Հուլիսի 8-15-ը Ռումինիայում կայացած պոեզիայի միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը և Տիգրան Գաբոյանը: Բուխարեստից վերադարձի ճանապարհին մեր պատվիրակները մի քանի օրով կանգ էին առել նաև Մոսկվայում…
***
Գեղեցիկ, հյուրընկալ քաղաք էր Կուրտեա Դե Արջեշը, ամբողջովին ծառ ու ծաղկունքի մեջ, զարմանալի զուլալ, գրեթե բուրավետ օդով, շատ բարի «աուրայով» (կարծում եմ՝ քաղաքներն էլ իրենց կենսադաշտն ունեն): Մեզ դիմավորող Իոն Դիմիտրուն, փառատոնի գլխավոր կազմակերպիչներից մեկն է ու ճանաչված գրող, դեռ օդանավակայանում հասցրեց որոշ տեղեկություններ տալ. քաղաքն իրենց համար նույնն է, ինչ մեզ համար՝ Էջմիածինը, ու պատահական չէ, որ ամեն տարի հուլիսին Բուխարեստից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող այդ գողտրիկ վայրում է հյուրընկալվում պոեզիայի փառատոնը:
Ասել է թե՝ ութ օր շարունակ մենք Ռումինիայի հոգևոր կենտրոնում էինք գտնվում: Բայց վստահ եմ՝ այն օրերին, երբ ընթանում էր պոեզիայի ավանդական փառատոնը (արդեն 19-րդ անգամ), քաղաքը ոգեղեն էներգիայով էր համակված. աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 70 բանաստեղծներն իրենց ներկայությամբ առանձնահատուկ ջերմ մթնոլորտ էին ստեղծել ոչ միայն «Պոսադա» հյուրանոցում, այլև նրա սահմաններից դուրս: Իսկ Գրականության և արվեստի «Ջորջ Տոպիրսենու» կենտրոնը, Քաղաքային թանգարանի «Բեսարաբյան» սրահը, որտեղ հիմնականում անցնում էին մեր ամենօրյա հավաքները, յուրահատուկ ձգողականություն էին ձեռք բերել պոեզիայի սիրահար տարբեր սերնդի մարդկանց համար: Արդեն ծանոթ դեմքերի կողքին ամեն օր նաև նոր դեմքեր էինք հայտնաբերում դահլիճում, ու դա անչափ հաճելի էր…
Աշխատանքային առաջին օրվա առավոտյան յուրաքանչյուրս նվեր ստացանք փառատոնի մասնակիցների ստեղծագործություններն ամփոփող անթոլոգիայի երկհատորյակը, իսկ կեսօրին կայացավ գրքի շնորհանդեսը: Բոլորիս ստեղծագործությունները տպագրվել էին անգլերեն ու ռումիներեն զուգահեռաբար, հեղինակների մասին տեղեկատվությամբ: Շնորհիվ հատկապես այդ երկհատորյակի, հաջորդ օրերին տեղի էին ունենում մեր գրական ընթերցումներն ու քննարկումները: Նախ՝ հեղինակն իր բանաստեղծությունը կարդում էր բնագրով, ապա համապատասխան մարդիկ այն ընթերցում էին անգլերեն ու ռումիներեն, հնչում էին կարծիք-գնահատականներ: Ավաղ, ես ռուսերենից բացի այլ լեզու չէի հասկանում (շնորհակալություն Տիգրանին ու Հերմինեին, հնարավորինս ինձ օգտակար լինելու համար), բայց հաճելի էր հետևել այդ արարողությանը, մանավանդ, երբ տեսնում էի ինչպիսի ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են բոլորը լսում իրար: Շատերն անգամ ձայնագրում կամ տեսագրում էին հեռախոսներով, ընդ որում՝ հատկապես տարբեր լեզուներով հնչող բանաստեղծությունները, լուսանկարում էին: Այդ ամենի անունն էր հաղորդակցություն պոեզիայի լեզվով, ու դա լցնում, գեղեցկացնում էր մեր օրը, մտերմացնում բոլորիս. յուրաքանչյուր օրվա ավարտին կարծես ավելի մոտիկ էինք զգում իրար, վաղեմի ծանոթների պես…
Ծրագրից դուրս, հանպատրաստի միջոցառումներ էլ լինում էին: Ողջունելի էր հատկապես փառատոնի «տանտիրուհի», ռումին բանաստեղծուհի Կարոլինա Իլիքայի նախաձեռնությունը: Երբ նա առաջարկեց, որ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կատարի ժողովրդական կամ շատ հայտնի երգերից մեկը, բոլորը ոգևորվեցին: Արդյունքում՝ արտակարգ ջերմ, ուրախ համերգ ստացվեց ու, իհարկե, ո՛չ առանց հայկական երգի. չնայած ակնհայտ բաղաձայնությանս, համարձակվեցի Հերմինեի հետ «Ով սիրուն, սիրուն»-ը երգել, ու մեզ կարծես թե վատ չընդունեցին…
Դահլիճի արձագանքներից դատելով՝ մեր ստեղծագործությունների, ընդհանրապես մեր երկրի, մեր լեզվի հանդեպ որոշակի հետաքրքրություն կար: Ընդմիջումների ժամանակ էլ իտալացի ու իսպանացի, բուլղարացի ու կուբացի, կանադացի ու ֆրանսիացի… մեր գրչակիցներից լավ կարծիքներ քիչ չէինք լսում: Անգամ գեղեցկատես թրքուհին մեզ զարմանալի սիրալիր ու ժպտադեմ ողջունեց: Մի օր հարմար պահ գտանք նրան նվիրելու եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների անգլերեն ժողովածուն, խորհուրդ տալով մինչև մեկնելն անպայման կարդալ գոնե Վազգեն Գաբրիելյանի խոսուն առաջաբանը: Իսկ Տիգրանն ակնարկեց, որ նա, հավանաբար, մեզ ասելու բան կունենա: Թեև երիտասարդ բանաստեղծուհին մեզ այդպես էլ ոչինչ չասաց, ու ինքներս էլ չուզեցինք աննրբանկատ գտնվել, բայց հաջորդ օրերին հանդիպելիս մի տեսակ շփոթված էր ու կարծես հայացքը փախցնում էր մեզանից: Ու ես մտաբերեցի Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում է. «Թուրքիայի երիտասարդությունը կարծես հոգնել է, որ բոլորը նրանց են մատնացույց անում: Նրանց տատերն ու պապերը «փայլուն» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը»: Շանսոնյեի հետ համամիտ եմ, թեև վստահ եմ, որ նրան հակառակվողներ էլ քիչ չեն գտնվի:
Այդ օրերին մտովի հաճախ էի գալիս այն եզրակացության, որ, անկախ նրանից, թե պոետներն ինչ լեզվով են խոսում ու գրում, նրանց բոլորին այս երկրի վրա մեկ միասնական ազգի ներկայացուցիչ կարելի է համարել, եզակի մի հավաքականություն, որն աշխարհում սեր է սերմանում, ջանում հաստատել, պահպանել գեղեցիկն ու բարին, համառորեն հակադրել օրեցօր ահագնացող չարին ու ապականությանը:
Եվ ուրեմն՝ ի՜նչ լավ է, որ տարբեր երկրներում նման փառատոներ են կազմակերպվում:
***
Բայց միայն փառատոնի մասին չէ, որ ուզում եմ պատմել: Ինձ համար յուրաքանչյուր ուղևորություն մեծապես կարևորվում-արժևորվում է այդ ընթացքում կայացած հաճելի հանդիպումներով, նոր ծանոթություններով նաև: Իսկ այդ առումով սպասելիքներս այս անգամ նույնիսկ գերազանցվեցին:
Բուխարեստում ապրող մեր հայրենակից Վարուժան Ոսկանյանի մասին եմ նախ ուզում խոսել, մի մարդու, ով, լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, Եղեռնից վերապրած տոհմի ժառանգ, այնպիսի բարձր դիրքի է հասել, բարի անուն ու հեղինակություն ձեռք բերել, որ և՛ իր հայրենակիցների ազգային արժանապատվությունն է շոյում, և՛ ռումինացիների զարմանքն ու հիացմունքը շարժում:
Տնտեսագիտության դոկտոր, 57-ամյա Վարուժան Ոսկանյանը 4 տարի Ռումինիայի էկոնոմիկայի նախարարն է եղել, իսկ այսօր սենատոր է, երկրի սիրված ու հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը: Ճանաչված գրող է միաժամանակ, բանաստեղծական ու արձակ գրքերի հեղինակ, Ռումինիայի Գրողների միության փոխնախագահը: Իսկ որ տեղի Հայոց միության հիմնադիրներից է և տարիներ շարունակ անփոփոխ նախագահը, ամեն հայի համար անառարկելի հեղինակություն ու հպարտության առարկա, զարմանալի ոչինչ չկա արդեն:
Բուխարեստում Վարուժան Ոսկանյանի ընկերակցությամբ անցկացրած երեք ժամը նվեր էր մեզ համար: Հրաժեշտ տալիս երեքս էլ այն տպավորությունն ունեինք, որ վաղուց գիտենք հաղթանդամ, բարեհամբույր, պարզ ու անմիջական այդ մարդուն, ում մոտ ոչ մի կեցվածք, ինքնահիացումի նշույլ իսկ չտեսանք, բայց ինքն, ահա, մեզ հիացրեց հայերենի փայլուն իմացությամբ, հայաստանյան իրադարձությունների, մեր խնդիրների մասին քաջատեղյակությամբ ու խորաթափանցությամբ և… պարզապես հյուրընկալ տանտիրոջ ուշադիր ու ջերմ վերաբերմունքով: Այդ նրա օգնությամբ ու անմիջական աջակցությամբ կարողացանք Հայ մշակույթի տան լեցուն դահլիճում, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի, Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս. Հակոբյանի մասնակցությամբ անցկացնել եղեռնազոհ հայ գրողների գործերի ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը: Նա փայլուն խոսք ասաց ժողովածուի և Եղեռնի 100-ամյա տարելիցի մասին, ինքն էր վարում միջոցառումը, հասցնում դահլիճի համար արագ ու հմտորեն ռումիներեն թարգմանել նաև մեր խոսքը:
Հաճույքով եմ աչքի անցկացնում գեղեցիկ այն օրվանից մնացած լուսանկարները, օ՛ր, որն ավարտվեց Բուխարեստի հայտնի ռեստորաններից մեկում, էլ ավելի ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Մեզ էր միացել նաև Վարուժանի մայրիկը, աշխույժ, մարդամոտ, կյանք ու ավյունով լի հայուհի, հայաստանցի հյուրերի հանդեպ հարազատի պես սիրալիր: Դժվար չէր նկատել, որ հպարտ է անվանի իր որդու համընդհանուր հեղինակությամբ, նրա հանդեպ` մայրական անթաքույց խանդաղատանքով լի:
Սեղանի շուրջ արդեն առավելապես գրող Վարուժան Ոսկանյանն էր մեզ հետ, իսկ մեր խոսակցության թեման գրականությունն էր, մասնավորապես, Եղեռնի թեմայով նրա հանրահայտ վեպը: Գիրք, որ 2009-ին արժանացել է Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր պարգևին, ներկայացվել Նոբելյան մրցանակի: Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր արդեն թարգմանված է աշխարհի շուրջ 20 լեզուներով, ուրեմն միանգամայն հասկանալի է, որ մեծապես ծառայել ու շարունակաբար ծառայելու է ցեղասպանության ճանաչման համազգային գործին:
Սիրելի՛ Վարուժան Ոսկանյան, շնորհակալություն հուլիսի 12-ի անմոռանալի օրվա համար: Խոստովանեմ, որ սեղանի շուրջ ինձ նեղված, մի տեսակ մեղավոր էի զգում, քանզի դեռ չէի կարդացել Ձեր նշանավոր վեպը ու տպավորություններս կիսելու հնարավորություն չունեի: Հիմա կարդում եմ «Շշուկների մատյանը» Ձեր հանդեպ ավելի մեծ հարգանքով ու գնահատանքով լցված…
Հաստա՛տ միայն ձեր մայրը չէ, որ Ձեզանով հպարտանալու իրավունք ունի:
***
Բուխարեստից հետո Մոսկվայում էինք. մեր թռիչքը Երևան՝ Մոսկվայով պիտի իրականացվեր, ուստի որոշեցինք մի քանի օր կանգ առնել այնտեղ ու՝ ո՛չ առանց որոշակի ծրագրերի: Եվ ուզում եմ հետաքրքիր, արժանավոր մի մարդու մասին պատմել, ում հետ ծանոթացա արդեն մոսկովյան օրերին:
Խոսքն իտալացի գրող ու պատմաբան Ջիովանի Գուայտայի մասին է, որ ուղղափառություն է ընդունել, հոգևոր աստիճան ստացել ու Ռուսաստանում հայտնի է որպես հայր Իոհան: Բայց միջին տարիքի բարեհամբույր այս մարդը վաղուց արդեն միայն եկեղեցականների շրջանում չէ, որ ճանաչում ու հեղինակություն է վայելում:
Ճիշտն ասած, երբ մոսկվաբնակ մեր գրչընկերուհի, բանաստեղծ, ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի հետ ու նրա օգնությամբ նախաձեռնեցինք «Հողը կխոսե» (,,Земля говорит,,) ժողովածուի շնորհանդեսը կազմակերպել նաև մոսկովյան ՊԵՆ ակումբում, վստահ չէինք, որ արձակուրդների սակավամարդ շրջանում ունկնդիրների պակաս դահլիճում չի լինի: Բարեբախտաբար, սրահը լիքն էր, ու բոլորն էլ ակնհայտորեն հետաքրքրված էին գրքի ռուսերեն հրատարակությամբ, արծարծվող թեմայով ընդհանրապես:
Իսկ երբ գրքի մասին մեր խոսակցությունից հետո ձայնը տրվեց միջոցառման պատվավոր հյուր հայր Իոհանին, շնորհանդեսը, կարելի է ասել, Եղեռնին ու նրա հետևանքներին նվիրված, ցեղասպանության ճանաչման գործի հայ ու օտարազգի նվիրյալների մասին պատմող բովանդակալից մի դասախոսության վերածվեց: Ե՛վ մեզ, և՛ ներկաներից շատերի համար պարզապես հայտնություն էր հայր Իոհանը: Ժնևում ու Ֆլորենցիայում, Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում բազմակողմանի կրթություն ստացած հոգևորականը դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանում: Արդեն քսան տարուց ավելի իրեն նվիրել է Ռուսաստանի, Հայաստանի պատմության ու մշակույթի ուսումնասիրությանը, մասնավորապես՝ ցեղասպանության ճանաչման գործին:
Հայկական թեմայով չորս գիրք է գրել հայր Իոհանը («Մարդու կյանքը. Երկնքի ու երկրի հանդիպումը», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից», «Շեյխ Ֆայեզ էլ-Հուսեյնը հայոց ցեղասպանության մասին»): Վերջին երկուսը անմիջականորեն Եղեռնին են առնչվում, դրա վերաբերյալ ուշագրավ շատ բացահայտումներ, կարևոր նյութեր պարունակում: Նա հետը բերել էր այդ գրքերը ու խոսքը համոզիչ, առավել տպավորիչ դարձնող մեկը մյուսից հետաքրքիր հատվածներ էր մեջբերում: Այդ ամենի մեջ մեզ համար ևս բավականին նորություն կար. փաստեր, տեղեկություններ, վերլուծություններ, որոնք, անշուշտ, և՛ շատ ժամանակ, մտավոր ու հոգևոր հսկայական էներգիա են պահանջել հեղինակից, և, իհարկե, մեծ խիզախությո՛ւն նաև: Ակնհայտ էր, սակայն, որ նրա մեջ մեր ժողովրդի, մեր պատմության հանդեպ ինքնաբուխ հետաքրքրությունը, հարգանքն ու գնահատանքն են խոսել ամենից առաջ ու հետո միայն՝ գիտական մղումները:
Միջոցառումը հայտարարվել էր ավարտված, բայց շատերը դեռ չէին ցանկանում «բաց թողնել» բանախոսին. շրջապատել, հարցեր էին տալիս, ուզում էին հետն անպայման լուսանկարվել: Բոլորը՝ հանձին հայր Իոհանի, նույն իր՝ իտալացի գրող Ջիովանի Գուայտայի, արդարության ու ճշմարտության մերօրյա նվիրյալ զինվորի, իսկական հումանիստի էին ճանաչել, անաչառ գիտնականի ու համառ հետազոտողի և, իհարկե, մեծ համակրանքով, անկեղծ հարգանքով էին լցված նրա հանդեպ:
Հասկանալի է, որ հայերս՝ առավե՛լ ևս:
***
Լեցուն, արդյունավետ, շատ առումներով անմոռաց օրեր մնացին ետևում: Կարողացանք, կարծում եմ, և՛ ժամանակակից հայ պոեզիան ինչ-որ չափով ներկայացնել փառատոնում, և՛ եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները հասցնել Ռումինիայի ու Ռուսաստանի գրասեր հասարակայնությանը՝ հերթական անգամ առիթ տալով խոսելու թուրք բարբարոսների վայրագությունների մասին, խստորեն դատապարտելու սև ոճիրը:
Այդ ամենի գեղեցիկ, տպավորիչ ամփոփումն էր, թերևս, Գրողների միությունների միջազգային ընկերակցության դահլիճում կայացած շնորհանդեսը, որը, կարելի է ասել, հայ-ռուսական բարեկամության ջերմ ու անկաշկանդ մի երեկոյի վերածվեց:
Հուզիչ էր տեսնել՝ ինչպես են ռուս գրողներ Վիկտոր Ֆրոլովը, Իվան Գոլուբնիչնին իրենց իսկ ընտրությամբ Վարուժան ու Սիամանթո, Ռուբեն Սևակ կարդում ,,Земля товорит,, ժողովածուից… Անչափ անկեղծ, ինքնաբուխ էր բանաստեղծ, հրապարակախոս Ալեքսանդր Սավիցկու ելույթը, որը Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված գեղեցիկ էքսպրոմտով ավարտվեց: Իսկ երբ հեղինակի ընթերցմամբ հնչեց Վլադիմիր Բոյարինովի փոքրիկ, բայց տարողունակ «Արարատ» բանաստեղծությունը, իսկ ես այն ներկայացրի հայերեն իմ թարգմանությամբ, լեփ-լեցուն դահլիճում հավասարապես հուզված էին և՛ հայ, և՛ ռուս հանդիսականները՝ ասես բոլորն անխտիր հայոց պահանջատիրության ոգով համակված.
Հարցրի մի օր ընկերոջն իմ հայ.
«Առանց Արարատ դժվար չէ՞,
եղբայր»:
«Լա՛վ գիտես, – ասաց, –
վիշտը մեր սրտի,
Ուրի՛շ է, սակայն, բախտն Արարատի.
Որքա՜ն կորուստներ, զոհեր է տեսել,
Ինչե՜ր են անցել գլխով ալեհեր:
Չէ՛, կարիք չունի նա տուրիստների,
Դա՛րձն է երազում իր զավակների:
Եվ սուրբ մի երդում ունենք մենք նրան՝
Տու՛ն ենք դառնալու մի օր անպայման:
Թե՛ Կուրտեա Դե Արջեշում ու Բուխարեստում, թե՛ մոսկովյան հանդիպումների ժամանակ նորից ու կրկին համոզվեցի, որ երիցս ճշմարիտ է ասված, թե պոեզիան, մշակույթն առհասարակ, միավորում է ազգերին, ու քաղաքականությո՛ւնն է, որ բաժանում, պառակտում է շարունակաբար:
Հազա՜ր երանի, որ ի վերջո պոեզիա՛ն, մշակո՛ւյթը հաղթանակեն աշխարհի բոլո՜ր հորիզոնականներում: