստեղծագործությունների թվում են նաև Վահե Վահյանի բանաստեղծություններից շատերը՝ հյուսված ցավի, տագնապի, եղեռնազարկ իր ժողովրդի, նրա տարագիր պանդուխտ զավակների, որբ հայ մանչուկների անորոշ ճակատագրի հանդեպ ծանր ապրումներից, բայց և առ հայրենիք հուսո ու հավատի, սիրո թրթիռներով:
Ամերիկահայ նշանավոր գրող Արամ Հայկազի «Ապրե՛ք, երեխեք» պատմվածքների ժողովածուն հասցեագրված է հենց մանուկներին ու պատանիներին: «Կաղանդի գիշեր», «Ապրե՛ք, երեխեք», «Պզտիկ հերոսը» և մի շարք այլ պատումների հիմնական զարկերակը ցավազգացողությունն է իր եղեռնված ժողովրդի, անցյալի ծանր հիշողությունների, հայրենի կորուսյալ եզերքների հանդեպ և աշխարհով մեկ սփռված հայության սերունդների ուծացման վտանգին դիմագրավելու խոր մտահոգությունը, մայր հայրենիքին մշտապես ապավինելու անմար տենչանքը:
Հայրենի հողի, ազգի մնայուն արժեքների հանդեպ սիրո ու նվիրվածության հրաշալի դասեր է սերունդներին ավանդել բեյրութահայ գրող, մանկավարժ Էդուարդ Բոյաջյանը իր «Թուղթ զավակներուս» գրքում (1961 թ.): Այդ խոհագրություններում իր զավակներին նա «մեծ և սքանչելի մեր ազգի» նահատակների հիշատակը ոչ թե «լաց ու ողբով», այլ «զորանալու, վերընձյուղվելու» ոգեղեն հավատով տոգորվելու պատգամներ է ավանդում…
Հայ մանկանց սերունդների հայեցի դաստիարակության, «օտար երկինքներու տակ» հայապահպանության կանթեղը վառ պահելու զգացումներով է տոգորված մեկ ուրիշ գրող-մանկավարժի՝ Էդվարդ Տարոնյանի ստեղծագործությունը: 1952-ին Բեյրութում լույս տեսած «Մանկապատում» ժողովածուն եզակի երևույթ է սփյուռքահայ մանկագրությունում: Նրանում տեղ գտած պատմվածքների «նիւթերը քաղուած են հայ մանուկներուն հոգեկան ածուեն», եղեռնից փրկված մանուկներ, որ օտարության մեջ ձգտում են «չմոռանալ մայրենին», չկորցնել «հայ ըլնելու հպարտությունը»
Ականավոր արձակագիր Հակոբ Կարապենցը (Ժագ Կարապետյան), անցյալ դարի 70-ական թթ. վերջերին այցելելով հայրենիք և խորապես տպավորվելով՝ իր «Հաղորդություն» պատմվածքի հերոսուհու շուրթերով հնչեցնում է սուրբ պատվիրանը՝ «Ունենք-չունենք մի Հայաստան ունենք: Եղիցի լույս: Եվ այն, որ լավ է, մերն է, տուն է, օջախ է, ազգ ու միություն է…»: Կարապենցի «Անծանոթ հոգիներ» ժողովածուում տեղ գտած մի շարք պատումները ու հատկապես «Հրեղեն ձին» և «Վերջին կայարանը» բուն մանկական պատմվածքները բավական են, որպեսզի նրա ստեղծագործական ինքնատիպ աշխարհին հաղորդակցվելու ցանկությամբ տոգորվեն նաև կրտսեր տարիքի երեխաները: Այս պատմվածքների փոքրիկ հերոսները սփյուռքահայ նորագույն սերնդի ներկայացուցիչներ են, որոնց հոգում դեռ «ապրում» են պապերի ու հայրերի առ հայրենիք ցավագին սիրո պատմությունները՝ հեքիաթի «հրեղեն ձիու» և կամ «վերջին կայարանի» տեսլապատկերներով: Ի՞նչ է մտորում այդ սերունդը հեռո՜ւ-հեռավոր հայրենի եզերքների մասին, ի՞նչ երազներ է փայփայում: Հայ փոքրիկներն ամերիկացի հասակակիցների նման ունեն իրենց հեքիաթները, բայց «այդ հեքիաթների մեջ զանազանվում է ամենագունեղն ու սրտառուչը, որն անցել է արյան բաղադրությանը» (Հրանտ Թամրազյան):
Սփյուռքահայ նորագույն մանկապատանեկան գրականության մեջ թե՛ թեմատիկ, թե՛ ժանրային առումներով առանձնանում է Հայկ Նագգաշյանի (Բեյրութ) ստեղծագործությունը, որ հիմնականում բնասիրական-որսորդական «թեքում» ունի և շատ նրբագծերով խաչմերուկվում է Վախթանգ Անանյանի ստեղծագործական աշխարհի հետ:
Ցավոք, դարավերջի և նոր դարասկզբի սփյուռքահայ մանկապատանեկան գրականությունն ապրում է յուրօրինակ «լճացման» ժամանակաշրջան, և մենք չենք կարող լիարժեք հիշատակել քիչ թե շատ հայտնի գրողների, ովքեր արժանի շարունակողները լինեն այդ գրականության նախորդ տասնամյակներում ձևավորված լավագույն ավանդույթների՝ հատկապես հայրենամետ՝ թեմատիկ-բովանդակային հուզող խնդիրների նորովի արտացոլման առումով: Եթե նախկինում Սփյուռքի ինչպես «մեծական», այնպես էլ մանկապատանեկան գրականություն արարողները պրոֆեսիոնալ գրողներ էին, ապա դարավերջին այդ «շղթան», հատկապես մանկագրության ասպարեզում, ընդհատվել է, և երեխաներին հասցեագրված գրքերը հիմնականում սիրողական մակարդակ ունեն, հեղինակներն էլ՝ ընդամենը նվիրյալ մանկավարժներ են… Այնուամենայնիվ, գեղարվեստական որոշակի մակարդակի առումով կարելի է առանձնացնել Ֆիրա Զեֆա Ակյանի (ԱՄՆ), Անահիտ Օշական-Ոսկերչյանի (Հորդանան), Նայիրի Աղաջանյան-Պալանյանի (ԱՄՆ), Պերճանուշ Պասմաճյանի (Բեյրութ) առանձին ստեղծագործություններ:

***
Սփյուռքահայ մանկապատանեկան գրականության տարեգրամատյանում հետաքրքիր էջեր են գրել բազմաթիվ գրողներ, որոնցից միայն մի քանիսի ստեղծագործական դիմանկարի ինչ-ինչ նրբագծեր մենք ներկայացրինք այս ակնարկում: Թեմատիկ-բովանդակային և ժանրային յուրահատկություններով հանդերձ՝ նրանք բոլորն էլ, ճիշտ է, գեղարվեստական տարբեր մակարդակներով, Սփյուռք-Հայրենիք «ոսկե կամուրջի» ոգեղեն դասեր են ավանդել հայոց սերունդներին: Դասեր, որ շարունակական են, քանզի, ինչպես սփյուռքահայ նշանավոր գրող Հակոբ Ասատուրյանն է պատգամել, «հայրենիքը մայր երակն է բոլորիս և տեսակ մը ստնտուի անհրաժեշտ և կենսական դերը կկատարե աշխարհասփյուռ գաղութներուն… Առանց հայրենիքի ավիշին, բոլորս, ուշ կամ կանուխ, պիտի խամրինք: Հոն է տևականացումի գաղտնիքը»:

* (Լրագրային տարբերակ)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։