Գոհար ՄԱՐԿՈՍՅԱՆ-ԿԱՍՊԵՐ ՀԵՌԱՑԱՎ ՊԵՆԵԼՈՊԵԻ ՔՈՒՅՐԸ / Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գոհար ՄԱՐԿՈՍՅԱՆ-ԿԱՍՊԵՐԽորհրդային Միությունը հոգեվարքի մեջ էր, բայց դեռ չէր փլուզվել, և եղբայրական հանրապետությունները հետաքրքրությամբ էին հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին, իսկ Հայաստանը բոլորից առավել տենդի ու երկրաշարժի մեջ էր բառի ուղղակի և անուղղակի իմաստներով:
…Զանգեց գրող Ռուսլան Սաղաբալյանն ու ասաց, որ կես ժամից կգա էստոնացի լրագրողի հետ, ով Հայաստան է եկել լուսաբանելու մեզ պատուհասած դժվարությունները: Անցավ կես ժամը, մի քանի ժամն էլ՝ հետը, աշխատանքային օրն ավարտվեց, ու ես տուն գնացի, այդպես էլ հյուրերին չհանդիպելով:
Մեկ տարի անց, կամ ավելի ուշ իմացա, որ այդ օրն ու այդ ժամին, երբ ինձ զանգել էր Ռուսլանը, նրան այցի ու մի բաժակ սուրճ խմելու էր եկել Գոհարիկ Մարկոսյանը՝ հանրագիտարանային գիտելիքների տեր, քիչ է ասելը՝ խելացի, բժշկական գիտությունների թեկնածու, Ֆիզիոթերապիայի ինստիտուտի ռեֆլեքսոթերապիայի բաժնի վարիչը: Բնական է, որ մեկ բաժակ սուրճը այդպիսի հետաքրքիր զրուցակցի հետ ձգվել էր մինչև ուշ երեկո, և Ռուսլանն իր էստոնացի ընկերոջ հետ մոռացել էր մեր պայմանավորվածության մասին:
Կալլե Կասպերը՝ Ռուսլանի էստոնացի ընկերը, հաջորդ տարի էլ Հայաստան եկավ, և այնպես ստացվեց, որ Գառնի-Գեղարդ և մնացած տեսարժան վայրեր նրան ուղեկցում էր Գոհարիկը: Կարծում եմ, որ Կալլեն արդեն սիրահարված էր նրան, իսկ նա, որ թերահավատ էր ամենայնի, այդ թվում և՝ տղամարդկանց հանդեպ, դժվար թե…
Կալլեն առաջարկեց արձակուրդն անցկացնել Էստոնիայում: Գոհարիկը տատանվում էր, ասենք, տոմս ճարելու խնդիր էլ կար: Ընկերուհին ու կոլեգան՝ Արևիկ Նահապետյանը (հետագայում նա դարձավ Գոհար Մարկոսյան-Կասպերի «Ելենա» վիպակի նախատիպը) այդ հարցը լուծեց «Աերոֆլոտում» աշխատող ամուսնու օգնությամբ: Տալլինի ճանապարհին Կալլեն ամուսնության առաջարկ արեց: Գոհարիկը համաձայնվեց՝ ոչ թե որ Հայաստանում կորցնելու բան չուներ սիրելի ծնողներից, քրոջից ու բժշկական կարիերայից բացի: Մշուշոտ մասնագիտական ապագան ու ոչ պակաս մշուշոտ (եղանակային առումով) Էստոնիան տեղի տվեցին, երբ Երևանից Տալլին թռիչքի ժամերին նա ճանաչեց Կալլեին ու կարողացավ տեսնել այն կարևորը, ինչ դեռ ոչ մի տղամարդու մեջ չէր գտել: Իսկ ե՞րբ է կինը սիրում: Երբ այդ մեկը իրեն հասկանում է: Հենց օդանավակայանում Կալլեն Գոհարին ներկայացրեց մորը որպես իր կնոջը: Գովեստի է արժանի էստոնական զսպվածությունը, որ ցուցաբերեց Կալլեի մայրը: Երևանում դստեր, քրոջ, ընկերուհու արագընթաց ամուսնության լուրն առավել զգացմունքայնությամբ ընդունվեց, թեև հարազատների ու մտերիմների նեղ շրջանակում կատարված հարսանիքը վկայում էր, որ այդ նեղ շրջանակը մեկ մարդով ավելացել է՝ էստոնացի փեսան միանգամայն համահունչ էր ինտելիգենտության ու պարկեշտության պատկերացումներին, որոնք այդ շրջանակը ներթափանցելու գլխավոր չափանիշներն էին:
Այս պահից սկսվում է Գոհարիկի նոր կյանքը: Գրողի՜ կյանքը, թեև մինչև մեկնելը նա հասցրել էր Երևանում սեփական միջոցներով հրատարակել բանաստեղծական փոքրիկ ժողովածու: Մարկոսյանը դարձավ Մարկոսյան-Կասպեր: Բժշկական կարիերան ավարտվեց՝ անկախ Էստոնիայում առանց էստոներենի իմացության ասեղնաբուժությունը տեղ չուներ: Գոնե իր դեպքում: Եվ այստեղ, կարծում եմ, իրենց գործն արեցին երկնային ուժերը, որոնց Գոհարիկը բացարձակապես չէր հավատում, քանի որ ամեն ինչի հասնում էր սեփական ուժերով: Նա կարող էր զբաղվել հենց թեկուզ քանդակով, ինչն էլ անում էր ազատ ժամերին: Ընդ որում՝ միանգամայն …, ինչպես այն ամենը, ինչին որ ձեռք էր զարկում: Ու հետո, քանդակը էստոներենի իմացություն չէր պահանջում ու լավ էլ վաճառվում էր: Բայց նա գերադասեց գրականությունը: Առաջին իսկ վեպը՝ «Պենելոպեն», լույս տեսավ սանկտպետերբուրգյան հեղինակավոր հրատարակություններից մեկում ու միանգամից տպագրվեց առանձին գրքով, թարգմանվեց եվրոպական մի քանի լեզուներով: Հերոսուհու նախատիպը նրա քույրն է՝ Հասմիկը, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, կայացած, հաջողակ անձնավորություն, իսկ վեպում նա, կնքված հունական Պենելոպե անունով, ընդամենը ուզում էր… լոգանք ընդունել: Ցնցուղի տակ: Երկու ձեռքով: Ինչը Հայաստանում այդ տարիներին ֆանտաստիկայի ժանրի երազանք էր համարվում, քանի որ, եթե չեք հասցրել մոռանալ, ո՛չ ջուր կար, ո՛չ լույս ու գազ: Քրոջ կյանքի իրական դեպքը Գոհար Մարկոսյան-Կասպերը ներկայացրել էր հումորով, անցումներ կատարելով անտիկ ժամանակները, և միանգամից հայտնվեց գրական պատվանդանին: Ռուսաստանում ու Արևմուտքում:
Հետագայում նրա հերոսներն ու հերոսուհիները կդառնանք մենք՝ նրա մերձավոր ու ոչ այնքան մտերիմ շրջանակից: Ճշմարիտ բառի համար նա շատերիս չի խնայի: Բայց դա է գրականությունը, ո՞ւմ է հետաքրքիր օրինակելի, հարթեցված հերոսը: Գոհար Մարկոսյան-Կասպերի գրքերը շատ երկրներում դարձան բեսթսելլերներ: Ցավոք, միայն Հայաստանում նրա մասին գիտեն բազմաթիվ հարցազրույցների միջոցով, իսկ գրքերը մինչ օրս թարգմանված չեն հայերեն: Հնարավոր է, այն պատճառաբանությամբ, որ մեզանում առանց այն էլ կարդում են: Բայց՝ ռուսերեն լեզվով:
Գոհարիկը դարձավ պրոֆեսիոնալ գրող: Անձնական կյանքում էլ ամեն ինչ ավելի քան բարեհաջող էր՝ նրանք սիրում էին նույն գրքերն ու իտալական տաճարների նույն հարթաքանդակները, Իտալիայի քաղաքները: Երկուսով զբաղվում էին յոգայով: Բալետի սիրահար Գոհարը (մայրը բալետի պարուհի էր) սիրեց օպերան, որովհետև Կալլեն գերադասում էր օպերան բալետից (թեև, Գոհարիկի հայրն էլ ժամանակին երգել է օպերայում): Միասին սցենարներ էին գրում ու թարգմանում միմյանց գործերը: Նրանք նույն օդն էին շնչում: Ապրում էին ժամանակակից աշխարհում՝ նրանցից պատսպարվելով իրենց աշխարհով: Ինձ երբեմն թվում էր, թե Գոհարը անտիկ աշխարհում նույնքան հարմարավետ է իրեն զգում, որքան Կալլեի երկուսենյականոց բնակարանում: Ու հանկարծ այդ ամենն ավարտվեց: Սարսափելի ախտորոշումը հաստատվեց: Բայց Կալլեն արեց ամեն ինչ նրան փրկելու համար: Ու փրկեց: Յոթ երկար տարիների կյանքով: Այդ մասին է նրա ինքնակենսագրական գիրքը՝ «Memento mori»: Նրանք կրկին վերադարձան իրենց հագեցած հոգևոր առանձնությանը, որտեղ մուտք ունեին ամենամտերիմները և, իհարկե, Հասմիկը՝ անկրկնելի Պենելոպեն…
Ավաղ, աստվածների նախանձը (Գոհարիկը ընդունում էր միայն հին հունական աստվածներին՝ մերժելով Աստծո գոյությունը, ով նրան պարգևել էր ոչ միայն բազմաթիվ տաղանդներով, այլև զարմանալի ճակատագրով) ավելի զորեղ էր: Նա մահացավ Բարսելոնայում, որտեղ առողջանալու հույս ուներ: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, Կալլեն ու Հասմիկը փորձում են կատարել նրա կամքը՝ ամենայն մանրամասնությամբ նկարագրված նրա ինքնակենսագրական գրքում՝ աճյունափոշին շաղ տալ Վենետիկում: Նա անգամ սեփական հեռացումը դարձրեց գրականություն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։