Ժամանակի հետևից վազում եմ հևիհև ծննդյանս պահից: Երբեմն հասնում եմ, շարունակում ենք զուգահեռ` իրար շունչ շնչի, ավելի հաճախ` հետ եմ մնում` իմ սերնդին բաժին հասած իրադարձությունների բազմազանության բեռի տակ կքած, ինֆորմացիոն գերհոսքի բերած տագնապներից, հասարակարգերի փոփոխման սահմանագծին տարակուսած: Իսկ ժամանակի հետ ոչ տևական հաշտության արդյունքը գիրն է` ծնված բառը, գիրքը, որը շրջապատից հաշվենկատորեն շորթած իրողությունների, մարդկային տեսակների, զգացողություններիս կանգառն է` կայանատեղին: Այդժամ ժամանակը իմն է: Գրքի ժամանակն անկասելի է:
2014-ի ավարտը ինձ 2015 տեղափոխեց ճակատագրի աստվածուհիների թևին թիկն տված. «Մոյրաների նոթատետրից» արձակ գործերիս ժողովածուում հեռավոր 1915-ից մինչև մեր օրերը ապրող հայ մարդու կյանքի ամենաեղերական, պատմական ամենավճռորոշ ժամանակահատվածներն են և մարդկային ամենատարբեր ճակատագրեր: Պատմվածքները մինչև գիրք դառնալը ներկայացվեցին «Գրական թերթում», «Գրեթերթում», «Նարցիս» ու «Անդին» ամսագրերում, գրական կայքերում: Հանդիպումները գրողի հետ` տեսանելի դարձրին ընթերցողին: Ժողովածուից «Մերսեդես» պատմվածքս առանձնացրի, համանուն պիեսը գրեցի: Ներգաղթյալ կնոջ ճակատագիրը հուզեց բեմադրիչ Հակոբ Ղազանչյանին, և Միացյալ Նահանգներից հրավիրված դերասանուհի Նորա Արմանին գլխավոր դերում, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրությամբ, հայ հանդիսատեսին պատմեց նաև ի՛ր նախնիների ոդիսականը` Դեր Զորի անապատից մինչև արևոտ Սալոնիկ ու այնտեղից` Սովետական Հայաստան: Ներկայացումը նվիրվեց Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի անդամությունս ինձ թատրոն վերադարձրեց` երկու փոքրիկներիս մեծացնելու համար վերցված դադարից հետո: Մասնագիտությամբ թատերագետ լինելուս հանգամանքը հավանաբար կամուրջ դարձավ արձակից դեպի դրամատուրգիա: Սանկտպետերբուրգաբնակ բեմադրիչ Համլետ Հայրապետյանի մտահղացումն էր Կոմիտասի մասին պիեսիս ծնունդը: «Կոմիտաս. Լույս բարեբեր» դրաման երկու տարելիցի առջև էր խոնարհում` Կոմիտասի մահվան 80 և իհարկե` Եղեռնի 100-ամյակի, որին էլ նվիրվեց Հ. Հայրապետյանի և ռուս բեմադրիչ, դերասան Իվան Լատիշևի համատեղ անտրեպրիզային բեմադրությունը Սանկտ Պետերբուրգում:
Բոլորովին վերջերս իմացա, որ «Մերսեդես» պիեսը, ռուսերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Մ. Ամիրխանյան), ընդգրկվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսների «Молодежный театральный форум» ժողովածուում, որին հետևեց նաև նոյեմբեր ամսին Մինսկում այդ ֆորումին մասնակցության հրավերը:
2015-ին գիտական հոդվածներ նույնպես եղան, որոնք տպագրվեցին «Նորք», «Հանդես», ՀՀ գիտությունների ակադեմիայի երիտասարդ արվեստաբանների հոդվածների տարեգրքում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ դասախոսություններս էլ, ըստ էության, թատրոն-գրականություն-գիտություն կամրջին են:
Այժմ պիեսներիցս մեկը բեմադրման քննարկման փուլում է, ևս երկուսը` աշխատանքային, և արդեն, Աստծու կամքով, ասես տեսանելի է դառնում պիեսների առաջին ժողովածուի ուրվագիծը: Մի կիսատ վեպ, թե` վիպակ ևս համակարգչիս էկրանից շարունակ փորձում է պոկվել, կյանք առնել… Ժամանակը անողոք է ժամանակակցիս հանդեպ, թեմաների գլխապտույտ առատություն կա, միայն ձեռքդ մեկնիր և վերցրու, բայց, ցավոք, դրանք գնալով դառնում են ավելի ու ավելի մռայլ, աշխարհը քաոտիկ շարժման մեջ է խարխափում, ամեն րոպե իրականություն դառնալու սպառնալիքով` պատերազմի ուրվականը հետապնդում է մեզ, կյանքից ոստնում է գրականություն: Իսկ գրողը դարձյալ վազքուղի է մտել` ժամանակի հետ միամտաբար հանդիպելու հույսով, այնինչ ժամանակն «իր շավղից դուրս է սայթաքել» վաղուց` սերունդներին թողնելով միայն գրողի և իր զինադադարի այն հազվագյուտ վայրկյաններին ծնված հավերժական հուշարձանը, որի անունն է Գիր: