Փետրվարի 4-ին Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ ճանաչված գրող, հրապարակախոս, ճանապարհորդ և հասարակական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և մոսկովյան «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությամբ լույս տեսած նրա Երկերի ութհատորյակի շնորհանդեսը: Հանդիսությանը մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ-ի պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական գործիչներ, գրողներ և լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, գիտնականներ, ճանապարհորդներ, հոբելյարի ընկերներն ու մտերիմները, ընտանիքի անդամները: Երեկոն վարում էին Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, գրող, Արվեստի աշխատողների կենտրոնական տան Մամուլի ակումբի նախագահ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Պովոլյաևը և Մամուլի ակումբի համանախագահ, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության փոխնախագահ Վլադիմիր Բոնչ-Բրուևիչը:
Երեկոյի ընթացքում, հանդիսավարներից բացի, ելույթներ ունեցան և հոբելյարին ողջույնի, գնահատության ու բարեմաղթանքի խոսքեր ասացին գրողներ Լեոնիդ Ժուխովիցկին, «Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության տնօրեն Գեորգի Պրյախինը, Կիմ Բակշին, բանաստեղծուհի Սվետլանա Սոլոժենկինան, Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը և ուրիշներ, որոնք նաև պարգևներ ու նվերներ հանձնեցին հոբելյարին:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության անունից ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
Շնորհակալություն հայտնելով երեկոյի բոլոր կազմակերպիչներին, ութհատորյակի նախաձեռնողներին ու հրատարակիչներին, ելույթ ունեցողներին ու մասնակիցներին՝ Զորի Բալայանը նշեց, որ իր ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը այսուհետ ևս նվիրված կլինի ազգային ու համամարդկային նպատակների իրագործմանը, արդարության հաստատման համար պայքարին, մարդու և աշխարհի ազնվացման գերխնդրին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության խորացմանը: Երեկոն ուղեկցվեց Զորի Բալայանի կյանքին ու գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, ռուս և հայ արտիստների պարային ու երաժշտական բարձրակարգ կատարումներով:
Սեփ. լրտ.
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Նախքան Զորի Բալայանի Երկերի ութհատորյակին անդրադառնալը, թույլ տվեք Հայաստանի գրողների միության ղեկավարության, նախագահ Էդ. Միլիտոնյանի անունից, ով օբյեկտիվ պատճառներով չկարողացավ ներկա լինել այսօրվա երեկոյին, շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության ղեկավարությանը, անձամբ պարոն Գ.Պրյախինին և Վ. Կրիվոպուսկովին, խմբագրական խորհրդի բոլոր անդամներին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Զորի Բալայանի Երկերի ժողովածուի՝ ութհատորյակի նախաձեռնմանը, նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև հոբելյանական գեղեցիկ այս երեկոյի կազմակերպմանը:
Հենց սկզբից ուզում եմ ասել, որ չեմ խոսելու ութհատորյակում ընդգրկված գործերի թեմատիկ կամ գեղարվեստական արժանիքների մասին: Դրանք հայտնի են բոլորին, իսկ եթե ոմանք էլ դեռ չեն ընթերցել, վստահ եմ՝ կընթերցեն շնորհանդեսից հետո: Ահա թե ինչու, ուզում եմ պարզապես ձեզ ներկայացնել իմ մի քանի դիտարկումները, որոնք, կարծում եմ, բնութագրական են Զորի Բալայան մարդու, գրողի և գործչի համար: Եվ այսպես՝
1. Ո՞վ է նա՝ ութհատորյակի հեղինակ Զորի Բալայանը, այդ թվում՝ նաև իր մտերիմ գործընկերների, բոլորիս համար շատ հարգելի հեղինակությունների դիպուկ բնորոշումներով. սպորտսմեն («կրկնակի սպորտի վարպետ»), բժիշկ («լայն մասշտաբի»), ճանապարհորդ («անդադրում»), պրոֆեսիոնալ լրագրող և գրող («հիանալի պատմող, հիանալի լսող», ով «շատ գիտի ու միաժամանակ հետաքրքրասեր է հինգերորդ դասարանցու նման»), հետաքրքիր մարդ («պարզապես նրա համար, որ, ախր, չափազա՛նց հետաքրքիր մարդ է»)… Կարծում եմ, կարիք չկա թվարկումը շարունակելու, որովհետև այն շատ երկար կլինի: Բայց կարելի է և պետք է խոստովանել, որ Զորի Բալայանը պարզապես արտակարգ, ես կասեի՝ նույնիսկ լեգենդար անհատականություն է:
Ինչի՞ վրա է հիմնված այս բնորոշումը: Այն բանի, որ՝
ա) միայն Զորի Բալայանը, թերևս, կարող էր «մինչև ութ տարեկանը ոչ մի բառ չիմանալով» ռուսերեն, հետագայում հրաշալի տիրապետել այդ լեզվին ու դառնալ ճանաչված ռուսալեզու հայ գրողներից մեկը,
բ) միայն նա կարող էր, «իր երկարատև կյանքի ընթացքում մեռնել մի քանի անգամ» ու այդպես եռանդալից մղվել «ապագային ընդառաջ», գործել «հանուն երազանքի»,
գ) միայն նա՝ Զորի Բալայանը, կարող էր լինել այն մարդը, ում մտահղացումները «գրեթե միշտ անիրագործելի են», բայց տարօրինակ կերպով «գրեթե միշտ իրագործվում են»,
դ) վերջապես, միայն նա կարող էր՝ դեռ մանուկ հասակից սկսելով ճամփորդել՝ «ամբողջ սենյակով մինչև պատշգամբը», հետագայում կտրել-անցնել գրեթե ամբողջ երկրագունդը՝ կազմակերպելով, թվում է՝ անհնարին արշավներ, և հաջողությամբ ավարտին հասցնել դրանք՝ հակառակ անհեթեթ թվացող երթուղիներին՝ ընդդեմ պասսատային քամիների ու հոսանքների, ընդդեմ երկրագնդի պտույտի… Եվ այդ ամենը այն պատճառով, որ ճանապարհորդությունը Զ.Բալայանի համար ինքնանպատակ չէ, այլ առաջին հերթին՝ իր առջև դրված գերխնդրի իրականացմանը հասնելու միջոց:
Երկերի ժողովածուի 7-րդ հատորի 1-ին գրքի առաջաբանում Զ.Բալայանը գրում է. «Մեր սերնդին բաժին ընկավ հայկական հարցը Պատմության Դատին հանձնելու երջանկությունը: Անձնական երջանկություն բաժին ընկավ նաև ինձ՝ հայտնվել նրանց շարքում, ովքեր ռեպորտաժ են վարում պատմական դատարանի դահլիճից, որի անունը ռազմի դաշտ է»: Ավելացնենք՝ ո՛չ միայն ռազմի դաշտից, այլև երկրագնդի այն բոլոր կետերից, ուր նրան նետել է ճակատագիրը: Բայց նշենք նաև, որ նույնիսկ այդ իրավիճակում նա ոչ մի վայրկյան չի կորցրել իր հոգու՝ սեփական ժողովրդի կենսական արմատներից եկող ճշմարիտ մարդասիրական էությունը: Ահա թե ինչու, հատկանշական է, որ «Արմենիա» առագաստանավի անձնակազմը, հաջողությամբ շրջանցելով դժվարանցանելի Հորն հրվանդանը, նրա բարձունքում խաչ է կանգնեցրել՝ ի հիշատակ Երկիր մոլորակի վրա եղած բոլոր անմեղ զոհերի: Ընդ որում՝ Ֆյոդոր Կոնյուխովի ու նրա ընկերների կողմից դարձյալ բոլոր զոհված ծովագնացների հիշատակին կանգնեցված խաչի կողքին: Եվ ինչպես ճշմարտացիորեն ընդգծում է Կոնյուխովը, «Երկու խաչերը խորհրդանշում են ամուր բարեկամությունը հայ և ռուս ժողովուրդների միջև, Ռուսաստանի և Հայաստանի միջև, Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև»:
2. Ժանրի մասին:
Զորի Բալայանը հենց այն պատճառով է ընտրել գեղարվեստական հրապարակախոսության ժանրը, որ ուր էլ եղել է, հասկացել է ու ըմբռնել, որ «հենց այնպես հարցեր չկան: Կան հիմնախնդիրներ… որ լուծում են պահանջում»: Ընդ որում՝ հրատապ: Իսկ զուտ գեղարվեստական գրականությունը միտված է ավելի տևական ժամանակի: «Հենց այդ հանգամանքը,- գրում է Զ. Բալայանը,- հանգեցրեց նրան, որ ես բավական արագ բաժանվեցի բանաստեղծությունից ու նկարչությունից, նրանից, ինչը կոչվում է զուտ գեղարվեստական գրականություն»:
Պիտի խոստովանեմ, որ մինչ այս ութհատորյակը, ես գրեթե չգիտեի բանաստեղծ Բալայանի մասին, իսկ, ահա, նրա գրաֆիկական նկարներն ինձ ծանոթ էին: Ավելին՝ դրանց միջոցով ժամանակին ես համոզվեցի Զորի Բալայանի ևս մի յուրահատուկ ձիրքի՝ թափանցող հայացքով մարդուն նրա հոգու միջով դիտելու, կարծես նրան ապագայում գուշակելու կարողության մեջ: Բերեմ մի օրինակ միայն: 70-ականների կեսերին, երբ Զորի Բալայանը տեղափոխվել էր Հայաստան, արդեն որպես «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից, հաճախ էր գալիս «Գրական թերթ»: Ու մի անգամ, երբ գլխավոր խմբագրի աշխատասենյակում ցույց էր տալիս Արցախին նվիրված հոդվածի համար արած իր գրաֆիկական նկարները, հանկարծ թևիցս բռնելով ինձ տարավ մի կողմ ու մատնացույց անելով ոչ այնքան մեծ մորուքով, խիստ դեմքով ու խելացի աչքերով մի երիտասարդի դիմանկարը, ասաց՝ «Լավ հիշիր այս դեմքը, տարիներ հետո նա նշանավոր մարդ է դառնալու»: Անցան այդ տարիները, և ո՞վ էր, ձեր կարծիքով, այդ երիտասարդը՝ Պարգև Մարտիրոսյանը, Պարգև Սրբազանը, Արցախի հոգևոր առաջնորդը:
3. Գրող – քաղաքացին:
Զորի Բալայանի մեջ ինձ միշտ գրավել է նրա մարդկային ու քաղաքացիական առողջ դիրքորոշումը, խորաթափանցությունն ու անկեղծությունը՝ մեր բոլորի ապրած տասնամյակների ճակատագրական գործընթացների մեկնաբանման ժամանակ: Նա հավատարիմ է իրեն և միանգամայն անկեղծ է, երբ հայտարարում է. «Ես ոչինչ չեմ ուզում ջնջել իմ գրվածքներում…»: Եվ ապա՝ «Ես կողմ եմ այն բանին, որ խորհրդային շրջանում գրված մեր գրքերի վերահրատարակման ժամանակ ոչինչ չսրբագրվի…»: Որովհետև՝ «յուրաքանչյուր առանձին դեպքում դա եղել է իմ ժամանակի մի հատվածը: Դա եղել եմ ես: Եվ գիրքն էլ՝ իմ գիրքը»…
4. Լրագրողը, «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում:
Կարծում եմ, ամբողջ ասվածից հետո, այլևս պատահական չի հնչի, որ Զորի Բալայանի «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից դառնալը գուշակել էր ոչ այլ ոք, քան «ԽՍՀՄ առողջապահության խստապահանջ նախարար» Բորիս Պետրովսկին, իսկ երաշխավորել էր՝ իր վիթխարի հեղինակությամբ, ոչ այլ ոք, քան Սերգեյ Միխալկովը: Իսկ, ահա, ինձ՝ երիտասարդ գրաքննադատիս, նույն այն 70-80-ական թվականներին, «Լիտերատուրնայա գազետա»-ին երաշխավորել է արդեն ինքը՝ Զորի Բալայանը: Որից հետո «ԼԳ»-ում (նաև «Դրուժբա նարոդով»-ում, «Վոպրոսի լիտերատուրի»-ում և այլն) սկսեցին հրապարակվել Հայաստանի գրական ընթացքին նվիրված իմ վերլուծական հոդվածները: Նույնը կարող են հավաստել իմ մի քանի գործընկերները ևս: Սա ասում եմ ընդգծելու համար, որ սեփական թղթակից Զորի Բալայանի աշխատանքը չէր սահմանափակվում միայն հրատապ ու ցավոտ խնդիրների վերաբերյալ սեփական ելույթներով, այլ նաև հանրապետության երիտասարդ կարող ստեղծագործողների հայտնաբերմամբ՝ ամբողջ Միության հետագա գրական զարգացումն ապահովելու նպատակով: Կարծում եմ, դա շատ կարևոր և ազնիվ նպատակ էր:
Զորի Բալայանին ցանկանում ենք քաջառողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ իր ընտրած բոլոր ասպարեզներում, իսկ նրա գրքերին՝ կանաչ ճանապարհ, որովհետև նա ինքը՝ հակառակ մռայլ կանխագուշակություններին, հավատում է գրքի ապագային՝ համոզված հաստատելով. «Այժմ, երբ քաղաքակրթությանը վախեցնում են նրանով, որ չարագուշակ ինտերնետը մոռացության կմատնի գիրքը, ինձ թվում է (ես վստա՛հ եմ)՝ ամեն բան կլինի հակառակը, ամեն բան կլինի ա՛յլ կերպ: Գիրքն ինքը կփրկի ինտերնետը չարորակ ուռուցքներից ու դրանց ճակատագրական տարածումից»:
4 փետրվարի 2016 թ.
Մոսկվա