2013 թ. լույս է տեսել Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն, որին 2014 թ. հաջորդել է «Գրառումներ» խոհագրությունը: Տարբեր ժանրային պատկանելության այս երկու գրքերի համատեղ դիտարկումով կարելի է ասել, որ Հ. Մովսեսի բանաստեղծությունը՝ նրա զգայատրամաբանական և իմացական համակարգով («Գրառումներ») թորվող հոգևոր արգասիք է («Յոթներորդ որսորդություն»):
Հ. Մովսեսը «Գրառումներ»-ում հատուկ նշում է. «Բացի Վահան Տերյանի մի քանի հիմնարար հոդվածներից և էլի մի երկու բան՝ ես չեմ հիշում այն դեպքը, երբ հայ գրողն իր գրականության գործնականությունը արտահայտած կամ վավերացրած լինի տեսությամբ: Ես նկատի ունեմ ոչ միայն ընդհանուր գրականագիտական, գեղագիտական կամ քննադատական մոտեցումները, այլև զուտ գրողական փորձից ելած ամրագրումները»:
Այստեղ հարկ եմ համարում հիշատակել 2011թ. «Գրական թերթ»-ում տպագրված իմ «Պատկերաշարժ, զգացողություն, միտք» հոդվածը: Ի դեպ, Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» գրքում պատկերաշարժ-զգացողություն-միտք եռաստիճան զարգացումը՝ որոշակի ասելիքի հանգեցնող, կարելի է ներկայացնել հետևյալ գեղեցիկ դրվագով. Ինքս իմ մեջ մտած՝ բառերն իմ հանեցի, //Հանց հացթուխն է փռից իր հացերը հանում // Եվ, ձեռքերը խանձած կարմիրի մեջ բոցի,// Մայրամուտի կապույտ քարերին է դնում:
Հակոբ Մովսեսը «Գրառումներ»-ում գեղարվեստի «տեխնոլոգիայի» առումով տրամաբանում է Բանաստեղծության երրորդությունը: «Բանաստեղծությունը ծնվում է բառերով, խաչվում է իմաստներով, հարություն է առնում ընկալմամբ»:
Միայն այս դեպքում ոչ թե պատկերաշարժ է, այլ՝ պատկեր (նկարագրություն)-զգացողություն-միտք: Եվ հենց զգացողություն-միտք, միտք-զգացողություն փոխակերպումների մեջ է թևածում անբացատրելի բանաստեղծական բառ-ոգեղենությունը, որը Հակոբ Մովսեսը կարճ ու դիպուկ բնութագրում է. «Բանաստեղծությունները ունկնդրելու ու հանդիսատեսի համար չեն, այլ՝ համահեղինակության»:
Այդ իսկ պատճառով նա առաջնային է դարձնում իր եսն արարչագործ, որը որպես ներկա՝ դեպի իրեն է բերում ու իրենը դարձնում անցյալն ու ապագան:
Հ. Մովսեսը համոզված է՝ ներկան սկիզբ է. «Եվ ոչինչ այստեղ դեռ չի ավարտվել»:
Նա, հավատարիմ մնալով միջնադարյան տաղերգության ավանդույթներին, ստեղծում է բանաստեղծական մթնոլորտ՝ աշխարհը բեմի վերածող, ուր բեմազարդերը խորհրդանիշներն են, իսկ բեմադիրն ու դերասանը բանաստեղծ-որսորդն է ինքն իր վրա նշան բռնողի մոնոդրամայով:
Հ. Մովսեսի յոթնաբույր ժողովածուն, իրոք, բառային բեմադրություն է, որտեղ որսը ծիածանվող գեղեցիկն է, որին ինչպես էլ մոտենաս՝ գաղտագողի թե հանկարծակի, միևնույնն է, հեռանում է: Անգամ երբ վիրավոր թռչնի պես հայտնվում է ձեռքերումդ, մեկ է, փախչում է` թևածափելով՝ թողած իր փափուկ փետուրը, որպես կատարսիսի քնքշացնող վարդաթերթ: «Հուրը, ոսկին, վագրը և վարդը նույնն են…»:
Լեզվապաշտ է Հ. Մովսեսը, ըստ նրա՝ կատարյալ լեզվի կամրջով է անցնում իսկական բանաստեղծություն տանող ճանապարհը: Կարևորություն տալով լեզվին՝ Հակոբ Մովսեսը «Գրառումներ»-ում ընդգծում է. «Հուշում քննադատներին: Լեզուն՝ իբրև արյան նմուշ»: Ես նախ և առաջ կասեի՝ լեզուն արյան նշան: Բանաստեղծի լեզվի հյուսվածքը թափանցիկ է, եթերային և լեցուն է սիրով: Նրա համար ճշմարիտ բանաստեղծությունը լեզվի երազն է, «քանզի սերը ինքն է լեզուն, որով խոսվում է ամեն ինչի մասին»:
Հակոբ Մովսեսը «Գրառումներ»-ում առանձնակի ուշադրություն է դարձրել և նոթագրել Թ. Էլիոթի խոսքը լեզվին առնչվող գործընթացների վերաբերյալ. «Պոեզիան պետք է նպաստի ոչ միայն իր ժամանակի լեզվի կատարելագործմանը, այլ նաև նրա պահպանմանը չափազանց արագ փոփոխություններից: Եթե լեզուն սկսում է զարգանալ չափազանց արագ, նման զարգացումը փոխվում է առաջադիմական այլասերման. ահա այն վտանգը, որ մեզ այսօր սպառնում է»:
Հենց այս կարծիքի տրամաբանական ծիրում է դրսևորվում Հակոբ Մովսեսի բանաստեղծության լեզվամտածողությունը: Դեռ ավելին՝ նա մտածում է. «Պետք է ստեղծել նաև բանաստեղծության դրոմալոգիա, ինչը պետք է պարզի բանաստեղծության մեջ արագության քայքայիչ բնույթը: Ընդ որում, ոչ թե տաղաչափական և տեմպային օրգանական արագության, այլ՝ ձևից ձև, մաներայից մաներա, նորությունից նորություն ցատկային արագության, ինչի ժամանակ մենք չենք հաղորդակցվում լեզվի «լանդշաֆտներին» և «ակնթարթներին»: Հետևաբար մենք ինքներս օտարանում ենք լեզվին, իսկ այն անմիջապես կապված է մտածողության հետ, արտահայտում է նրա էությունն ու առանձնահատկությունը:
Պարզապես միջավայրային փոփոխության արագությունը չի թողնում, որ լեզուն հարմարվի նոր իրադրությունում, և լեզուն կորցնում է իր ճշգրտությունը, որոշակիությունը, գեղեցկությունը, պարզությունն ու անմիջականությունը: Հենց այս որակներն են, որ Հակոբ Մովսեսի ստեղծագործությունների լեզվին երեխայի պես խաղալ են տալիս բանաստեղծություն կոչվող խաղը:
Սակայն ո՛ւր է հետքը բառի, // Եվ այն մեզ ո՛ւր կտանի: // Սակայն ի՜նչ հետք. մի՜թե բառը // Ապաստան և բույն ունի:
Հակոբ Մովսեսը պոեզիայում շատ է կարևորում առոգանությունը, որը բանաստեղծության տրամադրության հաղորդակն է՝ ծնված ինքնագիտակցության հասցված իրականության շնչառությունից: Առոգանությունն է շեշտադրում բանաստեղծության ամենաթանկ տարրերից մեկը՝ մանկականությունը: «Այդպիսին է, օրինակ, Դ. Թոմասի բանաստեղծությունը: Եվ եթե այնտեղ ինչ-որ բան անհասկանալի է, ապա այնպես, ինչպես մանկան մտածողությունը կամ արարքը»: («Գրառումներ»)
Հակոբ Մովսեսի խոսքը ոչ թե անդրադարձնում է ժամանակը, այլ այն իր մեջ է քաշում սերմի նման, որը ծլարձակում է բանաստեղծության առոգանությամբ իբրև նշաններ՝ ավելի ու ավելի խորհրդավոր դարձնելով պարզից էլ պարզը: «Բանաստեղծության մեջ ամեն ինչ անուն ունի. Միայն առոգանությունն է, որ ապահովում է նրա «հրեշտակային անանունությունը»: («Գրառումներ»):
Ուշագրավ է Հակոբ Մովսեսի մեկնաբանությունը հանգավոր բանաստեղծության և վեռլիբրի վերաբերյալ. «Հանգը բանաստեղծա-լեզվական միավոր է, վեռլիբրը՝ լեզվա-բանաստեղծական: Հանգով գրելու համար պետք է տիրապետել տաղաչափությանը, բայց վեռլիբրով գրելու համար պետք է տիրապետել լեզվին»:
Հակոբ Մովսեսի համար վեռլիբրը մի համակարգ է, որ տվյալ լեզվի ամենաբարձր, ամենաթաքուն, ամենանվիրական՝ հնչողականության հետ գործ ունի: Նա հայկական վեռլիբրի ակունքները տեսնում է ոչ թե 20-րդ դարի մոդեռնիստական անզուսպ ստեղծագործություններում, այլ շարականներում. «Շարականը հայերեն բուն վեռլիբրն է՝ իր տարբեր հնչողականություններով: Եվ նրա նվիրակը մեր բանաստեղծության մեջ Սիամանթոն է՝ միակ բանաստեղծը, ով հասկացել է ազատ բանատողի հայերեն վիբրացիան: Այդ նրա ստեղծագործություններում է տրված այն վեռլիբրը, որը հայերենից է բխում»: («Գրառումներ»)
Հակոբ Մովսեսը գրչի փորձությամբ հայելիների առջևից երբեք գողունի և կուզեկուզ չի անցնում, քանզի ի զորու է թիրախ տեսնելու: Վկա՝ նրա տաղանդի և ինտելեկտի հրեշտակային լուսնահամբույրից ծնված «Յոթներորդ որսորդություն» գիրքը:
Հակոբ Մովսեսի <> և <>-ը դեռևս չեմ ընթերցել, բայց փայլուն՝ անաչառ, առանց խանդի ու նախանձի, քծնանքից զերծ, գրական և լեզվական խորը իմացական գրախոսականի շնորհիվ այն համարում եմ Շարականների և Սիամանթոի գրական-լեզվական արդիական՝ ապագա գնացող, նոր չափանիշ: Այս չափանիշի գրախոսությունները, նպաստ կբերեն ժամանակակից գրականության զարգացմանը և կծնեն բազմաթիվ թշնամիներ քծնանքով օծված, ստակի ստրակամիտ ծառա վայ քննադատների շրջանում:
Շնորհավորում եմ ՀԱԿՈԲ-ներին: