Աջակցել գրականությանը՝ նշանակում է աջակցել ժողովրդի հոգևոր հարստությանը

c11692897fՓետրվարի 4-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ առաջին հարկում տեղադրված «Մեր բարերարները» Պատվո տախտակի բացումը: Այստեղ զետեղված են հայ գրական կյանքի խթանմանն աջակցող բարերարների՝ Արա Աբրահամյանի (Ռուսաստանի Դաշնություն), Հրանտ Սիմոնյանի (ԱՄՆ) և Օքրո Օքրոյանի (1939-2003 թթ., Վրաստան) անունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ գրականությանն աջակցելը աջակցություն է մեր ժողովրդին, նրա հոգևոր կրթությանն ու հոգևոր հարստությանը, նշեց, որ Արա Աբրահամյանը, Հրանտ Սիմոնյանը, Օքրո Օքրոյանը տարիների ընթացքում իրենց նպաստն են բերել Գրողների միության աշխատանքների կազմակերպմանը՝ ստեղծելով այնպիսի գրական մթնոլորտ, որտեղ գերակայում է գրականության շահը, հարգանքը դեպի գրականությունը: «Մենք այդ մարդկանց հարգելու այս ձևն ենք ընտրել, որովհետև ՀԳՄ-ում նրանց անունը մնալու է, հարատևելու է, և դա պարտավորեցնում է և՛ մեզ աջակցողներին, և՛ մեզ»,- ասաց նա:
Էդ. Միլիտոնյանն այնուհետև անդրադարձավ գրական բարերարների գործունեությանը, տեղեկացնելով, որ ռուսաստանաբնակ գործարար, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն սկզբնական շրջանում աջակցել է գրական աշխատանքների կազմակերպմանը, ապա ցուցաբերել ծրագրային աջակցություն գրական գործերին, հատկապես՝ արձակին: Հետագայում ավելացել են նաև մանկապատանեկան գրականություն և դրամատուրգիա ժանրերը:
Ամերիկահայ բարերար, գրող Հրանտ Սիմոնյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Գրողների միությունը. «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի հովանավորությամբ ամեն տարի ՀԳՄ-ում անց է կացվում մրցանակաբաշխություն` խրախուսելով աչքի ընկած գրողներին, նպաստելով գեղարվեստական գրականության տարածմանը: Էդ. Միլիտոնյանը նշեց նաև, որ անցյալ տարի Գրողների միությունում հանդիսավորապես նշվել է Հրանտ Սիմոնյանի 90-ամյակը:
Գրողների միությանը մշտապես օժանդակել է նաև Օքրո Օքրոյանը՝ տարիներ շարունակ աջակցելով և՛ մամուլի, և՛ ԳՄ-ի աշխատանքներին: «Օքրո Օքրոյան անուն-ազգանունը մենք հավերժացրինք մեր շենքում, քանի որ նրա ընտանիքը, չափազանց արվեստասեր լինելով, նպաստում է հայ մտավոր կյանքի զարգացմանը»,- նշեց նա:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն ընդգծեց, որ միության հիմնադրումից հետո հանրապետության ստեղծագործական և գիտական մտավորականության գործունեությունը մշտապես գտնվել է միության նախագահ Արա Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով օժանդակել, օգնել մտավորականությանը և նպաստել մտավոր կյանքի աշխուժացմանը: «Եթե առաջին տարիներին դա զուտ բարեգործական բնույթ էր կրում, ապա հիմա կազմակերպչական լուրջ ձևեր է ձեռք բերել: Մենք աշխատում ենք և՛ Ազգային ակադեմիայի, և՛ ստեղծագործական միությունների հետ»,- ասաց նա և հայտնեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունը՝ «Համազգային միասնությունը ուժի և հզորության աղբյուր» խորագրով, նվիրված է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Կմասնակցեն նաև Սփյուռքի, Արցախի գրողները:
Ըստ Օքրո Օքրոյանի հիմնադրամի ներկայացուցիչ, բանաստեղծ Արտակ Ոսկանյանի՝ Օքրո Օքրոյանը Հայաստանի գրողների միության անդամ էր, և հիմնադրամը պարտավոր է արձագանքել գրական այս ընտանիքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին:
Օ. Օքրոյանի դուստրը՝ Անահիտ Կիչյանը, հավաստիացրեց, որ իր հայրը միշտ էլ հանդես է եկել ամեն տեսակ նեգատիվ երևույթների դեմ, որոնք խանգարել են հայ ժողովրդի զարգացմանն ու առաջընթացին: Ապա արժևորելով գրողների դերը մշակութային կյանքում՝ ասաց. «Հույս ունենք, որ գրողները, ստանալով հիմնադրամի աջակցությունը, կկարողանան օգնել հայ ժողովրդին` դարձյալ իր մշակույթով առաջինը լինելու աշխարհում և խոսք ասելու բոլոր ժողովուրդներին»:
Ելույթ ունեցան նաև նախորդ տարիների մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ Գրիգոր Ջանիկյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը:
Արձակագիր Գ. Ջանիկյանն արժևորեց հայ ժամանակակից վիպասանության զարգացման գործում Արա Աբրահամյանի ներդրումը, քանի որ առաջին անգամ մրցանակը տրվում էր վեպին: «Յուրաքանչյուր գրող այն տարիներին իր դարակում ուներ մի կիսատ վեպ, և ասես մի շարժում սկսվեց. բոլորն իրենց դարակներից հանեցին վեպերը, ավարտեցին ու ներկայացրին մրցանակաբաշխության»,- հիշեց նա:
Արձակագիր Ա. Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց Ա. Աբրահամյանի հիմնադրամի հովանավորությամբ անցկացվող մրցանակաբաշխության «Հայը 21-րդ դարում» խորագիրը, քանի որ, նրա հավաստմամբ, հենց գրողը պիտի ներկայացնի դարը: Ա. Հովհաննիսյանը գլխավոր խնդիր համարեց գրական գործերի թարգմանությունը, ինչը հնարավորություն կտա ճանաչելի լինել ողջ աշխարհում:
Բանաստեղծուհի Գ. Գալստյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն անելով՝ խթանում են հայ գրականության արժեքների վերհանմանը, խրախուսում են ժամանակակից հեղինակներին՝ նոր գրքեր գրելու:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։