ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

հայելիԲանաստեղծուհի Ագնեսը մարդու և գրողի այն տեսակից չէ, որոնք դեռ մի բան արած-չարած ներկայանում են բանաստեղծության հեղափոխականի տեսակով, որոնք իրենց երկնած տողերով սահմանում են աշխարհի սկիզբն ու վերջը: Նա մի հայուհի է, ով իր հոգու մտերմիկ պատմություններն է անում գեղեցիկ հայերենով՝ առանց պարտադրանքի, գույնզգույն խատուտիկների պես դրանք բաց թողնում մարդկանց մեջ. կարող ես լսել և տարվել դրանցով, եթե հակված ես դեպի սրտահույզ և խոհական անպաճույճ գիրը, կարող ես և անցնել-գնալ, ինչպես որ շատերը անցնում են ծիածանի կողքով` չնկատելով այդ գունագեղ կամարը: Ի՞նչ կա որ:
Ես ծանոթ էի Ագնեսի նախորդ՝ 2013-ին լույս տեսած «Խնկածաղիկ» բանաստեղծական ժողովածուին: Տպավորիչ գիրք է, այնտեղ նուրբ ու գրավիչ վիճակներ կան արձանագրված, որոնք հեղինակի անձնական կյանքի թրթիռներն էլ կմնային, եթե իրենց վրա չառնեին բանաստեղծության դրոշմը: Եթե խորհրդավորն ու անակնկալը չխուժեին տեքստերի մեջ և ընթերցողի փնտրող աչքերին չհրամցնեին զարմանքը: Եթե հարափոփոխ աշխարհի մեջ գեթ մեկ ակնթարթ կյանքի հորձանքը (ինչպես հայելու փախչող շողը) ափիդ մեջ բռնել-պահել կարենալու զարմանքը չլիներ:
Այս նոր՝ «Հայելի» բանաստեղծությունների գիրքը տակավին անտիպ է, սակայն նախորդի շարունակությունն է ճիշտ այնպես, ինչպես որ բալենու ծաղիկը շարունակությունն է իր ճյուղի. նրանք նույն նյութից են, սակայն ամբողջովին այլ են, հետևաբար այլ է նաև ծաղկի և ճյուղի գործած տպավորությունը:
Այս գիրքը նկատելի ճանապարհ է անցել, պարադոքսալ թող չհնչի, եթե ասեմ` հեղինակից դեպի հեղինակը: «Դժվար վարժությամբ» Ագնեսին հաջողվել է սեփական հոգում առավել շատ տարածք նվաճել, բացել ներքին հնարավորությունների պաշարը: Այս ժողովածուում խոսքը դարձել է ավելի պատկերավոր, սեփական կենսագրական գծերը անձնական ծիրից հիմնականում ձգվում են դեպի ընդհանրական ոլորտ՝ ստեղծելով մեր ժամանակակցի վառ ներաշխարհի պատկերը:
Չդիմանալով գայթակղությանը՝ ուզում եմ մեջբերել մի քանի պատկերներ, որոնք գիրքն ընթերցելուց հետո մնում են հիշողությանդ մեջ տպված.
«Ես ձուկ եմ ծնվել, բայց ապրում եմ ցամաքի վրա»…//«Հիմա ապրում եմ կյանքի լուսանցքում,//բայց էջս նորից լցվում է քեզնով»… //«Կդառնամ նորից մի տխուր ստվեր, //Իմ հոգին կանցնի ստվերի միջով»…
Իսկ այս մի բանաստեղծությունը, որը մեջբերում եմ ամբողջությամբ, կնոջ ներսի պոռթկում է, բաց հրավեր` կյանքի, սիրո ու վայելքի:
Էլ առաջվանը չեմ,//Շուռումուռ չեմ գալու,// Ինչ ուզենաս` կտամ,//Միտքս ծուռ է, արի…//Տես՝ ինչ անկեղծ եմ ես,//Թափանցիկ եմ ու պարզ,//Ուզում եմ, որ թափվեն//Ծաղկաթերթեր վրաս…
Երբեմն առանձին հաջողված տողերի, նույնիսկ հաջողված ոտանավորների առկայությունը դեռևս հեղինակի ինքնատիպության և նրա ստեղծածի կարևորության մասին չեն վկայում: Շատերն են ստեղծում հաճելի տպավորություն ստեղծող գործեր, և, դժբախտաբար, հենց հաճելիության սահմաններում էլ ամեն ինչ ավարտվում է: Իսկ բանաստեղծի և բանաստեղծության մասին կարող է խոսք բացվել այն ժամանակ, երբ հեղինակն ունի սեփական հայացք՝ շրջակա աշխարհի վրա, և նրա ստեղծածը սեփական դիտակետի արդյունք է:
Վստահաբար կարելի է ասել՝ Ագնեսի բանաստեղծությունները սեփական փնտրումների ու բանաձևումների ծնունդ են:
Ես հակված եմ կարծելու, որ կանացի լիրիկան պիտի տարբերվի ինչ-որ բնորոշիչներով տղամարդու ստեղծածից, բովանդակի իր մեջ կին աշխարհի երևութական և աներևույթ գծերը, նրբերանգները: Ագնեսի «Հայելի» ժողովածուն կատարում է այդ խնդիրը, և դա ուրախալի է: Գրքի վերնագիրը հենց խորհրդանշում է բանաստեղծության հայելու մեջ կնոջ ներաշխարհի արտացոլումը, նրա հոգևոր-զգացական ունեցվածքի ցուցանումը խոսքարվեստի միջոցով:
Ագնեսը թեև ապրում է ԱՄՆ-ում, բայց նրա մտածողությունը ամբողջովին հայաստանյան է, ոչ իհարկե այն պատճառով, որ տեղ-տեղ հիշատակվում է նրա հայրենի Ալափարսը, հնչեցվում է Հայաստանի հող ու ջրի, հայոց լեզվի փառաբանումը: Խնդիրը մտածողության մեջ է, որը գալիս է մեր ավանդական բանաստեղծության աշխարհից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։