ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՉՈՐՍԲՈԼՈՐԴ առուծախ ու առուփախ է, առնում ու ծախում են. լոլիկ-պղպեղից սկսած, խիղճ ու ամոթով շարունակած և Հայրենիքով ավարտած: Մեկ էլ տեսնում ես` կողքիդ ապրողը, նույն շուկա ու խանութ մտնողը, նույն ղեկավարներին քեզնից էլ բարձր ու քեզնից էլ թունդ ուշունց տվողը հայտնվել է մեր թշնամի երկրում ու բոլորիս «էստի համեցեք» է անում: Չէ՛, իրեն Հայրենիքի դավաճան չի համարում, ասում է` ուզում է Հայաստանը փրկել ժառանգական ապահովված տերերից, կիսող ու կիսվողներից, 50 ՏՈԿՈՍՆ ԱՐԴԵՆ ՔԱՆԴԱԾ ՈՒ ԷՆ ՄՅՈՒՍ 50-ԻՆ ԱՆՑԱԾՆԵՐԻՑ… Այս պարագայում մենք` սահմանակող ապրողներս, սահման պահողներս, բանից պարզվում է, երեք թշնամու դեմ ենք կռվում. թուրքի, թուրքի կողմ անցածի ու մեկ էլ 50-ով այստեղ, 50-ով չգիտեմ, թե որ երկրում գտնվողների դեմ: Ի դեպ, Հհայրենիքից արդեն փախածներն ու փախչելու հարմար պահի սպԱՍՈՂՈՒՆՆԵՐԸ ևս իրենց հեռանալը երկրի օլիգարխ վիշապ-սողունների գոյությամբ են պատճառաբանում: Իսկ մե՞նք, սահման պահողնե՞րս… Աստծու նահատակնե՞ր ենք, թե՞ մահապարտներ, որ զրկանքների ու կյանքի գնով Հայրենիք պահենք ու չգիտեմ, թե երբ, չգիտեմ, թե որ ջհաննամներից վերադարձած աղաներիդ հանձնենք խաղաղությունը, որ տռուզ գրպաններով նստեք կազինոներում և ձեռքները վեր, գլուխներդ` բարձր բարձրաձայնեք սուրբ Հայրենիքի ու նրա փրկության համար զոհված տղերքի կենացը: Հնարավոր է` գրպանում նույնիսկ ազատամարտի հերոս մասնակցի տոմս էլ ունենաք…
Ի՛նչ ասեմ ձեզ, դուք ի՞նչ անուն կտաք հիվանդ, ցավատանջ, հաշմված ծնողին լքող-հեռացողին: Աստծու զավակներ, մի՛ հեռացեք, պաշտեք սրբազանը, սրբագույնը` Հայրենին, ձեր հողը: Ձեր երեխան պիտի պապենական կամ գոնե հայրական օջախում մեծանա: Երբ հեռանում ես ծննդավայրից, դու այլևս սիրտ չունես, որ պայթի քո Հայրենիքի դժբախտությունից, ձեռքեր չունես, որ կռվի նրա ազատության համար, ոտքեր չունես, որ ամուր կանգնի քո երկրի սահմանին և ձա՛յն չունես, որ պոռաս աշխարհեաշխարհ` մենք եղել ենք, կանք ու կլինենք…
Գիշեր-ցերեկ սահմանին եմ՝ ապրելու և մեռնելու պատրաստ, ու գիտեմ, որ էս կրակոցներին, էս ցավերին վերջ է լինելու, Հայրենիքի սերն է անսահման ու անվերջ: Հայրենասիրությունը մոմեր վառել ու նրա կենացը բարձրաձայնել չի նշանակում: Դա նրանից իր անբաժանելության գիտակցումն է, նրա ուրախ, դժբախտ ու ճակատագրական օրերը կիսելը, միասին լինելն է:
Էլ ի՞նչ ենք ուզում էս պուճուր, սրտի չափ պուճուր երկրից: Հայրենիքը հո միայն քեֆի, խրախճանքի սեղա՞ն չէ, Հայրենիքը նաև Զոհասեղա՛ն է: Իմ տնից ես տեսնում եմ թուրքերի դիրքերը` իմ օջախին ու Հայրենիքիս ուղղված զենքերով… Ես ապրում եմ մի վայրում, որ իմ տան պատուհանից երևում է պատմական Հայրենիքիս քուռերիզ սահմանը: Թոռներիս օրորոցայինը չդադարող կրակահերթերն են, բայց Սամվելս, Կարենս, Դավիթս, Լարիսաս ու Մարիամիկս գիտեն արդեն, որ իրենք ու իրենց ծնվելիք եղբայր-քույրերը Քռի եզերքին են սահման պահելու: Նրանք վաղո՜ւց արդեն չեն վախենում էշնամու (թշնամուն իրենք էշ նամի են ասում) կրակահերթերից և օդում ճարճատող գնդակներ տեսնելիս «սալո՜ւտ-սալո՜ւտ» են ճռվողում: Նրանք, թեկուզ հեռուստատեսությամբ, Երևանի տոնի «սալուտներն» էլ են ուզում տեսնել, քանի որ իրենց պապիկն ասել է, որ Երևանի տոն նշելը մեր ազգի հավաքական ուրախությունն է և թուրքի աչքը հանել է նշանակում: Իսկ եթե իսկապես ուզում են օգնել սահմանին, թող սահմանից հեռու բոլոր պետական աշխատողները նվիրաբերեն իրենց մեկ ամսվա, գոնե մեկ շաբաթվա աշխատավարձը: Թող վերացնեն, գրողի ծոցն ուղարկեն այս երկրին ոչ մի օգուտ չտվող ՄԱՐԶԾԵՐՏԱՐԱՆՆԵՐԸ:
Ես այստեղ սահմանաշուրթ եմ ապրում: Ինձ ոչինչ հարկավոր չէ, ամեն ինչ ունեմ, ամենամեծ պարգևս Հայրենիքս է, ամենամեծ ուժս` Հող հայրենին, ամենամեծ հպարտությունս` իմ ժողովուրդը, ամենամեծ արժանապատվությունս` ազգիս պատմությունը, ամենամեծ կարոտս` Էրգիրը, ամենամեծ սերս` կյանքը, ամենամեծ սրբությունս` ընտանիքս, ամենամեծ հրճվանքս` ազգիս ու ազգակիցներիս հաղթանակը:
Թող ոչ ոք սահմանի հաշվին էժան պոպուլիզմով չզբաղվի: Սահման պահելու, սահմանն ամրացնելու ամենաճիշտ ձևը այնտեղ ապրելն է: Դատարկ տներ` ինչքան ուզեք, համեցե՛ք: Կին չունեցողների համար աղջիկներ կան և ամուսին չունեցողների համար` տղաներ: Ի դեպ, նորածին անուշ բալիկներն էլ շատ շուտ են հարմարվում «Օրորոցային» կրակահերթերին:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.