Գերմանիան, Եվրամիությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը միանգամից արձագանքեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրավապաշտպան Լեյլա Յունուսի ազատազրկման ռեժիմը տնային կալանքով փոխարինելու մասին որոշմանը՝ որակելով այն «Կարևոր մարդասիրական քայլ», «հումանիզմի դրսևորում»: Այսօրինակ գնահատականների շռայլությունը հուսահատվածի ոգևորություն է, երբ երկարատև պայքարից հետո հաջողվում է ինչ-որ արդյունք գրանցել, ինչը ապացույցն է այն բանի, որ Արևմուտքը զարմանալի ներողամտություն է ցուցաբերում Ալիևի նկատմամբ, երբ Իրաքի, Եգիպտոսի, Լիբիայի նույնանուն պարագայում ռազմական միջամտությունից չկարողացավ խուսափել: Խնդիրն այն է, որ իրավապաշտպանի ազատ արձակելու հանգամանքը որակվում է որպես կարևոր տեղաշարժ և, ամենաէականը, այդ ուղղությամբ գործողությունները շարունակելու խորհրդանշական ժեստ: Նման լավատեսությունը վկայում է, որ Արևմուտքը կա՛մ չի ճանաչում, կա՛մ ձևացնում է, թե չի ճանաչում, որ այդ երկրում երկակի դրսևորումները սովորական գործընթաց են: Աստված գիտի, թե ինչքան կյանք ունի «ազերիական հումանիզմը», որն այս դեպքում ընդամենը ցուցատախտակ է, նպատակը` շեղել միջազգային իրավապաշտպանների ուշադրությունը երկրում առկա հիմնական խնդիրներից: Ադրբեջանի Նարդարան բնակավայրում իշխանությունների և տեղի բնակչության (թաթեր, դաղլիներ) վերջին օրերի արյունալի բախման հետևանքով ստեղծված լարվածությունը, թեև ձերբակալությունների, սպանությունների և զինուժի կողմից արտակարգ միջոցառումների, շարունակում է նույնը մնալ: Այս առիթով «Շիրվանի ազգային ճակատ» կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ «Բաքվի իշխանությունները պարս ժողովրդին մշտապես դիտարկել են որպես ծաղրի, ձուլման օբյեկտ` յուրացնելու համար մեր հազարամյա քաղաքակրթությունն այս երկրում: Խորապես համոզված ենք, որ մեր ազգի ենթարկվելը Բաքվի անօրինական, ապազգային, աստվածուրաց ու պանթյուրքիստական իշխանություններին աննպատակահարմար է, քանի որ նրանք ճնշում են ոչ միայն մեր ազգային, այլև ավանդական կրոնական ձգտումները: Մենք, որպես քաղաքական կազմակերպություն, պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ամբողջ ուժով շարունակելու ենք պայքարը` Շիրվանի Պարսերի Հանրապետություն ստեղծելու համար»: Վերջին օրերին լարվածությունը սրվել է նաև ղարաբաղյան ճակատի ողջ երկարությամբ: Ազերիների աննախադեպ ագրեսիան կարելի է պայմանավորել ինչպես ռուս-թուրքական առճակատման, այնպես էլ երկրի ներքին վիճակով: Թուրքիայի արտգործնախարարի և վարչապետի այցը Բաքու թերևս ազդակ էր ազերիներին՝ թեժացնելու իրավիճակը, ինչը, թուրքերի տրամաբանությամբ, կարող է մոտեցնել իրենց և ռուսների հետաքրքրության եզրերը, քանի որ ռուսները կխուսափեն պայքարի նոր ճակատից, ինչի չեզոքացման ազդեցիկ միջնորդը կարող են իրենք լինել: Հրադադարի խախտման այսօրինակ ինտենսիվության պատճառներից կարող է լինել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ենթադրվող հանդիպումը, երբ, ինչպես սովորաբար լինում է, ազերիներն իրենց մասին հիշեցնելու ձև են ընտրում սահմանային խժդժությունները: Անկախ ամեն ինչից, ազերիական «հումանիզմը» միանգամյա օգտագործման անձեռոցիկի է նման և ոչ ավելի: Նարդարանի դեպքերի ականատեսի վկայությամբ՝ ուժայինները բռնի գործողության ընթացքում ինքնաձիգի խզակոթով հարվածել են երեխային, որից հետո նրա աչքի առջև սպանել են հորը: Սա է ազերիների «հումանիզմի» իրական դեմքը, և նույն վայրենության կիրքն է մղում նրանց ծանր զինատեսակներից կրակ բացել հայ խաղաղ բնակչության ուղղությամբ: Ակնհայտ է, որ Բաքվի այսօրինակ մարտավարությունն ընդամենը ուժի դիրքերից հանդես եկողի տպավորություն ստեղծելն է և իր կամքը թելադրելու էժանագին միջոց, որը թեև երբևիցե չի գործել, սակայն ազերիները բութ համառությամբ շարունակում են դրան ապավինել: Այս համատեքստում անհասկանալի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպման անհրաժեշտությունը և այս առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների ոգևորությունը: Եթե երկու երկրների նախագահների հանդիպման նշանաբանը հակամարտության բանակցային լուծման ելքի փնտրտուքն է, ապա ազերիների աջակցությամբ այն չի գործել և առաջիկայում էլ չի գործելու, հաշվի առնելով կրակոցների և խաղաղության անհամատեղելիությունը, ինչը բացառելու է նույնիսկ նորմալ երկխոսության հնարավորությունը: Նման դեպքում հայկական կողմի նախապայմանը պիտի լինի հրադադարի երաշխավորված պահպանումը, որից հետո միայն կարելի է մտածել բանակցությունների ձևաչափի մասին: Քանի դեռ Բաքուն չի գիտակցում, որ սադրանքն ու ուժային մարտավարությունը կորուստներից բացի ոչինչ չեն տվել և չեն տալու, մնացյալն անհարկի ժամավաճառություն է կամ ի սկզբանե ձախողված ներկայացում:
Կարդալ նաեւ․․․
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
ՄԻ՛ ՊՈԿԵՔ ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՑ Երկրիս փակ սահմաններից ներս անսահման ազատություն…
Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հունվարի վերջին, յոթ սարերից էն կողմ զորացող մի գեշ…
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առաջին անգամ է, երբ տարին՝ թե՛ գնացողը, թե՛ գալիքը,…
