ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԱրդեն քանի տարի Ֆելիքս Մելոյանը գրական ընթացքի հորձանուտում է, արդեն քանի տարի նրա գրականագիտական դիտումները, հրապարակագրական ելույթները հարստացնում են մեր հանրային ու գեղարվեստական կյանքը՝ պարտադրելով ճանաչել ու ընդունել նրա հայացքի անթեքությունն ու շիտակությունը, գրական իրողությունների մեջ յուրովի թափանցելու վճռականությունը, սեփական աշխարհայացքի ծիրով անցած սևեռումների անկեղծությունն ու խորքայնությունը: Թեթև, ակադեմիական «բարդություններից» հեռու ոճը, անմիջական խոսակցություն վարելու, հոդվածը զրույցի վերածելու հմտությունները միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում մելոյանական մտածումների ճանապարհով՝ շատ հաճախ բացահայտելով-հայտածելով ինքնօրինակ, ուրիշներին չկրկնող դատումներ ու գեղարվեստական-գեղագիտական և տեքստաբանական վերլուծումներ, գրողական ես-ի յուրօրինակ ընկալումներ, գրականության ու կյանքի փոխմերձեցումներում արձանագրված կարևորագույն ձեռքբերումներ: Ֆելիքս Մելոյանի հետաքրքրությունների, նախասիրությունների և ինքնահատուկ սիրո առանցքում Հրանտ Մաթևոսյանն է, որի գրականությանը հառված նրա հայացքը, մեր խորին համոզմամբ, մնացել է եզակի ու չկրկնվող, քանզի հենց մաթևոսյանական աշխարհին ու տեքստին բնորոշ ոճալեզվական կառույցների ուշագրավ կիրառմամբ, գրական տեքստի խորքային շերտերի հետազոտմամբ ու հայտածմամբ Ֆելիքս Մելոյանը ներկայացրել է նշանավոր գրողի գրական մեթոդի, ստեղծագործությունների ֆաբուլաների, կերպարաստեղծման առանձնահատկությունները, առաջիններից մեկը՝ քննարկման նյութ դարձրել բանահյուսականի ներկայությունը մաթևոսյանական գրականության մեջ՝ այսպես մարդու և բնության փոխմերձեցման առասպելն առաջին հերթին դիտարկելով որպես բանահյուսական սկիզբ ու շարունակություն: «Իր արձակի չափանիշներն ինքն էր սահմանել և դրանք գրականության բնականոն ընթացքի համար պիտանի չեն. հո չի կարելի այդ «Օգոստոսը», այդ «Ալխոն», այդ «Աշնան արևը» նվաճված բնագիծ համարել և իրենից հետո անկում արձանագրել: Ոչ մի անկում էլ չի արձանագրվելու, քո գնահատականը իրենով չես պայմանավորելու, դու իրեն շրջանցելու ես: Եվ ճիշտը դու ես: Ինքը չափանիշ չէ՝ ոչ այսօր, ոչ վաղը և ոչ էլ, երևի թե, վաղվա վաղը: Ինքն էլ էր իրեն չտեսնելու տալիս, ինքն էլ էր շրջանցում, երբ խոսքը ուրիշի մասին էր»,- Հրանտ Մաթևոսյանի գրական պահանջկոտության մասին գրել է Ֆելիքս Մելոյանը: Եվ հենց այս համոզումով էլ Ֆ. Մելոյանը հեռանում է գրողի ձևավորած «սահմանափակումներից» և ազատորեն գնահատում ու արժևորում, իր հոդված-ակնարկներից յուրաքանչյուրը վերածում մաթևոսյանական ընկալումների մի նոր փաստի ու իրողության, մի նոր հաստատման: Հեռանալով գրականագիտական «պաշարի» անտեղի շահարկումներից, գրականագիտական եզրերի առատ օգտագործումներից, որոնք երբեմն գիտականության պատրանք ձևավորելու կեղծ ու ձևական դրսևորումներ են, հեղինակ-գրականագետը գրեթե «մաթևոսյանավարի» է կառուցում իր ձևակերպումները, յուրաքանչյուր հոդված վերածում նաև ուրույն գեղարվեստական պատումի, ուր ազատ ու անկաշկանդ խոսքը, զրույցի բռնվելու «հավեսը» դառնում է մելոյանական ոճի հիմնաքարը, ձևը, բովանդակային թափանցման սկզբունքը: Հրանտ Մաթևոսյանի արձակի մասին շատ է գրվել ու դեռ գրվում է: Արդեն հրապարակի վրա եղած աշխատությունների կողքին ավելանում են նորերը, վերջերս իր գիտական սևեռումների առանցք է բերել Մաթևոսյանի գրականությունը բան. գիտ. թեկնածու Վալերի Փիլոյանը՝ տեսնելով ու արժևորելով «ծմակուտյան առասպելի» գոյության յուրատիպությունը: Ֆ. Մելոյանը շատ վաղուց է մերձեցել այս առասպելին, ուրույնաբար հետազոտել մաթևոսյանական հերոսների տիպաբանական առանձնահատկությունները, ձևավորել ուշագրավ սահմաններ կերպարների և նախակերպարների միջև, հետազոտել նույն այդ կերպարների կերպարալեզվային ընդգծումները, փոխակերպումները:
Ֆելիքս Մելոյանը, դարձյալ բնության առասպելի ուշագրավ վերլուծումներով, անդրադարձ է կատարել Համո Սահյանի բանաստեղծությանը՝ ուշագրավորեն բանաձևելով մարդ-կերպար և բնություն-կերպար սահյանական ֆենոմենը: Համո Սահյանի բանաստեղծությունների խորքային մեկնաբանություններին չի տրվել Ֆ. Մելոյանը, չի ձգտել գրականագիտական համակողմանի քննության, այլ էսսեն ընդունելով իբրև իր ասելիքը մատուցող-ներկայացնող միջոց, անպաճույճ «թեթևությամբ» բացահայտել է սահյանական աշխարհը, մեզանում ձևավորել նաև սահյանականի ընկալման սեփական կերպը: Խոստովանենք, սահյանական բնագրի ընթերցման եզակի օրինակներից է ներկայացնում Ֆելիքս Մելոյանը՝ շատ հաճախ Սահյանի բանաստեղծության տեսակն ու արտերևույթը բխեցնելով նրա մարդկային կերպարներից, սահյանական «եթիմների» տաք զգացողություններից: Ֆ. Մելոյանը սիրում է Հրանտ Մաթևոսյանին և Համո Սահյանին, անհունորեն նվիրված է նրանց, սերն անպայմանորեն դեպի մեծերը տանող ճանապարհի ուղեցույցն է, սակայն սերը չի տանում դեպի սուբյեկտիվիզմ և անհարկի գովաբանություն: Նա սիրում է մեր գրականության շատ մեծերի, առանձնակի համակրանքով է դիմում Հովհաննես Թումանյանին, արդի բանաստեղծության առթիվ ծնված մտորումներում վերադառնում դեպի Թումանյանը. «Դեռ 1918-ին, հիսունը դեռ չբոլորած Թումանյանը իր ու այս պատրանքի (նկատի ունի «Պատրանք» բանաստեղծությունը- Լ.Մ.) արանքը վիթխարի ժամանակահատված է փռել,- կուզես դար,կուզես հազարամյակ տեղավորիր,- բայց հիշում է: Այդքան հեռու հեռուների «զիլ ձեները» ինչո՞ւ չեն մարել ականջում, ինչո՞ւ է գլուխը ետ շրջել, ինչո՞ւ է առաջը գցած գնում: Ինքն է ու իր պատրանքը. մեր աչքերը չեն տեսել, մեր կոպերի տակ անցյալի այդ պատկերը չկա,- ո՛չ կուսական անտառ, ո՛չ Չալակ,- մե՞նք ինչու ենք տեսնում, ու հիմա էլ ինքն է մեր պատրանքի «քաջ ախպերը»: Մենք իրենից հետո ենք ծնվել, մենք իր վաղվա օրն ենք, բայց եթե իր պատրանքը տեսցնում է մեզ, ու մենք էլ տեսնում ենք, ուրեմն իր ժամանակակի՞ցն ենք»,- գրեթե վիճահարույց, սակայն մեծությունը հաստատող, նրա հանճարեղությունը հաստատող մտածում է սա, որն առանց գրականագիտական եզրերի պարզում է թումանյանական «Պատրանքի» բանաստեղծական- փիլիսոփայական ողջ էությունը: Եվ նման դիտումները, «կրակոցները», արտաքուստ «հասարակ» թվացող եզրակացությունները քիչ չեն Ֆելիքս Մելոյանի հոդվածներում: Մելոյանը յուրովի բանավիճում է մեծերի արդիական ընկալումների շուրջ, յուրովի կռվում՝ այսպես առավել մոտենալով նրանց ստեղծագործության ճշմարիտ ընկալումին: Սա բանավեճ ու գրականագիտական զրույց վարելու ուշագրավ մեթոդաբանություն է, որը մեզանում հատուկ է միայն Մելոյանին, որի գրականագիտական ակնարկները միավորում են ժուռնալիստիկան, հրապարակագրությունն ու գրականագիտական սևեռումը: Գրականությունը գիտակցություն է, գիտակցության կերպուձև է, իսկ Ֆելիքս Մելոյանը գիտակցության ու գեղարվեստանի չափման-ընկալման իր դիրքերից է մոտենում գրականությանը՝ միշտ անհավակնոտ, միշտ բանավիճող: Հակագրական, ծեքծեքուն, մերձգրական ամեն մի իրողություն անհանգստացնում է նրան, պարտադրում լինել ազնիվ, շիտակ ու հենց շիտակորեն էլ ասել իր խոսքը՝ առաջ մղելով գրականության շահը՝ չոչնչացնելով ու չջարդելով գրողին: Այսպես, Հասմիկ Սիմոնյանի մեջ տեսնելով անպայման փոփոխվելու կարողությունը, նա, այնուհանդերձ, սրտացավորեն գրում է. «Եթե նույնիսկ պոեզիան սիրատոչորես-ի ինքնադրսևորում է, իսկ աղջկա հոգին՝ անմեկնելի տեսիլների գանձատուփ, այս խռովքն ի՞նչ է հնչեցնում, սա խեղդող զգացմունքի փաթ ընկած լեզո՞ւ է, թե՞ պոետական անդուր սեթևեթանք»: Նրա այս սկզբունքայնությունն ի հայտ է գալիս այլ հոդվածներում ևս: Խոսքը հնչում է հիմնավոր, ամբողջապես արդարացված, օրինակներն ու դրանց մեկնաբանությունները կապակցված են, մեկը մյուսից բխող, ծնունդ առնող:
Վահան Տերյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի, Ռուբեն Հովսեփյանի, այլոց գրական ու մարդկային նկարագրերի անդրադարձն է ամփոփում Ֆ. Մելոյանի «Ընթացք» համահավաքի երկրորդ գիրքը, որը լույս է ընծայել ՀԳՄ հրատարակչությունը՝ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի խմբագրությամբ: Ինքնին Սերգեյ Սարինյանի ստորագրությունն իբրև խմբագրի՝ հաստատում է այն փաստը, որ կատարվել է նյութերի ճշգրիտ ու արժեքավոր ընտրություն, հրապարակումներն արժևորվել են որպես մեր գրականության ընթացքը բնութագրող դիտումներ և մտահոգություններ, որոնք նաև շոշափում են գեղարվեստականության հարցեր, խոսակցություն ծավալում ժամանակի ու գրական հերոսի, մեր բանաստեղծության ու արձակի ճանապարհին հառնող խնդիրների մասին, այդ ամենի հորձանուտում տեսնում ու գնահատում արժեքավորը, որոշակի շարժում ու հանգրվան ձևավորողը, ինչպես պատահել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի դեպքում, երբ ընդամենը փոքրածավալ գրականագիտական ակնարկի շրջանակներում Ֆելիքս Մելոյանը կարողացել է տալ Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության տեսակի ինքնատիպությունն ու նորույթը: Այստեղ տարբեր տարիների հրապարակումներն են՝ գլխավորապես գրական մամուլում, «Գրական թերթ»-ում: Այսինքն՝ արդեն ժամանակի քննությունը բռնած, բանավեճեր և համաձայնություններ ծնած ու ձևավորած հոդվածներ, ակնարկներ, գուցեև՝ ռեպլիկներ, որոնցից ամեն մեկն առաջին հերթին հեղինակի աշխարհայացքի ու գրականության ընկալման առհավատչյան է: Հոդվածների խոր ուսումնասիրությունից հանգում ես այն եզրակացության, որ չժխտելով «ժամանակի շունչը դարձող» գրականության կերպն ու տեսակը, Ֆելիքս Մելոյանն, այնուհանդերձ, այն գրականության կողմնակիցն է, որը հեռու է սոսկ ձևի գերակայությունից և ընդունում է բովանդակության գոյությունը որպես գրականության ու գեղարվեստի շարժիչ ուժ: Հատկապես այն գրականության, որը ձևավորվել է 1960-70-ականներին և իր մեջ կրում է դասական առաջավորի և նորարարական-հիմնավորի անդրադարձները: Չկառչելով երեկվա գրականությանը, այսուհանդերձ Ֆ. Մելոյանը տալիս է արդի գրականության իր բանաձևումներից մեկը. «Գրողը դրսից ներս չի նայում, դրսից ներս դուռը փակ է: Ժամանակները փոխվում են, ժամանակի հանգույն գիրը փոխում է իր հագուկապը, մինչդեռ գրականության աշխարհը գրողի ներսում հնավանդ-ավանդապահ է…»: Ավանդույթը, ըստ Ֆելիքս Մելոյանի, կապանք չէ, չի կաշկանդում այլաբանության, արտահայտչական այլ միջոցների և մեթոդների կիրառումը: Ուստի, այսպես նա ընդդիմանում է նորամոլությանը, անբովանդակ «բովանդակության» հայտածմանը հատկապես մեր բանաստեղծության մեջ:
Բնավ պատահական չէ, որ սույն գրքում գերակշռությունը պատկանում է Համո Սահյանին և Հրանտ Մաթևոսյանին նվիրված հոդվածներին: Նրանք երկուսն էլ կանգնած են ազգային նորագույն գրականության այն շրջափուլի ակունքների մոտ, երբ ավանդականությունն ու նորարարությունը մտան ինքնատիպ պայքարի ու համադրումների մեջ, երբ որոշակի շրջադարձեր գրանցվեցին մեր գրականության մեջ: Այդ շրջադարձերի բովում է ձևավորվել Ռուբեն Հովսեփյանի գրականությունը, որին անդրադարձել է Ֆելիքս Մելոյանը: Անշուշտ, Ռուբեն Հովսեփյանի գրականությանը նույնպես կան ուշագրավ անդրադարձներ մեր գրականագիտության մեջ, սակայն մելոյանական հայացքը տարբերվում է բոլորից, որովհետև նա իր համար պեղել-հայտնաբերել է գրողի ինքնատիպության երևույթը. «Յուրաքանչյուր հայի կենսագրություն կրկնում է հայ ժողովրդի պատմությունը: Միջադեպ-հատվածական, դրվագազարդ ու անձնավորված: Որպես վաղնջական ժամանակների արձագանք, որպես նույն ճանապարհի ճամփորդ կամ նույն ծառի պտուղ: Իր գրի մարդիկ, ինքն էլ հետները, հայոց ճակատագրի կրողներն են»: Ուրեմն, Ռուբեն Հովսեփյանի ինքնատիպ գրականությունը Մելոյանը քննել է հայոց ճակատագրի դրսևորումներում, գրողի գիրը համարել հայոց պատմության բաղադրիչներից մեկը, այդ պատմության անդրադարձը: Սա իսկապես նոր հայացք է Ռ. Հովսեփյանի ստեղծագործությանը, չկրկնված հայացք: Եվ հաճախ է նման եզրակացություններ հռչակում Ֆելիքս Մելոյանը, հաճախ է հայտնի ճշմարտության ու ճշմարիտ հայտնիության համածիրի մեջ հասնում գրողի ինքնատիպության գիտակցմանն ու հաստատմանը:
Ֆելիքս Մելոյանի սիրտը ցավում է աշխարհի ու իր երկրի համար, նա տագնապում է, անհանգստանում, մերթ հարցազրույցի տեսքով, մերթ էլ մեր էսսեագրության ձեռքբերումներից մեկը հանդիսացող «Խումարի» շրջանակներում իր մարդկային մտավորականի դիրքորոշումն արտահայտում՝ չվախենալով իր իսկ ճշմարտությունից, իր կենսադիրքի կտրուկությունից: Ահա ինչու «Ընթացքը» մեկ անգամ ևս, այս անգամ՝ ընտրված-զտված բարեխղճությամբ, առիթ է տալիս ոչ միայն վայելելու Ֆելիքս Մելոյանի խոսքը, այդ խոսքի հմայքը, այլև ընկալելու նրա ընթացքի փիլիսոփայությունը, աշխարհ-ժամանակ համադրության մեջ տեսնելու մելոյանական դիտումները: Այդ դիտումների լավագույն ամփոփումը «Ուզվորություն» հրապարակագրական սևեռումն է: Ազգային բարոյականություն, կենսադիրք, շիտակ հայացք հրամայող սևեռումը: Հենց դրա ընթերցումն էլ առիթ է տալիս գրքի վերջին էջը փակելուց առաջ մի պահ մտորել ու խորհել, ապա առաջ գնալ: Այնպես, ինչպես խորհուրդ է տվել Ֆելիքս Մելոյանը. «…Դու ճիշտ ես, համարձակությունը դեռ արվեստ չէ, բայց նրա «շնչում» մենք կանք, քո նկարն էլ կա, դու աթոռի ոտին աճած սունկ ես, անտառ չես տեսել, անտառում մոլորված քամու ողբ չես լսել, քո գիրը ի՞նչ երկրորդ, տասներկուերորդ իրականություն էլ չէ, քո տրեխները քուղեր չունեն՝ ժապավենով ականջիցդ կախ են: Այնպես որ, տիտղոսներդ առ վրադ, մեդալներդ կախիր ու կանգնիր հայելու առաջ: Կնոջդ էլ կանչիր՝ միասին սքանչացեք: Սուրմալվեցի պառավի անեծքը ասում էր. «Ոչ կորցնողդ տխրի, ոչ գտնողդ ուրախանա»: Լուսամուտը բաց արա, օդ չկա»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։