Թարգմանությունը հաղորդակցվելու ճանապարհ

Հոկտեմբերի 10-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Այդ առթիվ ՀԳՄ պատվիրականությունը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելեց Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեց հայերենի առաջին ուսուցչի և թարգմանչի գերեզմանին:
Այնուհետև եկեղեցու Մ. Մաշտոցի անունը կրող դպրատանը Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանի աղոթքից հետո տեղի ունեցավ «Կանթեղ» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը տրվում է հայ գրականությունը այլ լեզուներով և օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանված լավագույն աշխատանքների համար: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Անահիտ Բոստանջյանին (հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն) թարգմանական գործի համար, Հրաչյա Սարուխանին (ռուսերենից հայերեն), Կարինե Խալաթովային (հայերենից ռուսերեն) և Գեորգի Կուբաթյանին (հայերենից ռուսերեն) թարգմանական վաստակի համար:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ դարեր ի վեր Հայ Առաքելական եկեղեցին տոնել է Թարգմանչաց տոնը, և գրքի թարգմանությունը չի դիտվել զուտ թարգմանական արվեստ, այլև գրի միջոցով հայ ժողովրդի հոգին ամրացնելու, ժամանակների մեջ ամեն մի արհավիրքի դիմակայելու և բարությանը ծառայելու նպատակ է հետապնդել: Նա հավելեց, որ արդեն ավանդույթ է դարձել գրական միջավայրում «Կանթեղ» մրցանակի արժանացնել հայերենից այլ լեզուներ, այլ լեզուներից հայերեն թարգմանող լավագույն թարգմանիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեն ժամանակակից գրականության իրողությունները թարգմանելու և Հայաստանում տարածելու, ինչպես նաև հայ գրականության ընտրանին այլալեզու ընթերցողին հասանելի դարձնելու գործում: «Ընտրված անունները մեր գրական-մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և՛ որպես թարգմանիչ, և՛ որպես գրող, մտավորական, հրապարակախոս»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Շնորհակալական խոսք ասացին մրցանակակիրները` Անահիտ Բոստանջյանը, Հրաչյա Սարուխանը, Կարինե Խալաթովան, և կարդացին իրենց կատարած թարգմանություններից:
Մրցանակակիրներին շնորհավորական խոսք ասացին Շանթ Մկրտչյանը, Գագիկ Դավթյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։