ՀՈՒՍԱԴՐՈՂ ՈՒ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թաքուն այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սիրիական խնդրին քաղաքական և ռազմական նոր ազդակներ է հաղորդել: Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ԻԼԻՊ-ի հենակետերին և ռազմաբազաներին ռմբահարումները աշխարհաքաղաքական այլ խնդիրներ են առաջ քաշել, որոնք, ըստ քաղաքագետներից շատերի, անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի հետագա գործողություններին: Համաձայն փորձագետ Թեոդոր Կարասիկի վերլուծության. «Ասադի այցը ոչ միայն Պուտինին և նրա գեներալներին երախտագիտության դրսևորում էր, այլև անհրաժեշտություն՝ լսելու, թե Մոսկվան Սիրիայում ինչպես է պատրաստվում իրականացնել իշխանության փոխանցումը Ասադից քաղաքական այլ ուժերի: Պուտինը Ասադին Մոսկվա է կանչել, որպեսզի բացատրի՝ ինչպես կարելի է իշխանությունը պահելուն զուգահեռ, միաժամանակ իշխանության հերթափոխի քաղաքական գործընթաց իրականացնել, իմանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Ասադի ռեժիմը: Իշխանության փոխանցում ասելով՝ նկատի է առնվում, թե Մոսկվան ում հետ կարող է աշխատել»,- հավելում է Կարասիկը: Այսօր դժվար է գուշակել, թե Ռուսաստանը որքան է պատրաստվում ավիահարվածներ հասցնել Սիրիայում, քանի որ որոշակի խնդիրների կարգավորումից հետո հազիվ թե նպատակահարմար գտնի հավերժ այնտեղ մնալ: «Պուտինի համար այժմ կարևոր է գործել ոչ միայն որպես ռազմական հաղթող, այլև որպես քաղաքական խաղաղապահ: Նա հրաշալի գիտակցում է, որ կա՛մ Ասադը կհամաձայնի հանձնել իշխանությունը, կա՛մ կհամաձայնի կիսել այն»,- նշում է Մոսկվայում Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Դմիտրի Տրենինը: Ասադի մնալ-չմնալու խնդիրը թերևս սիրիական հակամարտության կարևորագույն գործոնն է, եթե ոչ կարևորագույնը, հաշվի առնելով, որ հենց նրա ճակատագիրն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասության հիմնական կռվանը: Ռուսաստանն աջակցում է Ասադին, ԱՄՆ-ը՝ զինված ընդդիմությանը: Այլ փորձագետների կարծիքով, Մոսկվան ամեն կերպ կա՛մ կհասնի իր վաղեմի դաշնակցի հեռացմանը, կա՛մ կփորձի պայմանավորել նրա լիազորությունների սահմանափակման հարցը, այս կերպ փորձելով հարթել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլոց հետ հարաբերությունների սուր եզրերը: Հանդիպմանը Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ռուսական ռազմական գործողությունը օգնել է տարածաշրջանում ահաբեկչության տարածումը կանխելուն: Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ մոտ մեկամսյա գործողությունների ընթացքում ռուսական օդանավերը 934 մարտական թռիչք են իրականացրել՝ ոչնչացնելով ահաբեկիչների 819 օբյեկտ: Արդյունքը հուսադրող ու լավատեսական է, ինչը կենսական լիցք է հաղորդել նաև հայ գաղութին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, «Հալեպի 80 տոկոսը գրեթե ազատագրված է, և հույս կա, որ մի քանի օրվա ընթացքում կազատագրվեն նաև Հալեպի այն թաղամասերը, որոնք դեռևս ահաբեկիչների ձեռքի տակ են, որտեղից ռմբակոծվում են նաև հայկական թաղամասերը»: Ըստ նրա՝ Հալեպի 40 հազարանոց համայնքից ներկայումս 7-8 հազարն է մնացել, աշակերտության թիվը 4500-ից հասել է 2080-ի: Սիրիական չորս տարիների պատերազմում հայերը 100-ից ավելի զոհ են տվել, բազմաթիվ վիրավորներ: «ՌԴ-ի օդուժը կոնկրետ ահաբեկիչների կենտրոններ է գլխատում,- ասել է Մեսրոպյանը, – որից հետո Հալեպի բոլոր շրջաններն էլ կազատագրվեն»: Նշանակում է՝ արժե հուսալ, որ Հալեպի հայ համայնքը կկարողանա ինչ-որ կերպ նորից կազմակերպվել, հաշվի առնելով, որ գոնե այս դեպքում Ռուսաստանի ու հայերի շահերն իսկապես համընկել են:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։