Գուրուրանի գյուղտեխնիկումի իմ կուրսի ուսանողները ամեն օր կոլտնտեսության դարբնոցի մոտով գնում էին Եզնանիստ՝ եգիպտացորեն մշակելու: Մեզ էլ էր հետաքրքրում, թե ինչու մի քանի օր դարբնոցը չէր աշխատում: Նկատել էինք, որ դռան շեմին՝ մի հին կոճղի նստած, դարբին Մուկուչը ուտում է իրեն. «Տեր Աստված, նախագահ Երվանդը չգիտե՞, թե ինչ ասել է բերքահավաքը լեռներում: Մեկ էլ տեսնում ես՝ ջինջ հորիզոնը սևացավ. մի ամպ պոկվեց Լալվարի տանիքից, եկավ պտտահողմի թևով՝ անձրև ու կարկուտ թափեց արտերի ու պտուղների ծանրությունից ճյուղակոտոր լինող այգիների վրա…»,- ու կրկին կանչում է գործընկերոջը:- «Ա՜յ տղա Սանդրո՜, կոլտնտեսության իմ բարեկամ նախագահը, չգիտեմ թե ինչու, էլեկտրականության վարձը մուծել չտա՝ բերքահավաքի գործերը տուժե՞ն: Կոլտնտեսության սայլերին անիվներ են պետք, հնձվորներին՝ սրած գերանդիներ, պայտեր ու մեխեր են հարկավոր եզները նալելու: Է՞լ որը հիշեմ, որ սիրտդ տեղից շարժվի»:
Մի առավոտ Սանդրոն շատ զարմացավ, երբ տեսավ Մուկուչի պայծառ դեմքը: Պտտվեց ընկերոջ շուրջը, կանգնեց բավականին հեռու, քորեց գլուխը և.
– Ասա՝ լսեմ, ուրա՞խ ես…
– Բժիշկ Ղալամքարյանը երեկ ասաց, որ տխրությունը սրտիս աշխատանքին օգտակար չէ:
– Արձակուրդ վերցրու, գնա Արզնի,- Սանդրոն փորձեց խաղալ նրա հոգու հետ.
– Հո գժվե՞լ չես,- նեղսրտեց Մուկուչը:
– Բոլորովին,- ժպտաց Սանդրոն:
– Դե որ ամեն ինչդ տեղն է, բարձրացիր դարբնոցի տանիք ու կպցրու մեր էլեկտրականության՝ ուրիշի կտրած լարը:
Սանդրոն ավելի զարմացած նայեց Մուկուչին:
– Գեշ մի՛ նայիր ինձ,- ժպտաց ընկերը:- Երեկ ուրիշ խոսքի մեջ ասացիր, որ էլեկտրականությունից գլուխ ես հանում:
Սանդրոն աչքերը պլշած նայում էր ընկերոջը, իսկ նա, երկու մատով կոկորդը բռնած, թախանձագին կրկնում էր խնդրանքը: Սանդրոն վերջապես մի վախեցած խոսք էլ գտավ.
– Որ իմանան, ի՞նչ ենք պատասխանելու:
Մուկուչը ձեռքը թափ տվեց.
– Անհարմար չէ, որ չենք աշխատում, անհարմա՞ր է, որ աշխատենք:
Սանդրոն նայեց դարբնոցի տանիքին.
– Սրտահան մի՛ լինի, հրամայում ես՝ կանեմ,- ձայնը հուզված էր, գլուխը քորելով մոտեցավ պատին հենած երկաթյա երկար սանդուղքին:
Մենք, որ կանգնել էինք նրանց լսելու, զգացինք դարբին Մուկուչի ուրախությունը.
– Էս գիշեր, տղերք, հալալ քնելու եմ:
Սանդրոն տանիքից կանչեց, որ Մուկուչը կարող է գործի գցել քուրան:
Աշխատանքային եռուզեռը սա էր. ծանր մուրճի զարկից զրնգում էր սալը: Այս ձայնը խառնվում էր շարժիչի խռպոտ հռնդյունին, փոկերի փսփսոցին, նրանց միացյալ արձագանքը պտույտ էր տալիս ծխոտված պատերի արանքում, խլացնում երկուսի խոսակցությունը:
***
Մեկ էլ մի «Մոսկվիչ» կանգնեց դարբնոցի դարպասի դռանը: Ավտոմեքենայից դուրս եկան գյուղի էլեկտրիկն ու լայնեզր գլխարկով տարեց մի մարդ: Դարբինները հանձին նրա ճանաչեցին մի մարդու, որ տաս-տասնհինգ տարի առաջ Ձորում՝ կուսշրջկոմում, հրահանգիչ էր, հաճախ գալիս էր Գուրուրան:
– Ո՞վ է միացրել էլեկտրականության կտրած լարը:- զայրացած գոչեց այդ մարդը:
Մուկուչ բիձան գործը թողեց, դեմքին ժպիտ՝ մոտեցավ նրան.
– Ընկեր ջան, բերքահավաք է: Դու էլ բերքահավաքի խնդիրներին անծանոթ չես… Կուսհրահանգիչ ես եղել, չէ՞…
Լայնեզր գլխարկովը նրան չպատասխանեց: Մուկուչը մտածեց, որ նա դարձել է շրջանի գլխավոր էլեկտրիկը: Մուկուչը մուկուչավարի պտտվեց նրա շուրջը: Մարդը բամբ ձայնով ասաց.
– Ձեր կոլտնտեսությունը անցած ամսվա վարձը չի՛ վճարել, մեզնից էլ պահանջում են:
– Վճարել է, փողը դեռ տեղ չի հասել,- Մուկուչը փորձեց շտկել դրությունը:
Մարդը ղեկավարի անդրդվելի հնչերանգով պնդեց.
– Չի վճարել, լարը կտրել էինք, կտրելու ենք:
– Կտրում եք՝ կտրեք,- տնքաց Մուկուչը,- բայց կտրեք մեր կոլտնտեսության նախագահի ներկայությամբ:
– Նրան որտե՞ղ գտնեմ,- նեղսրտեց ընդդիմախոսը:
– Ես մինչև կուսշրջկոմի առաջին քարտուղարի հետ հեռախոսեմ, դուք նրան փնտրեք,- առաջարկեց Մուկուչը:- Գյուղում ավտոմեքենայով մարդ փնտրելը դժվար չէ:
Անելիքն իմացող Մուկուչը շրջվեց, գնաց դարբնոցի խորքը, բացեց պատից կախված փոքր արկղը, միջի հեռախոսով համար հավաքեց և Սանդրոյի համար էլ անսպասելի՝ սկսեց.
– Ալո՛, ալո՛… Գայանե ջան, դո՞ւ ես: Բարև: Շրջկենտրոն, քարտուղարին միացրու: Գուրուրանցի Ջանինյանին… Ես եմ, գուրուրանցի դարբին Մուկուչը: Քանի օր է՝ դարբնոցը չի աշխատում: Նախագահ Երվանդը էշի ականջում քնած է: Բերքահավաքի եռուն օրերն են… Աստված վկա, նախագահի հախից էլ եմ գալու: Հիմա գալի՞ս ես Գուրուրան… սպասում ենք…
Նրան լսող շրջանի գլխավոր էլեկտրիկը զարմանքից մոռացել էր անելիքը: Գլխահակ դուրս եկավ դարբնոցից, նստեց մեքենան: Չգիտեր՝ փնտրե՞լ կոլտնտեսության նախագահին, թե՞ սպասել կուսշրջկենտրոնի քարտուղարին, որ գուրուրանցի է:
Դարբին Մուկուչը չէր հասցրել դարբնոցից դուրս գալ, երբ լսեց հեռացող «Մոսկվիչի» ձայնը: Սանդրոն ատամներով սեղմել էր շուրթերը, որ չհռհռա: Հեռախոսը նոր բան էր գյուղի տներում: Դարբնոցում դեռ հեռախոս չկար:
Մուկուչը կանգնեց նրա կողքին.
– Էս խաղի պարտատերը մեր կոլտնտեսության նախագահ Երվանդն է,- ասաց կամաց: – Նրա գլխին էլ եմ հեռախոսով խաղ խաղալու: Գիտե՜մ, գալո՛ւ է այդ օրը:
***
Դարբին Մուկուչի սպասված օրը եկավ:
Ուշ աշուն էր Գուրուրանում: Շաբաթ, կիրակի օրերին թաղերում հնչում էր զուռնա- դհոլի ձայնը:
Դարբին Մուկուչը նախագահ Երվանդի հեռավոր բարեկամն էր և որդու հարսանիքին նրան էլ էր հրավիրել: Հարսը Կուրթան գյուղից էր: Գնացողները դեռ լուսաբացին էին գնացել հարսին բերելու: Նախագահ Երվանդը ճանաչված նարդի խաղացող էր: Մնաց Սանդրոյի հետ նարդի խաղալու: Սանդրոն դժվար էր պարտվում: Նրան հաղթելով՝ նախագահ Երվանդը գյուղում պարծենալու բան էր ունենալու: Սեղանի մոտ էին նստած, մի-մի բաժակ էլ խմել էին:
Օրը կիսվել էր: Նախագահ Երվանդի հաշվարկով՝ հարսանքավորները երկու ժամ ուշանում էին: Նեղսրտած էր, որ նաև խաղում բախտը չէր բերում:
– Երվանդ ջան, մի՛ անհանգստանա, հեռախոս ունենք: Հեռախոսավարուհի Գայանեին խնդրել եմ, որ հետաքրքրվի, զանգահարի նրանց էլ, մեզ էլ:
Մուկուչը առավոտյան զարթուցիչը հարմարեցրել էր պատուհանի գոգին: Փայտյա շերեփն էլ խոսափողի դեր էր կատարելու. շերեփը լարով կապել էր ժամացույցին: Ասեղնագործ խավոտ կտորով էլ ծածկել էր այդ ամենը:
Պետք էր որդիներին հանձնարարություն տալ. գնաց-եկավ, նորից նստեց իր տեղը: Դերն ավելի ապահով կատարելու համար Մուկուչը թիկնել էր պատուհանի գոգին՝ իբրև դուրս նայելու նպատակով: «Հեռախոսը» երկար սպասել չտվեց. Մուկուչը վարպետ շարժումով վերցրեց «խոսափողը».
– Ալո՛, ալո՛… Գայանե ջան, դո՞ւ ես: Իմացե՞լ ես, ինչու են մերոնք ուշանում,- դարձավ նախագահին:- Երվանդ ջան, ճամփա են ընկել: Գայանե ջան, նեղություն քաշիր, Խնձորուտի նախագահին միացրու: Խնդրում եմ…
– Նրա՞ն ինչ ես անում,- զառը գցելով, որ դու շեշ բերեց, հետաքրքրվեց Երվանդը:
– Հրավիրում եմ…
– Հարսանի՞ք:
– Հա՜, թող երկու նախագահ մասնակցեն: Ամեն մեկդ՝ սեղանի մի ծայրին նստած: Դու թամադա ես լինելու, նա՝ շուլուխապետ: Երկար լեզու ունի:
– Մուկուչ ջան, լսափողը ցած չդնես: Ասելու եմ՝ Ձորագետից հետը ձուկ բերի,- Երվանդը աթոռը ճռռացնելով տեղից բարձրացավ, պտտվեց երկար սեղանի շուրջը, մոտեցավ պատուհանին ու երբ ձեռքը մեկնեց՝ ձեռքին փայտե շերեփ գտավ…