Հայերիս հանդեպ պատմական հիշողությունը, վերջին երկու շաբաթվա ընթացքում, խոշոր տերությունների տեսադաշտում կրկին վերապրումներ ունեցավ: Երրորդ համաշխարհայինի ստվերը ողողեց սոցցանցերը, եթերն ու մամուլը: Իրական պատերազմից առաջ և ընթացքում գաղափարական պատերազմն ավելի առաջ է ընկնում միշտ, որպես հետախուզական ռազմավարություն, և իր ետևից տանում է պատերազմի ֆավորիտներին:
Ակնհայտն ու անհավատալին այն է, որ բոլոր խոշոր պատերազմների խաչմերուկում հանկարծ հայտնվում է տառապանքներից քամված, մի բուռ մնացած մեր հայրենիքը, և ախոյաններն իրար սպառնում են հայերով ու հայերով խաղաղվում՝ Հայաստանն ու հայերին զոհաբերելով, այս դեպքում՝ ռուս-թուրքական սաղմնավորված ընդհարումը, որի արդյունքում ռուսների կողմից շոշափվեց Արարատը վերադարձնելու մեր ցավոտ խնդիրը, իսկ Թուրքիայի կողմից՝ ազատագրված տարածքները ազերիներին վերադարձնելու Դավիթօղլուի կոչերը: Այս մասին գաղափարական լուրջ իրարանցում է սկսվել նաև ժիրինովսկիների ու սոլովյովների ազգային զինանոցում, և զարմանալիորեն մեկ հարց է առաջանում. 100 տարի ո՞ւմ ջրաղացին էիք ջուր լցնում, երբ Հայաստանը հայաքամվելով՝ խարիսխ էր գցում ռուսական տափաստաններում ու այլ երկրների գաղութներում… Միամիտ ու զգայուն մեր ազգը 1994 թվականից հետո, ցավոք սրտի, այս մասին խորհելու փոխարեն, զբաղված է ինքնաթունավորմամբ՝ աղքատները է՛լ տեղ չունեն աղքատանալու, հարուստները կղզիներ ու հանգստավայրեր են գնում օտար ափերում՝ ո՞վ իմանա, հանկարծ ժամանակը ետ չվերադարձնի Սասնա Դավթին:
Գաղափարական պատերազմի մասին այսօր չենք էլ հիշում, իսկ հայոց սահմաններից հաճախակի բերված երիտասարդ տղաների դիերը ադապտացրել են մեզ պատերազմի սարսափին և չենք էլ նկատում, որ մեր սահմանները ձգել են իրենց գոտիները՝ թուրք ազերիական սպառնալիքի տակ:
Չէի ասի, որ մազից կախված չէ երրորդ համաշխարհային պատերազմի ստվերը, իսկ մեր բնազդային զգուշավորությունն այսօր անհետևանք է թողնում երրորդ ուժի գործոնը՝ մեր դարավոր թշնամիների կողմից մեր ազգի ու պետության դեմ գործող այն կաշառված օտարերկրյա զրպարտագիրներին, որոնց միակ նպատակը հային ու Հայաստանը վարկաբեկելն է միջազգային ասպարեզներում և հայության խնդիրների ձախողումը:
Այս խնդրին չէի անդրադառնա, եթե ուշադրությունիցս դուրս չմնար հրեա լրագրող Իսրայել Բարուքի սադրիչ հոդվածը հայերիս դեմ: Դեռ չեմ հանդիպել որևէ հայ հեղինակի հոդվածի, ով կժխտեր հրեական Հոլոքոստը: Հայը երբեք նման բան չի անի, որովհետև նրա նախնիները եղեռնի տառապանքների միջով են անցել: Իսկ Հոլոքոստ տեսած ժողովրդի զավակը շատ հմտորեն փորձել է հայերիս անցյալն ու ներկան անցկացնել ադրբեջանական սև խավիարի լուսանցքներով՝ իրական ճշմարտությունը թաքցնելով 40 գազ խորության տարածքներում: Մի՞թե կարելի է ժխտել հազարավոր, մեր դեպքում՝ միլիոնավոր մարդկանց կոտորածները, և ի՞նչ նպատակ են հետապնդում մերժողական քաղաքականության հիմնադիրները: Այդ մասին իրենցից պետք է հարցնել անշուշտ, և ես հիմա՝ հայերիս պատմության դեմ կեղծ հակափաստարկներ բերող THE TIMES OF ISRAEL թերթի լրագրող Իսրայել Բարուքին ուզում եմ հարցնել՝ ծախու գրչակ, որքա՞ն գումար ես ստացել քո եղբայր ադրբեջանցիներից՝ Հայաստանը համարելով ահաբեկչական կազմակերպությունների երկիր և համեմատելով Պալմիրայի համաշխարհային մշակութային արժեքները ոչնչացնող բարբարոս համաճարակի՝ իսլամիստ ահաբեկիչների հետ: Ոչ ավել, ոչ պակաս, այս կասկածելի անձը ոչ միայն հայոց ոգու լուսապսակ Տիգրան Մեծ Արքայի կառուցած Տիգրանակերտն է համարել ադրբեջանցիների նախնիների մշակութային բնօրրան, այլև մանրամասն ներկայացրել ազերիների ականանետներից ու գրադից վնասված կամ ոչնչացված «գլուխգործոցներն» ու իբրև թե «հայ ահաբեկիչների» կողմից բնաջնջված ազերիական «արվեստի մնայուն արժեքները»… Ուզում եմ հարցնել Բարուք կոչվածին, իսկ ո՞ր ադրբեջանցու ականջում էիր քնած, երբ Սումգայիթում ու Բաքվում երեք օր հայկական կոտորածներ էին, մարդկանց այրում էին մեքենաների մեջ, իրենց տներում, փողոցներում… ցավոք սրտի, այն քաղաքներում, որոնք կառուցվել էին հայերի ձեռքով, որտե՞ղ էիր դու, երբ հայոց տան լույս ու բարություն տարածող հրաշալի հայորդիները Խոջալուում և Շուշիում ռազմական միջանցք էին արհեստականորեն ստեղծում՝ ադրբեջանցի ժողովրդին փրկելու համար: Հայոց Մեծ եղեռնի՝ մեկ ու կես միլիոն զոհերի, 1920 թ. Շուշիի՝ Կովկասի Փարիզ համարվող քաղաքի կործանման և նրա 60 հազար բնակիչների կոտորածի մասին, իհարկե, չգիտեր դեղնակտուց լրագրողը, նա անտեղյակ էր նաև Ջուղայի հազարավոր խաչքարերի ջարդի մասին, որի նկատմամբ հենց իր հավկուրությունը և աշխարհի չարաբաստիկ լռությունը ծնեց Պալմիրայի հնագույն մշակութի և Իրաքի ամենահարուստ միջագետքյան թանգարանի ավերն ու կողոպուտը: Իսրայել Բարուքը լավ կանի՝ կարդա Զենոն Կոսեդովսկու «Բիբլիական ավանդապատումներ»-ը, միայն զգույշ լինի՝ չպապանձվի ճշմարտության մերկությունից… Հայ ժողովուրդը մի իմաստուն ասացվածք է թողել՝ ատամն ընդ ատաման: Ես չեմ կարող լռել իմ ազգի դեմ իրենից բան չներկայացնող մեկի բարբաջանքների դեմ, նրան հիշեցնելով, որ այո, հրեաները հնագույն ազգերի ցուցակում կան, հայերից հետո, սակայն Ադրբեջանն ընդհանրապես գոյություն չի ունեցել մինչև 1920 թվականը:
Դառնամ մեր օրերի պատգամախոսներին. ո՞վ չգիտե, որ Թուրքիան 100 տարուց ավելի, իսկ Ադրբեջանը ավելի ուշ, ակտիվ տեղեկատվական պայքար են մղում Հայկական հարցը միջազգային մակարդակներում սառեցնելու նպատակներով, Սևրի պայմանագրից մինչև Ցյուրիխյան թվացյալ հաշտություն մեր աչքի առաջ է: Նա հրաբխում է այսօր էլ՝ Արցախի սպառնալիքը արդեն մեր հոգուն են հասցրել, դեմոկրատիա կոչվածը խաղալիք է աշխարհը կառավարողների ձեռքին և ոչ մի արժեք չունի նրանց համար հայոց սահմաններին ադրբեջանական վարձու դիպուկահարների կողմից ընկած հայ զինվորի որդեկորույս մոր ողբը: Ուժն է թելադրում, եթե ազգի մարմինը տկար է և ունակ ներթափանցող վիրուսներից վարակվելու, իր ներսում վահան մարտիրոսյաններ աճեցնելու, կոռուպցիայի «պլանտացիաներ» ոռոգելու, անակունք հարստություններ կուտակելու և այլ որոմներ, միշտ էլ կհայտնվեն բարուքիսրայելցիներ, որոնք կփորձեն շեղել աշխարհի ուշադրությունն ու կարծիքը՝ մեր դիվանագիտական խոցելի պատնեշները շրջանցելով… Ցավոք, ոչ մի տեղ չհանդիպեցի որևէ առարկող հոդվածի: Արհամարհանքը լավ է, սակայն կաթիլը երբեմն քար է ծակում խավիարով ու ադրբեջանական գումարներով, որը միջազգային կարծիք է ստեղծում ընդդեմ հայերիս հետագա միջազգային պետական գործունեության: Այսօր ոչ միայն պատերազմի մեջ ենք սահմանների վրա ու սահմանամերձ գյուղերում, այլև՝ թիկունքում, ուր բազում անլուծելի խնդիրներ կան: Սահմանի պատերազմը մեր զավակների ուսերին է: Իսկ թիկունքը՝ մեր, որի համար պատասխանատու ենք բոլորս: Գաղտնիք չէ, որ ազգի ոչնչացման հիմքում առաջին հերթին ընկած է բարոյական մահը: Հոգեպես մահացած անհատը ազգի համար միավոր չէ ու թիկունքի մեր բանակը միշտ սերնդին առջևում պիտի պահի, որ հոգևորի կորուստ չունենանք…
Իսրայել Բարուքը ո՞ւմ պատվերն է կատարում, ես չգիտեմ, սակայն լրագրողների ու գրողների մեր բանակը հոգևոր զինվոր է և բարոյապես ամուր պիտի պահի մեր ետևից եկող սերնդի բարոյական ճանապարհը՝ հայրենիքն անխոցելի պահելու թե՛ ներկայի և թե՛ ապագայի համար: Համոզված եղեք՝ պատմության անիվը խոտոր ճանապարհով տանողները մի օր արդարորեն այդ անիվի զոհն են դառնալու…