ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արման Վարդանյանի հիշատակին

Օգոստոսի 3-ին լրացավ Արման Վարդանյանի ծննդյան 85-ամյակը, պատրաստվում էի հոբելյանական խոսք գրել, մեկ անգամ ևս արժևորել ազգային «աբսուրդի դրամայի» նահապետին, մեր գրականության մեջ բոլորից շատ հաճախ մոռացված, բայց իսկապես ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականության ստեղծագործությունը: Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան Ստամբուլից հնչած հեռախոսազանգը ստիպեց ինձ մի պահ կորցնել խոսելու ընդունակությունը, քարացած մնալ: «Արմանը հոգին ավանդեց»,- հնչեց ընկալուչի միջից… Ու հիմա իմ խոսքը վերածվեց հիշատակի խոսքի, Արման Վարդանյանին անցյալ ժամանակի մեջ տեսնելու ցավեցնող զգացողության:

Արման Վարդանյանի անունը հայտնի էր Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, Հայաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում: Նա հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն էր, մի թատերագիր, որը վաղուց ավերել էր բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը, իր արտահայտչաձևերն ու փիլիսոփայական իր սևեռումները: Մի հզոր անհատականություն, որն իր ստեղծագործության մեջ ձգտեց ճշմարիտ նորահաստատումների, մի շարք գեղարվեստական մեթոդների վերանայման ու վերագնահատման, մոդեռնի ու աբսուրդի միաձուլման՝ այսպես գոյավորելով սեփական գեղարվեստա-արտահայտչական համակարգերը, այսպես նաև մասնակիորեն հեռանալով դասական աբսուրդից: Ա. Վարդանյանը, ինչպես մոդեռնիզմի շատ ներկայացուցիչներ, ընտրում էր արտասովոր-իռացիոնալ միջավայրերը, հաճախ անտրամաբանականի վրա կառուցում ստեղծագործության «բացակայող» դիպաշարը՝ այսպես մոտենալով «կաֆկայական մոդելին»՝ գրոտեսկը, ֆանտասմագորիան, իռացիոնալ երևակումները հռչակելով տարակերպվող-տարրալուծվող դիպաշարը մատուցելու ձևեր և եղանակներ: Երբեմն հակվելով դեպի ստրուկտուրալիզմը, իսկ առավել հաճախ ընդունելի համարելով բեկկետյան երկխոսությունների հարընթաց, տրամաբանությունն ու մտային շարունակականությունը ժխտող ձևերը՝ հասնում էր ունայնության գաղափարի ընդգծումին, կյանքի անհեթեթության, շարժման բացասման արդեն դասական աբսուրդին բնորոշ ձևերին՝ ստեղծելով իր երևակայական խաղերն ու պատկերումները:
Դժվարին մարդկային ճակատագիր էր բաժին հասել նրան. լինելով բարեկեցիկ ապրող ընտանիքի միակ զավակը` կրթություն էր ստացել Լոնդոնում ու Վիեննայում, սակայն թուրքական իշխանությունները կասկածել էին նրան լրտեսության մեջ, դատապարտել մահվան: Մատնիչը մտերիմ ընկերն էր եղել… Ոչ թե իշխանությունների բարի կամքով, այլ ծնողների հետևողական ու համառ բողոքներից, խնդրանքներից ու հորդորներից հետո մահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Այս վճռի հետ էլ չեն համակերպվել ծնողները, և, վերջապես, ցմահ ազատազրկման փոխարեն` տասը տարվա կալանք: Հետագայում Արման Վարդանյանը ներեց իր ընկերոջ մոլորությունը…
Առաջին ստեղծագործություններն Արման Վարդանյանը գրել է թուրքական բանտում: Վերադառնալով տառապանքների տասնամյա ուղուց` նա կարծես մոռացության է տալիս գրականությունը և տրվում առօրյա զբաղմունքներին ու աշխատանքներին: Սակայն այլևս չէր կարող հեռու մնալ իր մեջ խայտացող ձայներից, և չափազանց կարճ ժամանակամիջոցում գրում է «Թոխորը», «Մամլեկը», «Շաղամաթը», «Խպլիկը», «Ճոկանը», «Երնջակը», «Ագռավուկը» և այլ պիեսներ, որոնք առանձին գրքերով լույս տեսնելուց զատ, ամփոփվում են «Խաղ մը» ժողովածուի մեջ: Այս ժողովածուին հաջորդում է 1997 թ. լույս տեսած «Ցաւ մը» ժողովածուն, հետո՝ նորերը: Հինգ ժողովածու, մոտ երեք տասնյակ պիես, որոնց Արման Վարդանյանը խաղ էր կոչում՝ մոտենալով դրամատիկական երկի միջնադարյան բնութագրումին:
Թատերագրի պիեսները տևական ժամանակ չեն արժանանում թատրոնների ու բեմադրիչների ուշադրությանը, որովհետև դրանցում կար անսովոր մի բան, ավանդական կաղապարները ջնջող ձևեր ու հղացումներ, որոնք արդեն հաստատում էին նոր գեղարվեստական սկզբունքներ, թատրոնի մի նոր տեսակ: Պոլսում հայկական թատերախմբեր չկային, իսկ Մերձավոր Արևելքի հայկական թատերախմբերն էլ հակվում էին դեպի ազգային դասականը: Թատերագրի նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերում նաև հայաստանյան թատրոնները, որովհետև «սոցիալիստական իրապաշտության» թատրոնը չէր կարող ընդունելի համարել «աբսուրդի դրաման» Եվ տևական ժամանակ թատերագիրը կարծես գրում էր ինքն իր համար, տպագրում իր ստեղծագործությունները, որոնցից միայն «Թոխորն» է թարգմանվում անգլերեն և բեմադրվում Լոնդոնում՝ «Խաղը» վերնագրով: Բեմադրիչը Հովհաննես Փիլիկյանն էր, որն էլ գրեց ընդարձակ հոդված Արման Վարդանյանի մասին՝ այսպես Սփյուռքում ձևավորելով գրական շրջանակների հետաքրքրությունը թատերագրի հանդեպ: Մոտ երկու տասնյակից ավելի հոդված լույս տեսավ սփյուռքյան մամուլում, Վարդերես Գարակյոզյանը նրան համարեց «լուսանցքի մեջ մնացած գրագետ մը», Րոպեր Հատտեճյանն ու Գեղամ Սևանը տեսան «անհեթեթի թատրոնի» ինքնատիպ նորարարին, որի իրական ժամանակն անպայմանորեն գալու էր: Այս հոդվածներին հաջորդեցին տողերիս գրողի «Խաղ ըստ Արման Վարդանյանի» և «Արման Վարդանյանի աշխարհը» աշխատությունները, ապա լույս տեսան Զարինե Գրիգորյանի կազմած հոդվածների ժողովածուները:
Առաջին անգամ ինքնատիպ թատերագրի գործերի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում ձևավորվեց 2000-ին, երբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց «Ախացելը» դրաման: Այն, Վահե Շահվերդյանի բեմական ընթերցմամբ, Վարդուհի Վարդերեսյանի, Լորենց Առուշանյանի, Հասմիկ Ալեքսանյանի և Նելլի Խերանյանի կատարումներով, իրապես հայտնություն դարձավ հայ թատերական իրականության մեջ: «Ախացելին» հաջորդեց «Կանկրուկի» բեմադրությունը Արմեն Էլբակյանի գլխավորած թատրոնում, որից հետո, դարձյալ Սունդուկյանի անվան թատրոնում, բեմադրվեց «Սակուրը»: Իր պատանության տարիների ընկերոջ ստեղծագործություններին անդրադարձավ նաև նշանավոր դերասան ու բեմադրիչ Երվանդ Մանարյանը` «Ագուլիս» թատրոնում բեմադրելով «Հրոտիցը»:
Արման Վարդանյանի վերջին ժողովածուն՝ «Փունջ մը» խորագրով, լույս տեսավ 2011-ին, Ստամբուլում, որում ամփոփված հինգ ստեղծագործությամբ կարծես հանրագումարի էր բերում իր ստեղծագործական ընթացքը, գուցեև՝ ավարտում: Մոտ երեք տարի անկողնին գամված էր, վերջին անգամ Հայաստան եկավ 2012-ին, ստացավ իրեն շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը և այլևս չվերադարձավ գրասեղանին… Վերջին ստեղծագործությունը՝ «Մկունդը», որը նրա ամենակարճ երկն էր՝ երկխոսությունների վրա կառուցված երկու հոգու «անիմաստ» զրույց, հաստատեց մի պարզ ճշմարտություն. Արման Վարդանյանի «թատրոնն» արդեն կայացած իրողություն էր…

3 thoughts on “ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։