Այսօր Արցախից վերադարձա Երևան: Տանն իմացա, որ զանգել է Սերո Խանզադյանը: Նա հիվանդանոցում է: Վիճակը ծանր է: Ցանկանում է ինձ տեսնել: Ես գնացի հիվանդանոց: Հավանաբար մեկ տարի չէինք հանդիպել: Ծերուկը շատ էր փոխվել: Աչքերն ասես խամրել էին, այտերը՝ փոս ընկել: Մազերը վաղուց կտրված չէին, մորուքն անխնամ էր, բեղերը դեղնել էին անընդհատ ծխելուց: Նա ագահորեն լսեց իմ պատմածը Արցախի վերջին իրադարձությունների մասին: Հարցրեց. «Ինչի՞ վրա ես աշխատում»: Ես պատասխանեցի. «Չափազանց ձանձրալի մի ժանրի վրա, որը կանվանեի «իրավիճակային վերլուծություն»: Իմացա, որ հազվադեպ են նրան այցելում: Ժամանակին Հայաստանի ամենաբազմատպաքանակ արձակագիրն այսօր չի կարող տպագրել իր գիրքը Շուշիի մասին: Այդ գիշեր երկար չէի կարողանում քնել, թեև չափազանց հոգնած էի ճանապարհից: Մտածում էի Սերո Խանզադյանի մասին: Ծերունին մոտենում է ութսուն տարվա սահմանագծին: Դեռ երեկ բոլորի կողմից ընդունված, այսօր, ասես, բոլորի կողմից մոռացված: Իսկ ես լավ եմ հիշում, թե ինչպես սկսվեց 1978 թվականը: Ամանորի օրերին մեզանում ընդունված է այցելել ամենամտերիմներին: Բայց Սերոյի Նորքի տունն այդ օրերին դարձել էր ուխտագնացության վայր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա «Մխիթար սպարապետի» հեղինակն էր: Համենայն դեպս, այդ տոնական օրերին Սերոյին այցելող մարդիկ խոսում էին ոչ նրա գրական հերոսների մասին: Խոսում էին Ղարաբաղի մասին: Եվ ես ուզում եմ ինչ-որ բան մտաբերել այն ժամանակներից:
Ղարաբաղի նորաթուխ կուսակցական առաջնորդ Կևորկովը, որին արդարացիորեն կոչում էին քաղաքական խամաճիկ, 1975 թ. ԼՂԻՄ մարզկոմի տխրահռչակ պլենումում ջախջախեց Արցախի մտավորականությանը: Եվ իսկույն էլ դարձավ Հեյդար Ալիևի սիրելին: Այդ չարագուշակ կուսակցական համաժողովը կարող էր լուրջ հարված հասցնել մեր հայրենիքին: Սակայն մեր ակտիվ պայքարը ծավալվեց ամենուր ընդդեմ Ադրբեջանի ղեկավարների: Պայքարողների մեջ այն ժամանակ ամենաակտիվ անհատներն էին Սերո Խանզադյանը և Սիլվա Կապուտիկյանը: Պարզասիրտ, դյուրահավատ Սերոն սկզբում տեղի էր տվել մարզի առաջին քարտուղարի նենգ քայլերին, սակայն շատ չանցած կտրուկ հանդես եկավ Կևորկովի դեմ Ստեփանակերտի մարզային թատրոնում, որտեղ նշում էին «Մխիթար սպարապետի» և «Հողի», «Հայոց թագուհու» և «Մեր գնդի մարդկանց» հեղինակի 60-ամյա հոբելյանը: Գրողը բարձրացրեց ղարաբաղցիների ոգին:
…1977 թ. լույս տեսավ «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրի 6-րդ գրքույկը, որը տպագրվում էր 32 լեզուներով աշխարհի 145 երկրներում: Այդ համարում տպագրվել էր հարցազրույց Կևորկովի հետ: Հարցին, թե ինչու է հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի և ոչ ՀԽՍՀ-ի կազմում, որից բաժանված է ընդամենը մի նեղ հողաշերտով, Կևորկովը պատասխանեց, թե «մարզը Հայաստանից զատված է բարձր սարերով»: Միաժամանակ, առանց ամաչելու, փարիսեցիաբար հավաստիացրեց, թե Ղարաբաղը ծաղկունք ապրեց Ադրբեջանում, և միայն ազգայնամոլները կարող են ասել. «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանին»:
Ամսագիրը մեր ձեռքն ընկնելուց հետո իսկույն որոշվեց «արձագանքել» և անել դա չափազանց բարձրաձայն: Գտանք այն ժամանակ անվիճելի մարտական և գործուն ժանրը՝ բաց նամակ` հասցեագրված Բրեժնևին: Նամակը գրվեց ռուսերեն: Հիշում եմ, մինչև առավոտ Սերոյի հետ աշխատում էինք նրա տանը, տեքստը բերելով անհրաժեշտ վիճակի: Անսպասելիորեն Սերոն առաջարկեց.
– Արի դեմագոգներից առաջ անցնենք: Բայց դրա համար պետք է գտնես Բրեժնևի խոսքը Հայաստանի մասին:
– Իսկ ես այս նամակի համար արդեն մի ողջ թղթապանակ մեջբերումներ եմ հավաքել:
Ստացվեց մի պարբերություն, որից ինքներս էլ զարմացանք: Մենք մեզ զգում էին պարզապես դեմագոգիայի պրոֆեսորներ: Այն բանից հետո, երբ նորից հնչեց «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանին» նախադասությունը, մենք հընթացս նշեցինք. «Բայց չէ՞ որ այդ արտահայտությունը վերաբերում է ոչ թե պարզապես Հայաստանին, այլ՝ Խորհրդային Հայաստանին: Ստացվում է՝ հայի համար վատ կլինի Խորհրդային Հայաստանում»: Եվ այդժամ ծնվեց հետևյալ պարբերությունը. «Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ Դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքն ու վերածնունդը, ասել եք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները և անկուսակցականները, բանվորները, գյուղացիները և մտավորականությունը հիանալիորեն համատեղում են հայրենասիրության ոգին խորհրդային մարդու համար ոչ պակաս կարևոր հատկանիշի՝ ինտերնացիոնալիզմի հետ»:
Խիստ մի՛ դատեք: Հիշեք, որ նամակը գրվել է 1977 թվականին: Եկեք մտովի վերադառնանք այն ժամանակներ և բարձրաձայն արտասանենք Բրեժնևին հասցեագրված բառերը. «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք ինքնակամ չի ընտրել իր այսօրվա «բախտը», որով փաստորեն պոկվել է հայրենիքից: Եվ, իհարկե, նման «բախտն» ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի»:
Սերո Խանզադյանի նամակը և կից վերլուծական մեկնաբանությունը արի ու բարի արևմտահայ բանաստեղծ Վահե Վահյանի միջոցով ուղարկեցինք Բեյրութ, «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Գերսամ Ահարոնյանին, որն անմիջապես այն հրապարակեց իր թերթում:
Մի քանի ամիսների ընթացքում Սփյուռքի թերթերը և այլ արտասահմանյան հրատարակություններ տարբեր լեզուներով վերատպեցին նամակը և մեկնաբանությունները, հավելելով ընթերցողների արձագանքները: Առանձնակի ակտիվություն հանդես բերեցին «Ամերիկայի ձայնը» և՛ «Ազատություն» ռադիոկայանը: Խանզադյանի նամակը վայրկենապես տարածվեց Սփյուռքում՝ հինգ մայրցամաքներով մեկ: Խորհրդային մամուլի խստագույն արգելքների պատճառով Սփյուռքի նոր սերունդը շատ քիչ բան գիտեր Ղարաբաղի ողբերգության մասին: Այնպես որ, Սերոյի նամակը շատերի աչքերը բացեց: Այն դարձավ յուրօրինակ մեկնարկային կրակոց, որն ազդանշանեց Ղարաբաղյան շարժման սկիզբը:
…Չափից ավելի լրջորեն անհանգստացավ այն ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ-ը: Խանզադյանին իր մոտ հրավիրեց Կարեն Դեմիրճյանը և գրողի հետ քննարկեց ոչ թե նամակում դրված խնդիրները, այլ այն հարցը, թե «ով է գրել այդ նյութերը»: Ինչպես արդեն ասացի, մենք աշխատել էինք ռուսերեն տեքստի վրա և նոր միայն տվել էի այն թարգմանելու: Եվ, բնականաբար, նույնիսկ ոչ մասնագետը հեշտությամբ կարող էր կռահել, որ այդ նյութը թարգմանական է: Խանզադյանը Դեմիրճյանի մոտից ուղիղ ինձ մոտ եկավ և պատմեց իրենց խոսակցության մասին:
Շուտով Դեմիրճյանը հրավիրեց նաև ինձ: Խոսակցությունը սկսեց հեռվից: Իսկ հետո, կտրուկ անցում կատարելով, հարցրեց.
– Է՞լ ում եք ուղարկել «նամակը»:
Ես պատասխանեցի.
– Ավելի լավ է հարցնեք, թե ում չենք ուղարկել:
– Դու գոնե հասկանո՞ւմ ես, որ խաղում ես կրակի հետ:
– Կարեն Սերոբովիչ, թռչնակն արդեն թռել է: Սերոյի նամակի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում: Անհրաժեշտ է, որ գրողներն ու գիտնականները արձագանքեն: Հիմա ընթանում է ԽՍՀՄ Սահմանադրության նախագծի քննարկումը, գուցե ճիշտ ժամանակն է վերջապես բարձրացնելու այդ հարցը…
– Թռչնակը թռել է,- խոսքս կտրեց առանձնասենյակի տերը,- նշանակում է՝ պետք է վանդակ վերադարձնել թռչնակին:
– Ինչպե՞ս կարելի է դա անել: Վերջերս եմ կարդացել Հուրունցի տողերը՝ «Կժից կարելի է խմել միայն այն, ինչ լցված է այնտեղ, և նետված քարն էլ չես վերադարձնի թռիչքից»:
Ես հասկանում էի Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին: Լավ էի հասկանում, թե ով է նրան զանգել Մոսկվայից և ինչ է ասել: Մենք Սերոյի հետ հասկանում էինք, որ, իհարկե, հանրապետության ղեկավարին անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել: Չէ՞ որ նրանից պահանջում էին «համարժեք արձագանք»: Պատկերացրեք միայն, որ համարյա ամեն օր Բրեժնևի, Անդրոպովի և այլ ղեկավարների սեղաններին էին դրվում «ռադիոձայներից» որսված հատվածներ, մեջբերումներ արտասահմանյան թերթերից, դեսպանների նամակներ՝ հատկապես այն երկրներից, որտեղ հայկական գաղութներ կային, և ամենուր ընդգծվում էին տողերը. «Պատմական հայկական մարզ Ղարաբաղը երբեք չի բաժանվել մայր-հայրենիքից: Ողջ հույսը նրա վրա է, որ Դուք վերջապես կլուծեք այն հարցը, որն ահա արդեն կես դար անարդարության բուն մարմնացումն է: Գտնվելով մեր միասնական հզոր պետության սահմաններում, ի բնե հայկական մարզն իր ավելի քան ութսուն տոկոս կազմող հայ բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով, պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում… Յուրաքանչյուրին է հայտնի, որ ժողովրդի մասը պետք է միշտ ապրի ողջ ժողովրդի հետ… Հայ ժողովուրդը միասնական, ամբողջական հասկացություն է, ինչպես ռուս ժողովուրդը, ինչպես ուկրաինական ժողովուրդը»:
Իրոք, ես լավ էի հասկանում Դեմիրճյանին: Այն տարիներին նա առանձնահատուկ բուռն գործունեություն էր ծավալել. տասնվեց խոշոր ջրամբարների կառուցում, Արփա-Սևան թունելի ավարտ, Երևանի մետրոյի շինարարություն («ստորերկրյա տրամվայ» անվանումով՝ որպեսզի սագերին չզայրացնենք), գործարաններ, ֆաբրիկաներ, հազարամյա քարային և աղային գերությունից ազատված հողերի յուրացում: Դժվար թե որևէ մեկն այն ժամանակ տեղյակ էր, որ Դեմիրճյանը մեր խնդրանքով հրամայել էր հեռուստատեսային հին ալեհավաքը Երևանից տեղափոխել Գորիս, որպեսզի հեշտ լիներ լուծել հայկական հեռուստատեսության հաղորդումների Ղարաբաղի տարածք հեռարձակելու հարցը: Եվ, վերջապես, ձևացելով, թե այդ նամակի տարածումից հետո Սերո Խանզադյանին բաժին է ընկնելու շնորհազրկված գրողի ճակատագիր, Դեմիրճյանը հետագայում հենց նրան ներկայացրեց Հերոսի կոչման:
Նշենք, որ Սերո Խանզադյանը միակ հայ գրողն էր, որն արժանացել էր Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման: Իսկ չէ՞ որ «Մխիթար սպարապետի» հեղինակը իրոք հերոս էր:
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ
