Արվեստի և գրականության կեցվածքը ճիշտ պահելու համար է կարծես երևան եկել Լևոն Բլբուլյանի «Տարիների միջով» ժողովածուն: Ստեղծագործական երկար ճանապարհ անցած գրողը՝ բանաստեղծը, թարգմանիչը, հրապարակախոսը, նաև հայ երգարվեստում իր կարևոր մասնակցությամբ՝ կարևոր աշխատանք է կատարել՝ ի մի բերելով տարբեր տարիներին տված հարցազրույցները: Բացելով գիրքը՝ աչքերիս առաջ մի մաքուր արահետ է բացվում՝ նվիրվածության, իր գործը սիրող գրի մշակի, ով ժամանակի մի հսկա բաժին է նվիրել, որ կիսի իր մշակութային փորձը: Երևի ավելի հեշտ է մի գիրք գրելը, քան այսքան շատ և այսքան տարաբնույթ հարցերի պատասխանելը: Ընդգրկուն այս ժողովածուն, որ հիմնականում հարց ու պատասխան է, խնդիրների խորքային լուծումներ է առաջարկում: Հետևաբար, գիրքն ունի նաև հրապարակախոսական ընդգծված բովանդակություն:
Գրողի կերպարը, սովորաբար, ավելի է ընդգծվում նամակներում և հարցազրույցների ժամանակ: Ի հայտ են գալիս մտավորականին բնորոշ որակական կարևոր հատկանիշներ: Լրագրողի հարցերից մեկին պատասխանելիս Լևոն Բլբուլյանը հստակ ցույց է տալիս, թե որքան թանկ է գնահատում իր ժամանակը: Բայց և ակնհայտ է այն փաստը, որ նա մեծ ժամանակ է հատկացրել՝ մանրամասն և այսքան գործնական պատասխանելու բազմաթիվ տարողունակ հարցերի: Հարցազրույցների օգնությամբ նաև ընթերցողը ծանոթանում է բանաստեղծի կյանքին և գրական գործունեությանը, որի մասին պատմելն ուղեկցվում է նաև տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած մշակութային արժանահիշատակ իրադարձություններով: Անկեղծ և բազմաբովանդակ զրույցներ են, որոնք բացում են գրողի՝ տարիների ընթացքում ձեռքբերումների գաղտնիքները, օգնում մոտիկից ճանաչելու մտավոր աշխատանքին ամբողջովին նվիրված մշակի անցած հետաքրքիր ճանապարհը:
Հետաքրքիր դիպվածի շնորհիվ է ստեղծվել այս գիրքը: Արխիվի աշխատակիցը խնդրել է համապատասխան բաժին հանձնել գրողի ստեղծագործական արխիվը, և այն հավաքելու ժամանակ էլ հենց միտք է հղացել ստեղծելու այսպիսի մի գիրք. «Այդ ընթացքում նկատեցի, որ մեկումեջ թերթերն աչքի անցկացնելիս համեմատաբար երկար եմ տարվում տարբեր տարիների՝ մամուլին տված իմ հարցազրույցներով: Ակամա սկսեցի փնտրել, խնամքով մի կողմ դնել դրա՛նք հատկապես: Թե՛ հետաքրքիր, թե՛ հաճելի էր կարդալ, ապա նայել թերթի ամսաթիվը ու ինչ-ինչ դեպքեր, իրադարձություններ վերհիշել, ժամանակի մեջ «տնտղել» ինքդ քեզ, հետևել սեփական մտքերի, հայացքների, տրամադրությունների ընթացքին ու զարգացմանը… Կարելի է ասել, մտովի ճամփորդում էի տարիների միջով, քանզի պարզվեց, որ հատկապես վերջին երկու տասնամյակում գրեթե ամեն տարի առնվազն մեկ-երկու հարցազրույց եմ տվել այս կամ այն պարբերականին, վերջին շրջանում՝ նաև համացանցային կայքերին (շնորհակալ եմ, իհարկե, բոլոր այն լրագրողներին ու խմբագրություններին, որոնք երբեմն հիշել են ինձ, խոսքս կարևորել, հնարավորություն տվել արտահայտվելու ինձ հուզող-հետաքրքրող հարցերի շուրջ)»:
«Տարիների միջով» ժողովածուն հնարավորություն է տալիս նաև ավելի լավ ճանաչելու Լևոն Բլբուլյան բանաստեղծին, թարգմանչին, հրապարակախոսին, մշակութաբանին, նաև իր գործունեության մի ստվար մասը հայ երգին նշանավոր տեքստեր նվիրողին: Երգեր, որ սիրված են, երգեր, որոնք հիշվում են և շարունակում են սիրված լինել, ինչպես՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Արևոտ անձրևը», Արամ Սաթյանի «Սերն անցավը», Ռուսլան Գալստյանի «Մեր փողոցումը», Վարդան Աճեմյանի «Նվիրումը»… Շուրջ 200 երգ է ծնվել Լևոն Բլբուլյանի խոսքերով, նա տեքստեր է գրել նշանավոր կոմպոզիտորների երաժշտությամբ՝ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Երվանդ Երզնկյանի, Գևորգ Մանասյանի, Էդգար Գյանջումյանի…. Խոստովանում է, որ իր համար հետաքրքիր աշխատանք է եղել և մնում բանաստեղծական զգեստ հագցնել արդեն պատրաստի երաժշտությանը: Պարզվում է, որ Լևոն Բլբուլյանի տեքստերը հիմնականում այսպես են ստեղծվել: Եվ ի հայտ է գալիս մեկ այլ իրողություն. այն, որ նա նաև ինչ-որ տեղ երաժիշտ է, որովհետև ինչպես ինքն է խոստովանում, հետամուտ է լինում մեղեդուն՝ տեմպին, ռիթմին, հնչյունների դասավորությանը, մեղեդայնությանը, չափին: Այդպես են ստեղծվել շատ հայտնի երգեր: Հարցազրույցներից մի քանիսում նա տխրությամբ է խոսում այսօրվա մեր նոր երգերի ցածրորակության մասին՝ նշելով, որ դրանք թիթեռի կյանք են ունենում, կամ տարվա երգ են դառնում այնպիսի անճաշակ երգեր, որոնք խոսում են մեր երգարվեստի նահանջի և ունկնդրի ճաշակի անկման մասին:
«Երգը թռչուն է» խորագրով շատ տարիներ առաջ տված հարցազրույցի ժամանակ Լևոն Բլբուլյանը նաև հիշում է մեր ժամանակակից երգարվեստում լուրջ քննություն անցած երաժիշտների և համույթների, հատկապես առանձնացնում Երգի պետական թատրոնը, նրա գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, «Արձագանք» ստուդիան, Եղիշե Պետրոսյանին, Արտավազդ Բայաթյանին, «Հայեր» համույթը, Նադեժդա Սարգսյանին: Բայց և խորհուրդ տալիս՝ ավելի ուշադիր լինել երգերի տեքստի հանդեպ. «Չպիտի մոռանալ, որ մեղեդայնության, գործիքավորման առումով հաջողված երգն անգամ շատ բան է կորցնում, երբեմն պարզապես վթարվում է անճաշակ, անհեթեթ բառերի պատճառով»: Եվ իր ասածը հիմնավորելու համար բազմաթիվ տիպական օրինակներ է բերում ժամանակակից երգարվեստի տեքստային աղտեղություններից, որոնք այսօր լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր երգարվեստին:
Երգարվեստի մասին գրողի տված հարցազրույցներից երևում է՝ որքան մտահոգ է նա վաղվա մեր երգի համար, որքան կարևոր թերություններ է նշմարում, խորիմաստ հայացք ձգում կարևորին, անում ինքնատիպ առաջարկություններ, որտեղ երևում է մշակութաբանն ու արվեստագետը. «Խոտանի առաջն առնելու, արվեստի ու գրականության, մասնավորապես երգարվեստի ոլորտում նորի որոնումներն առողջ, կենսունակ հունով տանելու, ազգային ավանդույթները պահպանելու համար կարգավորման հատուկ մեխանիզմ է հարկավոր: Ինչո՞ւ դարձյալ շեշտում եմ երգը: Որովհետև վատ գիրքը կարող ես մի քանի էջից հետո փակել, մի կողմ դնել, այնպես անել, որ երեխաներիդ և այլոց ձեռքը չընկնի, իսկ վատ երգերը (լեզվական թերացումներով, օտարամուտ ելևէջներով, տեսահոլովակների երբեմն գռեհկության հասնող կադրերով…) շուրջօրյա սփռվում են հեռուստառադիոեթերով: Ինքդ էլ գուցե, կամա-ակամա, ենթարկվում ես դրանց բացասական ներգործությանը, էլ ուր մնաց նոր-նոր ձևավորվող երեխաները, դեռահասներն ու պատանիները: Հայտնի բան է, չէ՞, որ երաժշտությամբ ուղեկցվող ամեն ինչ առանձնահատուկ մատչելի է ու ներգործուն: Կներեք համեմատության համար, բայց հո իզուր չեն կենդանի վարժեցնողներն այնքան հաճախ դիմում երաժշտության օգնությանը…»: Սակայն ամենաանողոք քննադատությունը նա ուղղում է հատկապես այն իրողությանը, երբ տեքստի հեղինակները, ասելիքի մասին մոռացած, ճիգուջանք չեն խնայում պարզապես բառերը մեղեդուն հարմարեցնելու համար, որը անսահման արհեստականություն է հաղորդում երգին:
«Հանդիպման տանգո», ևս մի հետաքրքիր հարցազրույց ժողովածուում, որը նվիրված է Լևոն և Ժաննա Բլբուլյաններին: Եղբայր և քույր ստեղծագործական ակտիվ ու արդյունավետ համագործակցության մեջ են:
Հարցազրույցում դարձյալ անդրադառնում են երգի, տեքստի, մեղեդայնության կարևորության խնդիրներին: Նրանց համագործակցության շնորհիվ են ստեղծվել «Հայաստանը», «Տուն նաիրյանը», «Իմ միակը» «Վերջին զանգը» «Վերադարձի գարունը», «Հանդիպման տանգոն», «Կարոտի հավքերը», «Ճախրանքը»…, նաև «Սիրո ու նվիրումի երգեր» գիրքը: Լևոն Բլբուլյանը նշում է, որ հաճույքով է համագործակցել Ժաննայի հետ, քանի որ նրա երաժշտությունը մեղեդային է ու վարակիչ, ասես իր մեջ պոեզիա է կրում:
Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի նախասիրած թեման սերն է: Այստեղ նա ներդաշնակ անցումներ է անում ժամանակի հետ. հույզի, կարոտի, սպասման ժամանակի պահերը ագուցում է իր կյանքի մանրաթելերին՝ չկորցնելու համար: Այդ ամենաթանկարժեքը՝ որպես ամենամեծ հարստություն, սնում է նրա ամբողջ ստեղծագործական տարածքը: Բանաստեղծն իր հոգու պատմությունն է բերում, սիրո մեջ փնտրում իր երազը: Այս ամենը կարելի է հասկանալ՝ կարդալով հատկապես Սարո Գյոդակյանի հարցազրույցը Լևոն Բլբուլյանի հետ, որ վերնագրված է՝ «Մինչև բացվեն ցավից գոցված դռներ անթիվ»: Խոսելով «Աներգ օրեր» ժողովածուի մասին՝ հիշում է հատկապես գրականագետ Ազատ Եղիազարյանի գրախոսու- թյունը «Գարուն» ամսագրում իր «Համբույրի ծաղիկ» ժողովածուի մասին և արժևորում հոդվածի վերնագիրը՝ «Հոգու պատմություն»: Ուրեմն՝ բանաստեղծն իր հոգին է վրձնում, իր պատմությունն է բանաստեղծորեն արտացոլում: Այստեղից էլ ստեղծագործական անկեղծությունը, որ այնքան կարևոր բաղադրիչ է պոեզիայում.
Օ՜, բողբոջն այդ հրե, այդ ծաղիկը հրաշք, / Սե՛ր իմ, քո հմայքի հետ է անվերջ աճում. / Հիմա՛, հիմա՛ անուշ այն կբուրի մեր մեջ, / Կհուրհրա խորքից շաղվող քո աչքերի…
Նույնպիսի անկեղծությամբ հոգու պատմություններ կարելի է համարել Բլբուլյանի «Կհանդիպե՞մ», «Որոնում», «Երեք երգ նույն հասցեով», «Աներգ օրեր», «Չար երգեր չկան», «Մի ընթերցողի», «Աշնանային», «Կախարդանքի երեկո», «Փոքրիկ պատմություն», «Ինձ կհանդիպեմ» և այլ բանաստեղծություններ: Գրողի գրական ժառանգության մեջ հետաքրքիր մաս են կազմում քառյակները, որ լույս են տեսել առանձին գրքով, արժանացել Գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: Ահա դրանցից մեկը.
Եվ սրիկա՛ն կարող է մտերմորեն քեզ ժպտալ, / Թալանչի մի բարերար՝ իր ավարից նվեր տալ… / Այս օրերին չես կարող դու անգամ քե՛զ վստահել, / Ամեն խոսք ու հայացքի՝ առաջվա պես հավատալ:
Վերոհիշյալ հարցազրույցում այսպես է պատմում իր մասին. «Սկզբից եղել է լրագրությունը: Մասնագիտությամբ գյուղատնտես-մեխանիկ եմ, բայց առաջին փոքրիկ թղթակցություններից հետո տարվեցի ժուռնալիստիկայով և դարձա լրագրող: Դրան զուգընթաց նաև բանաստեղծում էի: Հետո գրականությո՛ւնն առաջնային դարձավ:
Խմբագրություններում աշխատելիս միշտ զբաղվել եմ գրականությամբ ու արվեստով: Հիմա ժուռնալիստ եմ, ով նաև գրող է… ավելի ճիշտ, երևի, գրող եմ, որ լրագրությամբ է զբաղվում: Գրականությունը հոգու պահանջ է, որից որևէ եկամուտ ակնկալել չես կարող… »:
Բլբուլյանն ինքն էլ է հարցազրույցներ արել մեր ժամանակների լավագույն գրողների ու արվեստագետների՝ Սիլվա Կապուտիկյանի, Օհան Դուրյանի, Աղասի Այվազյանի, Հակոբ Հակոբյանի, Էդվարդ Միրզոյանի, Հենրիկ Իգիթյանի, Անդրեյ Բիտովի, Լևոն Թոքմաջյանի, Երվանդ Ղազանչյանի և այլոց հետ, որ լույս են տեսել «Ժամանակ և դեմքեր» առանձին գրքով: Այս գրքի մասին հարցազրույց կա «Տարիների միջով» ժողովածուում, որը ներկայացրել է Միքայել Ուստյանը: Այն տպագրվել է «Գրական թերթում» 2003 թվականին՝ «Հարցազրույց՝ հարցազրույցների առիթով» հետաքրքիր խորագրով:
Լևոն Բլբուլյանին մշտապես հետաքրքրել են գրական քննադատությունը, գրող-ընթերցող կապին առնչվող հարցերը և հարցազրույցներում պարբերաբար ներկայացրել է իր կարծիքն այս խնդիրների շուրջ: Դրանցից մեկում («Ամեն նոր օրվան ինչ-որ բան տալ քեզնից») նա խոստովանում է, որ պատանեկան տարիներին Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքն է հատկապես ոգեշնչել իրեն՝ տանելով մեր բազմադարյա պոեզիայի ակունքները՝ Նարեկացի, Չարենց… Եվ չի թաքցնում սևակյան ազդեցությունն իր առաջին գրքում: Ժամանակ անց, նաև Համո Սահյանն է դարձել նրա շատ սիրելի գրական ուսուցիչը. «Շնորհիվ նրա՝ ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկական գրողը (արվեստագետն առհասարակ) ամենից առաջ զրուցակից պիտի լինի մարդու համար, հաճելի, ցանկալի, հոգեմոտ զրուցակից, ով եթե ինչ-որ բան է տալիս, փոխանցում քեզ, ինչ-ինչ «բարեփոխումներ» կատարում քո մեջ, ապա դա անում է գրեթե աննկատ, առանց որևէ ցույցի կամ պարտադրանքի, քեզ հետ մտերմիկ, ներդաշնակ մի հաղորդագրության մեջ…»: Ցավով է խոսում գրող-ընթերցող կապի խզման մասին. «Ո՛ւր էր, թե գար այնպիսի ժամանակ, երբ մարդիկ կրկին հետաքրքրվեին գրականությամբ, առաջվա պես հետևեին մամուլին, անհամբեր սպասեին իրենց սիրելի հեղինակի հերթական գրքին կամ հեռուստաելույթին… Գրողին ստեղծագործական մարզավիճակում պահող կարևոր խթան էր դա, որի բացակայությունը, ավել կամ պակաս չափով, անդրադարձել է բոլորիս վրա անխտիր: Ասենք, ինչպե՞ս կզգա իրեն դերասանը կամ երգիչը կիսադատարկ դահլիճի հանդեպ…»:
Բազմազան են Լևոն Բլբուլյանի ստեղծագործական հետաքրքրությունները, որտեղ անմասն չէ նաև թարգմանչական գործունեությունը: Պատահական չէ, որ վերջերս նրան շնորհվեց Ս. Էջմիածնի և Գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակը, որ տրվում է մեր լավագույն թարգմանիչներին: Այս ասպարեզում նա մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ հայերեն թարգմանելով Վլադիմիր Խոդասևիչի, Վլադիմիր Վիսոցկու, Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Բուլատ Օկուջավայի, Իվան Պերեվերզինի, Վլադիմիր Սիլկինի, Վլադիմիր Իսայչևի և այլոց ստեղծագործությունները: Հաջողված թարգմանություն է ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադիի հուշագրությունը՝ նվիրված սիրելի ամուսնուն՝ Վլադիմիր Վիսոցկուն՝ «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»: Հարցազրույցներից մեկում նա խոսում է թարգմանական աշխատանքի մասին, թե որքան մեծ տեղ է զբաղեցնում և չարչարալից աշխատանք պահանջում այն իրենից: Լավ է հիշում՝ ինչպիսի բերկրալի տառապանքով է թարգմանել Վիսոցկի, Ախմատովա, Խոդասևիչ… «Կար մի շրջան, երբ ընկերներս փողոցում ինձ հանդիպելիս կատակով ասում էին՝ ողջույն, Լևոն Վիսոցկի»: Վիսոցկուց կատարած առաջին թարգմանությունները, որ առաջին փորձն էր հայ իրականության մեջ, «Ավանգարդ» թերթում տպագրվելուց հետո մեծ հետաքրքրության են արժանանում. հեռախոսազանգեր, նամակներ, շնորհավորանքներ, սկսած գործը շարունակելու հորդորներ: Իսկ թերթի տպաքանակը, որի գրականության և արվեստի բաժնի վարիչն էր այն տարիներին Լևոն Բլբուլյանը, 200 հազար էր: Եվ չնայած Վիսոցկին համարվել է գրեթե անթարգմանելի բանաստեղծ, այնուամենայնիվ, «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գրքի թարգմանչին հաջողվել է հասկանալ մեծ արվեստագետի հոգին և պոետական գաղտնիքները: Լևոն Բլբուլյանը կարևորում է այն գրողներին և արվեստագետներին, ովքեր սիրվում և գնահատվում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Այսպիսին է նա տեսնում Վիսոցկուն՝ որպես ռուսական ոգին իր մեջ կրողի և նրա նվիրական զգացումների թարգմանի: Թե ինչպիսի նրբանկատությամբ է վերաբերվել թարգմանիչը Վիսոցկու բառ ու տողին, բավական է կարդալ «Երգ ընկերոջ մասին» բանաստեղծության թարգմանությունից այս մեկ հատվածը.
Եթե լեռներում բանի պետք չեղավ,/ Մեկեն թթվեց ու քիթը կախեց վար. / Թե սառցադաշտում քայլեց խեղճացած / Ու հենց սայթաքեց՝ հուսահատ ճչաց,/ Օտար մեկն է քո կողքին, իմացի՛ր,/ Պետք չէ նախատել, դու նրան քշի՛ր. / Չէ՛, նմաններին վերև չեն տանում./ Էդպիսիների մասին չեն երգում:
Հարցազրույցներում Լևոն Բլբուլյանը ուրախությամբ և անկեղծությամբ է խոսում իր արմատների, ծնողների, ընտանիքի, սիրելի կնոջ մասին, մտաբերում կարևոր ու անմոռանալի օրերը, այն դրվագները, որոնք անջնջելի հետք են թողել հիշողություններում՝ դառնալով երգ, բանաստեղծական տող: Եվ դրանք պատմելու համար էլ որոշակի անկեղծություն և հումոր է հարկավոր: Բնականաբար, սիրելի ծննդավայր Գավառ-Քյավառի, ուտող-խմող իր հայրենակիցների մասին «Բոյիդ մեռնեմ» խորագրով գրքույկներում այդ հումորն առանձնահատուկ դրսևորումներ է ունենում՝ հարազատ բարբառի համուհոտով, անկրկնելի կոլորիտով: Բանաստեղծն իր ստեղծագործության կարևոր մասն է համարում այդ «արաղապատումները». «Իմ ծննդավայրի՝ բոլորի կողմից սիրված կատակները ես գրի առնում, ի մի եմ բերում ամենայն հաճույքով ու նաև պատասխանատվությամբ: Դրանք ժողովրդական բանահյուսության յուրահատուկ նմուշներ են, և ափսոս է, որ կորչեն: Իսկ ինչը սիրով ես անում, դրա համար և՛ ժամանակ, և՛ հնարավորություն ճարվում է»: Դժվար է այստեղ ևս նրա հետ չհամաձայնել:
Ընթերցողը, իսկապես, կարող է հափշտակվել Լևոն Բլբուլյանի «Տարիների միջով» գրքի բովանդակությամբ, որովհետև ինքն էլ կքայլի գրողի հետ նրա անցած ճանապարհով, կհուզվի, կժպտա, կհասկանա, կամրացնի ոգին: Եվ սա էլ հենց գրքի ամենամեծ արժանիքն է՝ մեծ և մտերմիկ զրույց բացել ընթերցողի հետ: Եվ ամենակարևորը՝ բարեկամանալ, որովհետև ցանկացած գրողի թաքուն երազանքն է սա, որի մասին ես համարձակվեցի գրել…