ԳՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԱՆԱԿԸ…

Ալիս-ՀովհաննիսյանԳԹ-ի հարցերին պատասխանում է արձակագիր, հրապարակախոս ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Գ.Թ. – Գալիս է մի պահ, երբ հաղթահարելով ներքին… վախն ասեմ, թե՞ ակնածանքը, կարողանում ես հայտարարել (բարձրաձայն կամ հազիվ լսելի)՝ «Ես գրող եմ»: Քո դեպքում ե՞րբ եղավ, ավելի ճիշտ` ո՞ր ստեղծագործությունից հետո:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ -Եթե հարցնում ես` առաջին անգամ ե՞րբ եղավ, ասեմ. շա՜տ վաղուց… Երբ ինձ համար հեղինակավոր մարդկանց առաջ (ինչպես ախալքալաքցիք կասեն` մե՜ծըմ գլխով) հավակնեցի կանգնել որպես գրող, նրանք էլ չժխտեցին… Բայց հիմա էլ շատ հաճախ, երբ կորսված եմ լինում ամբոխի մեջ, երբ ինձ վիճակված դերը չեմ կարողանում տարբերակել մյուսներից, երբ ինձ փորձում են նվաստացնել, երբ կարծում են դիմազրկված տեսնել ինձ, երբ ինձ առաջադրվում է մի փոքրիկ ստորություն անել` հանուն ինչ-որ շատ կարևոր բանի, երբ վախենում եմ, թե ահա ուր որ է չեմ դիմանա, կթքեմ ամեն տեսակ ճշմարտության վրա ու խխունջի կամ կրիայի նման կքաշվեմ իմ ծածկի մեջ, այսինքն` նախազգում եմ, որ պարտությունս մոտ է, այդ ժամանակ ինքս ինձ սթափեցնելու, ինձ տրված կյանքն ու շնորհը արժանավայել ծախսելու, ուրիշների համար ուսերիս դրված մտահոգություններիս բեռան տակ չփլվելու, այլ ամեն ինչ Նրա վրա բարդելու իմ իրավունքից օգտվելիս, ինքս ինձ կոչ անելու պես կրկնում եմ. «Դու գրող ես, դու գրող Ալիս Հովհաննիսյանն ես, դու գրող ես»…

Գ.Թ. -Մինչև հարցնելը` հիմա ի՞նչ ես գրում, փորձեմ անկեղծացնել` նախորդներից ո՞րն է եղել «դժվար վարժվողը», չի հնազանդվել կամեցածիդ (ասում են` այդպես էլ է պատահում, հա՞):
Ա. Հ. -Մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ լինում է… Եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն… Իսկ ինձ անկեղծացնելու համար հերիք է մի բառ` «Անկեղծացի՛ր»: Մի՞թե հենց սրան չեմ սպասում միշտ… Գրողը` առավել ևս… ուզում է լսել իր ընթերցողից հենց այդ` «Անկեղծացի՛ր».. Դե ես էլ ուրախությունից կգժվեմ, կասեմ… «Իմ մտքին էլ հենց էդ էր, միայն թե այդ ապրանքը, որից շա՜տ ունեմ, ուզող լինի… Չկարծես թե հեշտ հայթայթվող, էժան տրվող ապրանք է, կամ ձեռը կրակն եմ ընկել… Եթե վստահ ես, որ հենց սա է քեզ պետք, գիտես արժեքը, եթե օգտվելու ես սրանից, բավական է միայն մի քիչ մոտեմոտ անես կամ քո տեղն ասես…
«Դժվար վարժվող», «չհնազանդվող» տեքստեր և հերոսներ են ինձ համար բոլորը, մանավանդ, երբ ծավալուն գործ է գրվում… Հերոսները բոլորն էլ մարդիկ են, և Համլետը կարծեմ հենց սա էր ուզում ասել սրինգի օրինակով… Սկսում ես վիրաբույժի, հոգեբանի, սրտաբանի զգուշությամբ նախ նվաճել նրանց վստահությունը, հետո դառնում ես նրանց ճանապարհի ընկերը… Եթե վատ ընկեր ես, քեզ ճանապարհից ետ կդարձնեն կամ կթողնեն կիսաճանապարհին կամ հենց այդտեղ էլ կտան վերջդ… Բայց կա մի պահ, և երանելի է այդ պահը, երբ քեզ երազի ձևով տրվում է պատկերը, հոգեվիճակը. դու արդեն դրա հետ կռվելու, հաշտվելու, համոզելու կարիք չունես. շատ սիրող ծնողի երես տված երեխայի հրճվանքով օդից բռնում ես արդեն կախարդված հյուսվածքը, գեղագետի հաճույքով, խանդաղատանքով, շնորհակալությամբ դնում ես սպիտակ թղթի վրա կամ համակարգչիդ մեջ:

Գ.Թ. – Ինչո՞ւ ես հիմա գրում այն, ինչ գրում ես:
Ա. Հ. – Ինչ հիմա գրում եմ, շատ կարևոր եմ համարում… Եթե հենց հիմա չգրեմ, էլ երբեք չեմ կարողանա գրել սա…

Գ.Թ. – Ի՞նչ է նշանակում «գրողի ճանաչում»: Դա քեզ հուզո՞ւմ է:
Ա. Հ. – Որպես քրիստոնյա, վաղուց պետք է հրաժարված լինեի «ես»-ից: Ամեն օր որոշակի ժամանակ եմ հատկացնում դրան` աղոթքով, գրելով, քանի որ իմ մեջ եղած բազմաթիվ «ես»-երին մարդասիրական միջանցք պետք է ապահովել… Ահա և «ես»-երից ազատվելու մի աստվածահաճո տարբերակ…
Ճանաչումը ինձ հուզում է միայն իմ արտադրածի պահանջարկը իմանալու, համապատասխանաբար և ոչ թե միայն կամայականորեն զեղվելու համար… Իսկ ընդհանրապես, չնայած տարիքիս, շատ ամաչկոտ եմ մնացել… Կուզեի մի տեղից աննկատ նայել, թե ո՞վ է իմ ընթերցողը… ֆեյսբուքն այս իմաստով լավ թաքստոց է… Ճանաչումը միշտ չի, որ օգնում է գրողին լավ գրելու.. բայց իսկական գրողի համար երևի կործանարար չի:

Գ.Թ. – Արձակագրից հրապարակախոս մի քայլ է, բայց եթե գրվելիքը գրականություն չէ: Ինչպե՞ս ես հաղթահարում այդ մեկ քայլի «արգելափակումը» արձակիդ մեջ:
Ա. Հ. – Ըստ իս, երկու դեպքում էլ գրվողը գրականություն է: Երբ կարդում եմ վաղամեռիկ ընկերոջս` Սասուն Թորոսյանի ակնարկները, որ գրել է հիմնականում կոմունիստական ժամանակների գործուղումների արդյունքում, ջնջված եմ տեսնում այդ սահմանները, ընկնում եմ գեղարվեստից երանելի հաճույք վայելելու տրանսի մեջ: Դա ներաշխարհի հարստությունից կամ աղքատությունից կախված չի՞… Ինչ վերաբերում է սահմանաքարին… Երկու դաշտերն էլ ականապատված են, և երկուսում էլ արդեն շատ եմ վարուցանք արել… Բայց որ ասեմ, թե միշտ գիտեմ որտեղ, ինչ, ինչպես, քանի քայլ անեմ, սուտ կլինի… Այս դեպքում պետք է ապավինել Վերինի առաջնորդությանը և հառա՜ջ…

Գ.Թ. – Մեր ժամանակի հերոսը ո՞վ է, ի՞նչ է, կա՞, չկա՞… Քո գործերում կա՞ և ինչպիսի՞ն է: Ավելի ճիշտ` ասելիքը ո՞րն է:
Ա. Հ. – Մեր ժամանակի հերոսը մենք բոլորս ենք, եթե ի նկատի ունենք հերոս-կերպար իմաստով, իսկ մեր ժամանակի մեծ հերոսները նրանք են, ովքեր կռվեցին արցախյան պատերազմում, չդադարեցին ազնիվ մնալ թիկունքում, նույնիսկ անվարձ մնալով` չլքեցին աշխատանքը, չփախան երկրից, հիմա էլ դեռ հույս ունեն մեր այս փոքրիկ, չքնաղ երկիրը շենացած տեսնելու, հավատում են, որ գործազրկությունը երկար չի դիմանա, կնահանջի մեր երկրից… Աշխարհի բոլոր ծայրերից կվերադառնան հայ պանդուխտները, իրենց առատ, արժանի ապրուստը կգտնեն իրենց տանը… աշխատանք կունենան… քանի որ բոլոր կարգի վիճակագրությունները կարող են վկայել` շատ ավելի բարձր տոկոս է կազմում աշխատավոր հայի, քան գող, մուրացկան, մարմնավաճառ հայի տեսակը…Մեր գիտությունը, արվեստը, գրականությունը կհզորանան, կմատուցվեն աշխարհին, կմասնակցեն մոլորակի լուրջ գործերին, չեն տկարանա, չեն մնա, կորչի անհայտության մեջ կամ չեն մեռնի մինչև ծնվելը:
Այս ամենի համար էլ աղոթում եմ ամեն օր և գիտեմ, որ այս հարցում մենակ չեմ, այլ շատ ու շատ աղոթողների հետ… Ասում են` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերի առաջին թիրախը պետք է լիներ Անգլիան… Թագուհու հորդորով ամբողջ անգլիացի ժողովուրդը մի մարդու պես աղոթքի է կանգնել, և Հիտլերի նետը փոխել է ուղղությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։