Պապս ելել, նստել է տան առաջ ու կորացել է ոտքերի մեջտեղում դրած ձեռնափայտի վրա: Հաստատ էլի խռովել է աշխարհից ու մարդկանցից կամ ինչպես մայրս է ասում.
– Բիձեն էլի շաշվել ա…
Տատիս մահից հետո պապս հաճախ է կռվում մերոնց հետ: Մեկ էլ տեսար` թարս ձիու նստեց և աջ ու ձախ հայհոյանք շաղ տալով հասավ մերոնց.
– Իմ տանից գնացեք:
Մայրս ու հայրս հաճախ ականջխլության են տալիս պապիս պահանջը, բայց երբ շատ է թեժանում կռիվը, ստիպված հավաքում են ամեն ինչ, սենյակ վարձում ու… Նման կռիվներից հետո պապս սովորաբար կին է բերում տուն: Ո՞վ գիտե, գուցե թե ցանկանում է ընտանիքավորվել: Այսպես բաժան ապրում ենք մեկ կամ մի քանի շաբաթ, իսկ հետո պապս գտնում է հորս ու հայտնում, թե ինքը վռնդել է հերթական կնոջն, ու մենք կարող ենք տուն վերադառնալ: Սովորաբար նման հայտարարությունից հետո մայրս լաց ու կոծ է դնում, անեծք ու հայհոյանք խառնում է իրար.
– Մի շաշ քարը հորն ա գցում ու, Ռուզան, արի հանի: Ես ի՞նչ եմ. խաղալի՞ք, թե՞ քոծ:
– Դու ո՛չ մեկն ես, ո՛չ մյուսը,- հանգստությունը պահպանել է փորձում հայրս:- Դու լավ ու խելացի կին ես: Ի՞նչ անենք, որ մեզ էլ էս տեսակ ծնող ա բաժին ընկել:
Սովորաբար մի երկու օր չեն պատասխանում պապի հրավերին: Լռում են, իսկ իմ սիրտը նեղվում է: Ես ուզում եմ շուտ հասնել տուն, որպեսզի նկուղից հանեմ հեծանիվս: Հետո պապը կա՛մ ինքն է գալիս, կա՛մ զանգահարում է ու հայհոյանք ու սպառնալիք իրար խառնած տուն է կանչում, և մերոնք հավաքում են իրերը: Հերթական բացակայությունից հետո, երբ տուն ենք գալիս, պապը մի որոշ ժամանակ հանգիստ ու լավն է լինում, բայց չգիտես ինչու, նորից «շաշվում» է ու էլի սկսվում է նույնը:
Անցած իրիկուն պապը տուն եկավ վատ տրամադրությամբ, ետ հրեց ճաշի ափսեն ու՝ մրթմրթաց.
– Զահլես տարել եք…
– Մե՞նք, թե՞ դու,- խոսքի տակ չմնաց մայրս ու սկսվեց:
Ես դուրս եկա տանից, նստեցի հաշտում ու սկսեցի սպասել հորս: Ուր որ է կգա աշխատանքից: Ամառ-ձմեռ նրա վրայից բոված սուրճի հոտ է գալիս: Աշխատում է սուրճ աղացող մի ձեռնարկությունում ու, ինչպես ինքն է ասում` սուրճ է բովում: Թե բովելն ինչպես է լինում, ես մի կարգին չգիտեմ, բայց երբ մորս տրամադրությունը լավ է լինում, կատակով հոտ է քաշում հորիցս.
– Մի՛ լավ հոտ քաշելը մի բաժակ սուրճ արժե,- ասում ու ծիծաղում է:
Հայրս դուրս է գալիս շենքի անկյունից ու ճոճվող քայլերով գալիս է դեպի տուն: Ուրիշները չգիտեն, բայց ես լավ գիտեմ, թե որն է հորս նման քայլվածքի պատճառը: Լավ չի տեսնում, դրա համար էլ ոտքերը մի քիչ շատ է բարձրացնում գետնից ու քայլում է ասես գետինը շոշափելով: Ոտնաթաթը նախ շոշափում է գետինը և հետո նոր, վախվորած ու զգույշ, դրվում է հողին: Ահա գալիս է: Քայլում է հոգնած ու չորս կողմը սուրճի բույր տարածելով: Երբ նոր-նոր էր աշխատանքի անցել սրճանոցում, նրա հոտը սիրում էի, իսկ հիմա, երբ մի քիչ շատ եմ մնում մոտը, գլուխս սկսում է ցավել: Հայրս տեսնում է ինձ ու կռանում է վրաս.
– Հովո՞, էս ինչի՞ ես էստեղ նստել:
– Եսի՞մ,- ուսերս թոթվում եմ ես:
– Արի, արի տուն գնանք:
– Տուն ունե՞նք, որ…
– Ինչի՞,- չհասկանալով ձգում է հայրս:
– Պապն էլի…
Հայրս ասես սառչում է, մի տեսակ մզզոցի ձայն է հանում, ու հոգնած ծնկները ծալելով նստում է կողքիս: Գրպանից ծխախոտ է հանում, չրթացնում է կրակվառիչն ու ծուխը ներս է քաշում:
– Շո՞ւտ է սկսվել,- գլխով դեպի տունն է ցույց տալիս նա:
– Կլինի մի կես ժամ,- ակնարկը հասկանալով նրա տոնն ընդօրինակում եմ ես: Հետո ձեռքս դնում եմ նրա բարակ ու ցից ոսկորով ծնկին,- ոչի՛նչ, բանի տեղ մի դնի, հո առաջին անգամը չէ՞:
– Է՜, ասում ես էլի, Հովո,- ինձ մեծի տեղ է դնում նա,- բա սա կյա՞նք է:
– Մի՛ վախենա, երբ ես մեծանամ, իսկ դու ծերանաս ու ինձ տանից հանես, քեզ վրա չեմ բարկանա,- մխիթարում եմ ես:
– Հորթ,- գռուզ մազերս կոպտորեն շոյում է ու մտնում է ներս:
Ես նրա հետևից տուն չեմ մտնում: Գիտեմ, թե ներսում մերոնք ինչ են ասում: Գիտեմ, թե ինչ պիտի ասի պապս, ինչ պիտի պատասխանի մայրս: Գիտեմ, թե հայրս ինչպես պիտի լռի, ու այդ ամենից սիրտս խառնում է: Պապս մեծ եղբորս սիրում է, իսկ ինձ` չէ: Ասում է` դու խելառ քեռուդ ես քաշել, իսկ Հրանտը իսկը ես եմ: Հրանտը միշտ ուշ է տուն գալիս ու հետն ինչ ասես բերում է: Մի անգամ նկուղ մտա, տեսա` հորս սապոգի մեջ սև տուփերով բան կա: Հանեցի ու սկսեցի հետը խաղալ: Չէի տեսել, ոնց է պապը հետևիցս ներս մտել: Բռնեց գռուզ մազերիցս ու ծեծելով դուրս հանեց նկուղից: Ես ի՞նչ իմանայի, որ պայթուցիկի հետ եմ խաղում, ու էդ պայթուցիկն էլ ախպերս զինվորական մասից է թռցրել… Հիմա պապիս հրացանի տեղն էլ գիտեմ, պատերազմի դաշտից բերած նրա գործիքների տեղն էլ:
Պապս կռիվ էլ է գնացել: Կարծեմ` Աֆղանստան, թե ուր: Իր գալուց առաջ մեծ-մեծ արկղերով ինչ-որ բան է ուղարկել և հետն էլ պատվեր-նամակ, թե՝ ոչ ոք չհամարձակվի բացել իր ուղարկած արկղերը, էլ չեմ ասում` ձեռք տա դրանց պարունակությանը: Տանեցիք ստանում են ճամպրուկները, նաև` նամակը: Ծանր-ծանր բեռներ են, ո՞վ կհամբերի, մինչև նրա գալը: Հարևան-բարեկամ հավաքվում են, մտածում. դե որ էդքան ծանր են, ով գիտե, մեջները ոսկուց-բանից կա: Բարեկամները գիշերով բացում են և… միջից երկաթե մեծ-մեծ գործիքներ են դուրս գալիս: Դու մի ասա` դրանցով տանկ են քանդում-հավաքում:
– Դու գիտե՞ս ինչ գործիք է, տանկի նման հսկա ջանավար մաշինեն սրանով հեշտ ու հասարակ քանդվում է,- մի անգամ ասաց ինձ: Ու ես միամիտ հարց տվեցի.
– Բա դու տանկ ունեի՞ր, որ դրանք բերեցիր:
– Շաշ, շաշի տղա,- զայրացավ նա ու տվեց վզակոթիս:
Այդ ժամանակ շատ փոքր էի, լաց եղա ու փախա նրա մոտից, հետո գլխի ընկա, որ նրա ցավոտ տեղին եմ կպել: Ո՞վ գիտե, գուցե պատերազմի դաշտում դրանք աչքին մեծ բան են երևացել, իսկ հետո եկել ու տեսել է, որ իր ուղարկածները ոչ ոքի պետք չեն: Տեսել է, բայց իր սովորության համաձայն մեջքի վրա չի ընկնում ու արդեն քանի տարի պայքարում է` մարդկանց ապացուցելու համար, որ ինքը խելացի է վարվել, իսկ նրանք դա չեն հասկանում: Ո՞վ իմանա, գուցե պապս հոգնել էր մեծերին համոզելուց, որ փորձեց ինձ համոզել… Ես նրան շատ հարցեր եմ տալիս, դրա համար էլ ինձ չի սիրում: Ջղայնանում է ու ասում, թե մորս իսկական տղան եմ:
Երեկվա կռվից հետո դուրս է եկել, նստել է դրսում և սպասում է, թե մայրս երբ կհավաքի եղած-չեղածը, իսկ այսօր աշխատանքի չգնացած հայրս երբ մեքենա կգտնի, որ մեզ տանի վարձած բնակարանը:
Թե պապիս հավատամ, ես իսկական տղա չեմ, և երբ մեծանամ, կարգին մարդ չեմ դառնա:
– Բա տղամարդն էդքան փափուկ սիրտ կունենա՞,- վրաս ծիծաղում է նա:
Ես մոտենում եմ ու կանգնում առաջը:
– Հիմի որ մեզ դուրս ես անում, բա ե՞րբ պիտի ետ կանչես: Թե՞ նոր կին ես բերելու:
– Գնա՛, լակոտ,- վրաս գոռում է նա:
– Չէ, մի՛ ջղայնանա, ես ուզում եմ իմանամ, որ որոշեմ` հեծանիվս տանե՞մ, թե՞ չէ: Թե մի քանի օրով պիտի գնանք՝ չարժե, որ հեծանիվը հետս քարշ տամ:
– Դու հորդ նման մորդ փեշի տակից դուրս չես գալու: Իմ իսկական թոռն էն մեկն է:
– Էլի թող նա լինի, բայց դու իմ հարցին չպատասխանեցիր:
Պապը լուռ մնաց, երեսը թեքեց ու հենվեց գավազանին: Ես հո գիտեմ, որ էդ գավազան բռնելը ձևական է, եթե ուզենա, ինձնից արագ կվազի: Մի անգամ ընկավ հետևիցս, բռնեց ու ծեծեց: Իմ կարծիքով պապս ինձ չի սիրում, քանի որ ես գիտեմ, թե ինքն ու մայրս ինչի չեն սիրում իրար: Իրենք երկուսն էլ էդ օրը չեն սիրում հիշել և հորս չեն պատմում: Իսկ ես հիշում եմ, չնայած որ ես էլ հորս էդ մասին չեմ պատմել: Ամռան մի կեսօր մայրս քնել էր պատշգամբի թախտին: Շուրթերը կիսաբաց էին, կուրծքը` կիսաբաց և հագի շորը վերև էր բարձրացել ու բացել էր սպիտակ ոտքերը: Մարդ էր, քնել էր ու վրան բացվել էր: Դրա մեջ ի՞նչ կա: Պապը ներս մտավ, նայեց, նայեց, հետո ծածկոցը վերցրեց, մոտեցավ, ուզեց ծածկել: Հազիվ էր շորը գցել մորս վրա, երբ նա վեր թռավ ու սկսեց ճչալ.
– Հեռո՛ւ, մտքինդ ի՞նչ է:
– Այ աղջիկ, ասեցի` ծածկեմ,- սփրթնեց պապն ու… սկսվե՜ց… Մայրս` նրան, նա` մորս ու… մինչև այսօր:
Հայրս որ իմանա, չգիտեմ՝ որի պատմածին է հավատալու, բայց նրանք հորս բան չեն ասում, իբրև` խնայում են: Չեն ասում ու իրար ուտում են ամեն օր:
Հա, ասեմ, որ ես չեմ սիրում, երբ պապն ինձ աղջիկ է անվանում, ես դրանից զայրանում եմ: Հիմա` առավել ևս, քանի որ հարցիս չի պատասխանում: Մտնում եմ նկուղ, պահած տեղից հանում եմ հրացանը: Մի անգամ տեսել եմ, թե եղբայրս ոնց է լիցքավորում: Ես էլ եմ ուզում բացել հրահանը, բայց դժվար է: Սեղմում եմ ամբողջ ուժս գործադրելով ու բացում եմ: Մեջն եմ դնում գնդակը, հետո գալիս, կանգնում եմ նրա դիմաց.
– Ասում ես՝ աղջի՞կ եմ: Հիմա ո՞նց ես, որ պապիդ որսորդական հրացանով քեզ կրակեմ:
– Հը՞,- աչքերը բացում ու զարմացած ինձ է նայում նա:
– Կրակե՞մ,- նրա աչքերի մեջ եմ նայում ես:
– Թե կրակես` համ իմ սրտով կլինի, համ` մորդ,- չեմ հասկանում` ի՞նձ, թե՞ ինքն իրեն ասում է նա: -Դուք ինձնից կազատվեք, ես էլ կգնամ նրա մոտ:
Թե ում ի նկատի ունի` չգիտեմ, բայց … նայում է մի տեսակ ցրված հայացքով, նայում է մի տեսակ ուրիշ կողմ, ու ես հրացանը դնում եմ նրա փորին: Պապը ձեռքը մոտեցնում է, ասես ուզում է հեռացնել հրացանի փողը, բայց չի հասցնում, ու ես ձգում եմ ձգանը…
…Չէ, պապը չմեռավ: Իրերը տեղափոխելու համար բերած մեքենայով նրան շտապ հիվանդանոց տարան: Բժիշկները փորից յոթ մետր աղիք հանեցին, հետո կարեցին ու տասը օր հետո պապին դուրս գրեցին հիվանդանոցից:
– Պապին ես սպանեցի,- երբ ոստիկանները եկան, պարծեցա ես: Իսկ երբ վիրահատությունից հետո պապն աչքերը բացեց ու սկսեց խոսել, ժպտաց ու կոշտ ձեռքով շոյեց մազակալած երեսը:
– Ես ուզեցի իմ կյանքին վերջ տամ,- ոստիկաններին հավատացրեց նա,- էս լակոտն ի՞նչ ա, որ մարդ սպանի: Հրացանը տվեցի ձեռքը, որ պահի, ես ձեռքս երկարացրի ու ձգանը սեղմեցի: Դրա համար էլ գնդակը մի քիչ թեք գնաց, թե չէ…
Չգիտեմ՝ ոստիկանները պապի՞ն հավատացին, թե՞ ինձ, բայց ինձ չդատեցին, իսկ պապն այլևս մեզ տանից դուրս չհանեց: