Նախընտրական շրջանով պայմանավորված, Իլհամ Ալիևը փորձում է ուժեղացնել սահմանային լարվածությունը, ենթադրելով, որ այդ կերպ հնարավոր է հանրության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, թեև այդ երկրում վաղուց քվեների հաշվարկը ավելի քմահաճույքի ու հավակնությունների, քան ընտրությունների արդյունք են: Ըստ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի զեկուցման, Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին, չնայած միջազգային կազմակերպությունների ու տեղի հասարակական-քաղաքական կառույցների կոչերին, բացակայում է երկխոսության մթնոլորտը իշխող կուսակցության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև: Freedom House իրավապաշտպան կազմակերպության կարծիքով էլ եվրասիական երկրների շարքում Ադրբեջանը` վերջին տասնամյակի կտրվածքով, ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումն է գրանցել: Սակայն նման հարցադրումներն ու մտահոգությունները խորթ են այդ երկրի նախագահի բարոյական նկարագրին, ով իր տրամաբանությամբ, ցինիկությամբ, բռնապետական հավակնություններով ու նենգությամբ ոչ մի դիտանկյունով ընդգրկված չէ ժողովրդավարության օրակարգում: Ադրբեջանում երբևիցե ընտրությունները չեն փայլել իրենց անաչառությամբ ու ժողովրդավարությամբ, սակայն 12 տարի իշխանությունը բռնազավթած Ալիևի համար գնալով նեղանում են քաղաքական աճպարարությունների և խարդավանքի սահմանները: Ազերի նախագահի արկածախնդիր, սադրիչ ու ռազմատենչ հռետորաբանությունը գործում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության սահմանների ուղղությամբ, այլև իր «հպատակների» միջավայրում: 9 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը 100 քաղբանտարկյալ ունի, ընդգրկվելով այն երկրների ցանկում, որոնց քաղբանտարկյալների թիվը մեկ շնչի հաշվով ամենաբարձրերից է: Կոռուպցիոն ցուցանիշներով 175 երկրների շարքում 126-րդն է, իսկ մամուլի ազատության ցուցանիշով 185-րդն է 195 երկրների ցանկում: Ձերբակալությունները, դատական գործընթացները, ֆինանսական պատժամիջոցները, սառեցված բանկային հաշիվներն ու լրագրողների վրա ճնշումներն ու սարքովի մեղադրանքներով լրագրողներին ազատազրկելը այդ երկրում լրջորեն սահմանափակում են մեդիայի ազատությունը ՝ անհնար դարձնելով ազատ արտահայտվելու հնարավորությունը: Այս առումով Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը ալիևյան «արդարադատության» հերթական զավեշտներից է: Երկարատև գործընթացից հետո ադրբեջանական դատարանը Իսմայիլովային դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման, մեղադրելով զրպարտության, հարկերից խուսափելու, կոռուպցիայի, անօրինական ձեռնարկատիրական գործունեության, իշխանության չարաշահման համար: Իրականում, ինչպես իր խմբագրականում գրում է The Washington Post-ը, «Նրա հանցանքն «Ազատություն» ռադիոկայանի համար սուր հետաքննական հոդվածների շարքն էր, որոնցում բացահայտվում էր, թե ինչպես է Ալիևն ու նրա ընտանիքը պետության հաշվին հարստացել»: Վերջին խոսքում լրագրողը նշել է, որ իր դեմ մեղադրանքները նման են այն մեղադրանքներին, որոնք ինքն է առաջադրել Ալիևին ու նրա ընտանիքին, տարբերությամբ, որ իր դեմ գործը հիմնվել է վատ կեղծված հայտարարությունների և հեշտությամբ հերքվող պնդումների վրա, իսկ երբ փորձել է Իլհամ Ալիևի գործունեությանն անդրադառնալ, դատախազը թույլ չի տվել խոսքն ավարտել: Այդուհանդերձ, հարցին, թե այսուհետ լրագրողն ինչ է անելու, Խադիջան պատասխանել է, որ այդ մասին չի մտածում «մանավանդ հիմա, երբ երկիրը բազմաթիվ դժվարությունների մեջ է: Ես ընդամենը թիվ 4 բանտի 500 ազատազրկվածներից մեկն եմ: Այն մարդկանցից եմ, ովքեր կարողանում են խնդիրները հնարավորությունների վերածել: Ես ինձ վրա նետված քարերով իմ տունը կկառուցեմ»: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, Եվրոմիությունը, այդ թվում և ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել են դատավճիռը, ազերի իշխանություններին հորդորելով անհապաղ ազատ արձակել լրագրողին, նույնիսկ առաջարկություն է եղել ԵԽԽՎ-ում Ադրբեջանին զրկել ձայնի իրավունքից, սակայն այս ամենը՝ սնամեջ հայտարարությունների ձևաչափով, երբ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եգիպտոսի նմանատիպ հանգամանքներում ժողովրդավարների վերաբերմունքը ռազմական միջամտությունն էր: Այս դեպքում են ասում, եթե պատիժ չկա, ամեն ինչ կարելի է:
Կարդալ նաեւ․․․
Լևոն Բլբուլյան
Երևի չկա մեկը (առավել ևս ստեղծագործող մարդ), որ չի սիրում,…
ԱՐՁԱԳԱՆՔ «ՐԱՖՖՈՒ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻՆ» / Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Կան գրքեր, որոնց չես կարող չարձագանքել բանավոր կամ գրավոր խոսքով,…
Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ
1. Արդեն քանի՜ տարի, ես՝ մարդու և քաղաքացու իր իրավունքներն…