Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ

Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ ԼՂՀ գրողների միության 5-րդ համագումարը, որտեղ անցած 5 տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Ինչպես նշեց Վ. Հակոբյանը, հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից որոշակի քայլեր են արվել Արցախի գրական ընտանիքը միջազգային գրական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Արցախցի լավագույն գրողները մասնակցել են միջազգային գրական միջոցառումների Մակեդոնիայում, Լեհաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Կոլումբիայում, Ռուսաստանում: Ոչ միայն հայ իրականության մեջ, այլև Անդրկովկասում առաջին անգամ անցկացվել է պոեզիայի միջազգային երկու փառատոն, որոնց մասնակցել են 10-15 երկրներից ժամանած գրողներ, գրականագետներ, ինչը հնարավորություն է ստեղծել, որ արտասահմանում թարգմանաբար լույս ընծայվեն Արցախի գրողների գործերը: Նաև օտարազգի գրողները թարգմանվել են հայերեն:
Հաշվետու ժամանակաշրջանում տպագրվել է 70 անուն գիրք, որոնց հեղինակները Արցախում ապրող գրողներն են: ԳՄ ուշադրության կենտրոնում է երիտասարդության հետ տարվող աշխատանքը: Արցախի երիտասարդ գրողները մասնակցել են ծաղկաձորյան խորհրդակցություններին, Գանձասարում հրավիրվել են երիտասարդական միջազգային խորհրդակցություններ: Վ. Հակոբյանը շեշտեց, որ տարիներ առաջ Արցախը ներկայանում էր հիմնականում բանաստեղծությամբ, այժմ արձակ գործերը ևս որակ և քանակ են կազմում: «Արցախում, Հրանտ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, թարգմանաբար լույս են ընծայվում գրքեր. այս գործընթացին պետք է նոր թափ հաղորդել»,- ասաց Վ. Հակոբյանը և ընդհանրացրեց՝ պետք է լուծել հոնորարային խնդիրը, պետք է մրցանակներ սահմանել՝ պետական և Նախագահի:
Այս տարվա հոկտեմբերին լրացել է Արցախի գրողների միության 80-ամյակը: Վ. Հակոբյանը առաջարկեց ստեղծել կազմկոմիտե, ինչպես նաև հիմնադրել Թարգմանչաց տոն: Ղարաբաղում կա Թարգմանչաց եկեղեցի, որտեղ կարելի է Արցախի հոգևոր թեմի հետ համատեղ միջոցառումներ անցկացնել: Կարևորվեց նաև գրաքննադատության խնդիրը, որը պետք է դրվի պատշաճ մակարդակի վրա:
Համագումարում ելույթ ունեցան Սոկրատ Խանյանը, Նվարդ Ավագյանը, Կիմ Գաբրիելյանը, Ժաննա Բեգլարյանը, Արկադի Թովմասյանը, Ռոբերտ Եսայանը, Դավիթ Միքայելյանը, Դավիթ Շիրինյանը, Սոնա Համբարձումյանը: Թարգմանչաց տոնի հեռանկարը ոգևորեց համագումարի մասնակիցներին: Առաջարկվեց Գրողների միությանը կից ստեղծել թարգմանական գրականության ֆոնդ՝ որոշ գրքեր գոնե ռուսերեն և անգլերեն թարգմանելու համար: Ելույթներում նշվեց, որ այսօրվա զինվորի սխրանքը պետք է դառնա գրականության նյութ, իսկ ստեղծված գրական արժեքները գրողները պետք է տանեն զորամասերը:
Միաձայն քվեարկությամբ Վարդան Հակոբյանը վերընտրվեց ԼՂՀ ԳՄ նախագահ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։