ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հին ձեռագրերիս թղթապանակներից մեկում, այլ հոդված փնտրելիս, հանկարծ աչքիս ընկավ առաջին Սահմանադրության հետ կապված մի գրառում, որը ո՛չ թվագրված է, ո՛չ էլ այս կամ այն լրագրում հրապարակման նշում ունի: Ոչ էլ ես եմ հիշում` հրապարակվե՞լ է, թե՞ ոչ: Բայց եթե հիշեի էլ, միևնույն է, չէի վարանի այսօր վերահրապարակել, որովհետև բոլոր այն մտահոգությունները և դիտարկումները, որ ունեցել եմ այն օրերին, փոքր-ինչ կերպարանափոխված ու նոր ժամանակների տարազ հագած, ցավոք, առկա են և այս` նոր Սահմանադրության քննարկման գործընթացում:
Նոր Սահմանադրություն եմ կոչում, որովհետև եթե գլխավոր օրենքը երկրի կառավարման նոր կարգ է սահմանում, ապա այդ սահմանման հետ կապված մանր ու խոշոր բոլոր փոփոխությունները, ի վերջո, հասցնում են նորին: Ամեն երևույթ իր ճիշտ անվանումը պիտի ունենա, այլապես ամեն ինչ կխառնենք իրար, կխճճվենք, ինչպես և վարվում ենք ահա քանի տարի, եթե ոչ` քանի դար…
Ահա այդ գրառումը. «Սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած Սահմանադրության նախագծին զուգահեռ ստեղծված բոլոր նախագծերին թե՛ «վերևներում» և թե՛ «վերևների» ազդեցության տակ շնչող որոշ «ներքևներում» խորամանկ դիտավորությամբ «այլընտրանքային» են կոչում, առանց խորանալու այլընտրանք բառի էության մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հայ ժողովուրդն արդեն արտահայտել է իր կամքը` ունենալով նախագահական ուժեղ համակարգ, և ահա, այդ համակարգը ամրագրող Սահմանադրությանն ինչ-ինչ անհատներ կամ կուսակցություններ այլ ընտրանք են հակադրում:
Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ Գերագույն խորհուրդը իրավասու չէր կայացնելու նախագահական համակարգին անցնելու որոշում: Առաջարկել` կարող էր: Իսկ նախագահական ընտրությունների արդյունքով հիմնավորել նախագահական համակարգի անհրաժեշտությունը մեզանում, սովորական աճպարարություն է, որովհետև նախագահական ընտրություններում ժողովրդի մեծամասնությունը ձայնը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանին և ոչ թե համակարգին: Այդ օրերին, նույն հաջողությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը կընտրվեր թե՛ վարչապետ (եթե վարչապետությունը ընտրովի պաշտոն լիներ), թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (եթե այդ ընտրությունը վերապահվեր բացառապես հայ ժողովրդին), թե՛ Աստծու քարտուղար (եթե նման պաշտոնը, պոեզիայի ոլորտներից դուրս գալով, իջներ նյութական աշխարհ):
Եղավ հարմար մի պահ նախագահական համակարգի նկատմամբ ժողովրդի կամքը ստուգելու, և այդ պահը անկախության հանրաքվեն էր: Պատմության գիրկն անցած Խորհրդային Միությունից դուրս գալու ժամանակավրեպ, անհեթեթ հարցադրման փոխարեն, անկախության ճիշտ նույն հարցման լույսի տակ պիտի քննվեր ապագա անկախ հանրապետության կառավարման կարգը: Բայց այդպես չեղավ, թեև կար գաղափարը, առաջարկը: Այդպես չեղավ, որովհետև մեծ էր պատվիրատուներին հաճոյանալու գայթակղությունը, Խորհրդային Միություն կոչված քաղաքական դիակի վրա ևս մի կրակոց արձակելու կիրքը:
Եվ հիմա անթույլատրելի է այնպիսի կեցվածք ընդունել, թե այդպես էլ եղել է, թե նախագահական համակարգը ժողովրդի կամքն է արտահայտում, և, ուրեմն, այս կամքին հակառակ, ահա, այլընտրանքայիններ են լույս աշխարհ եկել:
Քաղաքացիական համաձայնության (վեց կուսակցությունների) մշակած Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկել հենց այս մոտեցմամբ և չշտապել որակումներ տալ: Գուցե վաղը պարզվի, որ նախագահական ուժեղ համակարգը պաշտպանող Սահմանադրության նախագի՞ծն է, իրոք, այլընտրանքային: Ինչպես շատ իրողություններ են պարզվում մեզանում, երբ աստիճանաբար ցնդում է քաղաքական մշուշը»:
Թվում է, թե այսօր ցնդել է քաղաքական մշուշը, և այլընտրանքային է դարձել գործող Սահմանադրությունը, բայց դա միայն թվում է: Մի նոր մշուշ է խտացել գործընթացի գլխավերևում: Եթե հասկանալի է ՀՅԴ-ի «այո»-ն (նա միշտ էլ «այո» է ասել խորհրդարանական համակարգին), եթե հասկանալի է ՀԱԿ-ի «ոչ»-ը (այլ անվանումով` լևոնական այս ուժը միշտ էլ «ոչ» է ասել), ապա անհասկանալի է իշխող կուսակցության դիրքորոշումը: Նա ինչո՞ւ պիտի կողմ լինի նոր Սահմանադրությանը, եթե հինը լիուլի բավարարում է իրեն: Մի՞թե այդքան բարեփոխվել է նա, թե՞ համոզված է, որ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորություններով էլ կարող է ապահովել գերակա իր դիրքը: Եթե այդպես է` ապա ո՞ւմ է պետք նոր Սահմանադրությունը: Պաշտոնների վերանվանումներից և վերադասավորումներից մի՞թե փոխվում է համակարգի էությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։