Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ճամփորդություն դեպի Բերդի աղբյուր
Պապիկն ասաց.
– Բերդի աղբյուր
Ես կհասնեմ հաստատ,
Եթե լինեն ինձ օգնական
Երվանդիկը, Գրիգորը,
Մեկ էլ` մի ձեռնափայտ:

Եկան թոռներն,
Ու նա բռնեց
Ճամփան` գոհ ու հպարտ,
Նրան աշխույժ ուղեկցեցին
Երվանդիկը, Գրիգորը,
Մեկ էլ` մի ձեռնափայտ:

Երեկոյան
Հոգնած-դադրած,
Քայլ փոխելով հատ-հատ,
Լուռ ետ դարձան պապիկի հետ
Երվանդիկը, Գրիգորը,
Մեկ էլ` մի ձեռնափայտ:

Բայց Երվանդն ու Գրիգորը
Հաջորդ օրը զվարթ
Վազվզեցին…
Այնինչ` պապը
Պառկած մնաց ողջ մի շաբաթ`
Կողքին մի ձեռնափայտ:

Պապիկիս ու նրա ճնշման մասին
Պապիկիս ճամփից թե՛ գայլ, թե՛ շուն
Ելնում ու մի կողմ են քաշվում.
Եվ պապս անցնում է հանգիստ
Ու նրանց հեչ չի՛ էլ հիշում:

Բայց կա՛, ասում են, բայց կա
Նոր գազան, անունը` ճնշում,
Շատերին նա ի՛նքն է ճամփից
Քշում ու անշշուկ ճնշում:

– Դա ճի՞շտ է,- հարցնում եմ պապիկիս,-
Զորե՞ղ է, քան թե գայլ կամ շուն:
Պապիկս ժպտում է.
– Ցավոք…
Ի՛նձ էլ է մեկ-մեկ նա ճնշում:

Ճնշում է ճնշումն այդ, այո՛,
Բայց նրան ես չեմ նշմարում,
Ճնշումը ո՞ւմ շունն է, որ ճնշի,-
Եվ… բժիշկ դառնալ է ինձ հուշում:
Հավերն ու ճնճղուկները
Հավերն ու ճնճղուկներն իրար հետ
Հաշտ-խաղաղ ուտում են բակում:
Ծուռ աչքով չեն նայում միմյանց,
Մեկմեկու ճամփան չեն փակում:

Այնինչ` հավերը երբեմն
Նեղացնում, խփում են իրար:
Դե, դա, ասում են, անում ենք
Կարգ-կանոն պահելու համար:

Իսկ ճնճղուկներին… ամոթ է, չէ՞,
Մեր պատվից ցած ենք համարում:
Փոքրերին ճնշելը պարծանք չէ,
Ճնշողին չի լինի ներում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։