Հովհաննես Գրիգորյանի հայրեներգությունը / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ – 70

Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի համակարգում կարևոր նշանակություն ունեն հայրենիքի ճակատագիրը մեկնաբանող բանաստեղծությունները, որոնք թեև քանակով քիչ են, բայց ընդգրկված են համարյա բոլոր ժողովածուներում, ուստի հնարավոր է վերլուծել Գրիգորյանի պոեզիայի գրապատմական ընթացքի համապատկերում: Սկսած «Քեզ հետ և քեզ համար» բանաստեղծությունից, որ հրապարակվեց «Երգեր առանց երաժշտության» առաջին ժողովածուում (խմբագրված տարբերակը այնուհետև՝ «Դանդաղ ժամեր»-ում), որին հաջորդում է «Հայաստան» բանաստեղծությունը («Բոլորովին ուրիշ աշուն» ժողովածուում), այնուհետև՝ «Աղոթք», «Եվ ի՞նչ աներ Աստված», «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ անհրաժեշտ հետևություններով» բանաստեղծությունները «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992) գրքում (վերջինի խմբագրված տարբերակը հրատարակվեց կրկին «Կես ժամանակ» (2002) ժողովածուում «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ նրանց համար, ովքեր հաստափոր գրքեր կարդալու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տրամադրություն» վերնագրով): Եթե սրան էլ հավելենք «Այդպես է եղել», «Չգիտեսթեինչ -1,2,3», «Ոստիկանական լրատու» բանաստեղծությունները, ապա, ընդհանուր առմամբ կունենանք բանաստեղծական մի շարք, որի վերլուծությունը միասնական համակարգի արտահայտություն է: Ուստի այն հնարավոր է մեկնաբանել բանաստեղծության ճգնաժամի («անհետացման»), գեղարվեստական աշխարհընկալման և լեզվի նոր հարաբերության մեջ: Իսկ այդպիսի ընթացք ունի Հովհ. Գրիգորյանի հայրեներգությունը՝ սկսած սկզբից, որին յուրահատուկ է քնարական ներքին «շրջվածությունը», էպիկական աշխարհի և ժամանակի մասնատվածությունը, որն սկսած «Հայաստան» բանաստեղծությունից մինչ «Հայ ժողովրդի պատմություն…»-ը փիլիսոփայական մի շրջագիծ է գծում: Եվ ինչպես Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բնաբանում է ասվում՝ «Ես սիրում եմ հայրենիքը, բայց տարօրինակ սիրով» (Լերմոնտով),- նույնը և Հովհ. Գրիգորյանի պոեզիայում, որ անսովոր, «տարօրինակ սիրո» աշխարհայեցությունն է կրում, ուստի հայրենիքի ճակատագրի տագնապի, ողբերգական սիրո ընկալումն է հիմքում, ուր մեծը և փոքրը փոխատեղվում են միմյանցով, հետևապես պառակտված է թե՛ էպիկականի և թե՛ քնարականի միասնությունը: «Հայաստան» բանաստեղծությունն ահա դրա վկայությունն է, ուր ասվում է այսպես.
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,//որ կարող եմ վերցնել հետս,//թե մի հեռու տեղ գնամ://Փոքրիկ, ինչպես ծերացած մայր,//փոքրիկ, ինչպես նորածին զավակ,//իսկ քարտեզի վրա//ընդամենը արցունքի մի կաթիլ://Սա իմ երկիրն է- չափսերով այնպիսին,//որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,//որ չկորցնեմ հանկարծ… (Հ, 9)
Համեմատությունը դիպուկ է, ինչպես ծերացած մոր և նորածնի համեմատության պատկերում: Մոր և նորածին մանկան նման հայրենիքը հարազատ է, իսկ մորից և մանուկից ավելի հարազատ ոչ ոք չի լինում, ուստի հայրենիքի «աշխարհագրական վայրը» բանաստեղծի սիրտն է… Բայց երբ Աստված այդ փոքրիկ հողի վրա ցանկացավ գրել «երջանկություն» և «խաղաղություն»,«հարմար չեղավ», բայց միայն ցավ-ը, սուգ-ը, լաց-ը եղան հարմար («Եվ ի՞նչ աներ Աստված»): Իսկ բանաստեղծին ի՞նչ է մնում այս դեպքում, գուցե անհուսության աղո՞թքը: Սակայն նոր «Աղոթքն» էլ տագնապի նման է հնչում.
Չորս քայլ վեր…սահման է,//Չորս քայլ վար… սահման://Աստված իմ,//այսքան էլ փոքրիկ հայրենիք…//Նորածնի բարուր է իսկական…//Նորածնի բարուրը գրկել եմ,//Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ.//ասա՛ ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ -//Չորս քայլ վեր՝ ավեր է ու մահ,//Չորս քայլ վար՝ ավար ու թալան… (Հ,7)
1990-ականների պոեզիայում, իհարկե, բանաստեղծի տագնապը մի այլ ենթատեքստում է հնչում, որ բնորոշ է «Աղոթք»-ին, ինչպես և նրանից հետո գրված գործերին, մանավանդ «Ոստիկանական լրատու» բանաստեղծությանը, «Չգիտեսթեինչ» շարքին: Քննադատությունը արդիականությանը արձագանքելու իմաստով անդրադարձել է պրոցեսին, խնդիրը դիտարկել է սակայն կեցության և գրականության նույնության ընկալմամբ՝ արձանագրելով գրապատմական փաստը և ասելով, թե «անկախությունը չներբողվեց բացարձակապես և ոչ մի բանաստեղծությամբ», երևույթը բնորոշելով իբրև «անկախ Հայաստանի գրական հոգեվարք»1: Վերլուծողը՝ Արք. Նիկողոսյանը, «լռության» այդ արգելքը գրողի հոգեբանության և պատմական ընթացքի անորոշության մեջ է տեսնում, մինչդեռ եթե անգամ գրապատմական փաստն այդպիսին է և ճիշտ է ասված, կարևորը «գրական ճգնաժամի» հասկացությունն է, որ ձևավորում է շարժում և անկախության շրջանում չի սկսվել այն, այլ՝ նախորդ տասնամյակում: Ուրեմն, ավելի լայն ըմբռնման հարցադրում է սա, որ կախում ունի գրողի փիլիսոփայական աշխարհըմբռնումից, ինչպես դարասկզբին Տերյանի «հոգևոր հայրենիքի» որոնման գաղափարը, որը բանաստեղծը մեկնաբանում է «կրիզիսի» հասկացությամբ՝ բացատրելով երևույթը հնի՝ մի ամբողջ մշակութային շրջանի ավարտի և նորի հաստատման տրամաբանությամբ: Տերյանն ուղղակի ասում է նաև, թե հայրենիքի երգը… «մի ֆանտոմ է եղել», «ցավատանջ իղձ» և «յոթնապատիկ խոցված տիրամոր» ճակատագիրը երգելիս կարող էր ասել՝ «դու հպարտ չես, իմ հայրենիք, տրտում ես դու և իմաստուն…»: Ուստի Հովհ. Գրիգորյանը, նույնի շրջմամբ, «Չգիտեսթեինչ» բանաստեղծական շարքում հայրենիքը բնորոշում է «թշվառ» («և ինչքան շատ են թշվառ ու խեղճ, այնքան շատ են հայրենիք»), «հեռու» («Աստծու աչքից հեռու»), հայրենի տները՝ կիսաքանդ, հայրենիքը մի եղանակ ունի միայն՝ ձմեռը… Ուստի անհնար է ինչպես բանաստեղծությունը, այնպես էլ հայրենիքի բանաստեղծական կերպարի արտահայտումը պոեզիայի և պոետականի անհնարինության պատճառով, ինչը Հովհ. Գրիգորյանը պատկերում է բանաստեղծության թե՛ բովանդակության, թե՛ վերնագրի «անիմաստության» իմաստի մեջ, որ գրված է բառերի միակցումով (չգիտեսթեինչ), որը նոր իմաստի գաղափարն է արտահայտում իհարկե: Բայց նաև՝ հայրենիքն այնտեղ է, ուր խռմփոց է լսվում» և կամ «քնելուց զզված երեխայի լաց»: Ուստի՝
Հայրենիքները, ահա թե ինչու երազներով ու երազանքներով են//բերնեբերան լցված… Բոլորն են քնած://Սակայն ճիշտն այն է, որ սովորաբար//նախ հայրենիք են լինում սկզբում և հետո միայն,//ժամանակներ անց- դառնում են//երկիր: Երևի թե//բոլորն անխտիր: (ԵՋ, 27)
Բանաստեղծի հայացքում «շրջված քնարականությունը», որի պատկերներում պարոդիկ, անգամ սարկազմի հասնող խոսքում կերպավորվում է հայրենիքը, սկսած վերնագրից (չգիտեսթեինչ), ժամանակի անորոշության, անհեթեթության և տագնապի բնութագրում է, որի «հեռվում» (ներսում) թաքնված է «երկիր» դառնալու գաղափարը, ինչպես հարուստ Անգլիան և Միացյալ Նահանգները, որոնք «անունով են կոչվում»: Ահա այդ «անվան» իմաստի որոնումն է Հովհ. Գրիգորյանի պոեզիայում, ուստի անունն է, որ ձգտում է իմաստի ամբողջության, որովհետև անունը երկիրն է, գաղափարի գոյականացումը: Հետևապես «Հայ ժողովրդի համառոտ պատմություն…» բանաստեղծության մեջ հայրենիքը և ժողովուրդը, «ժամանակի և ժամանակների» տագնապը հաղթահարելով, հասել է մեր օրերի «բարոյական հաղթանակների օրերը» և, ինչպես չարենցյան «Երկիր Նաիրին»՝ որպես «չամիչի պես գործածվող» գոյական, Գրիգորյանի պոեզիայում ևս անուն է ստանում՝ Հայաստան, որի ներկան այսպիսին է.
…ափիս մեջ նշխարաչափ մի պատառ//ամեն կողմից կրծոտված մեղրա­բլիթ… Հայաստան: (ԿԺ,8)
Ահա այդ անվան գաղափարն է նաև, որ պատմությունը ներկա է դարձնում: Գենետիկ միասնություն ունեն նրանում ժողովրդի ճակատագիրը, անցած ճամփան, փիլիսոփայությունը, որ Գրիգորյանը նկարագրում է սկսած վաղ նախնադարից մինչև 19-20-21-րդ դարերը: Կորուստների և տագնապների պատմություն է «համառոտ ձեռնարկը», որ թե՛ առաջին, թե՛ խմբագրված տարբերակներում «հասցեատեր ունի», ում հետ, թվում է, բանաստեղծը երկխոսական բանավեճով է կապված (ով կարդալու ժամանակ չունի) կամ՝ «անհրաժեշտ հետևությունների» պատվիրանով՝ ճանապարհի փիլիսոփայության գիտակցությամբ: Բանաստեղծությունը, հետևաբար, ներքին քնարախոսական պլանում «պահպանում է» գրողի հայացքի ուղղությունը (հայրենիքը երկիր դառնալու և անվան փոխակերպվելու իմաստով), որ նախահիմքի նշանակություն ունի, ուստիև՝ լեզվական առումով չարտահայտվածի՝ «բացակայի ոլորտն է», իսկ արտաքին՝ նկարագրական «կառուցվածքում» Գրիգորյանը, վերապրելով հայրենիքի ճակատագրի «էկզիստենցիալ դրաման», եթե կուզեք՝ «պատմում» է ներկան, հայացքը՝ շրջված ներս՝ ասես պատկերի առարկայական իմաստը հակադրելով ճակատագրի ողբերգական հեգնանքին և անհուսությանը… Այսպես՝ վաղ միջնադարից հայրենիքի հողերն է «տարել» թշնամին՝ ասելով, թե մենք «կարող ենք քարից հաց քամել», հետո ծովերն ու ճանապարհներն է տարել և ասել, որ մենք «կարող ենք ճանապարհորդել մտովի», հետո հացն են տարել՝ թողնելով մեզ «առավել սննդարար հոգևոր հացը», կոտորել են և մեղադրել, ասելով, թե «դիմադրության փորձ եք արել», որպեսզի մեր հարևանները՝ «բնության այդ պարզ ու անմիջական զավակները», խայտառակվեն աշխարհով մեկ, մինչդեռ ասել են՝ խելացի, «հայրենասեր և խաղաղ ժողովրդի համբավ եք վայելում…»: Ահա և՝ ողբերգության վերջին արարը, որ նախորդում է… «երկիր դառնալու» կամ ուղղակի ասենք՝ անվան և իմաստի միասնությամբ ամբողջանալու անհնարինությանը, որ հայրենիքի գաղափարի վերջին հանգրվանն է… Ինչը, իբրև վերջին արար, բանաստեղծության «անհետացումն» է խորհրդանշում նաև և նշանակում է ոչ միայն էպիկական աշխարհի քայքայում, այլև բանաստեղծության անհնարինություն, երբ քայքայվում է ձևը, ռիթմը (երաժշտականությունը), խոսքը առհասարակ: Ահա թե ինչու է Հովհ. Գրիգորյանը «գրում» ոչ թե «Հայ ժողովրդի պատմություն…», այլ միայն՝ «համառոտ պատմություն…», որովհետև պատմություն-ը ամբողջականի արտահայտություն է, իսկ համառոտ-ը՝ պառակտվածի (քայքայվածի), որ լեզվական առումով էլ համակարգման չի կարող ենթարկվել: Հետևապես «Հայ ժողովրդի համառոտ պատմություն…» ստեղծագործությունը ոչ միայն հայրենիքի ճակատագրի ընկալման ողբերգությունն է, այլ նաև՝ բանաստեղծության ողբերգությունը, որ գոյը (գոյությունը) պատմության չի կարող փոխակերպել, ինքնին մասնատված է… Ուստի կարող ենք ասել (և ինչու չասենք), սա նաև բանաստեղծի՝ Հովհ. Գրիգորյանի ողբերգությունն է՝ անավարտ և անկատար… որ ծնվում է բանաստեղծի աշխարհում, տևում՝ ինչպես իր ցավը, իր ճակատագիրը, որ հնարավոր է ընկալել արդեն «շրջված», երբ բանաստեղծությունն է «գրում» այլևս բանաստեղծին, մեկնաբանում նրան, որովհետև ինքն է այնուհետ «պահպանում» (տեքստից և գրությունից հետո և նրանով՝ ասել է՝ լեզվում) բանաստեղծի ճակատագիրը…

————————————————-
1. Գրականագիտական հանդես, Երևան, ԺԳ, 2012, էջ 81-82 (տե՛ս Արք. Նիկողոսյանի «Կեցություն, հոգեբանություն, գրականություն» հոդվածը)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։