Օրվա շահը հաճախ է պայմանավորում երկրների քաղաքականության ռազմավարությունը, որոնք հաջորդ պահին հնարավոր է այլ բովանդակությամբ ու արժեքային այլ չափորոշիչներով առաջնորդվեն, այնպես որ, անիրատեսական են քաղաքականությունը բարոյական միջավայրում դիտարկելու փորձերը, երբ ինչ-ինչ հանգամանքների թելադրանքով երեկվա թշնամին բարեկամ է, նախկին բարեկամը՝ ոխերիմ թշնամի, երբ երեկ համախոհ գործընկերներ էին, այսօր՝ անհաշտ հակառակորդներ: Քաղաքականության անբարո վարքի տիպիկ օրինակը թուրք-քրդական ներկայիս հարաբերությունների զարգացումներն են: 1915-ի Հայոց ցեղասպանությանը մասնակից քրդերը, որոնց վարքը հայերի նկատմամբ երբեմն գերազանցում էր թուրքական այլատյացությանը, այսօր իրենք են թուրքերի կողմից ոչնչացման թիրախ դարձել: Թուրքիայի համար առաջին խնդիրը հենց քրդերի հարցն է, և ոչ ոք չի էլ փորձում հիշել նախկին «եղբայրությունը»: Այս ժողովուրդների հակամարտությունը վերածվել է իսկական պատերազմի, երբ զոհերի թիվը հազարների է հասել, իսկ արյունահեղության վերջը չի նշմարվում: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլին Բինգյոլում ՀԿ-ների անդամների հետ հանդիպմանը, ակնարկելով քրդամետ կուսակցության անդամներին, հայտարարել է. «Սրանք (քրդերը) այսօր գնում են Մոսկվա և Թուրքիայի դեմ համագործակցության մեջ մտնում, ինչպես այն ժամանակվա հայկական հրոսակախմբերն էին համագործակցում ռուս զավթիչների հետ: Սրանք պնդում են, թե ցանկանում են Թուրքիային ինտեգրվել, երբ մտքներում Թուրքիայում մարդկանց միմյանց դեմ հանելն է»: Կասկածից դուրս է, որ նման հայտարարությունը քրդերին և նրանց շարժումը վարկաբեկելն է: Ձեռագիրը ծանոթ է, պատճառաբանությունների մեխանիզմը՝ նույնպես: Ում-ում, սակայն քրդերին դժվար է ապակողմնորոշելը, ովքեր անցյալ դարասկզբին սեփական փորձով են թուրքական մարտավարությանը առնչվել: Պատասխանելով Դավութօղլիի հայտարարությանը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելլեհեթին Դեմիրթաշը նկատել է. «Փաստորեն, երբ ասում են, թե մենք ռուսների հետ համագործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց դե, մենք վստահ ենք մեր միասնականության վրա: Պատկերացնո՞ւմ ես, Դավութօղլի, մենք պատմությունից դասեր ենք քաղել: Քո պատմած ստերից կազմած պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել»: Նույնն է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության բովանդակությունը. «Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է: Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված Ցեղասպանությունը միտումնավոր և ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ: Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին: Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաև քրդերի նկատմամբ»: Իրականում ոչ թե կատարվել, այլ կատարվում է: Սիրիական թնջուկի հետ կապված Թուրքիայի անհանգստությունը նույնպես պայմանավորված է քրդական խնդրով: Թուրքիան ամեն կերպ փորձում է օրակարգից ջնջել Սիրիայի և Իրաքի քրդերի ինքնավարության տեսլականը, որից հետո մեկուսացման մեջ հայտնված ներքին քրդերին լռեցնելը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Փորձագետների կարծիքով, թուրքական կառավարության դաժան գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ այս երկրի նախագահ Էրդողանի քաղաքականության գլխավոր խաղաթուղթն է, ով, ըստ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիքոզի, կարծում է, որ երկրի ղեկավարի կարգավիճակը թույլ է տալիս իրեն դնել օրենքի տեղն ու միանձնյա վճռել յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը: Եվ ոչ միայն քաղաքացու, այլև ամբողջ էթնոսի, տվյալ դեպքում քրդերի ճակատագիրը: Թուրքական լրատվամիջոցներում տարածվել է «Էրդողանի թուրքական ռեժիմը Թուրքիային աղետի է տանում» վերնագրով տարբեր ազգերի 67 մտավորականի կողմից ստորագրված հայտարարությունը, որում ասվում է, որ քրդական հարցի լուծման համար Էրդողանի ռեժիմը անմարդկային մեթոդներ է կիրառում, իսկ դրա դեմ արտահայտվողներին ձերբակալում են երկրի նախագահին անպատվելու մեղադրանքով: Իր սահմաններից դուրս ևս Թուրքիան լողում է քաոսի ծովում, ինչն ավելի է խորացնում ներքին ճգնաժամը՝ իրական դարձնելով քաղաքացիական պատերազմի հեռանկարը: Ահաբեկչությունները շարունակվում են, զոհերի թիվը՝ բազմապատկվում, սակայն թուրքական իշխանությունները, նախկինի պես, խնդրի լուծումը տեսնում են միայն ոչնչացնելու ռազմավարության մեջ: Թեև Արևմուտքը ակնկալում Մերձավոր Արևելքի պակաս ժողովրդագրական երկրների միջավայրում Թուրքիային օրինակելի տեսնել, փաստն այն է, որ արյան հոտն առած գորշ գայլին դժվար է սմոքինգ հագցնել:
Կարդալ նաեւ․․․
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ / Մեր սերն արգասաբեր դարձնենք մեր երկրի համար
Այս անուրախ օրերում, երբ սիրտդ տնքում է կորուստների ցավից, երբ…
Սամվել ԿՈՍՅԱՆ / ԷՐԴՈՂԱՆԻԶՄԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Թուրք բռնապետն իր տարերքի մեջ է, Եվրոպայի հետ հարաբերություններում դիվանագիտական…
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ…