ՀԱՆՐԱԳԻՏԱԿԸ՝ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Հանրագիտակը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է, որի բազմահմուտ ղեկավարությամբ վերջին տասնամյակներում մեծ ավանդ է ներդրվել հայրենի գիտական և մշակութային կյանքի զարգացման, գիտահանրամատչելի գրականության հարստացման ուղղությամբ:
Բազմաբնույթ, բարձրորակ համագիտական՝ ճյուղային, տարիքային տարբերակմամբ, միահատոր, քառահատոր և բազմահատոր հանրագիտարանների շարքն աննախադեպ երևույթ է, որի մասին շատերն են երազել, նաև ջանք թափել մեր նախնիները՝ Հովհաննես Թումանյանը և հետագա սերնդի մարդիկ:
Խոր, բովանդակալից և ընդգրկուն է Հովհ. Այվազյանի՝ նորերս հրատարակված «Օրերի անձանձիր հոլովույթում» խոսուն վերնագրով գիրքը (2015, «Տիգրան Մեծ»): Դրանում հեղինակի տարբեր ժամանակներում և տարբեր իրադրություններում անդրադարձերն ու ելույթներն են, որոնք վերաբերում են մեր ժողովրդի ապրած ողբերգական և լուսավոր էջերին, մշակույթի, գիտության, երգարվեստի ու գրական գործիչներին: Ներկայացված են հեղինակի մտքի և իմացության թռիչքով, մտերմիկ, սրտացավ, ջերմագին սիրով հայրենի արժեքների ու դրանց ստեղծողների նկատմամբ: Գրքի «Օրեր, տարիներ… ժամանակ» գլխում համառոտ, սակայն խորությամբ ու հստակությամբ ներկայացված է մեր ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության իրողությունը, նրա դառն ու դաժան հետևանքները: Բերված են շատ ու շատ անծանոթ կամ սակավ ծանոթ տեղեկություններ մեր ժողովրդի պատմության այդ ողբերգական էջերից:
Հեղինակն անդրադառնում է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության հետևանքներին, «Թուրքիան զուտ թուրքական պետության վերածելու» քաղաքական դոկտրինայի իրագործման ճանապարհի հայատյացությանը, հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, հայ մտավորականության գլխատմանը: Այդ ամենի հետ հեղինակը նաև շատ կարևոր դիտարկում է անում այն մասին, որ Թուրքիայի ռազմական արտակարգ դատարանի 1919 թվականի հուլիսի 5-ի վճռով կառավարության պարագլուխների դատապարտումը, ըստ էության, թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Իսկ ներկա պահանջը՝ հայոց տառապանքների, հոգևոր, մշակութային և նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ, փաստորեն, դրա տրամաբանական շարունակությունն է:
Իր ոչ տևական կյանքի մայրամուտին Հովհաննես Թումանյանը մի առիթով ասել է. «Ես գիտեմ, մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն և աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»: Գրքի «Թումանյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» բաժինը ևս հայ ժողովրդի համար այդ ծանր ժամանակներում Թումանյանի գործունեությունը նոր կողմերով ու մանրամասնություններով բացահայտելու և ներկայացնելու ուշագրավ օրինակ է: Թե բանաստեղծն ի՜նչ տառապանքներ է կրել, բարոյական ու կազմակերպչական ջանքեր ու միջոցներ գործադրել՝ հայ ժողովրդի Արևմտյան հատվածի համար ծանր իրադրությունը մեղմելու, փրկության ելք գտնելու, նրա ապրումները, տագնապները, ցավն ու տառապանքը վեր են ամեն պատկերացումից: Թումանյանի ջանքերի, կրած անօրինակ զրկանքների ու նվիրումի արտահայտությունն է Զորավար Անդրանիկի գնահատականը. «Ահա հայ մը, որ կրցավ զոհել ամեն բան՝ իր կյանքին գնով օգտակար ըլլալու իր ազգակիցներուն՝ խնկելի հիշատակ մը թողնելով անոնց ամեն մեկուն սրտին մեջ»: Իսկ Լեոն գրել է. «Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»: Լոռու և լոռեցիների հետ հեղինակի հարազատությամբ է պայմանավորված գրքի «Շնորհավորանքներ… և ոչ միայն» բաժնում լոռեցի մի շարք գրողների և գործիչների՝ Սուրեն Մուրադյանին, Լիպարիտ Սարգսյանին, Հրաչյա Մաթևոսյանին, Հովիկ Վարդումյանին և այլոց արժանավայել գնահատելն ու ներկայացնելը:
«Հանրագիտարանը և մենք» բաժնում Հովհ. Այվազյանը ընդհանուր գծերով ներկայացնում է «Հայկական հանրագիտարան» հրատարակչության 50-ամյա արգասաբեր գործունեության համապատկերը, թե որտեղից ենք սկսել, ինչի ենք հասել և այսօր ինչ խնդիրներ ունենք լուծելու: Մի բան ակնհայտ է, որ դրանք մտել են մարդկանց էության ու կենսակերպի մեջ, դարձել նրանց առօրյա հոգևոր բաղադրիչը:
Հեղինակն իր «Օրերի անձանձիր հոլովույթում» մատուցում է նաև անսպասելի, սակայն իմացության առումով կարևոր տեղեկություններ, ինչպես «Նոբելյան մրցանակը և… հայերս» հոդվածում է: Գիտնականը նշում է, որ «վերջին տարիներին տրված Նոբելյան մրցանակների շուրջ 80 %-ը բաժին է ընկնում ամերիկացի գիտնականներին»: Ինչ է, այլ երկրներում քի՞չ են արժանավորները: Բերված տեղեկություններից պարզվում է, որ հայերիս մեջ էլ կան այդ հեղինակավոր մրցանակին արժանի մարդիկ, ինչպես Դուբնայի ինստիտուտի ատոմի միջուկի փորձարար գիտնական Յուրի Հովհաննիսյանը, 9 անգամ այդ մրցանակին ներկայացված լուսաքիմիայի հիմնադիր-քիմիկոս Հակոբ (Ջակոմո) Չամիչյանը (Իտալիա), մեծ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը, համակարգչային շերտագրության հայտնագործող ամերիկահայ Ռայմոնդ Դամադյանը: Ամփոփելով Նոբելյան մրցանակի թեկնածուներին իր անդրադարձը՝ Այվազյանը լավատես է. հույս է տածում, որ «նաև հայ գիտնականների օգտաշատ նավը մի օր բարեհաջող կհասնի շատ ցանկալի «Կայունության կղզի»: Գրքում զգալի տեղ է հատկացված Ջավախքին ու ջավախքահայության ճանաչված դեմքերին, ինչը պայմանավորված է Հովհ. Այվազյանի «Ջավախք» հայրենակցական միության երկարամյա նախագահը լինելու հանգամանքով և հայրենի բնաշխարհի ու նրա մարդկանց հետ ջերմագին կապվածությամբ: Ուստի բնական են Ջիվանու, Վահան Տերյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի, Հավասու, Մկրտիչ Սարգսյանի, Վարդ Բդոյանի և ուրիշների կյանքին ու գործունեությանը Այվազյանի անդրադարձները, նրանց մարդկային ու ստեղծած մշակութային արժեքների վերհանումն ու գնահատանքը, շատերի նորովի բացահայտումը: Անդրադառնալով Ջիվանու գրական գործունեությանը՝ հեղինակը նորովի բացահայտել ու գնահատել է նրա արվեստը («Ջիվանին մեծ է, աներևակայելիորեն շիտակ է, մաքուր է՝ ինչպես նրան սնած հողն ու ջուրը: Մեծ է, որովհետև նրա բոլոր գործերը գրված են հանճարեղության հասնող պարզությամբ, այնքան հարուստ լեզվով, որ նրանով կենդանություն են առնում մարդկային առաքինությունը, բարոյականությունը, սերը…»): Իսկ աշուղի ծննդյան 150-ամյակի առթիվ Կարծախում ունեցած ելույթի տողատակում (գրքի 97-րդ էջ) ցավով նշել է նաև. «Սա իմ վերջին ելույթն է Ջավախքում (Կարծախում) 2011-ի հունիսին, որից հետո Վրաստան իմ մուտքն արգելվեց, հայտարարվեցի անցանկալի անձ, որը շարունակվում է ցայսօր»: Պատկերացնու՞մ եք, բանականության ինչպիսի ոտնահարում. մարդուն հայրենասիրության համար զրկել իր ծննդավայրից, իր ծնողների շիրիմներին այցելելու հնարավորությունից:
Գրքում իրենց ազգանպաստ գործերով ու արժեքներով ներկայացված են Զորավար Անդրանիկը, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ավիատոր Սերգեյ Վանցյանը, ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը, լրագրող-հրապարակախոս Հրանտ Դինքը՝ իրենց մաքառումներով ու ձեռքբերումներով՝ որպես հայրենասիրության, նվիրումի և բարձր արժեքների կրողներ: Այվազյանը ներկայանում է նաև չափածո գեղարվեստական ինքնատիպ մի քանի գործերով (երևի շատերի համար հաճելի նորություն է), որոնք հեղինակի համակողմանի օժտվածության առհավատչյան են և, ինչպես ինքն է ասում, «մի տեսակ պոռթկումի են նման» (ցանկանք, որ նման պոռթկումներ այսուհետ էլ շատ լինեն):
Գիրքն ավարտվում է ստալինյան բռնատիրության զոհ դարձած անհատի կյանքի ողբերգական պատմությամբ, որն իր պատկերավորությամբ, պատմավավերական արժեքով, դժնի ու դաժան իրականության բարքերով հիշեցնում է Վահրամ Ալազանի, Գուրգեն Մահարու և այդ դաժան ժամանակաշրջանի այլ վավերագրություններ: Կարծում եմ, անվերապահորեն պիտի համաձայնենք հեղինակի հետ, որ այն, ինչ ներկայացված է «Օրերի անձանձիր հոլովույթում», չէր կարող չլինել, քանզի այն շատ է ուսանելի և անհրաժեշտ շատերին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։