Վախճանվել է արձակագիր Ֆելիքս Շաքարյանը
Անցած տարեվերջին վախճանվեց ճանաչված արձակագիր, մի շարք մրցանակների դափնեկիր Ֆելիքս Շաքարյանը:
Ծնվել է 1939 թվականի մարտի 14-ին, Օձունում: Ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սակայն ագրոնոմի մասնագիտությամբ աշխատել է ընդամենը վեց ամիս: Աշխատանքի է անցել Ալավերդու «Լոռի» շրջանային թերթի խմբագրությունում: 1973-1975 թթ. սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Բարձրագույն դասընթացն ավարտելուց հետո վերադարձել է Ալավերդի, դարձյալ աշխատել «Լոռի» թերթի խմբագրությունում: Մի ժամանակահատված էլ նա աշխատել է «Գիտելիք» ընկերությունում: Գրական աշխարհի մարդիկ լավ են հիշում Ֆ. Շաքարյանի հիմնադրած և խմբագրած «Գրական Լոռի» ամսագիրը, որը հրատարակվեց 1991-ից մինչև 2000 թվականը: Պատանի հասակից զբաղվելով լրագրությամբ՝ մշտապես նրա տարերքը եղել է գեղարվեստական արձակը: Առաջին գիրքը՝ «Իմ կանաչ պատուհանը» վիպակը, լույս է տեսել 1968-ին, ապա 1975-ին և 1983-ին լույս են տեսել «Վարդազարն իջավ լեռներից» և «Պարզկա գիշեր» վիպակների ու պատմվածքների ժողովածուները, 1987-ին՝ «Լեռները թիկունքում» վիպակը, նույն տարում՝ մանկական պատմվածքների «Մի անձրևոտ օր» ժողովածուն, իսկ 1989-ին հրատարակված վիպակների և պատմվածքների «Օջախի տերը» գիրքն արժանացել է Հայ գրողների միության «Գրիգոր Զոհրապ» մրցանակին: 2002-ին լույս է տեսել Ֆ. Շաքարյանի «Հանգույց», իսկ 2005-ին՝ «49 թվականը» վեպը: Վերջինս ներկայացվել է ՀՀ Պետական մրցանակի: Ինչպես հեղինակն էր պատմում, այս վեպը, ՀԳՄ նախագահի հավաստմամբ, ընդգրկված է եղել հավակնորդների լավագույն եռյակում: Ֆ. Շաքարյանն այն իր լավագույն գործերից մեկն էր համարում: Այս կարծիքին են նաև շատ գրականագետներ: 2007-ին լույս տեսած «Մարդ մնալու դժվարությունը» գրքում տպագրվել են համանուն վեպը և պատմվածքներ, իսկ 2010-ին հրատարակված «53 թվականից հետո» գրքում ընդգրկված են «Դու ես իմ բարեկամը» վեպը, «Վկան Շեկ աղբյուրի ձորն է» վիպակը և պատմվածքներ: «Հայաստան» հրատարակչությունը 2014-ին պետական աջակցությամբ հրատարակեց նրա «Օտարը» վեպը: Ֆ. Շաքարյանը մեր մարզում և հանրապետությունում սիրված և գնահատված գրող էր: 2008 թ. «Հայ դպրություն» կազմակերպության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, 2009-ին՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, իսկ 2010-ին «53 թվականից հետո» գիրքն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակին: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Ֆ. Շաքարյանն անընդհատ ստեղծագործական տարերքի մեջ էր: «Իմ աստղի հետագիծը» վերտառությամբ նրա ստեղծագործությունների առաջին հատորը «Հայաստան» հրատարակչությունում է: Նա հասցրեց ավարտել նաև «Սև անձրև» վեպը:
Ֆ. Շաքարյանն իր անփոխարինելի տեղն ունի հայ արձակում և երկար կհիշվի ոչ միայն իր հարազատների, այլև գրչակից ընկերների, հազարավոր ընթերցողների կողմից:
ՀԳՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ձորում մի լույս էլ մարեց
45 տարուց ավելի ճանաչում էինք, գիտեինք, իմանում էինք միմյանց, ընկեր, մտերիմ ու բարեկամ էինք: Ասվածից որն ուզում եք ընտրեք ու դեռ ավելին. իրար համար առաջին ընթերցող, խմբագիր, գրախոս ու քննադատ էինք: Գիշերվա կեսին կզանգեր ու. «Ապո, մի հատ լսիր, թե ինչ եմ գրել»: Բայց, չէ՛, ես հիմա իր գրած հրաշալի ակնարկների, պատմվածքների ու տասնյակ գրքերի մասին ոչինչ չեմ ասի: Ինչ ասեմ՝ կարդացողը կարդացել է ու հաստատ հավանել, սիրել ու հիշում է, չկարդացածների համար էլ իմ ասածն՝ ինչ: Երբ ծանոթացանք, ճանաչված անուն էր գրական աշխարհում, նաև Հայաստանի ռադիոյի սեփական թղթակիցն էր: Այն ժամանակ դա, ինչպես ինքն էր ասում, «Աղա գործ էր»… ուսյալը, ազնիվն ու հասկացողը գնահատում էր ու հարգում, խարդախն ու թալանչին՝ վախենում: Ֆելիքսը կուշտ էր «պաշտոնական» հարգանքից, ոչ մեկին էլ չէր վախեցնում ու ահաբեկում:
Հաճախ էինք հանդիպում, միասին լինում: Համոզում-համոզվում էինք, խոսում-վիճում էինք, ուտում-խմում էինք… տո, քեֆ էինք անում, ինչու չէ, նաև քեֆովանում ու հարբում էինք ու միայն երկու օր հետո, մեր տանը, կնոջս պատրաստած թունդ թեյով «օյաղանում», խելքի գալիս… Ու էլի Լոռվա ձորում, մեր ձորում, շարունակվում էր կյանքը, ու էլի մտերիմ ու բարեկամ էինք, գիտեինք միմյանց գրչի տակից դուրս եկած առաջին տողը, եթերում հնչած վերջին հաղորդումը: Գիտեինք, կարդում էինք նաև գրախանութներում հայտնված գրեթե բոլոր գրքերը, ու էսքան թոհուբոհից հետո ամոթ էր, որ գլուխներս «չցավազրկեինք ու չակտիվացնեինք» ֆոնի արաղով ու սիրտներս էլ չզովացնեինք Ալավերդու թաաաարմ-թաաաաարմ, սառըըըը-սառըըըըը «չանի պիվով»…
Ֆելիքսը, Ֆելոն ձորի տղա էր: «Ձորի տղա» ասվածը լավ մարդ, հացով-ջրով մարդ, խոսքաշեն մարդ, ուսյալ-մտավորական մարդ ասված-հասկացվածից դեռ մի բան էլ ավելի է նշանակում «էն լոռու ձորում»: «Էն լոռու ձորը» ամեհի է ու անդնդախոր, սուտ խոսքը՝ չհանդուրժող, կեղծավորին քարազարկ անող, խաբեբային ջրախեղդ անող… Քաջքերն էլ, իսկապես, կան ու հալածում, քարափներից գլորում են «մուխաննաթ» մարդկանց: Ֆելոն շիտակ էր, խոսքը ճակատին ասող էր, գովեր թե փնովեր, աչքերի մեջ ուղիղ նայող էր:
Կյանքում ստացած դաժան հարվածներից ու փորձություններից հետո էլ չկոտրվեց, չբեկվեց, էլի ազնիվ ու շիտակ մնաց, նույն ինքը մնաց…
Ու հիմա, անհավատալին. ինքը… չկա:
Մահվանից մի քանի օր առաջ զանգահարեց ու ասաց.
– Ապո ջան, կարդացել եմ գիրքդ… գրիչդ մեր ժայռերի նման պինդ է, մելանդ՝ Դեբեդի պես անսպառ, խոսքդ՝ մեր ձորերի քամիների նման երկնահաս…
Ծիծաղեցինք… իմ խոսքն էր կրկնում, որ մի օր ասել էի իր մասին… Ծիծաղը դեռ ունկերիս մեջ է: Զանգահարեցի, որ Ամանորը շնորհավորեմ, ասացին…
…Ձորում էլի մի լույս մարեց, մարեց ու անէացավ ժայռերի ծերպերում:
– Հիշո՞ւմ ես, Ֆելո, քեզ միշտ ասում էի. «Մենք բոլորս Փոքր Մհեր ենք, պարզապես քարայրերում էլ տեղ չկա, բոլորը զբաղված են»…
Դու քեզ համար տեղ ճարեցիր, Ֆելո ջան, ապո ջան…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ